Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 3

Նա, որ ստեղծեց ամեն ինչ

Նա, որ ստեղծեց ամեն ինչ

Ո՞վ է ստեղծել ամեն կենդանի արարած

Կա մի բան, որ ինձ հիացմունք է պատճառում։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչը։ ~ Նայիր քո ձեռքին։ Իսկ հիմա ծալիր մատներդ։ Այժմ բռնիր ինչ–​որ բան և բարձրացրու։ Քո ձեռքը ստեղծված է այնպես, որ կարող է շատ բաներ անել։ Գիտե՞ս, թե ով է ստեղծել ձեռքը։ ~

Այո, դա Աստված է՝ Մեծ Ուսուցչի Հայրը, ու հենց Ինքն է ստեղծել նաև բերանը, քիթը և աչքերը։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ լավ է, որ Աստված մեզ աչքեր է տվել։ ~ Նրանց շնորհիվ տեսնում ենք գույնզգույն ծաղիկները, կանաչ խոտը, կապույտ երկինքը... Կարող ենք տեսնել, թե ինչպես են թռչունի ձագերը կտուցները բաց արած ծվծվում, որ իրենց կերակրեն, ինչպես այս նկարում է պատկերված։ Իսկապես հրաշալի է, չէ՞, որ մենք կարող ենք տեսնել նման բաներ։ ~

Բայց ո՞վ է ստեղծել այդ ամենը։ Գուցե ինչ–​որ մա՞րդ։ Ո՛չ։ Մարդը կարող է տուն կառուցել։ Բայց ստեղծել խոտ, որն աճում է, նա չի կարող։ Մարդը չի կարող ստեղծել թռչնակ, ծաղիկ կամ մեկ ուրիշ կենդանի արարած։ Գիտեի՞ր այդ մասին։ ~

Աստված է, որ ստեղծել է այս բոլոր բաները։ Աստված է ստեղծել երկինքն ու երկիրը։ Մարդկանց նույնպես նա է ստեղծել։ Նա է ստեղծել առաջին տղամարդուն ու կնոջը։ Այդ մասին մեզ սովորեցնում է նաև Հիսուսը՝ Մեծ Ուսուցիչը (Մատթէոս 19։4–6

Որտեղի՞ց գիտեր Հիսուսը, որ առաջին տղամարդուն ու կնոջը ստեղծել է Աստված։ Մի՞թե նա տեսել է, թե ինչպես է Աստված դա արել։ ~ Այո՛, նա տեսել է։ Երբ Աստված ստեղծեց տղամարդուն ու կնոջը, Հիսուսը նրա հետ էր։ Հիսուսն առաջինն էր, ում ստեղծեց Աստված։ Հիսուսը հրեշտակ էր և ապրում էր երկնքում՝ իր Հոր հետ։

Աստվածաշնչում գրված են այսպիսի խոսքեր. «Աստված ասաց. «Մարդ շինենք»» (Ծննդոց 1։26)։ Գիտե՞ս՝ ում էր Աստված դիմում այդ խոսքերով։ ~ Նա իր Որդուն էր դիմում։ Նա խոսում էր այն անձնավորության հետ, որը հետագայում եկավ երկիր, և որին կոչեցին Հիսուս։

Հետաքրքիր է, չէ՞։ Պատկերացնո՞ւմ ես, Հիսուսին լսելով՝ մենք սովորում ենք այն անձնավորությունից, որը եղել է Աստծո մոտ, երբ նա ստեղծում էր երկիրն ու մնացած բոլոր բաները։ Հիսուսը իր Հոր հետ աշխատելով երկնքում՝ շատ բաներ է սովորել։ Ուրեմն՝ կասկած լինել չի կարող, որ Հիսուսը Մեծ Ուսուցիչ է։

Ի՞նչ ես կարծում, երբ Աստված դեռ չէր ստեղծել իր որդուն և մենակ էր, նա տխո՞ւր էր։ ~ Ո՛չ, երջանիկ էր։ Այդ դեպքում ինչո՞ւ որոշեց ստեղծել ուրիշ կենդանի արարածների։ ~ Նա այդպես վարվեց, քանի որ սիրո Աստված է։ Նա ուզեց, որ ուրիշներն էլ ապրեն և վայելեն կյանքը։ Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուց, որ մեզ կյանք է պարգևել։

Աստծո արած բոլոր գործերում երևում է նրա սերը։ Աստված ստեղծել է արև, որը մեզ լույս ու ջերմություն է տալիս։ Եթե արևը չլիներ, ամեն ինչ սառը կլիներ, ու երկրի վրա կյանք չէր լինի։ Ուրախ ես, չէ՞, որ Աստված ստեղծել է արևը։ ~

Աստված նաև այնպես է արել, որ անձրևներ լինեն։ Գուցե երբեմն անձրևը քեզ դուր չգա, քանի որ այդ ժամանակ չես կարող դրսում խաղալ։ Բայց առանց անձրևի՝ ծաղիկները չէին ծաղկի։ Ուրեմն ո՞ւմ պետք է շնորհակալ լինենք գեղեցիկ ծաղիկների համար։ ~ Աստծուն։ Իսկ համեղ մրգեր ու բանջարեղեն ուտելիս ո՞ւմ շնորհակալություն հայտնենք։ ~ Իհարկե՝ Աստծուն, որովհետև նրա ստեղծած արևի ու անձրևի շնորհիվ է, որ դրանք աճում են։

