Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ միաժամանակ մի քանի գործ անելու մասին

 Կարողանո՞ւմ ես միաժամանակ մի քանի գործ անել

 Կարողանո՞ւմ ես զուգահեռ մի քանի գործողություն անել։ Շատերը կարծում են, որ թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում ծնված մարդիկ կարողանում են միաժամանակ ավելի շատ գործողություններ կատարել, քան նրանք, ովքեր էլեկտրոնային սարքերից հասուն տարիքում են սկսել օգտվել։ Բայց արդյո՞ք դա այդպես է։

 ՃԻ՞ՇՏ Է, ԹԵ՞ ՍԽԱԼ

  •   Միաժամանակ մի քանի գործողություն անելով՝ խնայում ես ժամանակդ։

  •   Աստիճանաբար դա ավելի լավ կանես։

  •   Երիտասարդները կարողանում են միաժամանակ ավելի շատ գործողություններ անել, քան տարեցները։

 Եթե համաձայն ես այս պնդումներից որևէ մեկին, ապա բազմազբաղ լինելու պատրանքը մոլորեցրել է քեզ։

 Բազմազբաղ լինելու պատրանքը

 Ի՞նչ ես կարծում՝ կարո՞ղ ես միաժամանակ երկու գործ անել։ Թերևս կարողանաս որոշ գործեր միաժամանակ անել, եթե դրանք շատ ուշադրություն չեն պահանջում։ Օրինակ, եթե սենյակդ մաքրելիս երաժշտություն լսես, միգուցե դա չազդի գործիդ որակի վրա։

 Բայց երբ փորձում ես միաժամանակ երկու այնպիսի գործ անել, որոնք ուշադրություն են պահանջում, սովորաբար երկուսն էլ տուժում են։ Ահա թե ինչպես է Քեթրին անունով մի երիտասարդ աղջիկ սահմանում բազմազբաղությունը. «Դա ամեն ինչ միաժամանակ, բայց թերի անելու ունակությունն է»։

 «Երբ խոսում էի մեկի հետ, հաղորդագրություն ստացա, որին պետք է պատասխանեի։ Փորձեցի երկուսն էլ անել։ Արդյունքում՝ այդ մարդու ասածների մեծ մասը չլսեցի, իսկ հաղորդագրությանս մեջ շատ տառասխալներ արեցի» (Քեյլըբ)։

 Թվային տեխնոլոգիաների մասնագետ Շերի Թըրքլն իր գրքում գրում է. «Երբ մի քանի գործ փորձում ենք միաժամանակ անել, ամեն նոր գործողություն սկսելուց հետո մեր արդյունավետությունը նվազում է։ Մի քանի գործով զբաղված լինելիս մեր ուղեղում քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում, և մեզ թվում է, թե մեր գործը ավելի լավ ենք անում, մինչդեռ իրականում հակառակն է» (Reclaiming Conversation)։

 «Երբեմն ինձ թվում է՝ կարող եմ զուգահեռ և՛ մեկի հետ խոսել, և՛ մյուսին հաղորդագրություն գրել։ Բայց իրականում ինչը, որ պիտի գրեի, բարձրաձայն ասում եմ, իսկ ինչը, որ պիտի ասեի, գրում եմ» (Թամարա)։

 Այն մարդիկ, ովքեր փորձում են մի քանի գործողություն զուգահեռ անել, իրենց կյանքն անտեղի դժվարացնում են։ Օրինակ՝ նրանցից ավելի շատ ժամանակ է պահանջվում իրենց տնային առաջադրանքները կատարելու համար կամ էլ գործն ավարտելուց հետո լրացուցիչ ժամանակ են ծախսում թերությունները շտկելու վրա։ Ամեն դեպքում այդպիսի մարդկանց ավելի քիչ ժամանակ է մնում անելու այն, ինչ ուզում են։

 Երեխաների հարցերով խորհրդատու և հոգեթերապևտ Թոմաս Քերսթինգն ասում է. «Եթե մարդու ուղեղը համեմատենք փաստաթղթերի պահարանի հետ, որտեղ ամեն ինչ կոկիկ դասավորված է, ապա բազմազբաղ մարդկանց ուղեղը մի պահարան է, որտեղ խառնաշփոթ է տիրում» (Disconnected):

 «Որքան շատ գործողություններ ես միաժամանակ կատարում, այնքան շատ բացթողումներ ես ունենում։ Այդ պատճառով գործն ավարտելուց հետո ստիպված ես ծախսել այն ժամանակը, որն իբրև թե խնայել ես» (Թերեզա)։

Զուգահեռ մի քանի գործ անելը նման է միաժամանակ երկու տարբեր ճանապարհներով մեքենա վարելուն:

 Կա՞ ավելի լավ մեթոդ

  •   Միայն մի գործողություն արա և կենտրոնացիր դրա վրա։ Դա կարող է դժվար լինել, հատկապես երբ սովոր ես զուգահեռ մի քանի բանով զբաղվել, օրինակ՝ դասերդ անելու ժամանակ հաղորդագրություն գրել։ Սակայն Աստվածաշունչը հորդորում է, որ «հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ Բոլոր գործերը նույնչափ կարևոր չեն։ Ուստի մտածիր, թե որն է ավելի կարևոր, և կենտրոնացիր միայն դրա վրա, մինչև ավարտես այն։

     «Երբ ուղեղդ մի քանի բանի վրա է փորձում կենտրոնանալ, նմանվում է երեխայի, որին երբեմն պիտի ասես ոչ, նույնիսկ եթե ավելի հեշտ կլիներ թողնել նրան անել այն, ինչ ուզում է» (Մարիա)։

  •   Ազատվիր շեղող բաներից։ Դասերդ անելու ժամանակ հաճա՞խ ես ստուգում հեռախոսդ։ Այն մեկ այլ սենյակում դիր։ Անջատիր հեռուստացույցը և մոռացիր սոցիալական կայքերի մասին։ Աստվածաշունչն ասում է. «Ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Կողոսացիներ 4։5

     «Ես հասկացել եմ, թե որքան արդյունավետ է, երբ միայն մի բանի վրա եմ կենտրոնանում։ Երբ ցուցակից ջնջում եմ այն գործը, որն ավարտել եմ, և անցնում հաջորդին, ուրախանում եմ։ Այդպես իմ արածից ավելի շատ եմ հաճույք ստանում» (Oնյա)։

  •   Ամբողջ ուշադրությունդ կենտրոնացրու զրույցիդ վրա։ Զրուցելիս անընդհատ հեռախոսով զբաղվելը ոչ միայն կարող է շեղել քեզ, այլև անքաղաքավարի է։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես կուզենք, որ մեզ հետ վարվեն (Մատթեոս 7։12

     «Երբ խոսում եմ քրոջս հետ, ու նա այդ ընթացքում հաղորդագրություն է գրում կամ այլ բան է անում հեռախոսով, շատ եմ նյարդայնանում։ Բայց անկեղծ ասած՝ ես էլ եմ երբեմն այդպես անում» (Դեյվիդ)։