Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ ավարտին հասցնել տնային աշխատանքս

Ինչպե՞ս կարող եմ ավարտին հասցնել տնային աշխատանքս

 «Հոգնեցուցիչ է արթուն մնալ մինչև գիշերվա ժամը 1։00-ն և տնային աշխատանք անել։ Այդ ժամին միայն մտածում ես քնելու մասին» (Դեյվիդ)։

 «Երբեմն դասերի պատճառով արթուն էի մնում մինչև առավոտյան 4։30-ը, իսկ հետո զարթնում էի ժամը 6։00-ին, որ դպրոց գնամ։ Անհեթեթություն էր» (Թերեզա)։

 Թաղվել ես տնային աշխատանքների մե՞ջ։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ լուծում գտնելու։

 Ինչո՞ւ են ուսուցիչները տնային աշխատանք հանձնարարում

 Այլ բաների թվում տնային աշխատանքը՝

  •   մեծացնում է գիտելիքներիդ պաշարը

  •   սովորեցնում է պատասխանատվության զգացում ունենալ

  •   հղկում է ժամանակը տնօրինելու ունակությունդ

  •   օգնում է յուրացնելու դպրոցում ստացած գիտելիքներդ a

 «Ուսուցիչները տնային աշխատանք են հանձնարարում, որպեսզի համոզվեն, որ աշակերտները գործնականում կարողանում են կիրառել իրենց սովորածը, և ոչ թե այն մի ականջով մտնում է ու մյուսով դուրս գալիս» (Մերի)։

 Հատկապես մաթեմատիկան և բնական գիտությունները բարելավում են խնդիրները լուծելու ունակություններդ։ Մասնագետների խոսքերով՝ դա կարող է քո ուղեղում նոր նեյրոնային կապեր ձևավորել և ամրացնել դրանք։ Ուստի տնային աշխատանքը ուղեղիդ համար ասես մարզանք լինի։

 Տեսնում ես օգուտները, թե ոչ, տնային աշխատանքը իրողություն է, որից չես կարող խուսափել։ Բայց կա և լավ նորություն. թեև չես կարող վերահսկել քեզ հանձնարարված տնային աշխատանքի քանակը, սակայն կարող ես սովորել կարճ ժամանակում կատարել այն։ Տեսնենք, թե ինչպես։

 Տնային աշխատանքն անելու առաջարկներ

 Քեզ համար դժվա՞ր է տնային աշխատանքներդ ավարտին հասցնել։ Լավ լուծում կարող է լինել տքնաջան աշխատելու փոխարեն՝ խելամտորեն աշխատելը։ Փորձիր հետևյալը։

  •   Առաջարկ 1։ Նախօրոք ծրագրիր։ Աստվածաշունչն ասում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակներ 21։5)։ Նախքան տնային աշխատանքներն անելը համոզվիր, որ ձեռքիդ տակ ունես դասերդ անելու համար ամեն անհրաժեշտ բան, որպեսզի անտեղի վեր չկենաս ինչ-որ բան վերցնելու համար։

     Նաև ընտրիր այնպիսի վայր, որտեղ կկարողանաս կենտրոնանալ։ Ոմանց համար իդեալական միջավայր է լավ լուսավորված սենյակը, որտեղ լռություն է տիրում։ Ուրիշներն էլ ավելի լավ կենտրոնանում են ոչ թե տանը, այլ, օրինակ, գրադարանում։

     «Դասերը կազմակերպելու համար նախատեսված գործիքներ, օրինակ՝ ուսումնական օրացույց ունենալը կարող է օգնել քեզ ժամանակդ ճիշտ պլանավորելու։ Երբ սկսես հետևել, թե ինչ հանձնարարություններ ունես, և թե երբ է հարկավոր դրանք ավարտին հասցնել, ավելի քիչ սթրեսներ կունենաս» (Ռիչարդ)։

  •   Առաջարկ 2։ Կազմակերպված ձևով արա տնային աշխատանքդ։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ինչ թող.... կարգուկանոնով լինի» (1 Կորնթացիներ 14։40)։ Սա ի մտի ունենալով՝ որոշիր, թե ինչ հերթականությամբ ես անելու հանձնարարություններդ։

     Ոմանք սիրում են սկսել ամենաբարդից։ Ուրիշներն էլ նախընտրում են սկզբում հեշտ հանձնարարություններն անել, որպեսզի դրական լիցք կամ խթան ստանան։ Որոշիր, թե քեզ համար որն է լավագույնը։

     «Ցուցակ կազմելը միանշանակ օգնում է, որ իմանաս՝ ինչ է հարկավոր անել և ինչ հաջորդականությամբ։ Այդպես զգում ես, որ վերահսկում ես իրավիճակը, և տնային աշխատանքները քեզ չեն ծանրաբեռնում» (Հայդի)։

