Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ խուսափել բացասական մտածելակերպից

 Ի՞նչ կարծիք ունես ինքդ քո մասին

  •   Լավատես

     «Ես փորձում եմ հնարավորինս ուրախ և անհոգ լինել։ Ուզում եմ ամեն օր ժպիտը դեմքիս ապրել» (Վալերի)։

  •   Վատատես

     «Ամեն անգամ, երբ մի դրական բան է լինում, իմ առաջին արձագանքը հետևյալն է՝ ինչ-որ բան այն չէ։ Մտածում եմ, որ դա չափազանց լավ է և չի կարող ճիշտ լինել, կամ որ սխալմունք է եղել» (Ռեբեկա)։

  •   Իրատես

     «Լավատեսությունը հիասթափության, իսկ վատատեսությունը միշտ տխուր լինելու նախադրյալն է։ Իրատես լինելը օգնում է ինձ իրերը տեսնել այնպես, ինչպես որ դրանք կան» (Աննա)։

 Ինչո՞ւ է դա կարևոր

 Աստվածաշունչն ասում է, որ «ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է» (Առակներ 15։15)։ Հստակ է, որ այն մարդիկ, ովքեր խուսափում են անհարկի բացասական մտքերից և կյանքին դրականորեն են նայում, սովորաբար ավելի ուրախ են լինում և ավելի շատ ընկերներ են ունենում։ Ի վերջո, ո՞վ կցանկանա ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր միշտ մռայլ են։

 Այնուամենայնիվ, կան կյանքի իրողություններ, որոնց բախվում է նույնիսկ ամենամեծ լավատեսը։ Օրինակ՝

  •   քեզ անդադար ռմբակոծում են պատերազմի, ահաբեկչության կամ հանցագործության մասին լուրերը,

  •   գուցե ընտանիքում խնդիրներ ունես,

  •   ունես թերություններ և թուլություններ, որոնց դեմ պետք է պայքարես,

  •   ընկերներիցդ մեկը գուցե վիրավորել է զգացումներդ։

 Փոխանակ աչք փակելու այդ իրողությունների վրա կամ այնքան կենտրոնանալու դրանց վրա, որ քեզ խղճուկ զգաս՝ փորձիր հավասարակշռված լինել։ Իրատեսական մոտեցումը կօգնի քեզ խուսափելու անտեղի բացասական մտքերից և ընդունելու կյանքի իրողությունները՝ առանց ընկճվելու։

Դու կարող ես դիմանալ կյանքի փոթորիկներին՝ համոզված լինելով, որ վաղ թե ուշ նորից արև կծագի

 Ինչ կարող ես անել

  •   Իրատեսորեն նայիր թերություններիդ։

     Աստվածաշունչն ասում է. «Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի ու մեղք չգործի» (Ժողովող 7։20)։ Այն, որ դու անթերի չես և սխալներ ես անում, չի նշանակում, որ անպիտան ես. դա պարզապես ցույց է տալիս, որ մարդ ես։

     Ինչպես լինել իրատես։ Ձգտիր չկրկնել սխալներդ, բայց կատարելություն մի՛ ակնկալիր քեզնից։ «Ես փորձում եմ չկենտրոնանալ թերություններիս վրա, որ չվհատվեմ,— ասում է Քեյլըբ անունով մի երիտասարդ։— Փոխարենը՝ ձգտում եմ դասեր քաղել դրանցից և բարեփոխումներ անելու ուղիներ փնտրել»։

  •   Քեզ մի՛ համեմատիր ուրիշների հետ։

     Աստվածաշունչն ասում է. «Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք և իրար չնախանձենք» (Գաղատացիներ 5։26)։ Երբ սոցիալական կայքերում տեսնես այն իրադարձությունների լուսանկարները, որոնց քեզ չեն հրավիրել, գուցե դառնանաս և լավագույն ընկերներիդ ոխերիմ թշնամիներ համարես։

