Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս պետք է վերաբերվեմ առողջ քննադատությանը

 Ստուգիր ինքդ քեզ

Ժամանակ առ ժամանակ բոլորս առողջ քննադատության՝ խորհրդի կարիք ունենք, ինչը կօգնի մեզ ավելի լավ անելու մեր աշխատանքը, բարելավելու մեր վարքը և մտավիճակը։ Դա ի մտի ունենալով՝ մտածիր հետևյալ իրավիճակների շուրջ։

  1. Ուսուցիչդ ասում է, որ այնպիսի տպավորություն է, թե տնային առաջադրանքդ վերջին րոպեին ես արել։ «Դու պետք է ավելի շատ ժամանակ հատկացնես փնտրտուքներին»,— ավելացնում է նա։

    Ինչպե՞ս ես արձագանքում առողջ քննադատությանը։

    1. Ա) Մերժում ես («Ուսուցիչը ինձ չի սիրում»)։

    2. Բ) Ընդունում ես («Ես կկիրառեմ նրա տված խորհուրդը հաջորդ տնային առաջադրանքն անելիս»)։

  2. Մայրդ քեզ ասում է, որ սենյակդ թափթփված է, թեև դու նոր ես հավաքել այն։

    Ինչպե՞ս ես արձագանքում առողջ քննադատությանը։

    1. Ա) Մերժում ես («Նրան երբեք հնարավոր չէ գոհացնել»)։

    2. Բ) Ընդունում ես («Համաձայն եմ, որ կարող էի ավելի լավ հավաքել»)։

  3. Փոքր քույրդ քեզ ասում է, որ իրեն դուր չի գալիս, որ անընդհատ փորձում ես իշխանություն բանեցնել իր վրա։

    Ինչպե՞ս ես արձագանքում առողջ քննադատությանը։

    1. Ա) Մերժում ես («Ո՞վ է նա, որ խոսի իշխանություն բանեցնելու մասին»)։

    2. Բ) Ընդունում ես («Թերևս կարող եմ ավելի լավ վերաբերվել նրան»)։

Որոշ երիտասարդների կարելի է համեմատել ճենապակու հետ. նրանք այնքան փխրուն են, որ անգամ մի փոքր առողջ քննադատությունը կարող է կոտրել նրանց։ Դու է՞լ ես այդպիսին։ Եթե այո, կյանքում մեծ հնարավորություն ես բաց թողնում։ Քանի որ եթե սովորես ընդունել առողջ քննադատությունը, շատ օգուտներ կքաղես թե՛ հիմա, թե՛ հասուն տարիքում։

Մի՛ մերժիր քեզ տրված կենսական խորհուրդը զուտ այն պատճառով, որ չես ուզում լսել այն

 Ինչո՞ւ առողջ քննադատության կարիք ունես

  • Քանի որ կատարյալ չես։ Աստվածաշունչն ասում է. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2)։ Այդ պատճառով յուրաքանչյուրս առողջ քննադատության կարիք ունի։

    «Ես ինձ հիշեցնում եմ, որ բոլորս անկատար ենք, և որ սխալները մեր կյանքի անբաժանելի մասն են։ Ուստի երբ ինձ ուղղում են, փորձում եմ դաս քաղել դրանից և այլևս չկրկնել այդ սխալը» (Դեյվիդ)։

  • Քանի որ միշտ էլ կարող ես բարելավվել ինչ-որ հարցում։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստունին ուսուցում տուր, և նա ավելի իմաստուն կդառնա» (Առակներ 9։9)։ Առողջ քննադատությունը կարող է օգտակար լինել քեզ համար, եթե ընդունես այն։

    «Նախկինում ես բացասաբար էի վերաբերվում քննադատությանը։ Կարծում էի, որ դա ինձ վատ լույսի ներքո է ներկայացնում։ Սակայն այժմ ընդունում եմ այն և նույնիսկ խնդրում եմ, որ գնահատական տան իմ արարքներին։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես կարող եմ բարելավվել այս կամ այն հարցում» (Սելենա)։

Ինչ խոսք, մի բան է խնդրել, որ գնահատական տան արարքներիդ, մեկ ուրիշ բան է անսպասելիորեն առողջ քննադատություն լսել։ Նատալին հիշում է, որ մի անգամ բացիկ ստացավ, որում նրան անսպասելիորեն խորհուրդ էր տրվում։ Նա ասում է. «Ես սարսափած էի ու վհատված։ Այնքա՜ն ջանք էի թափել, բայց միայն խորհուրդ ստացա»։

