Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես օգնել հոգեկան խնդիրներ ունեցողներին

Ինչպես օգնել հոգեկան խնդիրներ ունեցողներին

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (ԱՌԱԿՆԵՐ 17։17

Ինչ է դա նշանակում

Եթե մեր ընկերներից որևէ մեկը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, գուցե չիմանանք ինչ անել ու թևաթափ լինենք։ Սակայն կարող ենք ցույց տալ, թե որքան ենք սիրում նրան՝ օգնելով իր խնդիրների դեմ պայքարում։ Իսկ ինչպե՞ս կարելի է դա անել։

Ինչպես կարող է դա օգնել

«Արագ [եղեք] լսելու մեջ» (ՀԱԿՈԲՈՍ 1։19

Ձեր ընկերոջն օգնելու լավագույն կերպերից մեկը նրան լսելն է, երբ նա խոսելու ցանկություն ունի։ Մի՛ մտածեք, որ պետք է անպայման մի բան ասեք, երբ նա խոսում է։ Ցույց տվեք, որ հասկանում եք նրան, և որ նա կարևոր է ձեզ համար։ Լայնախոհ եղեք։ Մի՛ շտապեք եզրակացություններ անել և քննադատորեն մոտենալ նրա ասածներին։ Հիշեք, որ նա կարող է առանց մտածելու ասել բաներ և հետո ափսոսալ դրանց համար (Հոբ 6։2, 3

«Սփոփեք» (1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 5։14

Գուցե ձեր ընկերը մտահոգություններ ունի կամ էլ անարժեքության զգացումի դեմ է պայքարում։ Հավաստիացրեք, որ նա թանկ է ձեզ համար։ Այդպես կկարողանաք մխիթարել ու քաջալերել նրան, անգամ եթե չգիտեք՝ ինչ ասել տվյալ պահին։

«Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ» (ԱՌԱԿՆԵՐ 17։17

Գործնական օգնություն առաջարկեք։ Ենթադրություններ անելու փոխարեն նրա՛ն հարցրեք, թե ինչ կարող եք անել իր համար։ Եթե ձեր ընկերը դժվարանում է ասել, թե ինչի կարիք ունի, փորձեք առաջարկել մի բան, ինչը կարող եք միասին անել, օրինակ՝ զբոսնել, գնումների գնալ, մաքրություն կամ մեկ այլ բան անել (Գաղատացիներ 6։2

«Համբերատար եղեք» (1 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ 5։14

Ձեր ընկերը միշտ չէ, որ պատրաստ կլինի խոսելու։ Վստահեցրեք նրան, որ դուք ուրախությամբ կլսեք նրան, երբ էլ որ նա ցանկանա խոսել։ Հիվանդության պատճառով նա կարող է ասել կամ անել բաներ, որոնք գուցե ցավ պատճառեն ձեզ։ Օրինակ՝ գուցե փոխի ձեզ հետ ունեցած պայմանավորվածությունը կամ էլ դյուրագրգիռ լինի։ Նրան օգնություն առաջարկելիս եղեք համբերատար ու հասկացող (Առակներ 18։24

Օգնություն առաջարկելը շատ բան կարող է փոխել

«Ընկերոջս հավաստիացնում եմ, որ ինձ վրա կարող է հույս դնել։ Միշտ ձգտում եմ լսել նրան, անգամ եթե չգիտեմ՝ ինչպես օգնել։ Երբեմն իրեն լավ զգալու համար նա ընդամենը կարիք ունի մեկի, ով կլսի իրեն» (Ֆերա, a նրա ընկերը տառապում է սննդի ընդունման ու տագնապային խանգարումներով, նաև դեպրեսիայով)։

«Ընկերներիցս մեկը, ով շատ բարի ու դրական մարդ է, ինձ իր տուն հրավիրեց, նա համեղ կերակուր էր պատրաստել։ Այդ ջերմ մթնոլորտում ես կարողացա արտահայտել զգացմունքներս, և դա ինձ շատ օգնեց» (Հաուն, տառապում է դեպրեսիայով)։

«Համբերատար լինելը շատ կարևոր է։ Երբ կինս այնպիսի բան է անում, որից նյարդայնանում եմ, միշտ ինձ հիշեցնում եմ, որ նա իրականում այդպիսի անձնավորություն չէ, այլ հիվանդության պատճառով է իրեն այդպես պահում։ Դրա շնորհիվ չեմ բարկանում և նրան հասկացողությամբ ու կարեկցանքով եմ վերաբերվում» (Ջեյկոբ, նրա կինը դեպրեսիայով է տառապում)։

«Բառերով չեմ կարող նկարագրել, թե կինս որքան է ինձ աջակցել ու մխիթարել։ Երբ անհանգստություններս գլուխ են բարձրացնում, նա երբեք ինձ չի ստիպում անել մի բան, որն այդ պահին չեմ ցանկանում։ Երբեմն դրա պատճառով նա ինքը չի անում մի բան, ինչը կցանկանար տվյալ պահին անել։ Կինս անձնազոհ է ու անեսասեր։ Նա ինձ համար անփոխարինելի է» (Էնրիկո, ունի տագնապային խանգարում)։

a Որոշ անուններ փոխված են։