Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ֆլիրտը անվնաս մի բա՞ն է

Ֆլիրտը անվնաս մի բա՞ն է

 Ի՞նչ է ֆլիրտը

Որոշ մարդիկ կարծում են, որ ֆլիրտը մի միջոց է հակառակ սեռի անհատին խոսքով կամ գործով ակնարկելու, որ ռոմանտիկ զգացմունքներ ունես նրա նկատմամբ։ Սխա՞լ է արդյոք ինչ-որ մեկին ցույց տալ, որ հետաքրքրված ես նրանով։ Ոչ միշտ։ Աննա անունով մի երիտասարդ կին ասում է. «Եթե տարիքդ և այլ հանգամանքներ թույլ են տալիս քեզ ընկերություն անել, ու եթե հետաքրքրված ես ինչ-որ մեկով, ուրիշ ինչպե՞ս կարող ես իմանալ՝ այդ զգացմունքը փոխադա՞րձ է»։

Այս հոդվածում կխոսենք ֆլիրտի հետևանքների մասին, այսինքն՝ այն բանի, թե ինչ կարող է լինել, երբ անհատը իր արարքներով ռոմանտիկ հետաքրքրություն է ցույց տալիս որևէ մեկի հանդեպ, մինչդեռ լուրջ նպատակներ չունի։

«Մի բան է ինչ-որ մեկի հանդեպ հատուկ ուշադրություն ցուցաբերել՝ ռոմանտիկ փոխհարաբերություններ սկսելու համար, մեկ ուրիշ բան է ձևացնել, թե հետաքրքրված ես նրանով, իսկ հետո գլխին սառը ջուր լցնել՝ ասելով, որ զգացմունքներ չունես նրա նկատմամբ» (Դիանա)։

 Ինչո՞ւ են ոմանք ֆլիրտ անում

Շատ մարդիկ ֆլիրտ են անում ինքնահաստատվելու համար։ «Երբ հասկանում ես, որ կարողանում ես ուշադրություն գրավել, ուզում ես, որ ավելի շատ մարդիկ քեզ ուշադրություն դարձնեն»,— ասում է Հեյլի անունով մի երիտասարդ կին։

Սակայն եթե դու դիտավորյալ այնպիսի տպավորություն ես ուզում թողնել, թե ռոմանտիկ զգացմունքներ ունես ինչ-որ մեկի հանդեպ, բայց իրականում այդպես չէ, ցույց ես տալիս, որ ուրիշի զգացմունքները ոչ մի արժեք չունեն քեզ համար։ Դու նաև հարցականի տակ ես դնում քո ողջամտությունը։ Աստվածաշունչն ասում է. «Հիմարությունը ուրախություն է պատճառում խոհեմ սիրտ չունեցողին» (Առակներ 15:21

Հեյլին ասում է. «Ֆլիրտը սկզբում կարող է անվնաս թվալ, բայց հաճախ վատ է վերջանում»։

 Ի՞նչ վտանգներ կան

  • Ֆլիրտը վնասում է քո հեղինակությունը։

    «Այն մարդը, ով ֆլիրտ է անում, անվստահ է և հասուն չէ։ Դու զգում ես, որ նա ազնիվ չէ քո հանդեպ, միայն փորձում է ինչ-որ բան ստանալ քեզնից»,— ասում է Ջերեմի անունով մի երիտասարդ։

    Աստվածաշունչն ասում է. «Սերը.... իր շահը չի փնտրում» (1 Կորնթացիներ 13:4, 5

    Մտածիր։ Ինչպիսի՞ խոսքերն ու վարքը կարող են պատճառ լինել, որ ֆլիրտ անողի համբավ ձեռք բերես։

  • Ֆլիրտը վնասում է այն անձնավորությանը, ում հետ սիրախաղ ես անում։

    «Երբ հանդիպում եմ մեկին, ով սիրում է ֆլիրտ անել, չեմ ուզում, որ նա իմ շրջապատում լինի։ Թվում է, թե նա խոսում է ինձ հետ միայն այն պատճառով, որ ես աղջիկ եմ։ Նրանք, ովքեր ֆլիրտ են անում, իրականում իմ մասին չեն մտածում։ Նրանք միայն մտածում են այն մասին, որ իրենք լավ զգան» (Ժակլին)։

    Աստվածաշունչն ասում է. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10:24

    Մտածիր։ Երբևէ ինչ-որ մեկը հավատացրե՞լ է քեզ, թե հետաքրքրված է քեզանով, բայց հետո դու հասկացել ես, որ դա այդպես չէ։ Եթե այո, ի՞նչ ես զգացել։ Ինչպե՞ս կարող ես խուսափել ուրիշին այդ կերպով վնասելուց։

  • Ֆլիրտը վնասում է իսկական սեր ունենալու քո հեռանկարը։

    «Ֆլիրտ անող մարդու հետ ոչ ոք չի ցանկանա ամուսնանալ կամ ընկերություն անել։ Ինչպե՞ս կարող եմ իրականում ճանաչել կամ վստահել մեկին, որը պարզապես ձևացնում է, թե հետաքրքրված է ինձնով» (Օլիվիա)։

    Սաղմոսերգու Դավիթն ասաց. «Չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ» (Սաղմոս 26:4

    Մտածիր։ Ինչպիսի՞ անձնավորությունն է սիրում ֆլիրտ անել։ Դու կուզեի՞ր գրավել այդպիսի անհատի ուշադրությունը։