Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ կարող եմ անել, որ բավականաչափ քնեմ

 Եթե մաթեմատիկայից թույլ ես, գուցե մտածես, որ կարիք կա ավելի շատ ջանք թափելու։ Եթե սպորտում լավ արդյունքների չես հասնում, հնարավոր է՝ մտածես, որ ուղղակի պետք է ավելի շատ մարզվես։ Սակայն իրականում երկու դեպքում էլ քեզ թերևս անհրաժեշտ է բավականաչափ քնել։ Տեսնենք, թե ինչու։

 Ինչո՞ւ է քունը անհրաժեշտ քեզ համար

 Մասնագետներն ասում են, որ պատանիների մեծ մասը կարիք ունի գիշերը քնելու ութից տասը ժամ։ Ինչո՞ւ է կարևոր բավականաչափ քնել։

  •   Քունը խթանում է քո մտավոր ունակությունները։ Քունը կոչվում է «սնունդ ուղեղի համար»։ Այն կարող է օգնել քեզ բարելավելու գնահատականներդ, լավ արդյունքների հասնելու սպորտում և հաջողությամբ լուծելու խնդիրներդ։

  •   Քունը օգնում է ունենալու լավ տրամադրություն և առողջ մտավիճակ։ Այն մարդիկ, ովքեր բավականաչափ չեն քնում, ավելի հավանական է, որ տրամադրության տատանումներ կունենան, տխրություն կզգան, դեպրեսիայի մեջ կընկնեն և ուրիշների հետ խնդիրներ կունենան։

  •   Քունը օգնում է լինելու ավելի ուշադիր վարորդ։ Միացյալ Նահանգներում անցկացված մի ուսումնասիրության համաձայն՝ քնատ վիճակում վթարի ենթարկված 16–24 տարեկան վարորդների թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է 40–59 տարեկան վարորդների թիվը։

  •   Քունը նպաստում է առողջ լինելուն։ Քնելն օգնում է օրգանիզմիդ պահպանելու և վերականգնելու բջիջները, հյուսվածքներն ու արյունատար անոթները։ Որակյալ քունը կարող է նաև նվազեցնել ճարպակալման, շաքարախտի և կաթվածի վտանգը։

Ինչպես որ բջջային հեռախոսի մարտկոցը պետք է լիցքավորես, որ այն աշխատի, այնպես էլ դու պետք է բավականաչափ քնես, որ առույգ լինես

 Ի՞նչն է քեզ խանգարում քնել

 Չնայած նշված օգուտներին՝ շատ պատանիներ չեն քնում այնքան, որքան անհրաժեշտ է իրենց։ Օրինակ՝ 16-ամյա Իլեյնն ասում է.

 «Ուսուցիչս հարցրեց դասարանին, թե գիշերը երբ ենք պառկում քնելու։ Շատերն ասացին՝ մոտ ժամը 2:00-ին։ Մյուսները պատասխանեցին՝ 5:00-ին։ Միայն մի ուսանող ասաց՝ 21:30-ին»։

 Ի՞նչը կարող է խանգարել քեզ, որ քնես։

 Շփումը։ «Շատ հեշտ է մինչև ուշ գիշեր արթուն մնալ և վատնել ժամանակը, հատկապես երբ ընկերներիդ հետ ես» (Պամելա)։

 Պատասխանատվությունները։ «Ես սիրում եմ քնել, բայց զբաղված գրաֆիկի պատճառով դժվարանում եմ քնին բավարար չափով ժամանակ տրամադրել» (Անա)։

 Տեխնիկան։ «Հիմնականում հեռախոսս է ինձնից խլում այն ժամանակը, որ պետք է տրամադրեմ քնին։ Երբ անկողնում եմ, չեմ կարող չտրվել գայթակղությանը և այն ձեռքս չվերցնել» (Անիսա)։

 Ի՞նչ կարող ես անել, որ բավականաչափ քնես

  •   Հարցրու ինքդ քեզ, թե որքան կարևոր է քունը քեզ համար։ Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6)։ Քնելը անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն։ Առանց դրա՝ աշխատանքիդ որակը կընկնի, և նույնիսկ զվարճություններից լիարժեք հաճույք չես ստանա։

