«Երբ դպրոցում դժվարությունների բախվեցի, ինձ շատ օգնեց այն մարդու օրինակի շուրջ մտածելը, ով ինձ տպավորում էր։ Նա նույնպես անցել էր նմանատիպ խնդիրների միջով։ Ես փորձեցի հետևել նրա օրինակին։ Լավ օրինակ ունենալը օգնում է ավելի հեշտությամբ հաղթահարելու դժվարությունները» (Հեյլի)։

Լավ օրինակը կարող է օգնել քեզ խուսափելու խնդիրներից և հասնելու նպատակներիդ։ Ուստի կարևոր է ճիշտ ընտրություն անել։

 Ինչո՞ւ է հարկավոր ուշադիր ընտրել

  • Այն, թե ում կընտրես որպես օրինակ, կանդրադառնա քո գործելակերպի վրա։

    Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է ուշադրություն դարձնել նրանց, ովքեր օրինակելի են՝ ասելով. «Խորհրդածելով այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում նրանց վարքը՝ ընդօրինակեք նրանց հավատը» (Եբրայեցիներ 13։7

    Առաջարկ։ Այն օրինակները, որոնց կընտրես, լավ կամ վատ ազդեցություն կունենան քեզ վրա։ Ուստի ընտրիր ոչ թե նրանց, ովքեր պարզապես ճանաչված են կամ քո հասակակիցն են, այլ նրանց, ովքեր գովեստի արժանի հատկություններ ունեն։

    «Ես շատ բան եմ սովորել Ադամ անունով իմ հավատակցից՝ թե՛ նրա վերաբերմունքից, թե՛ ընդհանուր առմամբ վարքագծից։ Զարմանալի է, բայց մինչև հիմա հիշում եմ կոնկրետ բաներ, որ նա ասել կամ արել է։ Նա չի էլ պատկերացնում, թե ինչ ազդեցություն է ունեցել ինձ վրա» (Քոլին)։

  • Նրանք, ում կընտրես որպես ընդօրինակման արժանի անհատների, ազդեցություն կունենան քո մտածելակերպի և զգացումների վրա։

    Աստվածաշունչը ասում է. «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33

    Առաջարկ։ Ընտրիր ոչ թե զուտ տպավորիչ արտաքին ունեցողի, այլ նրան, ով լավ հատկություններ ունի։ Հակառակ դեպքում գուցե հիասթափություն ապրես։

    «Երբ շարունակ քեզ համեմատում ես գլամուրային մարդկանց հետ, փոքր և անճոռնի մարդ ես զգում քեզ։ Դա կարող է պատճառ լինել, որ տարվես քո արտաքինով» (Թամարա)։

    Մտածիր։ Ի՞նչ ծուղակների մեջ գուցե հայտնվես, եթե որոշես ընդօրինակել ճանաչված մարդկանց, այդ թվում՝ սպորտսմենների։

  • Ընդօրինակելու համար քո ընտրած մարդիկ կարող են ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե արդյոք կհասնես քո նպատակներին։

    Աստվածաշունչը ասում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20

    Առաջարկ։ Ընտրիր այնպիսի օրինակներ, որոնց դրսևորած հատկությունները դու էլ ես ուզում դրսևորել։ Նրանց նայելով՝ կարող ես սովորել, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է անես, որ հասնես նպատակիդ։

    «Լավ կլինի ոչ թե անորոշ նպատակ դնել ու ասել, օրինակ՝ «ես ուզում եմ ավելի պատասխանատու մարդ լինել», այլ փոխարենը՝ ասել. «Ես ուզում եմ ավելի պատասխանատու մարդ լինել, ինչպիսին Ջեյնն է։ Նա միշտ ճշտապահ է և լրջորեն է վերաբերվում իր հանձնարարություններին»» (Միրիամ)։

