Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Գնդագլուխ սև դելֆինի ինքնամաքրվող մաշկը

Գնդագլուխ սև դելֆինի ինքնամաքրվող մաշկը

 Բեղաոտանի խեցգետնակերպերն ու այլ ջրային օրգանիզմները, որոնք կպչում են նավերի հատակին, մեծ խնդիր են ստեղծում նավային ընկերությունների համար։ Այս կենսաբանական աղտոտման պատճառով դանդաղում է նավերի ընթացքը, դրանք ավելի շատ վառելիք են ծախսում և ամեն երկու տարին մեկ պետք է տարվեն նավանորոգարան՝ մաքրվելու։ Խնդրի լուծման համար գիտնականները դիմել են բնության օգնությանը։

 Նկատի առնենք հետևյալը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երկար լողակներ ունեցող գնդագլուխ սև դելֆինի (Globicephala melas) մաշկը ունակ է ինքնամաքրվելու։ Այն պատված է աննշան անհարթություններով, որոնք կոչվում են նանոանհարթություններ։ Դրանք այնքան փոքր են, որ բեղաոտանի խեցգետնակերպերի թրթուրները չեն կարողանում կառչել դրանցից։ Այդ անհարթությունների միջև կա մածուցիկ նյութ՝ լորձ, որը ոչնչացնում է ջրիմուռներն ու բակտերիաները։ Մաշկափոխության ժամանակ դելֆինը լորձի նոր շերտ է արտազատում։

 Գիտնականները ցանկանում են ինքնամաքրման այդպիսի համակարգ ստեղծել նավերի հիմնակմախքի համար։ Նախկինում նավերի հատակը մշակում էին կենսաբանական աղտոտիչներից պաշտպանող ներկերով։ Սակայն այդ ներկերի ամենատարածված տեսակներից մի քանիսի գործածությունը վերջերս արգելվել է, քանի որ դրանք թունավոր են ծովային ֆլորայի և ֆաունայի համար։ Գիտնականները գտել են հետևյալ լուծումը, այն է՝ նավի հատակը ծածկել մետաղյա ցանցով, որի տակ անցքեր կլինեն։ Դրանցից ծովային օրգանիզմների համար անվտանգ քիմիական հեղուկ դուրս կգա, որը աղի ջրի հետ փոխազդեցության մեջ մտնելիս կթանձրանա՝ վերածվելով մածուցիկ նյութի, և կպատի նավի հատակը։ Ժամանակի ընթացքում այս թաղանթը, որի հաստությունը մոտ 0,7 միլիմետր է [0,03 դյույմ], կպոկվի նավի կմախքից՝ իր հետ տանելով այն օրգանիզմներին, որոնք, հնարավոր է, կպած լինեն դրան։ Այնուհետև այդ համակարգը կարտադրի քիմիական նյութի նոր շերտ՝ նավի հատակը ծածկելու համար։

Բեղաոտանի խեցգետնակերպերը դանդաղեցնում են նավի ընթացքը, և դրանք հեռացնելը դժվար է

 Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ այս համակարգի շնորհիվ նավերի կենսաբանական աղտոտումը կարող է նվազել 100 անգամ։ Դա մեծ օգուտ կբերի նավային ընկերություններին, քանի որ նավերը մաքրելու նպատակով նավանորոգարան տանելը շատ թանկ արժե։

 Ի՞նչ եք կարծում։ Գնդագլուխ սև դելֆինի ինքնամաքրվող մաշկը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։