Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 45

Ի՞նչ է Աստծո Թագավորությունը. ինչպե՞ս ցույց տանք, որ ուզում ենք՝ այն գա

Ի՞նչ է Աստծո Թագավորությունը. ինչպե՞ս ցույց տանք, որ ուզում ենք՝ այն գա

Գիտե՞ս այն աղոթքը, որ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին։ ~ Եթե ոչ, ապա կարող ենք միասին կարդալ այն Աստվածաշնչից Մատթէոս 6։9–13 համարներում։ Այս աղոթքում, որը շատերն անվանում են «Հայր մեր», կան հետևյալ խոսքերը. «Թող գա քո թագավորությունը»։ Ի՞նչ է Աստծո Թագավորությունը, գիտե՞ս։ ~

Ընդհանրապես թագավոր են անվանում որևէ երկիր ղեկավարող մարդուն։ Իսկ նրա կառավարությունը անվանում են թագավորություն։ Որոշ երկրներում էլ պետության ղեկավարը կոչվում է նախագահ։ Կարո՞ղ ես ասել, թե ինչպես է կոչվում Աստծո կառավարության Ղեկավարը։ ~ Թագավոր։ Այդ պատճառով էլ Աստծո կառավարությունը կոչվում է Թագավորություն։

Գիտե՞ս, թե ում է Եհովա Աստված ընտրել որպես իր կառավարության Թագավոր։ ~ Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Կարո՞ղ ես ասել, թե ինչու Հիսուսը շատ ավելի լավն է, քան մարդկանց կողմից ընտրված ցանկացած ղեկավար։ ~ Որովհետև Հիսուսն իսկապես սիրում է իր Հորը՝ Եհովային։ Դա է պատճառը, որ նա միշտ արդարությամբ է վարվում։

Բեթլեհեմում Հիսուսի ծնվելուց դեռևս երկար ժամանակ առաջ Աստվածաշնչում արդեն գրվել էր նրա ծննդյան մասին։ Այնտեղ ասվում է նաև, որ Հիսուսը դառնալու է Աստծո կողմից ընտրված Ղեկավարը։ Այդ մասին կարող ենք կարդալ Եսայիա 9։6, 7 խոսքերում։ «Մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսերի վրա, և նրա անունը կկոչվի.... Խաղաղության իշխան։ Իշխանության շատանալուն և խաղաղությանը վերջ չի լինի»։

Գիտե՞ս, թե ինչու է այստեղ Աստծո Թագավորության Ղեկավարը՝ Հիսուսը, կոչվում «իշխան»։ ~ Քանի որ նա արքայորդի է։ Այո, Հիսուսը Մեծ Թագավորի՝ Եհովայի Որդին է։ Սակայն Եհովան Հիսուսին նշանակել է նաև իր կառավարության Թագավոր։ Այդ կառավարությունը ղեկավարելու է երկրի վրա հազար տարի (Յայտնութիւն 20։6)։ Մկրտվելուց հետո Հիսուսը սկսեց «քարոզել և ասել. «Ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթէոս 4։17

Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր Հիսուսն ասում մարդկանց, որ Թագավորությունը մոտեցել է։ ~ Որովհետև ինքը՝ ապագա երկնային Թագավորը, նրանց կողքին էր։ Ահա թե ինչու նա նաև ասաց. «Աստծո թագավորությունը ձեր մեջ է» (Ղուկաս 17։21, ԷԹ)։ Կուզենայի՞ր Եհովայի ընտրած Թագավորին այնքան մոտիկ լինել, որ նույնիսկ կարողանայիր նրան ձեռքով դիպչել։ ~

Կարո՞ղ ես ասել՝ ինչ կարևոր գործ կատարելու համար էր Հիսուսը երկիր եկել։ ~ Պատասխանը իմանում ենք հենց նրա խոսքերից. «Ուրիշ քաղաքներին էլ պետք է Աստծո թագավորության բարի լուրը պատմեմ, քանի որ սրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4։44)։ Հիսուսը գիտեր, որ քարոզչական այդ գործը չի կարող միայնակ կատարել։ Ուստի ի՞նչ ես կարծում, նա ի՞նչ էր անում։ ~