    Ամփոփում։ Քո ուզած անձնավորությունը դառնալու համար պետք է լավ օրինակ ընտրես։

Լավ օրինակի հետևելով՝ ավելի արագ կհասնես քո նպատակներին

 Ինչպես ընտրել

Երկու կերպ կա որոշելու համար, թե ում արժե ընդօրինակել։

  1. Կարող ես ընտրել մի հատկություն, որը ցանկանում ես զարգացնել, ապա գտնել մեկին, ով քեզ տպավորում է, և ով ունի այդ հատկությունը։

  2. Կարող ես ընտրել մեկին, ով քեզ տպավորում է, և ապա ընտրել այն հատկությունը, որը նա դրսևորում է, և որը դու ցանկանում ես զարգացնել։

Այս հոդվածին վերաբերող գրառումների էջը կարող է օգնել քեզ դա անելու։

Այն մարդիկ, ում կորոշես ընդօրինակել, կարող են լինել.

  • Հասակակիցներ։ «Իմ լավագույն ընկերը նա է, ում ես ցանկանում եմ նմանվել։ Նա երբեք չափից շատ զբաղված չի լինում, որ չկարողանա գործերը մի կողմ դնել և ինչ-որ մեկի հանդեպ հոգատարություն դրսևորել։ Նա ինձնից տարիքով փոքր է, բայց ես տեսնում եմ, որ այնպիսի գեղեցիկ հատկություններ ունի, որոնք ես չունեմ, և դա մղում է ինձ ընդօրինակելու նրան» (Միրիամ)։

  • Չափահաս մարդիկ։ Նրանց թվում կարող են լինել քո ծնողները կամ հավատակիցները։ «Ծնողներս ինձ համար, ինչ խոսք, լավ օրինակ են։ Նրանք հրաշալի հատկություններ ունեն։ Ճիշտ է, ես տեսնում եմ նրանց թերությունները, բայց նաև տեսնում եմ, որ չնայած դրանց՝ նրանք հավատարիմ են մնում [Աստծուն]։ Երբ նրանց տարիքին հասնեմ, հուսով եմ, որ նույնը իմ մասին կասեն» (Անետ)։

  • Աստվածաշնչյան կերպարներ։ «Ես Աստվածաշնչից ընդօրինակման արժանի մի քանի անհատների եմ ընտրել՝ Տիմոթեոսին, Հռութին, Հոբին, Պետրոսին և իսրայելացի փոքրիկ աղջկան։ Յուրաքանչյուրին տարբեր պատճառներով եմ ընտրել։ Որքան շատ եմ սովորում աստվածաշնչյան կերպարների մասին, այնքան ավելի իրական են նրանք դառնում ինձ համար։ Ինձ շատ դուր եկավ «Ընդօրինակեք նրանց հավատը» գրքի ուսումնասիրությունը, ինչպես նաև «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի երկու հատորներում տեղ գտած «Լավ օրինակ» հատվածը» (Մելինդա)։

Առաջարկ։ Մի՛ սահմանափակվիր՝ ընդօրինակման արժանի միայն մեկ անհատ ընտրելով։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին ասաց. «Նայեք նրանց, ովքեր քայլում են այն օրինակի համեմատ, որը մենք թողեցինք ձեզ» (Փիլիպպեցիներ 3։17

Գիտեի՞ր արդյոք։ Դու նույնպես կարող ես ինչ-որ մեկի համար օրինակ լինել։ Աստվածաշունչը ասում է. «Օրինակ եղիր հավատարիմների համար՝ խոսելու, վարքի, սիրո, հավատի և մաքրության մեջ» (1 Տիմոթեոս 4։12

«Թեև գուցե դեռ որոշ հատկություններ բարելավելու կարիք ունես, սակայն կարող ես ուրիշներին օգնել ավելի լավը դառնալու։ Երբեք չես իմանա, թե ով է քեզ նայում, և թե քո խոսքերը ինչպես կարող են փոխել այդ մարդու կյանքը» (Կիանա)։