Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ ինձ հետ ընկերություն չեն անում

Ինչո՞ւ ինձ հետ ընկերություն չեն անում

Ինտերնետում նայում ես վերջերս կազմակերպված խնջույքի նկարները։ Քո բոլոր ծանոթներն այնտեղ են, ու երևում է, որ լավ ժամանակ են անցկացնում։ Բայց մի բան այն չէ։ Այնտեղ չկաս դու։

Մտածում ես. «Ինչո՞ւ ինձ չհրավիրեցին»։

Սիրտդ դառնությամբ է լցվում։ Քեզ դավաճանված ես զգում։ Թվում է, թե այն փոխհարաբերությունները, որ հաստատել ես այդ մարդկանց հետ, ավազե ամրոցի պես փլվեցին, և միայնության ալիքը ողողեց քեզ։ Այդ պահին գլխումդ սկսում է պտտվել այս հարցը. «Ինչո՞ւ ինձ հետ ընկերություն չեն անում»։

 Թեստ

Ճի՞շտ է, թե՞ սխալ

  1. Եթե շատ ընկերներ ունենաս, երբեք միայնակ չես զգա։

  2. Եթե սոցիալական ցանցի միանաս, երբեք միայնակ չես զգա։

  3. Եթե ուզածիդ չափ sms գրես, երբեք միայնակ չես զգա։

  4. Եթե բոլորին լավություն անես, երբեք միայնակ չես զգա։

Բոլոր չորս պնդումներն էլ սխալ են։

Ինչո՞ւ։

 Ճշմարտությունը ընկերության և միայնության մասին

  • Շատ ընկերներ ունենալը երաշխիք չէ, որ երբեք միայնակ չես զգա։

    «Ես մտածում եմ ընկերներիս մասին, բայց երբեմն թվում է, որ նրանք իմ մասին չեն մտածում։ Միայնության զգացումը շատ ավելի ծանր է, երբ շրջապատված ես ընկերներով, բայց չի երևում, որ նրանք սիրում են քեզ կամ մտածում են քո մասին» (Էն)։

  • Սոցիալական ցանցի միանալը երաշխիք չէ, որ երբեք միայնակ չես զգա։

    «Ոմանք ինչպես քարեր կհավաքեին, այնպես էլ ընկերներ են հավաքում։ Բայց նման «հավաքածուն» երբեք ոչ ոքի չի օգնել, որ իրեն սիրված զգա։ Եթե աննպատակ է օնլայն ընկերների հետ ձեր շփումը, ապա միևնույնն է՝ նրանք կան, թե ոչ» (Իլեյն)։

  • Անսահմանափակ sms-ներ գրելը երաշխիք չէ, որ երբեք միայնակ չես զգա։

    «Երբեմն, երբ մենակ ես զգում, հաճախ ստուգում ես հեռախոսդ՝ արդյոք ընկերներիցդ մեկը չի՞ գրել կամ զանգել քեզ։ Ու երբ տեսնում ես, որ ոչ ոք քեզ չի հիշել, դրանից ավելի է ծանրանում միայնությունդ» (Սերինա)։

  • Բոլորին լավություն անելը երաշխիք չէ, որ երբեք միայնակ չես զգա։

    «Միշտ փորձում եմ առատաձեռն լինել ընկերներիս հանդեպ, սակայն զգում եմ, որ նրանք նույն կերպ չեն վարվում ինձ հետ։ Ճիշտ է, չեմ ափսոսում արածներիս համար, բայց տհաճ է, որ երբեք ինձ բարությամբ չեն հատուցում» (Ռիչարդ)։

Ամփոփում։ Միայնությունը մտավիճակ է։ «Այն մարդու ներսից է գալիս, ոչ թե դրսից»,— ասում է Ջանեթ անունով մի աղջիկ։

Ի՞նչ կարող ես անել, եթե միայնակ ես զգում, կամ թվում է, թե ոչ մի ընկեր չունես։

 Ինչպես հաղթել պայքարում

Աշխատիր բարձրացնել ինքնագնահատականդ։

«Միայնության զգացումը կարող է առաջանալ ներքին անվստահությունից կամ վախերից։ Դժվար է ընկերություն սկսել որևէ մեկի հետ, եթե մտածում ես, որ արժանի չես նրա ուշադրությանը» (Ջենեթ)։