Հիսուսը երկիր էր եկել ո՞ր գործը կատարելու համար

Քարոզելու գնալիս նա իր հետ վերցնում էր մարդկանց և սովորեցնում նրանց, թե ինչպես պետք է կատարել այդ գործը։ Առաջին մարդիկ, որոնց նա սովորեցրեց քարոզել, իր ընտրած 12 առաքյալներն էին (Մատթէոս 10։5, 7)։ Արդյոք Հիսուսը միայն իր առաքյալների՞ն սովորեցրեց քարոզչության գործը։ Ո՛չ։ Աստվածաշնչում ասվում է, որ նա քարոզել սովորեցրեց էլի շատ ուրիշների։ Ժամանակի ընթացքում Հիսուսը իր առջևից 70 ուրիշ աշակերտներ ուղարկեց՝ երկու–​երկու։ Ի՞նչ էին նրանք մարդկանց ուսուցանում։ ~ Հիսուսը պատվիրել էր. «Ասեք նրանց՝ Աստծո թագավորությունը մոտեցել է ձեզ» (Ղուկաս 10։9)։ Այդպիսով մարդիկ իմանում էին Աստծո հաստատած կառավարության մասին։

Անցյալում Իսրայելի նոր թագավորները սովորաբար մատղաշ ավանակի վրա նստած էին մտնում քաղաք՝ ժողովրդին ներկայանալու։ Եվ ահա Հիսուսը, երբ վերջին անգամ գնում էր Երուսաղեմ, այդ ձևով մտավ քաղաք։ Նա դառնալու էր Աստծո Թագավորության Ղեկավարը։ Իսկ ի՞նչ ես կարծում, արդյոք մարդիկ ուզո՞ւմ էին, որ Հիսուսը լիներ իրենց Թագավորը։ ~

Մինչ նա ավանակի վրա նստած գնում էր փողոցով, մարդկանցից շատերը հանում էին իրենց վերնազգեստը և փռում նրա ճանապարհին։ Մյուսներն էլ կտրում էին ծառերի ճյուղերը ու դնում ճանապարհին։ Դրանով նրանք ցույց էին տալիս, որ ուզում էին, որ Հիսուսն իրենց Թագավորը լիներ։ Նրանք գոչում էին. «Օրհնյա՜լ լինի Եհովայի անունով եկող Թագավորը»։ Բայց բոլորը չէ, որ ուրախ էին։ Հոգևոր առաջնորդներից ոմանք նույնիսկ ասացին Հիսուսին. «Ասա աշակերտներիդ, որ լռեն» (Ղուկաս 19։28–38, 39 ԱՆԹ40

Ինչո՞ւ մարդիկ սկզբում ցանկացան, որ Հիսուսը լինի իրենց Թագավորը, իսկ հետո՝ ոչ

Հինգ օր հետո նրան ձերբակալեցին ու տարան հռոմեական կուսակալ Պոնտացի Պիղատոսի պալատը։ Այնտեղ նրա թշնամիներն ասացին, թե իբր Հիսուսն իրեն թագավոր է հռչակում և դուրս է գալիս Հռոմեական կայսրության դեմ։ Ուստի Պիղատոսը հարցեր ուղղեց նրան՝ տեսնելու, թե որքանով են ճիշտ այդ մեղադրանքները։ Հիսուսը պատասխանեց, որ չի պատրաստվում իշխանությունն իր ձեռքը վերցնել։ Նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ» (Յովհաննէս 18։36

Պիղատոսը դուրս եկավ և ժողովրդին հայտարարեց, որ ոչ մի հանցանք չի գտնում Հիսուսի ասածների մեջ։ Բայց այս անգամ մարդիկ չէին ուզում, որ Հիսուսը լիներ իրենց Թագավորը և չէին ցանկանում, որ նա ազատ արձակվեր (Յովհաննէս 18։37–40)։ Հիսուսի հետ կրկին անգամ խոսելուց հետո Պիղատոսը համոզվեց, որ նա ոչ մի վատ բան չէր արել։ Ուստի նա, Հիսուսին վերջին անգամ դուրս տանելով, ասաց. «Ահա՛ ձեր թագավորը»։ Բայց մարդիկ աղաղակեցին. «Տա՛ր նրան։ Տա՛ր նրան։ Ցցի վրա սպանի՛ր»։

Պիղատոսը հարցրեց. «Ձեր թագավորի՞ն ցցի վրա սպանեմ»։ Այդ ժամանակ քահանայապետները պատասխանեցին. «Մենք, կայսրից բացի, ուրիշ թագավոր չունենք»։ Պատկերացնո՞ւմ ես։ Այդ չար քահանաները կարողացել էին դրդել մարդկանց հրաժարվելու Հիսուսից (Յովհաննէս 19։1–16

Սա հիշեցնում է մեր օրերը։ Իրականում շատերն այսօր չեն ուզում, որ Հիսուսը լինի իրենց Թագավորը։ Թերևս նրանք ասում են, թե հավատում են Աստծուն։ Բայց չեն ուզում, որ Աստված կամ Քրիստոսն ասեն, թե նրանք ինչ պետք է անեն։ Այդ մարդիկ ուզում են երկրային ղեկավարներ ունենալ։

