Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 6

Մեծ Ուսուցիչը բարի գործեր էր անում մարդկանց համար

Մեծ Ուսուցիչը բարի գործեր էր անում մարդկանց համար

Քեզ դուր գալի՞ս է, երբ ինչ–​որ մեկը հաճելի բան է անում քեզ համար։ ~ Դա բոլորին է դուր գալիս։ Մեծ Ուսուցիչը գիտեր այդ մասին, դրա համար էլ միշտ բարի գործեր էր անում մարդկանց համար։ Նա ասաց. «Ես չեկա, որ ինձ ծառայեն, այլ որ ես ծառայեմ» (Մատթէոս 20։28

Ինչի՞ մասին էին վիճում Հիսուսի աշակերտները

Ուրեմն եթե ուզում ենք Մեծ Ուսուցչին նմանվել, ի՞նչ պետք է անենք։ ~ Պետք է ծառայենք ուրիշներին։ Մենք բարի գործեր պետք է անենք։ Ճիշտ է, շատերն այդպես չեն վարվում։ Իրականում մարդիկ մեծամասամբ միշտ ցանկանում են, որ ուրիշներն իրենց ծառայեն։ Մի ժամանակ նույնիսկ Հիսուսի աշակերտներն էին այդպես մտածում։ Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր լինել ամենամեծն ու ամենակարևորը։

Մի օր Հիսուսը ճամփորդում էր իր աշակերտների հետ։ Երբ նրանք հասան Կափառնայում՝ Գալիլեայի ծովի մոտ, մի տուն մտան, որտեղ Հիսուսը նրանց հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։ Նրանք ոչինչ չպատասխանեցին, քանի որ ճանապարհին վիճում էին, թե ով է իրենցից ամենամեծը (Մարկոս 9։32, 33

Հիսուսը գիտեր, որ սխալ կլիներ, եթե իր աշակերտներից որևէ մեկը մտածեր, թե ինքը ամենամեծն է։ Ուստի, ինչպես հիշում ես այս գրքի առաջին գլխից, նա իր աշակերտների մեջտեղը մի երեխա կանգնեցրեց և ասաց, որ նրանք պետք է այդ երեխայի պես խոնարհ լինեն։ Բայց նրանք ինչպես հարկն է չհասկացան նրա սովորեցրածը։ Ուստի իր մահվան նախորդ օրը Հիսուսը նրանց այնպիսի դաս սովորեցրեց, որ նրանք երբեք չէին մոռանա։ Ի՞նչ արեց նա։ ~

Երեկոյան, երբ նրանք միասին ընթրում էին, Հիսուսը ոտքի ելավ, հանեց իր վերնազգեստը, վերցրեց մի սրբիչ ու կապեց մեջքին։ Հետո վերցրեց մի տաշտ ու մեջը ջուր լցրեց։ Նրա աշակերտները սկսեցին մտածել, թե ինչ է նա պատրաստվում անել։ Մինչ նրանք զարմացած նայում էին, Հիսուսը կռացավ ու սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբիչով չորացնել։ Պատկերացնո՞ւմ ես այդ տեսարանը։ Ինչպե՞ս քեզ կզգայիր ու ի՞նչ կմտածեիր այդ պահին, եթե դու էլ այնտեղ՝ նրա աշակերտների հետ լինեիր։ ~

Հիսուսն իր աշակերտներին ի՞նչ սովորեցրեց

Նրա աշակերտները մտածում էին, թե ճիշտ չէ, որ Մեծ Ուսուցիչը այդպիսի ծառայություն մատուցի իրենց։ Նրանք շփոթվել էին։ Երբ հերթը հասավ Պետրոսին, նա չթողեց, որ Հիսուսն իրեն այդ ծառայությունն անի։ Բայց Հիսուսն ասաց, որ իր համար կարևոր էր դա անելը։

Այսօր ուրիշների ոտքերը լվանալու սովորություն չկա, բայց Հիսուսի օրերում կար։ Գիտե՞ս, թե ինչպես էր այդ սովորությունն առաջացել։ ~ Այն երկրում, որտեղ ապրում էին Հիսուսն ու իր աշակերտները, մարդիկ ամառային բաց կոշիկներ՝ սանդալներ էին հագնում։ Երբ նրանք քայլում էին փոշոտ ճանապարհներով, նրանց ոտքերը կեղտոտվում էին։ Ուստի հյուրի ոտքերը լվանալը բարի գործ էր համարվում։

Բայց այս անգամ Հիսուսի աշակերտներից ոչ մեկը չառաջարկեց լվանալ մյուսների ոտքերը։ Ուստի Հիսուսն ինքը լվաց։ Դրանով նա իր աշակերտներին կարևոր դաս սովորեցրեց, որը մենք էլ պետք է սովորենք։

