Անցնել բովանդակությանը

BluePlanetArchive/Whale Watch Azores

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կտցադունչ կետի սուզվելու ունակությունը

Կտցադունչ կետի սուզվելու ունակությունը

 Կտցադունչ կետը կարող է սուզվել մինչև 2 992 մետր (9 816 ֆուտ) խորության վրա, որտեղ ջրի ճնշումը կազմում է մոտ 30 300 կիլոպասկալ (4 390 ֆունտ/քառակուսի դյույմ): Այս կետը կարող է նաև տևական ժամանակ ջրի տակ մնալ։ Գրանցվել է դեպք, երբ նախքան թթվածնի համար ջրի մակերևույթ դուրս գալը այն 3 ժամ 42 րոպե ջրի տակ է մնացել։ Ինչպե՞ս է այս կաթնասունը այդքան երկար ժամանակ մնում ջրի խորքերում՝ լինելով բարձր ճնշման տակ և ունենալով թթվածնի սահմանափակ պաշար։

 Ինչպես ծովային մյուս կաթնասունների դեպքում է, այս կետի կրծքավանդակը կծկվում է, և թոքերը կոլապսի են ենթարկվում։ Հետազոտողները բացահայտել են, որ ծովային կաթնասունները ավելի քիչ թթվածին են օգտագործում, երբ իրենց սրտի աշխատանքը կտրուկ դանդաղում է, և արյունը վերջույթներից մղվում է դեպի ուղեղ, սիրտ և մկաններ։

 Բացի այդ՝ ծովային կաթնասունները իրենց մկաններում թթվածին են կուտակում միոգլոբին կոչվող սպիտակուցի շնորհիվ։ Նրանց սուզվելու ընթացքում միոգլոբինը անհրաժեշտ քանակությամբ թթվածին է մատակարարում նրանց օրգանիզմին։ Ծովային կաթնասունների մկանները ավելի մեծ քանակությամբ միոգլոբին են պարունակում, քան մարդկանց և ցամաքային կենդանիների մկանները։

 Մի գիտնական կտցադունչ կետի առնչությամբ հետևյալ եզրակացությանն է եկել. «Այս կենդանիները աներևակայելի խորն են սուզվում։ Նրանց այս ունակությունը գերազանցում է ֆիզիոլոգիայի մասին մեր ներկայիս պատկերացումները»։ Գիտնականները հույս ունեն, որ եթե ավելի խորությամբ հասկանան, թե ինչպես են այս կետերը սուզվում, դա կարող է օգնել բժիշկներին բարելավել այնպիսի ախտաբանական վիճակների բուժումը, ինչպիսին է թոքերի կոլապսը։

 Ի՞նչ եք կարծում: Կտցադունչ կետի՝ երկար ժամանակով խորը սուզվելու կարողությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։