  •   Պարզիր, թե ինչն է ամենաշատը խանգարում քեզ քնել։ Օրինակ՝ մինչև ուշ գիշեր ընկերներիդ հետ դրսո՞ւմ ես լինում։ Ծանրաբեռնվա՞ծ ես տնային աշխատանքներով և այլ պարտականություններով։ Բջջային հեռախոսդ թույլ չի՞ տալիս քեզ քնել կամ արթնացնո՞ւմ է, երբ արդեն քնած ես։

 Մտածիր։ Քեզ խանգարող ամենամեծ պատճառը վերացնելու համար որոշակի ջանքեր կպահանջվեն, բայց դրանք զուր չեն լինի։ Առակներ 21։5-ում ասվում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն»։

 Ինչ խոսք, այն, ինչ արդյունավետ է մեկի համար, գուցե արդյունավետ չլինի ուրիշի համար։ Օրինակ՝ ոմանք ասում են, որ օրվա ընթացքում մի փոքր ննջելը օգնում է իրենց գիշերը ավելի լավ քնելու։ Սակայն ուրիշներն ասում են, որ իրենց դեպքում դա հակառակ ազդեցությունն է ունենում։ Պարզիր, թե քեզ համար որն է ավելի լավ։ Հետևյալ առաջարկները կարող են օգտակար լինել։

  •   Թուլացիր և հանգստացիր։ Եթե ժամանակ տրամադրես և նախքան քնելը թուլանաս ու հանգստանաս, հավանաբար ավելի արագ քուն կմտնես։

     «Լավ կլինի՝ վաղօրոք ավարտես գործերդ և կատարես մյուս պարտականություններդ, որպեսզի քնելուց առաջ չմտահոգվես դրանց մասին» (Մարիա)։

  •   Իրավիճակը ձեռքդ վերցրու։ Փոխանակ թույլ տալու, որ հանգամանքները ղեկավարեն քեզ, դու տնօրինիր գրաֆիկդ, որպեսզի քնես այնքան, որքան քեզ անհրաժեշտ է։

     «Ես կարիք ունեմ գիշերը ամենաքիչը ութ ժամ քնելու։ Ուստի եթե ստիպված եմ սովորականից ավելի վաղ արթնանալ, հաշվարկ եմ անում իմանալու համար, թե որ ժամին պետք է պառկեմ քնելու» (Վինսենտ)։

  •   Ձգտիր հետևողական լինել։ Քո ներքին ժամացույցը օգուտ կտա քեզ միայն այն դեպքում, եթե «լարես» այն։ Մասնագետներն առաջարկում են ամեն օր քնել և արթնանալ նույն ժամին։ Փորձիր այդպես վարվել մեկ ամիս և կտեսնես, թե որքան լավ կզգաս։

     «Եթե ամեն գիշեր քնես նույն ժամին, հաջորդ օրը ուղեղդ թարմ կլինի։ Դա կօգնի, որ ցանկացած գործ ավելի արդյունավետ անես» (Ջարեդ)։

  •   Հավասարակշռված եղիր շփմանը և տարբեր զբաղմունքներին ժամանակ տրամադրելու հարցում։ Աստվածաշունչը պատվիրում է «սովորությունների մեջ չափավոր» լինել, և դա ներառում է այն, ինչ անում ես ազատ ժամանակ (1 Տիմոթեոս 3։2, 11

     «Ես պետք է սովորեի սահմանափակել այն ժամանակը, որ երեկոյան անցկացնում էի ընկերներիս հետ։ Եթե չսահմանափակեմ զվարճություններին տրամադրած ժամանակը, ինչ-որ բան կտուժի։ Եվ հիմնականում այդ ինչ-որ բանը իմ քունն է» (Ռեբեկա)։

  •   Թող հեռախոսդ նույնպես «քնի»։ Քնելուց առնվազն մեկ ժամ առաջ դիմադրիր ինտերնետում որևէ բան փնտրելու կամ ուշ գիշերով ընկերներիդ հաղորդագրություններ ուղարկելու ցանկությանը։ Իրականում, որոշ մասնագետներ զգուշացնում են, որ հեռախոսից, հեռուստացույցից կամ պլանշետից արձակվող լույսը կարող է դժվարացնել քունը։

     «Մարդիկ սպասում են, որ շաբաթը 7 օր՝ օրը 24 ժամ, հասանելի կլինես։ Բայց լիարժեք հանգստանալու համար հեռախոսդ պետք է մի կողմ դնես» (Ջուլիսա)։