  •   Առաջարկ 3։ Գործի անցիր։ Աստվածաշունչն ասում է. «Եռանդագի՛ն աշխատեցեք, առանց ծուլանալու» (Հռոմեացիներ 12։11, ԱՆԹ)։ Թույլ մի՛ տուր, որ այլ զբաղմունքներ, որքան էլ որ դրանք գայթակղիչ լինեն, խլեն այն ժամանակը, որը պետք է տրամադրես տնային աշխատանքիդ։

     Հետաձգելու սովորություն ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ չեն հասցնի դասերն անել սահմանված վերջնաժամկետում կամ այնքան շտապելով կանեն դրանք, որ կտուժի ուսման և տնային աշխատանքի որակը։ Դու կարող ես խուսափել անտեղի անհանգստությունից և մտահոգությունից, եթե պարզապես հնարավորինս շուտ սկսես կատարել հանձնարարություններդ։

     «Երբ տնային աշխատանքս անում էի դպրոցից տուն գալուց անմիջապես հետո կամ որևէ նախագիծ ստանալուն պես սկսում էի անել այն, հետո անհանգստանալու պատճառ չէի ունենում, և դա չէր խանգարում ուրիշ զբաղմունքներին» (Սերինա)։

     ԱՌԱՋԱՐԿ։ Տնային աշխատանքդ ամեն օր նույն ժամին արա։ Դա կօգնի քեզ ավելի ինքնակարգապահ և հետևողական լինելու։

  •   Առաջարկ 4։ Կենտրոնացած մնա։ Աստվածաշունչն ասում է. «Թող.... հայացքդ ուղղված լինի քո առաջ» (Առակներ 4։25)։ Սովորելու ընթացքում այս խորհրդին հետևելու համար դու պետք է թույլ չտաս, որ ինչ-որ բան, մասնավորապես էլեկտրոնային սարքերը շեղեն քո ուշադրությունը։

     Համացանցում թափառելու և հաղորդագրություններ ուղարկելու պատճառով գուցե կրկնակի ժամանակ ծախսես տնային աշխատանքդ ավարտելու համար։ Բայց եթե կենտրոնացած մնաս, ավելի հավանական է, որ ոչ միայն քիչ սթրեսի կենթարկվես, այլև ավելի շատ ազատ ժամանակ կունենաս։

     «Բջջային հեռախոսը, համակարգիչը, խաղային համակարգերը և հեռուստացույցը խանգարում են կենտրոնանալուն։ Ես կարողանում եմ կենտրոնանալ, երբ անջատում եմ հեռախոսս և ուշադրությունս շեղող ցանկացած այլ բան, որ ինձ մոտիկ է գտնվում» (Ջոել)։

  •   Առաջարկ 5։ Հավասարակշռված եղիր։ Աստվածաշունչն ասում է. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի» (Փիլիպպեցիներ 4։5)։ Որպեսզի նվազեցնես տնային աշխատանքն անելու պատճառով առաջացած լարվածությունը, անհրաժեշտության դեպքում ընդմիջում արա։ Գնա զբոսնելու, հեծանիվ քշիր կամ վազիր։

     Եթե դեռևս զգում ես, որ թաղված ես տնային աշխատանքների մեջ, խոսիր ուսուցիչներիդ հետ։ Երբ նրանք տեսնեն, որ դու իսկապես մեծ ջանքեր ես թափում, գուցե մղվեն փոփոխություններ անելու։

     «Թույլ մի՛ տուր, որ տնային աշխատանքի հետ կապված մտահոգությունը քեզ ծայրահեղ վիճակի հասցնի։ Թեև անհրաժեշտ է շատ ջանք թափել, բայց կան բաներ, որոնց համար չարժե կորցնել գլուխը, և տնային աշխատանքը այդ բաներից մեկն է» (Ջուլիա)։

 Հարցրու ինքդ քեզ.

  •   Ի՞նչ է ինձ անհրաժեշտ տնային աշխատանքս անելու համար։

  •   Ե՞րբ է ինձ համար տնային աշխատանքներս անելու ամենահարմար ժամանակը։

  •   Որտե՞ղ կարող եմ լավագույնս կենտրոնանալ։

  •   Ինչպե՞ս կարող եմ խուսափել հետաձգելու սովորությունից։

  •   Ի՞նչը կարող է շեղել ուշադրությունս և գողանալ ժամանակս։

  •   Ինչպե՞ս կարող եմ թույլ չտալ, որ էլեկտրոնային սարքերը կամ այլ բաներ շեղեն ուշադրությունս։

  •   Ինչպե՞ս կարող եմ հավասարակշռված լինել։

 ԿԱՐԵՎՈՐ ՀԻՇԵՑՈՒՄ։ Հավաստիացիր, որ հասկանում ես, թե քեզ հանձնարարված տնային աշխատանքը ինչ է ներառում։ Եթե հարցեր ունես, հարցրու ուսուցչիդ նախքան դասարանից դուրս գալը։

a Այս մտքերը վերցված են Ջին Շամի «Դպրոցի ուժը» գրքից (անգլ.)։