Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե ենթարկվում եմ կիբերբուլիինգի

 Ինչ պետք է իմանաս

Համացանցում հեշտությամբ կարելի է բուլիինգի ենթարկվել։ Այնտեղ «նույնիսկ լավ երեխաները կարող են չարանենգ դառնալ, քանի որ էկրանի հետևում հնարավորություն ունեն թաքցնելու իրենց ինքնությունը»,— ասվում է մի գրքում (CyberSafe)

Որոշ մարդիկ ավելի հավանական է, որ թիրախ դառնան։ Նրանց թվում են այն անհատները, ովքեր այնպիսի տպավորություն են թողնում, որ ինտրովերտ են, տարբերվում են ուրիշներից կամ ցածր ինքնագնահատական ունեն։

Կիբերբուլիինգի ենթարկվելը լուրջ հետևանքներ է ունենում։ Դա կարող է միայնության զգացման և դեպրեսիայի պատճառ դառնալ։ Այդ երևույթի զոհը դարձած որոշ մարդիկ նույնիսկ ինքնասպան են եղել։

 Ինչ կարող ես անել

Նախ հարցրու ինքդ քեզ. «Դա իրո՞ք բուլիինգ է»։ Երբեմն մարդիկ ցավ պատճառող խոսքեր են ասում, սակայն իրականում այդ նպատակը չունեն։ Երբ նման բան է լինում, կարող ենք կիրառել աստվածաշնչյան հետևյալ իմաստուն խորհուրդը։

«Մի՛ շտապիր ոգով վիրավորվել, որովհետև հիմարներն են վիրավորանքը պահում իրենց ծոցում» (Ժողովող 7։9

Մյուս կողմից՝ երբ ինչ-որ մեկը համացանցում ուրիշին նպատակադրված հետապնդում է, նվաստացնում կամ սպառնում, դա բուլիինգ է։

Եթե դու կիբերբուլիինգի ես ենթարկվում, հիշի՛ր. ստեղծված իրավիճակը կարող է լավանալ կամ վատանալ՝ կախված նրանից, թե ինչպես կարձագանքես։ Փորձիր կիրառել հետևյալ առաջարկներից մեկը կամ մի քանիսը։

Անտեսիր քեզ բուլիինգի ենթարկողին։ Աստվածաշունչն ասում է. «Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի, և խորաթափանց մարդը ոգով անվրդով է» (Առակներ 17։27

Ահա մի պատճառ, թե ինչու է այս խորհուրդը գործնական։ «Բուլերների գլխավոր նպատակն է գտնել այնպիսի թիրախներ, որոնք կենթարկվեն իրենց ճնշումներին,— իր գրքում նշում է Նենսի Ուիլարդը։— Երբ թիրախ դարձած անհատը ենթարկվում է ճնշմանը, ըստ էության, բուլերին իշխանություն է տալիս իր վրա» (Cyberbullying and Cyberthreats)։

Ամփոփում։ Երբեմն լավագույն արձագանքը չարձագանքելն է։

Դիմադրիր փոխհատուցելու ցանկությանը։ Աստվածաշունչն ասում է. «Չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք, ոչ էլ չարախոսության փոխարեն՝ չարախոսությամբ» (1 Պետրոս 3։9

Ահա մի պատճառ, թե ինչու է այս խորհուրդը գործնական։ «Բարկությունը թուլության նշան է, որն ավելի շատ է խթան դառնում բուլիինգի համար»,— ասվում է մի գրքում (Cyber-Safe Kids, Cyber-Savvy Teens)։ Փոխհատուցելով՝ կարող ես տպավորություն թողնել, թե այդ խնդրի մեջ դու էլ քո բաժինն ունես, ինչպես որ քեզ բուլիինգի ենթարկողը։

Ամփոփում։ Կրակի վրա յուղ մի՛ լցրու։

Ձեռքերդ ծալած մի՛ նստիր։ Աստվածաշունչն ասում է. «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ» (Հռոմեացիներ 12։21)։ Կան բաներ, որոնք անելով՝ կարող ես վերջ դնել բուլիինգին՝ առանց իրավիճակը վատթարացնելու։

Օրինակ.

  •  Արգելափակիր քեզ բուլիինգի ենթարկողի հաղորդագրությունները։ «Այն, ինչ չես կարդում, չի կարող ցավ պատճառել»,— ասվում է մի գրքում (Mean Behind the Screen)։

  • Պահիր բոլոր ապացույցները, նույնիսկ եթե դրանք չես կարդում։ Դրանց մեջ մտնում են ագրեսիվ տեքստային և արագ հաղորդագրությունները, էլեկտրոնային նամակները, բլոգերում կամ սոցիալական ցանցերում տեղադրված պոստերը, ձայնային հաղորդագրությունները և հաղորդակցության ցանկացած այլ ձև։

  • Ասա բուլերին, որ դադարի այդպես վարվելուց։ Վճռական, բայց հույզեր չարտահայտող հաղորդագրություն ուղարկիր։ Օրինակ՝ կարող ես գրել.

    • «Այլևս հաղորդագրություն չուղարկես»։

    • «Ջնջիր պոստերդ»։

    • «Եթե սրան վերջ չտրվի, ես ուրիշ միջոցներ կձեռնարկեմ»։

  • Ամրացրու ինքնավստահությունդ։ Կենտրոնացիր ուժեղ, ոչ թե թույլ կողմերիդ վրա (2 Կորնթացիներ 11։6)։ Բոլոր բուլերների նման՝ կիբերբուլիինգ անողները որսում են այն մարդկանց, ովքեր հեշտ խոցելի են։

  • Պատմիր չափահաս անհատի։ Նախ պատմիր ծնողներիդ։ Կարող ես ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնել նաև այն վեբ կայքին կամ ծառայությանը, որի միջոցով քեզ բուլիինգի են ենթարկում։ Եթե իրավիճակը շատ լուրջ է, դու և ծնողներդ պետք է այդ մասին տեղյակ պահեք դպրոցի տնօրինությանը, ոստիկանությանը կամ նույնիսկ դիմեք իրավաբանական խորհրդատվության։

Ամփոփում։ Կան որոշ քայլեր, որոնք անելով՝ կարող ես վերջ դնել ճնշումներին կամ առնվազն նվազեցնել կիբերբուլիինգի ազդեցությունը քեզ վրա։