Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս լեզու գտնեմ ուսուցչիս հետ

 Վախ ներշնչող ուսուցիչներ

 Բոլոր աշակերտներն էլ ունենում են այնպիսի ուսուցիչ, որը թվում է անարդար, չափից շատ պահանջկոտ կամ չար։

  •   21-ամյա Լուիսը հիշում է. «Մի ուսուցչուհի ունեի, ով հաճախ հայհոյում էր աշակերտներին և նրանց հանդեպ անհարգալից վերաբերմունք էր ցույց տալիս։ Շուտով պետք է թոշակի անցներ։ Երևի դրա համար էլ մտածում էր, որ իրեն գործից չեն հեռացնի»։

  •   Մելանիան էլ, որը 25 տարեկան է, հիշում է, որ ուսուցիչներից մեկը տարբերություն էր դնում իր և մյուս աշակերտների միջև։ Նա ասում է. «Ուսուցչուհիս իր վերաբերմունքը արդարացնում էր նրանով, որ ես կրոնական փոքրամասնության անդամ եմ։ Նա ասում էր, որ պետք է սովորեմ, որովհետև հետո բոլորն ինձ այդպես են վերաբերվելու»։

 Եթե շատ կոպիտ ուսուցիչ ունես, իրավիճակդ մեղմելու համար մի քանի քայլեր կան, որոնք կարող ես ձեռնարկել։ Փորձիր կիրառել հետևյալ առաջարկները։

 Խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ

  •   Ճկուն եղիր։ Տարբեր ուսուցիչներ տարբեր պահանջներ ունեն։ Փորձիր հասկանալ, թե ուսուցիչդ ինչ է ակնկալում քեզնից, և լավագույնդ արա, որ համապատասխանես նրա պահանջներին։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը» (Առակներ 1։5

     «Ես հասկացա, որ պետք է հաշվի առնեմ ուսուցչիս մոտեցումն ու ոճը։ Դրա համար ջանք չէի խնայում, որ հանձնարարություններս նրա ուզածով անեի։ Այդպես սկսեցի ավելի հեշտ լեզու գտնել նրա հետ» (Քրիստոֆեր)։

  •   Հարգալից եղիր։ Փորձիր հարգանքով խոսել ուսուցիչներիդ հետ։ Մի՛ հակաճառիր, նույնիսկ երբ մտածում ես, որ արժանի են դրան։ Հիշիր, որ նրանց աչքում դու աշակերտ ես, ոչ թե իրենց հասակակիցը։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին» (Կողոսացիներ 4։6

     «Միշտ չէ, որ ուսուցիչները ստանում են այն հարգանքը, որին արժանի են։ Ուստի երբ ուսուցիչներդ տեսնեն իրենց հանդեպ ունեցած քո հարգանքը, դա կազդի նրանց վերաբերմունքի վրա» (Սիարա)։

  •   Հասկացող եղիր։ Հիշիր, որ ուսուցիչներն էլ են մարդ։ Դա նշանակում է, որ նրանք էլ ունեն հոգսեր ու անհանգստություններ։ Ուստի կարիք չկա միանգամից եզրակացնելու, թե ուսուցիչդ չար է կամ ատում է քեզ։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2

     «Ուսուցիչների գործը շատ դժվար է։ Ես հաստատ չէի կարողանա դասարանում լռություն պահպանել և այդքան շատ աշակերտների ինչ-որ բան բացատրել։ Միշտ աշխատել եմ լավ վերաբերվել ուսուցչիս, որ նրա սթրեսը իմ պատճառով չավելանա» (Ալեքսիս)։

  •   Խոսիր ծնողներիդ հետ։ Քո լավագույն աջակիցները ծնողներդ են։ Նրանք ցանկանում են, որ դու լավ սովորես դպրոցում, և իրենց խորհուրդներով կօգնեն, որ լեզու գտնես ուսուցչիդ հետ։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են» (Առակներ 15։22

     «Խնդիրները լուծելու հարցում ծնողները երեխաներից փորձառու են։ Եթե ուզում ես հաջողությունների հասնել, լսիր նրանց խորհուրդը» (Օլիվիա)։

 Ինչպես կարող ես խոսել ուսուցչիդ հետ

 Որոշ դեպքերում գուցե հարկ առաջանա, որ ուսուցչիդ ասես նրա հետ կապված քո խնդրի մասին: Հիշիր, որ չես պատրաստվում նրա հետ վիճաբանել, ուստի լարվելու կարիք չկա։ Դուք պարզապես զրուցելու եք։ Ինքդ էլ կզարմանաս, թե ձեր քննարկումը որքան հեշտ և արդյունավետ կանցնի։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Եկեք հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում» (Հռոմեացիներ 14։19

 «Եթե նկատում ես, որ ուսուցիչդ միայն քեզ է վատ վերաբերվում, հարցրու նրան, թե արդյոք ինչ-որ վատ բան ես արել։ Նրա պատասխանից կհասկանաս, թե ինչ փոփոխություններ կարող ես անել» (Ջուլիանա)։

 «Ճիշտ կլինի, որ դասից առաջ կամ հետո ուսուցչիդ հետ հանգիստ խոսես խնդրիդ մասին։ Հավանական է, որ նա կգնահատի քո այդ քայլը» (Բենջամին)։

 ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 «Վատ գնահատականներ ունեի, իսկ ուսուցչուհիս ոչինչ չէր անում ինձ օգնելու համար։ Նրա պատճառով ուզում էի դպրոցից դուրս գալ։

 Խորհրդի համար մոտեցա մեկ այլ ուսուցչի։ Նա ասաց, որ պարզապես ես ու ուսուցչուհիս լավ չենք ճանաչում իրար։ Առաջարկեց, որ զրուցեմ նրա հետ իմ խնդրի մասին։ Նաև ասաց, որ գուցե այդպես մյուս աշակերտներին էլ օգնեմ, ովքեր վախենում են նրա հետ խոսել։

 Ընդհանրապես ցանկություն չունեի դա անելու։ Բայց մտածեցի նրա ասածի շուրջ ու հասկացա, որ այդպես վարվելը ճիշտ կլինի։ Եթե ցանկանում էի, որ իրավիճակը փոխվեր, ես պետք է նախաձեռնություն վերցնեի։

 Հաջորդ օրը մոտեցա ուսուցչուհուս ու նրան ասացի, որ ինձ համար շատ կարևոր է նրա դասավանդած առարկան, և ուզում եմ հնարավորինս շատ բան սովորել, բայց դժվարանում եմ ու չգիտեմ ինչ անել։ Նա մի քանի խորհուրդներ տվեց և նույնիսկ առաջարկեց, որ օգնի ինձ էլեկտրոնային նամակների միջոցով կամ դասերից հետո պարապի հետս։

 Ապշած էի։ Այդ զրույցը քանդեց մեր միջև եղած պատնեշը։ Դրանից հետո արդեն հաճույքով էի դպրոց գնում» (Մարիա)։

 Առաջարկ: Եթե դժվարություններ ունես ուսուցչիդ հետ, դա դիտիր որպես մարզում ապագայի համար։ Քեյթը, որը 22 տարեկան է, ասում է. «Ավարտելուց հետո էլ հավանական է, որ հայտնվես այնպիսի մարդկանց ենթակայության տակ, ովքեր միշտ չէ, որ քեզ լավ կվերաբերվեն։ Եթե կարողանաս լեզու գտնել ուսուցիչներիդ հետ, ապագայում ավելի հեշտ լեզու կգտնես այլ խնդրահարույց մարդկանց հետ»։