Իսկ մե՞նք։ Երբ սովորում ենք Աստծո Թագավորության մասին և իմանում ենք, թե ինչ հրաշալի բաներ է Աստված իրականացնելու, ի՞նչ ենք զգում Եհովայի հանդեպ։ ~ Սկսում ենք սիրել Եհովային, այնպես չէ՞։ ~ Ինչպե՞ս, ուրեմն, կարող ենք ցույց տալ Աստծուն, որ սիրում ենք իրեն և ուզում ենք, որ նրա Թագավորությունը մեզ ղեկավարի։ ~

Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց, և ինչպե՞ս Աստված ցույց տվեց, որ հավանում է այդ քայլը

Մենք կարող ենք ցույց տալ, որ ջերմ զգացմունքներ ունենք Աստծո հանդեպ՝ հետևելով Հիսուսի թողած օրինակին։ Իսկ գիտե՞ս ինչ էր անում Հիսուսը՝ ցույց տալու համար, որ սիրում է Եհովային։ ~ Հիսուսն ասաց. «Ես միշտ նրան [Աստծուն] հաճելի բաներն եմ անում» (Յովհաննէս 8։29)։ Այո՛, Հիսուսը երկիր եկավ Աստծո «կամքն անելու» և «նրա գործը կատարելու» համար (Եբրայեցիս 10։7; Յովհաննէս 4։34)։ Ուշադրություն դարձրու, թե ինչ արեց Հիսուսը իր քարոզչական գործը սկսելուց առաջ։

Հիսուսը գնաց Հորդանան գետը՝ Հովհաննես Մկրտչի մոտ։ Երբ նրանք միասին ջուրը մտան, Հովհաննեսը ամբողջովին խորասուզեց Հիսուսին ջրի մեջ և հետո բարձրացրեց. Հովհաննեսը մկրտեց Հիսուսին։ Գիտե՞ս՝ ինչու։ ~

Որտե՞ղ կարող ենք պատմել մարդկանց Աստծո Թագավորության մասին

Հիսուսն էր խնդրել նրան այդ անել։ Բայց որտեղի՞ց գիտենք, որ Աստված ուզում էր, որ Հիսուսը մկրտվեր։ ~ Գիտենք, որովհետև երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, երկնքից լսեց Աստծո ձայնը, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»։ Աստված նույնիսկ իր ոգին աղավնու տեսքով ուղարկեց Հիսուսի վրա։ Մկրտվելով՝ Հիսուսը ցույց տվեց, որ ցանկանում է ծառայել Եհովային իր ողջ կյանքում՝ այո, հավիտյա՛ն (Մարկոս 1։9–11

Դեռ շատ ժամանակ կա մինչև քո մեծանալը։ Ի՞նչ ես պատրաստվում անել ապագայում։ ~ Կհետևե՞ս Հիսուսի օրինակին՝ կմկրտվե՞ս։ ~ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «օրինակ է թողել, որ նրա հետքերին հետևենք» (Ա Պետրոս 2։21)։ Իսկ երբ մկրտվես, դու ցույց կտաս, որ իսկապես ցանկանում ես ապրել Աստծո Թագավորության ղեկավարության ներքո։ Բայց միայն մկրտվելը բավարար չէ։

Մենք պետք է հնազանդությամբ կատարենք այն ամենը, ինչ սովորեցրել է Հիսուսը։ Նա ասել է, որ մենք չպետք է լինենք այս աշխարհից։ Ինչ–​ինչ հարցերում աշխարհի վարվելակերպը ընդօրինակելով՝ ցույց կտա՞նք, որ հնազանդվում ենք իրեն։ Հիսուսն ու նրա առաքյալները հեռու էին մնում աշխարհի գործերից (Յովհաննէս 17։14)։ Դրա փոխարեն՝ ի՞նչ էին անում նրանք։ ~ Նրանք պատմում էին մարդկանց Աստծո Թագավորության մասին։ Դա իրենց կյանքի կարևոր գործն էր։ Կարո՞ղ ենք մենք էլ նույնը անել։ ~ Այո, կարող ենք ու կանենք դա, եթե Աստծուն անկեղծորեն խնդրում ենք, որ գա իր Թագավորությունը։

Կարդա նաև հետևյալ համարները, որոնցում ասվում է, թե ինչ կարող ենք անել ցույց տալու համար, որ ցանկանում ենք՝ Աստծո Թագավորությունը գա. Մատթէոս 6։24–33; 24։14; Ա Յովհաննէս 2։15–17, 5։3։