Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն առաջացնել իմ մեջ

 Ինչո՞ւ պետք է մարզանք անեմ

Որոշ երկրներում երիտասարդները քիչ ժամանակ են տրամադրում ֆիզիկական ակտիվությանը, և դա վտանգում է նրանց առողջությունը։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչն ասում է, որ «մարմնի մարզումը օգտակար է» (1 Տիմոթեոս 4։8)։ Քննենք հետևյալը։

  • Մարմնամարզությունը կարող է օգնել, որ դրական մտավիճակ ունենաս։ Ֆիզիկական ակտիվության ժամանակ արտադրվում են էնդորֆիններ՝ ուղեղում սինթեզվող քիմիական նյութեր, որոնք պատասխանատու են հանգստության և երջանկության համար։ Ոմանք մարզանքը կոչում են բնական հակադեպրեսանտ։

    «Եթե առավոտը սկսում եմ վազելով, ողջ օրս ավելի արդյունավետ և հաճելի է անցնում։ Վազելը բարձրացնում է տրամադրությունս» (Ռեջինա)։

  • Մարմնամարզությունը կարող է բարելավել արտաքին տեսքդ։ Չափավոր մարմնամարզությունը կօգնի քեզ ամրակազմ և ավելի առողջ լինելու, ինչպես նաև ավելի վստահ զգալու քեզ։

    «Այնքան հավես է, որ կարողանում եմ տասը անգամ պտտաձողին ձգումներ կատարել, ինչը մի տարի առաջ մեկ անգամ էլ չէր ստացվում անել։ Բայց ամենից շատ ուրախ եմ, քանի որ հոգ եմ տանում մարմնիս մասին» (Օլիվիա)։

  • Մարմնամարզությունը կարող է երկարացնել կյանքդ։ Ֆիզիկական ակտիվությունը օգտակար է սիրտանոթային և շնչառական համակարգերի համար։ Աերոբիկ վարժությունները կարող են նաև օգնել կանխելու սրտի իշեմիկ հիվանդությունը, որը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մահվան պատճառ է դառնում։

    «Երբ կանոնավորաբար առողջարար մարմնամարզությամբ ենք զբաղվում, մեր Արարչին ցույց ենք տալիս, որ թանկ ենք գնահատում այն մարմինը, որը նա տվել է մեզ» (Ջեսիկա)։

Ամփոփում: Մարզանքները առողջության համար օգտակար կլինեն ոչ միայն ապագայում, այլև օգուտներ կբերեն հենց այսօր։ «Երբեք չես ասի՝ երանի՜ թե արշավի գնացած չլինեի կամ վազքով զբաղված չլինեի,— ասում է Տոնյա անունով մի երիտասարդ աղջիկ։— Երբ պատրվակները մի կողմ եմ դնում ու սկսում եմ մարզվել, երբեք չեմ ափսոսում դրա համար»։

Ինչպես մեքենան է շարքից դուրս գալիս, երբ դրա համար հոգ չեն տանում, այնպես էլ քո մարմնի աշխատանքն է վատանում, երբ մարզանք չես անում

 Ի՞նչն է ինձ խանգարում մարզանք անել

Քննենք մի քանի հավանական խոչընդոտ։

  • Շարժառիթ չունեմ։ «Կարծում եմ՝ երիտասարդ տարիքում մարդիկ իրենց անպարտելի են զգում։ Դժվար է պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ առողջական խնդիրներ կունենաս։ Մտածում ես, որ դա մեծահասակների խնդիրն է» (Սոֆիա)։

  • Ժամանակ չունեմ։ «Քանի որ զբաղված գրաֆիկ ունեմ, պետք է պլանավորեմ ժամանակը, որ կարողանամ ճիշտ սնվել և բավականաչափ քնել, բայց մարզանքին ժամանակ տրամադրելը միշտ դժվար է ինձ համար» (Կլարիսա)։

  • Մարզասրահի անդամակցության քարտ չունեմ։ «Մարզական լավ վիճակ պահպանելը թանկ հաճույք է։ Եթե ուզում ես մարզասրահ հաճախել, պետք է վճարես» (Ջինա)։

Մտածիր

Մարմնամարզությամբ զբաղվելու ամենամեծ խոչընդոտը ո՞րն է քեզ համար։ Այն հաղթահարելու համար որոշակի ջանքեր են պետք, բայց դրանք զուր չեն լինի։

 Ինչպե՞ս ընտրեմ ինձ համար օգտակար մարզանքներ

Ահա մի քանի առաջարկ։

  • Քեզ վրա վերցրու առողջությունդ պահպանելու պատասխանատվությունը (Գաղատացիներ 6:5

  • Խուսափիր պատրվակներ բերելուց (Ժողովող 11։4)։ Օրինակ՝ պարտադիր չէ՝ մարզասրահում բաժանորդագրվես, որպեսզի սկսես մարզվել քո ծրագրով։ Պարզապես գտիր այնպիսի վարժություններ, որոնք քեզ հաճելի են, և դարձրու քո առօրյայի մի մասը։

  • Եթե չգիտես՝ ինչ մարզանքներ անել, ուրիշներին հարցրու, թե իրենք ինչպես են մարզվում (Առակներ 20։18

  • Գրաֆիկ ունեցիր։ Որպեսզի մղիչ ուժ ունենաս շարունակելու մարզանքներդ, նպատակներ դիր և գրի առ, թե ինչ առաջխաղացում ես ունեցել (Առակներ 21։5

  • Մարզանքի ընկեր գտիր։ Նա կոգևորի քեզ և կօգնի հետևելու քո սահմանած ծրագրին (Ժողովող 4։9, 10

  • Իմացիր, որ դժվարություններ կլինեն, և երբ բախվես դրանց, մի՛ հանձնվիր (Առակներ 24։10

 Հավասարակշռված եղիր

Աստվածաշունչը և՛ տղամարդկանց, և՛ կանանց պատվիրում է «սովորությունների մեջ չափավոր» լինել (1 Տիմոթեոս 3։2, 11)։ Ուստի մարզանք անելիս հավասարակշռված եղիր։ Նրանք, ովքեր այս հարցում ծայրահեղության են հասնում, հաճախ կենտրոնացած են իրենց անձի վրա։ «Եթե տղայի մկանները խելքից մեծ են, դա բոլորովին էլ գրավիչ չէ»,— ասում է Ջուլիա անունով մի աղջիկ։

Նաև զգուշացիր ոգեշնչող այնպիսի կարգախոսներից, ինչպիսիք են, օրինակ՝ «երբ զգում ես՝ այլևս ուժ չունես, 10 անգամ էլ արա»։ Այս հորդորը կարող է վնասել քեզ ֆիզիկապես և ուշադրությունդ շեղել կյանքում «ավելի կարևոր» բաներից (Փիլիպպեցիներ 1։10

Բացի այդ, նման հորդորները կարող են վհատեցնել քեզ։ Վերա անունով մի երիտասարդ աղջիկ ասում է. «Շատ աղջիկներ հավաքում են այն մարդկանց նկարները, ում ուզում են նմանվել, և երբ ոգեշնչման պակաս են զգում, նայում են այդ նկարներին։ Բայց ի վերջո, երբ նրանք համեմատում են իրենց այդ մարդկանց հետ, հիասթափություն են ապրում։ Լավ կլինի նպատակ դնել բարելավել առողջությունը և ոչ թե միայն արտաքին տեսքը»։