«Մի օր շատ լավ տրամադրություն ունեմ, իսկ հաջորդ օրը ինձ ահավոր եմ զգում։ Այն, ինչ երեկ չնչին բան էր թվում, այսօր ինձ համար մեծ խնդիր է» (Կարիսա)։

Տրամադրության վերելքներ ու անկումնե՞ր ես ունենում, ասես խորդուբորդ ճանապարհով անցնելիս լինես։ * Եթե այո, ապա այս հոդվածը օգտակար կլինի քեզ համար։

 Ինչու է այդպես լինում

Հուզական վերելքներն ու անկումները սովորական բան են, երբ քո օրգանիզմում սեռական հասունացման ընթացքում փոփոխություններ են տեղի ունենում։ Սակայն նույնիսկ ուշ պատանեկության շրջանում գուցե զարմանաս՝ տեսնելով, թե որքան անկայուն և անկանխատեսելի կարող են լինել քո հույզերը։

Եթե տատանվող հույզերիդ պատճառով խառնաշփոթի մեջ ես ընկնում, հիշի՛ր. դրանցից շատերը կապված են հորմոնալ փոփոխությունների հետ, որոնք ուղեկցվում են անվստահության և անորոշության զգացումներով։ Սրանք բնականոն զարգացման մաս են կազմում։ Սակայն ուրախալին այն է, որ դու կարող ես հասկանալ, թե ինչ ես զգում, և սովորել վերահսկել քո հույզերը։

Իրողություն։ Երիտասարդության տարիներին կարևոր է սովորել վերահսկել հույզերը, քանի որ այդ ունակությունը քեզ պետք կգա հասուն տարիքում շատ տարբեր հանգամանքներում։

Բացասական զգացումները ասես ճանապարհի վրա փոսեր լինեն։ Եթե հմուտ լինես, կկարողանաս խուսափել ամենախոր փոսերից, և ճանապարհդ հարթ կլինի

 Երեք բան, որ կարող ես անել

Խոսիր։ Աստվածաշունչն ասում է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17

«Մեր ընտանիքը մի մտերիմ ընկեր ունի, որը հորաքրոջ պես է մեզ համար։ Նա շատ ուշադիր է իմ ասածների հանդեպ, և ես անկաշկանդ արտահայտվում եմ նրա ներկայությամբ։ Երբ ճիշտ բան եմ ասում, նա հպարտանում է ինձանով, իսկ երբ սխալվում եմ, լավագույն ձևով ուղղում է ինձ» (Յոլանդա)։

Առաջարկ։ Փոխանակ խոսելու միայն քո հասակակիցների հետ, որոնք քեզ պես գուցե հուզական վերելքներ ու անկումներ են ունենում՝ խոսիր ծնողներիդ կամ մեկ ուրիշ վստահելի չափահաս անձնավորության հետ։

Գրիր։ Աստվածաշունչը պատմում է Հոբի մասին, որը, խոր հուսահատության մեջ լինելով, ասաց. «Մտահոգությունս չպիտի զսպեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ» (Հոբ 10։1)։ Բացի որևէ մեկի հետ խոսելուց՝ կարող ես նաև «խոսել»՝ քո զգացումների մասին գրելով։

«Ես ամեն տեղ գնալիս ինձ հետ փոքրիկ գրառումների տետր եմ վերցնում։ Երբ մի բան է լինում, որն ինձ տխրեցնում է, գրի եմ առնում դա։ Գրելը մեծ թեթևացում է բերում ինձ» (Իլիանա)։

Առաջարկ։ Գրառումների տետր պահիր, որում կարող ես գրել քո հույզերի մասին, նաև այն մասին, թե ինչու են դրանք առաջացել, և թե ինչպես կարող ես վերահսկել այդ հույզերը։ Այս հոդվածին վերաբերող գրառումների էջը կարող է օգտակար լինել քեզ համար։

Աղոթիր։ Աստվածաշունչն ասում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի» (Սաղմոս 55։22

«Ես միշտ աղոթում եմ Եհովային, երբ անհանգիստ ու ընկճված եմ լինում։ Եվ միշտ թեթևացում եմ զգում այն բանից հետո, երբ սիրտս բացում եմ նրա առաջ» (Ժասմին)։

Առաջարկ։ Չնայած անհանգստություններին՝ մտածիր քո կյանքում եղած երեք բաների մասին, որոնց համար կարող ես շնորհակալ լինել։ Երբ աղոթում ես Եհովային, խնդրիր, որ օգնի քեզ, բայց նաև երախտագիտություն արտահայտիր օրհնություններիդ համար։

^ պարբ. 4 Այս հոդվածում խոսվում է այն մասին, թե բազմաթիվ երիտասարդներ սովորաբար ինչ հուզական տատանումներ են ունենում։ Եթե ունես երկբևեռ խանգարում կամ տառապում ես այլ տեսակի դեպրեսիայով, տես «Ինչպե՞ս պայքարեմ դեպրեսիայի դեմ» հոդվածը։