Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Արժե՞ թողնել դպրոցը

«Ատում եմ դպրոցը»։ Դո՞ւ էլ այդպիսի զգացումներ ունես։ Եթե այո, ապա գուցե ցանկություն առաջանա դուրս գալ դպրոցից։ Այս հոդվածում առաջարկվում են որոշ տարբերակներ, որոնց մասին կարող ես մտածել նախքան այդ քայլն անելը։

 Ինչու են ոմանք թողնում դպրոցը

Կրթության ոլորտի մասնագետները նշում են այդ պատճառներից մի քանիսը։

  • Վատ առաջադիմություն։ «Գնահատականներս գնալով վատանում են»։

  • Անտարբերություն։ «Իմաստ չեմ գտնում սովորելու մեջ»։

  • Ֆինանսական դժվարություններ։ «Պետք է աշխատեմ, որ օգնեմ ընտանիքիս»։

 Մտածիր հետևանքների մասին

Աստվածաշունչն ասում է. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Ի՞նչ ենք սովորում։ Նախքան դպրոցը թողնելը մտածիր հետևանքների մասին։

Հարցրու ինքդ քեզ.

  •  «Եթե դպրոցից դուրս գամ, արդյո՞ք ապագայում դժվար չի լինի աշխատանք գտնել»։

    «Հիշիր, որ մի օր պետք է աշխատանք գտնես ու հոգ տանես ընտանիքիդ մասին։ Ինչպե՞ս ես դա անելու, եթե գործատերերի մեծ մասը պահանջում է առնվազն դպրոցի ավարտական վկայական ունենալ» (Ջուլիա)։

  • «Եթե հիմա դպրոցից դուրս գամ, հետագայում կկարողանա՞մ կյանքի դժվարությունները հաղթահարել»։

    «Դպրոցը նախապատրաստում է կյանքին։ Ապագայում այն մարդկանց, որ հանդիպելու ես, փորձությունները, որոնք դիմագրավելու ես, և աշխատանքը, որ անելու ես, շատ նման են լինելու այն ամենին, ինչին առնչվել ես դպրոցում» (Դանիել)։

  • «Արդյո՞ք դպրոցից շուտ դուրս գալով՝ չեմ զրկվի որոշ հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից, որոնց կարիքը կունենամ ապագայում»։

    «Գուցե դպրոցում սովորելը հիմա անիմաստ համարես, սակայն երբ 23 տարեկան դառնաս ու քո բյուջեն կազմես, ուրախանալու ես, որ դպրոցում մաթեմատիկան լավ ես սովորել» (Աննա)։

 Ավելի լավ մոտեցում

  • Օգնություն խնդրիր։ Աստվածաշունչն ասում է. «Երբ խորհրդատուները շատ են, փրկություն է լինում» (Առակներ 11։14)։ Եթե գնահատականներդ իջնում են, ծնողիդ, ուսուցչիդ, դպրոցում աշխատող խորհրդատուի կամ այլ վստահելի անհատի դիմիր, որպեսզի քեզ օգտակար խորհուրդներ տա, թե ինչպես բարելավես առաջադիմությունդ։

    «Եթե խնդիրներ ունես, խոսիր ուսուցչիդ հետ։ Երբեմն գուցե մտածես, թե խնդիրն ուսուցիչդ է, սակայն իրավիճակդ կբարելավվի, եթե պարզապես օգնություն խնդրես» (Էդուարդ)։

  • Փորձիր ողջ պատկերը տեսնել։ Աստվածաշունչն ասում է. «Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը» (Ժողովող 7։8)։ Երբ ավարտես դպրոցդ, դպրոցական գիտելիքներից բացի շատ այլ որակներ և հմտություններ ձեռք բերած կլինես։

    «Թերևս դպրոցն ավարտելուց հետո հարկավոր չլինի շարադրություններ գրել կամ քննություններին պատրաստվել, սակայն այն, թե ինչպես ես դպրոցում հաղթահարել ճնշումներն ու սթրեսը, կօգնի՝ հետագայում ավելի պատրաստված լինես կյանքի դժվարություններին (Վերա)։

    Դպրոցը թողնելը նման է նավակից ժամանակից շուտ դուրս գալուն

  • Քննիր տարբերակներդ։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5)։ Մի՛ շտապիր եզրակացնել, թե դպրոցից դուրս գալը լավագույն տարբերակն է։ Եթե քո երկրում ընդունված է ուսում ստանալ տանը անհատական ուսուցչի օգնությամբ կամ սովորել օնլայն դպրոցում, ապա գուցե նախընտրես դրանցից մեկը։ Կամ էլ թերևս ցանկանաս առաջադիմությունդ բարելավելու նպատակով հավելյալ պարապել դասուսույցի օգնությամբ։

    «Դպրոցում սովորում ես ջանասեր լինել, խնդիրներ լուծել և համագործակցել ուրիշների հետ, հմտություններ, որոնք կարող ես կիրառել ամբողջ կյանքի ընթացքում։ Արժե՛ չհանձնվել ու սովորել մինչև վերջ» (Բենջամին)։

Ամփոփում։ Եթե դպրոցից շուտ դուրս չգաս, հասուն տարիքում ավելի պատրաստված կլինես պատասխանատվություններ ստանձնելու։