Ի՞նչ ես կարծում, ո՞րն էր այդ դասը։ ~ Իր աշակերտների ոտքերը լվանալուց հետո Հիսուսը հագավ վերնազգեստը, նստեց սեղանի շուրջ և բացատրեց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ։ Դուք ինձ Ուսուցիչ ու Տեր եք կոչում, և լավ եք ասում, որովհետև այդպիսին եմ։ Ուրեմն եթե ես Տեր և Ուսուցիչ եմ ու ձեր ոտները լվացի, դուք էլ պետք է միմյանց ոտքերը լվանաք» (Յովհաննէս 13։2–14

Ինչո՞վ կարող ես ուրիշներին օգնել

Այստեղ Մեծ Ուսուցիչը ցույց տվեց, որ իր աշակերտները պետք է ծառայեին իրար։ Նա չէր ուզում, որ նրանցից ամեն մեկը միայն իր մասին մտածեր, կամ կարծեր, թե ինքն այնքան կարևոր է, որ միշտ մյուսները պետք է իրեն ծառայեն։ Նա ուզում էր, որ իր աշակերտները պատրաստ լինեին բարի գործեր անելու մարդկանց համար։

Մի՞թե դա լավ դաս չէր։ ~ Կուզեի՞ր դու էլ նմանվել Մեծ Ուսուցչին և ծառայել ուրիշներին։ ~ Մենք բոլորս կարող ենք բարի գործեր անել մարդկանց համար։ Դրանով կուրախացնենք նրանց։ Բայց ամենակարևորն այն է, որ դա ուրախություն կպատճառի Հիսուսին ու նրա Հորը։

Օգնություն ցույց տալը դժվար չէ։ Եթե ուշադիր հետևես, կտեսնես, թե ինչով կարող ես օգտակար լինել ուրիշներին։ Փորձիր մտածել. ինչո՞վ կարող ես օգնել մայրիկիդ։ Գիտես, որ նա շատ գործեր է անում քո և ընտանիքի մյուս անդամների համար։ Կարո՞ղ ես որևէ բանով օգնել։ ~ Հարցրու նրան, և նա կասի, թե ինչով օգնես։

Գուցե կարողանաս ճաշից առաջ սեղանը պատրաստել, կամ էլ հետո օգնել ափսեները հավաքել։ Որոշ երեխաներ ամեն օր իրենք են թափում աղբը։ Ինչ էլ որ կարողանաս անել, դրանով դու ուրիշներին կօգնես, ինչպես որ Հիսուսն արեց։

Ունե՞ս փոքր քույր ու եղբայր, ում կարող ես օգնել։ Հիշիր, որ Հիսուսը՝ Մեծ Ուսուցիչը, իր աշակերտներին ծառայեց։ Օգնելով քո փոքր քույրերին ու եղբայրներին՝ կնմանվես Հիսուսին։ Ի՞նչ կարող ես անել նրանց համար։ ~ Գուցե սովորեցնես նրանց խաղալուց հետո հավաքել խաղալիքներն ու իրենց տեղը դնել, կամ օգնես նրանց հագնվել, կամ էլ անկողինը հավաքել։ Փորձիր մտածել, թե է՛լ ինչով կարող ես օգնել նրանց։ ~ Նրանք քեզ շատ կսիրեն, ինչպես որ Հիսուսի աշակերտներն էին նրան սիրում։

Դպրոցում նույնպես կարող ես աշխատել օգտակար լինել ուրիշներին։ Կարող ես օգնել դասընկերներիդ և ուսուցչիդ։ Երբ ինչ–​որ մեկի գիրքը վայր է ընկնում, բարի գործ կատարած կլինես, եթե այն գետնից վերցնես։ Ուսուցչիդ կարող ես օգնել, օրինակ, առաջարկելով մաքրել գրատախտակը։ Որևէ մեկի առջև դուռ բացելը նույնպես բարի գործ է։

Երբեմն հնարավոր է նկատենք, որ մարդիկ շնորհակալություն չեն հայտնում մեր կատարած բարի գործերի համար։ Ի՞նչ ես կարծում, արժե՞ նման դեպքում այլևս բարի գործեր չկատարել։ ~ Ո՛չ։ Շատ մարդիկ շնորհակալ չեղան Հիսուսի արած բարի գործերի համար։ Բայց դա պատճառ չեղավ, որ Հիսուսը դադարեր այդպես վարվել։

Թող ոչինչ ետ չպահի մեզ ուրիշներին ծառայելուց։ Միշտ հիշենք Հիսուսին՝ Մեծ Ուսուցչին, և փորձենք հետևել նրա օրինակին։

Իմանալու համար, թե է՛լ ինչպես կարող ենք մարդկանց օգտակար լինել, կարդանք Աստվածաշնչի հետևյալ համարները. Առակաց 3։27, 28; Հռովմայեցիս 15։1, 2 և Գաղատացիս 6։2։