4 | Աստվածաշնչի գործնական խորհուրդները
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է. «Ամբողջ Գիրքը.... օգտակար է» (2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։16)։
Ինչ է դա նշանակում
Ճիշտ է, Աստվածաշունչը բժշկական ձեռնարկ չէ, սակայն այնտեղ գործնական և օգտակար խորհուրդներ կան։ Այդ խորհուրդները կարող են օգնել այն մարդկանց, ովքեր պայքարում են հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Քննենք այդ խորհուրդներից մի քանիսը։
Ինչպես կարող է դա օգնել
«Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (ՄԱՏԹԵՈՍ 9։12)։
Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ կարող են լինել իրավիճակներ, երբ ճիշտ կլինի դիմել բժշկի օգնությանը։ Հոգեկան խնդիրներ ունեցող շատ մարդկանց համար օգտակար է եղել իրենց հիվանդության մասին վստահելի աղբյուրներից տեղեկություն ձեռք բերելը և մասնագիտական օգնություն ստանալը։
«Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք» (ԺՈՂՈՎՈՂ 4։6)։
Եթե լավ սովորություններ ունենաք և հետևեք ձեր ֆիզիկական առողջությանը, դա կարող է բարելավել ձեր հոգեկան առողջությունը։ Այդպիսի սովորություններից են կանոնավոր ֆիզիկական վարժություններ անելը, առողջ սննդակարգին հետևելը, ինչպես նաև բավականաչափ քնելը։
«Ուրախ սիրտը բուժիչ է, բայց խոցված ոգին չորացնում է ոսկորները» (ԱՌԱԿՆԵՐ 17։22)։
Եթե Աստվածաշնչից քաջալերական հատվածներ կարդաք և ողջամիտ ու ձեզ հասանելի նպատակներ դնեք, կկարողանաք ուրախ տրամադրություն
ունենալ։ Հոգեկան խնդիրների դեմ պայքարելիս դրական տրամադրվածությունը կարող է օգնել ձեզ էմոցիոնալ առումով հավասարակշռված լինել։«Իմաստությունը համեստների հետ է» (ԱՌԱԿՆԵՐ 11։2)։
Գուցե տեսնեք, որ կան բաներ, որոնք ինքնուրույն չեք կարող անել։ Այդ իսկ պատճառով պատրաստ եղեք ընդունելու ուրիշների օգնությունը։ Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները հավանաբար ցանկանում են օգնել ձեզ, սակայն գուցե չիմանան, թե ինչպես դա անել։ Ասեք նրանց, թե հատկապես ինչի կարիք ունեք, ինչ է ձեզ պետք։ Ողջամիտ ակնկալիքներ ունեցեք նրանցից և միշտ շնորհակալ եղեք նրանց արածների համար։
Աստվածաշնչի գործնական խորհուրդներն ինչպես են օգնում
«Զգում էի, որ ինչ-որ բան այն չէ։ Ուստի բժշկի դիմեցի։ Նա կարողացավ ախտորոշել հիվանդությունս։ Դա ինձ օգնեց իրատեսորեն նայել վիճակիս և տեղեկանալ, թե բուժման ինչ մեթոդներ կան» (Նիկոլա, a տառապում է երկբևեռ խանգարումով)։
«Հասկացել եմ, որ կնոջս հետ կանոնավորաբար Աստվածաշունչ ընթերցելը օգնում է օրս սկսել դրական ու կերտիչ մտքերով։ Եվ հաճախ, հատկապես այն օրերին, երբ հիվանդությունս սրվում է, ինչ-որ կոնկրետ աստվածաշնչյան համար եմ գտնում, որը մխիթարում է ինձ» (Պիտեր, տառապում է դեպրեսիայով)։
«Շատ էի ամաչում ու դժվարանում ուրիշներին պատմել հիվանդությանս մասին։ Բայց ընկերներիցս մեկը, ում հետ մտերիմ էի, ջանում էր լսել, հասկանալ ու կարեկցել ինձ։ Նրա օգնությամբ սկսեցի ինձ ավելի լավ զգալ և հասկացա, որ մենակ չեմ» (Ջի Յու, ունի սննդի ընդունման խանգարում)։
«Աստվածաշունչն օգնում է ինձ աշխատանքի և հանգստի հարցում լինել ողջամիտ ու հավասարակշռված։ Այնտեղ գրված խորհուրդներն օգնում են ինձ պայքարել իմ էմոցիոնալ խնդիրների դեմ» (Տիմոթի, պայքարում է օբսեսսիվ–կոմպուլսիվային խանգարման դեմ)։
a Որոշ անուններ փոխված են։