     Ինչպես լինել իրատես։ Ընդունիր այն փաստը, որ դու հրավիրված չես լինելու բոլոր հավաքույթներին։ Բացի այդ, հիշիր, որ սոցցանցերում հնարավոր չէ տեսնել ողջ պատկերը։ «Սոցիալական կայքերում մարդիկ սովորաբար ներկայացնում են իրենց կյանքի միայն ամենատպավորիչ պահերը,— ասում է Ալեքսիս անունով մի դեռահաս աղջիկ։— Իսկ ոչ այդքան հետաքրքիր բաները չեն ներկայացնում»։

  •   Խաղաղարար եղիր, հատկապես քո ընտանիքում։

     Աստվածաշունչն ասում է. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18)։ Դու չես կարող ամբողջությամբ վերահսկել ուրիշների գործողությունները, սակայն կարող ես վերահսկել քո արձագանքը։ Ուստի վճռիր խաղաղարար լինել։

     Ինչպես լինել իրատես։ Մի՛ մեծացրու ընտանիքում ստեղծված լարվածությունը, այլ նպաստիր խաղաղությանը, ինչպես որ կանեիր ընկերներիդ հետ շփվելիս։ «Ոչ ոք կատարյալ չէ։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ տրորում ենք մեկս մյուսի ոտքը,— ասում է Մելինդա անունով մի աղջիկ։— Պարզապես պետք է որոշենք, թե ինչպես ենք արձագանքելու՝ խաղաղությա՞մբ, թե՞ այլ կերպ»։

  •   Երախտագիտություն զարգացրու։

     Աստվածաշունչն ասում է. «Երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3։15)։ Երախտագիտության ոգին կօգնի քեզ կենտրոնանալու քո կյանքում տեղի ունեցող լավ և ոչ թե թվացյալ վատ բաների վրա։

     Ինչպես լինել իրատես։ Ընդունիր, որ խնդիրներ ունես, բայց աչք մի՛ փակիր քեզ հետ տեղի ունեցող լավ բաների վրա։ «Ամեն օր իմ հուշատետրում մի դրական բան եմ գրում,— ասում է Ռեբեկա անունով մի աղջիկ։— Ուզում եմ ինքս ինձ հիշեցնել, որ ընդհանուր առմամբ դրական շատ բաներ կան, որոնց մասին կարող եմ մտածել»։

  •   Մտածիր, թե ինչ ընկերներ ունես։

     Աստվածաշունչն ասում է. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։ Եթե այն մարդիկ, ում հետ ժամանակ ես անցկացնում, քննադատական ոգի ունեն, հեգնում են ուրիշներին կամ դառնացած են, նրանց բացասական տրամադրվածությունը կփոխանցվի քեզ։

     Ինչպես լինել իրատես։ Երբ ընկերներդ դժվարությունների միջով են անցնում, նրանք գուցե որոշ ժամանակ բացասական տրամադրվածություն ունենան։ Թիկունք կանգնիր նրանց, բայց թույլ մի՛ տուր, որ նրանց խնդիրները ուժասպառ անեն քեզ։ «Մենք չպետք է շփվենք միայն բացասական տրամադրվածություն ունեցող մարդկանց հետ,— ասում է Միշել անունով մի աղջիկ։— Մաթեմատիկայում երկու բացասական թվեր իրար գումարելիս ավելի մեծ բացասական թիվ ես ստանում»։

 Կարդա ավելին այն մասին, թե ինչպես դրական մտածելակերպ զարգացնել

 Մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում», ինչպես որ գրված է Աստվածաշնչում (2 Տիմոթեոս 3։1)։ Քեզ համար դժվա՞ր է դրական մտածելակերպ պահպանել մի աշխարհում, որտեղ բացասական բաներն այսքան շատ են։ Կարդա «Ինչո՞ւ աշխարհում այսքան շատ տառապանք կա» նյութը։