Ի՞նչ կպատասխանես, եթե ինչ–​որ մեկը քեզ հարցնի. «Աստվա՞ծ է ստեղծել մարդուն ու կենդանիներին»։ ~ Ճիշտ կլինի պատասխանել. «Այո՛, Աստված է ստեղծել»։ Իսկ ինչ՝ եթե այդ մարդը չի հավատում, որ իրականում Աստված է ստեղծել մարդուն, և ասում է, թե մարդը կենդանիներից է առաջացել։ Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։ Այնտեղ ասվում է, որ Աստված է ստեղծել ամեն կենդանի արարածի (Ծննդոց 1։26–31

Եթե տունը պետք է կառուցող ունենա, հապա ի՞նչ կարելի է ասել ծաղիկների, ծառերի ու կենդանիների մասին

Մեկ ուրիշը պարզապես կարող է ասել, թե ինքը չի հավատում Աստծուն։ Ի՞նչ կասես նրան։ ~ Կարելի է նրան ցույց տալ մի տուն, իսկ հետո հարցնել. «Ո՞վ է կառուցել այս տունը»։ Բոլորն էլ գիտեն, որ ինչ–​որ մեկը պետք է որ կառուցած լինի այն։ Իհարկե, տունը ինքնիրեն չի կարող կառուցվել (Եբրայեցիս 3։4

Այնուհետև նրա ուշադրությունը հրավիրիր ծաղիկների վրա։ Հարցրու նրան. «Ո՞վ է ստեղծել ծաղիկը»։ Մարդը չի ստեղծել այն։ Եվ ինչպես տունը չի կարող ինքնիրեն կառուցվել, այնպես էլ ծաղիկը չի կարող ինքնիրեն ստեղծվել։ Ինչ–​որ մեկը պետք է ստեղծած լինի։ Եվ նրան ստեղծողը Աստված է։

Մի պահ ականջ դրեք, թե ինչպես են երգում թռչունները։ Ապա հարցրու նրան. «Ո՞վ է ստեղծել թռչուններին և նրանց երգել սովորեցրել»։ Աստված։ Աստված է, որ ստեղծել է երկինքն ու երկիրը և ամեն կենդանի էակ։ Նա է կյանք տալիս։

Կան մարդիկ, որ հավատում են միայն այնպիսի բաների, որոնք հնարավոր է տեսնել։ Նման մարդը կարող է պնդել. «Մինչև չտեսնեմ, չեմ հավատա»։ Շատերն ասում են, թե չեն հավատում Աստծուն այն պատճառով, որ չեն կարող տեսնել նրան։

Աստծուն տեսնել մենք իրոք չենք կարող։ Աստվածաշնչում գրված է. «Մարդ չի կարող տեսնել Աստծուն»։ Երկրի վրա ապրողներից ոչ մեկը՝ լինի դա տղամարդ, կին թե երեխա, չի կարող տեսնել Աստծուն, ուստի նաև չի կարող նրան պատկերել։ Աստված նույնիսկ ասում է մեզ, որ չփորձենք նրան ինչ–​որ մեկի նմանեցնելով՝ պատկերներ ստեղծել։ Ուրեմն Աստծուն հաճելի չի լինի, եթե տանը այդպիսի իրեր ունենանք (Ելից 20։4, 5; 33։20; Յովհաննէս 1։18

Բայց եթե մենք չենք տեսնում Աստծուն, որտեղի՞ց գիտենք, որ նա իրականում գոյություն ունի։ Մի փոքր մտածենք։ Հնարավո՞ր է տեսնել քամին։ ~ Ո՛չ, դա անհնար է։ Բայց կարող ենք տեսնել, թե քամին ինչեր է անում։ Երբ քամին փչում է, շարժվում են ծառի տերևները։ Ուստի մենք չենք էլ կասկածում, որ քամի գոյություն ունի։

Ինչի՞ց ես իմանում, որ գոյություն ունի քամի

Մենք կարող ենք տեսնել նաև, թե ինչեր է ստեղծել Աստված։ Օրինակ՝ ծաղիկներն ու թռչունները։ Դրանք նա է ստեղծել։ Ուստի՝ հավատում ենք, որ իրականում Աստված գոյություն ունի։

Քեզ կարող են հարցնել. «Ո՞վ է ստեղծել արևն ու երկիրը»։ Աստվածաշունչն ասում է. «Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։ Այո՛, Աստված է ստեղծել այս բոլոր հրաշալի բաները, այդպես չէ՞։ ~

Մի՞թե կյանքը հրաշալի չէ։ Մենք լսում ենք թռչունների քաղցր դայլայլը։ Տեսնում ենք ծաղիկներ և էլի ուրիշ շատ բաներ, որ ստեղծել է Աստված։ Ճաշակում ենք Աստծո տված բարիքներից՝ մրգեր ու բանջարեղեն։

Այս ամենի համար մենք պետք է մեր երախտագիտությունը ցույց տանք։ Բայց ամենից շատ պետք է շնորհակալ լինենք Աստծուն այն բանի համար, որ նա մեզ կյանք է պարգևել։ Իսկ ինչպե՞ս ցույց տանք մեր երախտագիտությունը նրա հանդեպ։ ~ Լսելով նրան ու անելով այն ամենը, ինչ ասում է մեզ Աստվածաշնչի միջոցով։ Դրանով ցույց կտանք մեր սերը Նրա հանդեպ, ով ստեղծել է ամեն բան։

Մենք պետք է մեր երախտագիտությունը ցույց տանք Աստծուն իր արածների համար։ Ինչպե՞ս։ Կարդանք Սաղմոս 139։14; Յովհաննէս 4։23, 24; Ա Յովհաննէս 5։21 և Յայտնութիւն 4։11 համարները։