Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ինձ։ Մաս 1. ուսումնասիրիր Աստվածաշունչը

«Ես փորձել եմ կարդալ Աստվածաշունչը, բայց ծավալը վախեցրել է ինձ» (Բրիանա, 15 տարեկան)։

Դու է՞լ նման զգացում ունես։ Եթե այո, ապա այս հոդվածը կարող է օգնել քեզ։

 Ինչո՞ւ արժե կարդալ Աստվածաշունչը

Աստվածաշնչի ընթերցանությունը ձանձրալի՞ է քեզ համար։ Հնարավոր է։ Գուցե մտածում ես, որ այն փոքր տառաչափով տպված, հազարից ավելի էջեր ունեցող, առանց նկարների գիրք է, որն, անշուշտ, չես համեմատի հեռուստացույցի կամ տեսանյութերի հետ։

Սակայն մտածիր այսպես. եթե գտնես գանձերով լի մի մեծ հին սնդուկ, մի՞թե քեզ չի հետաքրքրի, թե ինչ կա դրա մեջ։

Աստվածաշունչը հենց այդպիսի սնդուկ է։ Այն պարունակում է իմաստության բազմաթիվ գոհարներ, որոնք կօգնեն քեզ՝

  • կայացնել ճիշտ որոշումներ,

  • լեզու գտնել ծնողներիդ հետ,

  • գտնել լավ ընկերներ,

  • հաղթահարել սթրեսը։

Ինչպե՞ս կարող է հնագույն մի գիրք մեր օրերում այդքան գործնական լինել։ Դա հնարավոր է, քանի որ «ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Փաստորեն, Աստվածաշնչում տեղ գտած խորհուրդները լավագույն Աղբյուրից են գալիս։

Աստվածաշունչը իմաստության անգին գոհարներով լի սնդուկ է

 Ինչպե՞ս կարելի է կարդալ Աստվածաշունչը

Կարելի է Աստվածաշունչը կարդալ սկզբից մինչև վերջ։ Դա կօգնի ընդհանուր պատկերացում կազմելու այդ գրքի պատգամի մասին։ Ինչ խոսք, Աստվածաշունչն ընթերցելու շատ կերպեր կան։ Տեսնենք դրանցից երկուսը։

  •  Կարող ես Աստվածաշնչի 66 գրքերը կարդալ իրենց հաջորդականությամբ՝ «Ծննդոցից» մինչև «Հայտնություն»։

  •  Կարող ես Աստվածաշունչը կարդալ ըստ ժամանակագրության, այսինքն՝ այն հաջորդականությամբ, որով տեղի են ունեցել դեպքերը։

Առաջարկ։ «Նոր աշխարհ թարգմանության» Հավելված 22-ում ժամանակագրական հաջորդականությամբ նշված են Հիսուսի երկրային կյանքի գլխավոր իրադարձությունները։

Կարելի է ընտրել այնպիսի պատմություն, որը վերաբերում է քո խնդրին։ Բերենք օրինակներ։

  • Ուզում ես վստահության արժանի ընկերնե՞ր գտնել։ Կարդա Հովնաթանի և Դավթի մասին պատմությունը (1 Սամուել, գլուխներ 18–20)։ Ապա օգտվիր «Ինչպես գտնել նվիրված ընկերներ» առաջադրանքից, որպեսզի գործնական դասեր սովորես այդ արձանագրությունից։

  • Ուզում ես ավելի վճռականորե՞ն դիմադրել գայթակղություններին։ Կարդա այն մասին, թե ինչպես Հովսեփը դիմադրեց գայթակղությանը (1 Սամուել, գլուխ 18)։ Ապա օգտվիր «Ինչպես դիմադրել գայթակղությանը։ Հովսեփ. մաս 1» և «Կեղծ մեղադրանք։ Հովսեփ. մաս 2» առաջադրանքներից, որպեսզի գործնական դասեր սովորես այդ արձանագրությունից։

  • Ուզում ես իմանալ, թե ինչպե՞ս կարող է աղոթքը օգնել քեզ։ Կարդա Նեեմիայի հետ տեղի ունեցածի մասին (Նեեմիա, գլուխ 2)։ Ապա օգտվիր «Աստված պատասխանեց նրա աղոթքին» առաջադրանքից, որպեսզի գործնական դասեր սովորես այդ արձանագրությունից։

Առաջարկ։ Լռության մեջ կարդա Աստվածաշունչը, որպեսզի կարողանաս կենտրոնանալ։

Կարելի է նաև ընտրել որևէ արձանագրություն կամ սաղմոս, կարդալ այն և հետո մտածել, թե ինչպես է ընթերցածդ վերաբերում քեզ։ Կարդալուց հետո հետևյալ հարցերը տուր քեզ։

  •  Ինչո՞ւ է Եհովան ընդգրկել սա Աստվածաշնչում։

  •  Ի՞նչ է այն բացահայտում Եհովայի անձնավորության կամ գործելակերպի մասին։

  •  Ինչպե՞ս կարող եմ այս տեղեկությունը կիրառել իմ կյանքում։

Առաջարկ։ Նպատակ դիր։ Գրիր, թե երբ ես ցանկանում սկսել Աստվածաշնչի ընթերցանությունը։