Աստվածաշունչն ասում է. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես» (Գաղատացիներ 5:14)։ Հաճելի ընկերակցություն վայելելու համար պետք է բավարար ինքնագնահատական ունենաս։ Ինչ խոսք, սա բոլորովին կապ չունի ինքնահավան լինելու հետ (Գաղատացիներ 6:3, 4

Խուսափիր անընդհատ ինքդ քեզ խղճալուց։

«Միայնությունը ասես սորուն ավազ լինի։ Որքան շատ ես խրվում մեջը, այնքան դժվար է դուրս գալ դրանից։ Եթե թույլ տաս, որ միայնությունը կլանի քո միտքը, ապա քեզ մոտ կսկսվի «խղճահարության խնջույք», որին ոչ ոք չի ուզի մոտ գալ» (Էրին)։

Աստվածաշունչն ասում է. «Սերը.... իր շահը չի փնտրում» (1 Կորնթացիներ 13:4, 5)։ Իրողությունն այն է, որ երբ չափից շատ ենք կենտրոնանում մեզ վրա, մեր մեջ կարեկցանքի զգացումը նվազում է, ուստիև քիչ հավանական է դառնում, որ մարդիկ կուզենան մտերմանալ մեզ հետ (2 Կորնթացիներ 12:15)։ Ու մի բան էլ. եթե քո հաջողությունը չափում ես նրանով, թե ինչպես են ուրիշները վարվում, ապա ձախողման ես մատնում ինքդ քեզ։ Մտածելով, թե «ոչ ոք ինձ չի հիշում» կամ «ոչ ոք ինձ տեղ չի հրավիրում»՝ դու քո ուրախությունը դնում ես ուրիշների ձեռքում։ Չե՞ս կարծում, որ դա արդեն շատ մեծ իշխանություն է նրանց համար։

Մի՛ փոխիր քո սկզբունքները ցանկացած մեկի հետ ընկերանալու համար։

«Միայնակ մարդիկ ուշադրության կարիք են զգում, և նույնիսկ կարող է այնպես լինել, որ նրանց չհետաքրքրի, թե ումից կգա այդ ուշադրությունը։ Նրանք պարզապես ուզում են ցանկալի լինել։ Ցավոք սակայն, կան մարդիկ, ովքեր այնպես են անում, որ քեզ ցանկալի զգաս, ու հետո օգտագործում են քեզ։ Այդ ժամանակ արդեն դու քեզ շատ ավելի միայնակ ես զգում, քան առաջ» (Բրիան)։

Աստվածաշունչն ասում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13:20)։ Սոված մարդը գրեթե ամեն բան էլ կուտի։ Նմանապես ովքեր ընկերակցության սով են զգում, գուցե ընկերներ փնտրեն սխալ տեղերում։ Մտածելով, թե ցանկացած մեկի հետ ընկերություն անելը նորմալ է և չպետք է ավելի լավ բան ակնկալել՝ նրանք կարող են հեշտությամբ դառնալ նենգ մարդկանց զոհը։

Եզրափակում։ Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ միայնակ են զգում, տարբերությունն այն է, թե յուրաքանչյուրի մոտ որքան խորն է այն լինում։ Ճիշտ է, միայնությունը ընկճող զգացում է, բայց այն ընդամենը զգացում է։ Հաշվի առնելով այն, որ սովորաբար մեր մտքերն են զգացումներ առաջացնում՝ կարող ենք համոզված լինել, որ ի զորու ենք վերահսկելու մեր մտքերը, ուստիև զգացումները։

Նաև եղիր իրատես քո ակնկալիքներում։ «Ամեն մեկը չէ, որ կուզի դառնալ քո լավագույն ընկերը ողջ կյանքում,— ասում է Ջենեթը։— Բայց դու անպայման կգտնես այնպիսի մարդկանց, որոնց համար միևնույնը չէ, թե ինչպես ես զգում քեզ։ Իսկ նման հոգատարությունն արդեն իսկ բավական է, որ միայնությունը հեռու վանես քեզնից»։

Ավելին այս մասին։ Կարդա « Ընկերություն անելու հետ կապված բարդույթներ»։ Բեռնիր նաև «Հաղթահարել միայնությունը» PDF ֆայլը։