Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե այլևս չեմ ուզում ապրել

 «Մի քանի տարի առաջ այնքան վհատված էի, որ ինձ թվում էր, թե ամեն օր կրակի դեմ եմ պայքարում: Այդ ժամանակ մտածում էի ինքնասպանության մասին։ Ես չէի ուզում մեռնել։ Պարզապես ուզում էի վերջ դնել տառապանքիս» (Ջոնաթան, 17 տարեկան)։

 Մի հարցման ժամանակ, որն անցկացվեց ավագ դպրոցի 14 000 աշակերտների շրջանում, պարզվեց, որ գրեթե 5-ից 1-ը վերջին 12 ամիսների ընթացքում մտածել է ինքնասպանության մասին։ a Եթե դու էլ ես մտածում, որ ապրելն իմաստ չունի, ի՞նչ կարող ես անել։

  •   Սպասիր։ Վճռիր, որ էմոցիաների ազդեցության տակ ոչ մի քայլ չես ձեռնարկի։ Չնայած խնդիրներդ կարող են ճնշող թվալ, սակայն կան կերպեր, որոնց օգնությամբ կարող ես հաղթահարել դրանք։

 Գուցե քեզ լաբիրինթոսում զգաս։ Բայց զգացմունքները միշտ չէ, որ արտացոլում են իրականությունը։ Քո իրավիճակից դուրս գալու ուղիներ կան։ Ճիշտ օգնության դեպքում ելքը կարող է ավելի մոտ լինել, քան կարծում ես։

  •  Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն կողմից ճնշված ենք, բայց նեղ դրության մեջ չենք, շփոթության մեջ ենք, բայց անելանելի վիճակում չենք» (2 Կորնթացիներ 4։8

     Առաջարկ։ Եթե անընդհատ կյանքիդ վերջ դնելու մտքեր ես ունենում, պարզիր, թե ում կարող ես օգնության դիմել. գուցե զանգահարես ինքնասպանությունների կանխարգելման թեժ գիծ կամ շտապ օգնություն։ Այնտեղ աշխատող մարդիկ կարող են մասնագիտական օգնություն ցույց տալ քեզ։ Բացի այդ՝ նրանք իսկապես ցանկանում են օգնել։

  •   Խոսիր մեկի հետ։ Կան մարդիկ, որոնք անհանգստանում են քեզ համար և ցանկանում են օգնել։ Ծնողներդ և ընկերներդ չեն իմանա՝ ինչերի միջով ես անցում, եթե չպատմես նրանց խնդիրներիդ մասին։

 Ավելի լավ տեսնելու համար որոշ մարդիկ ակնոցներ են կրում։ Նմանապես ընկերդ կարող է օգնել քեզ ավելի լավ տեսնել խնդիրը և վերագտնել ապրելու ցանկությունը։

  •  Աստվածաշնչյան սկզբունք. «Իսկական ընկերը.... նեղ օրվա համար է ծնված» (Առակներ 17։17

     Առաջարկ։ Զրույցը կարող ես սկսել այսպես. «Վերջերս շատ բացասական բաների մասին եմ մտածում։ Ուզում եմ քեզ հետ խոսել այդ մասին»։ Կամ կարող ես ասել. «Որոշ խնդիրներ ունեմ, որոնք ինքնուրույն չեմ կարող լուծել։ Կօգնե՞ս ինձ»։

  •   Բժշկի դիմիր։ Առողջական խնդիրները, ինչպիսիք են վհատությունը կամ դեպրեսիան, կարող են պատճառ դառնալ, որ մարդը կորցնի ապրելու ցանկությունը։ Սակայն ուրախալին այն է, որ այս խնդիրները անբուժելի չեն։

 Ինչպես գրիպը կարող է պատճառ դառնալ, որ կորցնես ուտելու ցանկությունը, այնպես էլ դեպրեսիան կարող է պատճառ դառնալ, որ կորցնես ապրելու ցանկությունը։ Այնուամենայնիվ, երկու հիվանդություններն էլ բուժելի են։

  •  Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9։12

     Առաջարկ։ Բավականաչափ քնիր, վարժություններ արա և հետևիր առողջ սննդակարգի։ Քո առողջական վիճակը կարող է ազդել կյանքի վերաբերյալ ունեցածդ տեսակետի վրա։

  •   Աղոթիր։ Աստվածաշնչում ասվում է, որ մեր Ստեղծիչը «մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 Հովհաննես 3։20)։ Գուցե հենց այսօր աղոթես ու խոսես նրա հետ։ Դիմիր նրան իր անունով և սրտիդ եղածը պատմիր։

 Որոշ բեռներ մենակ կրելը դժվար է։ Քո Ստեղծիչը՝ Եհովան, պատրաստ է օգնելու քեզ։

  •  Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (Փիլիպպեցիներ 4։6, 7

     Առաջարկ։ Բացի քո խնդիրների մասին պատմելուց՝ փորձիր գտնել առնվազն մեկ բան, ինչի համար կարող ես այսօր շնորհակալություն հայտնել Եհովային (Կողոսացիներ 3։15)։ Երախտագիտությունը կօգնի, որ լավատեսորեն նայես կյանքին։

 Եթե մտածում ես, որ ապրելն իմաստ չունի, օգնության դիմիր։ Այդպես վարվեց հոդվածի սկզբում հիշատակված Ջոնաթանը։ Նա ասում է. «Ես շատ էի զրուցում ծնողներիս հետ, նաև բժշկի դիմեցի։ Հիմա շատ ավելի լավ եմ։ Ու թեև երբեմն տրամադրության անկումներ ու վերելքներ եմ ունենում, սակայն այլևս ինքնասպանության մասին մտքերը ինձ չեն հետապնդում»։

a Հարցումն անցկացվել է 2019 թ.-ին ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կողմից։