Պողոս առաքյալը գրել է. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է» (Հռոմեացիներ 7։21)։ Դու է՞լ ես նման բան զգացել։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ դիմադրելու սխալ ցանկություններին տեղի տալու գայթակղությանը։

 Ինչ պետք է իմանաս

Գայթակղությունն ու հասակակիցների ճնշումը հաճախ ձեռք ձեռքի տված են քայլում։ Աստվածաշունչն ասում է, որ «վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։ Շրջապատի ճնշումը կամ զվարճությունների ազդեցությունը կարող են սրտումդ այնպիսի ցանկություններ բորբոքել, որոնց պատճառով գուցե սխալ բաներ անելու գայթակղության առաջ կանգնես և նույնիսկ «չարիք անելու համար բազմությանը հետևես» (Ելք 23։2

«Ուրիշներին հաճեցնելու և նրանց կողմից ընդունված լինելու ցանկությունը կարող է այնքան ճնշող լինել, որ դրդի քեզ նրանց պես վարվելու, միայն թե արժանանաս նրանց հավանությանը» (Ջերեմի)։

Մտածիր։ Ինչո՞ւ գուցե ավելի դժվար լինի դիմադրել գայթակղությանը, եթե քեզ չափից շատ է մտահոգում քո մասին ուրիշների կարծիքը (Առակներ 29։25

Ամփոփում։ Հասակակիցների ճնշման պատճառով սկզբունքներիդ հարցում զիջումների մի՛ գնա։

 Ինչ կարող ես անել

Լավ իմացիր քո համոզմունքները։ Եթե չունես հստակ տեսակետ և արժեքներ, կարող ես ուրիշների կողմից կառավարվող խաղատիկնիկ դառնալ։ Ավելի լավ կլինի հետևել աստվածաշնչյան այս հորդորին. «Հավաստիացեք ամեն ինչում, կառչեք բարուն» (1 Թեսաղոնիկեցիներ 5։21)։ Որքան լավ հասկանաս քո համոզմունքները, այնքան քեզ համար ավելի հեշտ կլինի առաջնորդվել դրանցով և դիմադրել դրանց հակառակ գնալու գայթակղությանը։

Մտածիր։ Ինչո՞ւ ես համոզված, որ բարոյականության վերաբերյալ Աստծու չափանիշները քո օգտի համար են։

«Նկատել եմ, որ երբ հավատարիմ եմ մնում իմ համոզմունքներին և տեղի չեմ տալիս գայթակղությանը, ուրիշները ավելի շատ են հարգում ինձ» (Քիմբերլի)։

Աստվածաշնչյան օրինակ՝ Դանիել։ Դանիելը, երբ հավանաբար դեռ պատանի էր, «իր սրտում որոշեց», որ հնազանդվելու է Աստծու օրենքներին (Դանիել 1։8

Եթե չունես հստակ տեսակետ և արժեքներ, կարող ես ուրիշների կողմից կառավարվող խաղատիկնիկ դառնալ

Լավ իմացիր քո թույլ կողմերը։ Աստվածաշնչում խոսվում է «երիտասարդական ցանկությունների», այսինքն՝ այնպիսի իղձերի մասին, որոնք հատկապես ուժգին են երիտասարդ տարիքում (2 Տիմոթեոս 2։22)։ Խոսքը ոչ միայն սեռական ցանկությունների, այլև ուրիշների կողմից ընդունված լինելու և ժամանակից շուտ անկախ ապրելու ցանկության մասին է։

Մտածիր։ Աստվածաշունչն ասում է, որ «ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով» (Հակոբոս 1։14)։ Իսկ ո՞ր ցանկությունն է ամենից շատ գայթակղում քեզ։

«Ինքդ քեզ հետ ազնիվ եղիր այն հարցում, թե որ գայթակղությունների նկատմամբ ես ավելի խոցելի։ Փնտրտուքներ արա, որպեսզի իմանաս՝ ինչպես պայքարել այդ գայթակղությունների դեմ, և գրի առ այն մտքերը, որոնք կարող ես օգտագործել այդ պայքարում։ Եթե այդպես վարվես, հաջորդ անգամ, երբ գայթակղության առաջ կանգնես, կիմանաս, թե ինչպես դիմադրել դրան» (Սիլվիա)։

Աստվածաշնչյան օրինակ՝ Դավիթ։ Երբեմն Դավիթը տեղի էր տալիս ուրիշների ճնշումներին և նույնիսկ իր ցանկություններին։ Սակայն նա սովորում էր իր սխալներից և ձգտում ճիշտ վարվել։ «Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ,— աղոթեց նա Եհովային,— և նոր ու հաստատուն ոգի դիր իմ ներսում» (Սաղմոս 51։10

Իրավիճակը ձեռքդ վերցրու։ Աստվածաշունչն ասում է. «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ» (Հռոմեացիներ 12։21)։ Դա նշանակում է, որ դու կարող ես գայթակղության զոհ չդառնալ և ընտրել ճիշտ վարվելը։

Մտածիր։ Ինչպե՞ս կարող ես իրավիճակը ձեռքդ վերցնել, որպեսզի գայթակղության առաջ կանգնելիս ճիշտ որոշում կայացնես։

«Ես մտածում եմ, թե ինչ կզգամ, եթե տեղի տամ գայթակղությանը։ Արդյոք ինձ ավելի լա՞վ կզգամ։ Գուցե, բայց ընդամենը մի ակնթարթ։ Իսկ լավ կզգա՞մ որոշ ժամանակ անց։ Ո՛չ։ Միայն ավելի վատ կզգամ։ Ուստի արժե՞ տրվել գայթակղությանը։ Ո՛չ» (Սոֆիա)։

Աստվածաշնչյան օրինակ՝ Պողոս։ Թեև Պողոսն ընդունում էր, որ վատ հակումներ ունի, սակայն վերահսկում էր դրանք։ Նա գրեց, որ ճնշում է իր մարմինը և ծառայեցնում այն (1 Կորնթացիներ 9։27

Ամփոփում։ Գայթակղությանը տրվելու կամ չտրվելու որոշումը քոնն է. ղեկը քո ձեռքում է։

Հիշիր՝ գայթակղությունները ժամանակավոր են։ «Շատ բաներ, որ ավագ դպրոցում մեծ գայթակղություն էին ինձ համար, այժմ չնչին բան են,— ասում է 20-ամյա Մելիսան։— Երբ մտածում եմ այդ մասին, համոզվում եմ, որ ներկայիս գայթակղությունները նույնպես անցողիկ են, և որ մի օր հետ կնայեմ ու կուրախանամ, որ դիմադրել եմ դրանց»։