Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Օկուլտիզմը անվտանգ զվարճությո՞ւն է

 Ի՞նչ ես կարծում՝

  •   վտանգ կա՞ հորոսկոպների, Ուիջի տախտակների կամ էքստրասենսի միջոցով տեղեկություն ստանալու մեջ,

  •   օկուլտիզմի հետ կապված պատմությունները զուտ այլաբանությո՞ւն են՝ խորհրդանշական պայքար չարի և բարու միջև, թե՞ ուրիշ բան կա թաքցված դրանց մեջ։

 Այս հոդվածից կիմանաս, թե ինչու ոգեհարցությունը գուցե հրապուրիչ թվա, և թե ինչու պետք է զգուշանաս դրանից։

 Ինչո՞ւ է հրապուրիչ

 Զվարճությունների արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները մեծ շահույթ են ստանում՝ եթեր արձակելով այնպիսի հեռուստաշոուներ և թողարկելով այնպիսի ֆիլմեր, տեսախաղեր ու գրքեր, որոնց հիմնական թեման օկուլտիզմն է։ Արդյունքում՝ շատ երիտասարդներ սկսել են հետաքրքրվել աստղագուշակությամբ, դևերով, վամպիրներով, կախարդությամբ և նման բաներով։ Ինչո՞ւ։ Ստորև բերված են մի քանի պատճառներ։

  •   Հետաքրքրասիրություն. որպեսզի իմանան, թե արդյոք իրականում գոյություն ունի ոգեղեն ոլորտ։

  •   Մտահոգություն. որպեսզի իմանան ապագան։

  •   Հաղորդակցվելու ցանկություն. որպեսզի կապ հաստատեն իրենց մահացած սիրելի մարդու հետ։

 Այս պատճառները ինքնին գուցե սխալ չլինեն։ Բնական է հետաքրքրվել ապագայով կամ կարոտել սիրելի մարդուն, որը մահացել է։ Սակայն կան վտանգներ, որոնց մասին պետք է իմանալ։

 Ինչո՞ւ է հարկավոր զգուշանալ

 Աստվածաշունչը խիստ նախազգուշացումներ է տալիս ցանկացած բանի վերաբերյալ, ինչը առնչվում է ոգեհարցությանը։ Օրինակ՝ այնտեղ գրված է.

 «Ձեր մեջ չպետք է լինի.... գուշակություն անող, մոգությամբ զբաղվող, նախանշաններ մեկնող, կախարդ, ուրիշներին հմայող, ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող, որովհետև բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, գարշելի են Եհովայի համար» (2 Օրենք 18։10–12

 Ինչո՞ւ է Աստվածաշունչը խստորեն դատապարտում ոգեհարցությունը։

  •   Ոգեհարցությամբ զբաղվելով՝ դևերի կողմն ենք բռնում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ որոշ հրեշտակներ ըմբոստացան Աստծու դեմ և դարձան նրա թշնամին (Ծննդոց 6։2; Հուդա 6)։ Այդ չար հրեշտակները, որոնք կոչվում են դևեր, մոլորեցնում են մարդկանց ոգեհարցության, բախտագուշակության, կախարդության և աստղագուշակության միջոցով։ Եթե զբաղվենք այս բաներով, Աստծու թշնամիների ընկերը կդառնանք։

  •   Ոգեհարցությունը թիկունք է կանգնում այն կարծիքին, թե որոշ մարդիկ կարող են կանխագուշակել ապագան։ Սակայն միայն Աստված կարող է ասել. «Ես ամենասկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում, ու վաղեմի ժամանակներից այն, ինչը դեռ չի եղել» (Եսայիա 46։10; Հակոբոս 4։13, 14

  •   Ոգեհարցությունը թիկունք է կանգնում այն կեղծ հավատալիքին, թե մահացածները կարող են հաղորդակցվել ապրողների հետ։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում.... Գերեզմանում.... ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն» (Ժողովող 9։5, 10

 Վերոնշյալ պատճառներով Եհովայի վկաները հեռու են մնում այն ամենից, ինչը կապված է ոգեհարցության հետ։ Նրանք նաև խուսափում են այնպիսի զվարճություններից, որոնցում կան զոմբիներ, վամպիրներ ու միստիկական այլ կերպարներ։ «Եթե [տվյալ հաղորդումը] ոգեհարցական տարրեր է պարունակում,— ասում է Մարիա անունով մի երիտասարդ կին,— հասկանում եմ, որ չպետք է դիտեմ այն»։ a

Ինչպես որ հանցագործն է փորձում խաբել քեզ՝ ներկայանալով որպես ուրիշ մարդ, այնպես էլ դևերն են ձևացնում, թե իրենք քո մահացած հարազատներն են

 Ինչ կարող ես անել

  •   Վճռիր «մաքուր խիղճ ունենալ» Եհովայի առաջ՝ մերժելով ցանկացած բան, ինչը առնչվում է օկուլտիզմին (Գործեր 24։16

  •   Դեն նետիր ոգեհարցության հետ կապված ցանկացած իր։ Կարդա Գործեր 19:19, 20-ը և ուշադրություն դարձրու, թե այս հարցում ինչ լավ օրինակ են թողել առաջին դարի քրիստոնյաները։

 Հիշիր. երբ հեռու ես մնում օկուլտիզմից և ոգեհարցական տարրեր պարունակող զվարճանքի ձևերից, Եհովայի կողմն ես բռնում։ Դա ուրախացնում է նրա սիրտը (Առակներ 27։11

a Սա չի նշանակում, որ բոլոր ֆանտաստիկ պատմություններում ոգեհարցական տարրեր կան։ Սակայն, առաջնորդվելով Աստվածաշնչով մարզված խղճով, քրիստոնյաները հեռու են մնում ոգեհարցությունից և նման բաներ պարունակող ժամանցի ձևերից (2 Կորնթացիներ 6։17; Եբրայեցիներ 5։14