Քեզ հետ երբևէ նման բան եղե՞լ է։ Եթե այո, ինչպե՞ս կարող ես ճիշտ արձագանքել։

 Ինչպե՞ս կարող ես ընդունել առողջ քննադատությունը

  • Լսիր։

    Աստվածաշունչն ասում է. «Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի, և խորաթափանց մարդը ոգով անվրդով է» (Առակներ 17:27)։ Մի՛ ընդհատիր մարդուն, երբ նա խոսում է քեզ հետ, և բուռն մի՛ արձագանքիր՝ ասելով այնպիսի բան, որի համար հետո կափսոսաս։

    «Երբ ինձ քննադատում են, ես սկսում եմ պաշտպանվել։ Սակայն դրա փոխարեն՝ պետք է սովորեմ տրված խորհրդից, որ հաջորդ անգամ ավելի ճիշտ վարվեմ» (Սառա)։

  • Կենտրոնացիր ասվածի, ոչ թե ասողի վրա։

    Գուցե գայթակղություն առաջանա քեզ քննադատողին ցույց տալու իր իսկ թերությունները։ Սակայն ճիշտ կլինի վարվել աստվածաշնչյան հետևյալ խորհրդի համաձայն. «Արագ եղիր լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Սովորաբար քննադատության մեջ որոշ չափով ճշմարտություն կա։ Մի՛ զրկիր քեզ կենսական խորհուրդ լսելուց զուտ այն պատճառով, որ չես ուզում լսել այն։

    «Նախկինում, երբ ծնողներս շտկում էին ինձ, ես բարկացած ասում էի՝ գիտեմ, գիտեմ։ Բայց երբ իսկապես լսում եմ նրանց և կիրառում խորհուրդը, շատ ավելի լավ արդյունքներ են լինում» (Էդվարդ)։

  • Հավասարակշռված տեսակետ ունեցիր ինքդ քո մասին։

    Այն, որ քեզ քննադատում են, չի նշանակում, որ դու ձախողակ ես։ Դա պարզապես նշանակում է, որ դու թերություններ ունես, ինչպես և բոլորը։ Ժամանակ առ ժամանակ առողջ քննադատության կարիք ունի նույնիսկ այն մարդը, ով ուղղում է քեզ։ Աստվածաշունչն ասում է. «Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի» (Ժողովող 7։20

    «Ընկերուհիներիցս մեկը այնպիսի խորհուրդ տվեց ինձ, որի կարիքը, իմ կարծիքով, չունեի։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան անկեղծության համար, բայց սրտումս վիրավորվեցի։ Ժամանակի ընթացքում, սակայն, գիտակցեցի, որ նրա քննադատության մեջ որոշ չափով ճշմարտություն կար։ Այդ խորհրդի շնորհիվ հասկացա, թե որ հարցում պետք է բարելավվեմ։ Եթե նա չասեր, ես գլխի չէի ընկնի, որ այդպիսի խնդիր ունեմ» (Սոֆիա)։

  • Նպատակ դիր ավելի լավը դառնալու։

    Աստվածաշունչն ասում է. «Ով ուշադրություն է դարձնում հանդիմանությանը, խորագետ է» (Առակներ 15։5)։ Երբ ուշադրություն դարձնես խորհրդին, կկարողանաս հաղթահարել վիրավորվածության զգացումը և կկենտրոնանաս այն հարցերում բարելավումներ անելու վրա, որոնց մասին քեզ ասել են։ Գործողության պլան կազմիր և հաջորդ մի քանի ամիսների ընթացքում հետևիր, թե ինչ առաջընթաց ես ունեցել։

    «Քննադատություն ընդունելու համար պետք է ազնիվ լինես ինքդ քեզ հետ, քանի որ պետք է կարողանաս ընդունել սխալներդ, ներողություն խնդրել դրանց համար և սովորել, թե ինչպես բարելավվել տվյալ հարցում» (Էմմա)։

Ամփոփում: Աստվածաշունչն ասում է. «Երկաթը երկաթով է սրվում, նմանապես, մարդը ուրիշին ավելի լավն է դարձնում» (Առակներ 27։17, ծնթ.)։ Առողջ քննադատությունը միջոց է, որը կարող է քեզ ավելի լավը դարձնել թե՛ հիմա և թե՛ հասուն տարիքում։