Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Մեսիային «սպասելու» ի՞նչ հիմքեր ունեին հրեաները առաջին դարում։

«Գուցե նա՞ է Քրիստոսը»» (Ղուկ. 3։15)։ Ինչո՞ւ էին հրեաները Մեսիային այդ ժամանակ սպասում։ Դրա համար կար մի քանի պատճառ։

Հիսուսի ծննդից հետո Եհովայի հրեշտակը հայտնվեց հովիվների, որոնք իրենց հոտերը արածեցնում էին Բեթլեհեմի մոտակա դաշտերում(1)։ Հրեշտակը ազդարարեց. «Դավթի քաղաքում այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց՝ Քրիստոս Տերը» (Ղուկ. 2։8–11)։ Հետո «երկնային զորքի մի բազմություն հայտնվեց, որ գովաբանում էր Աստծուն ու ասում *. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և խաղաղությո՜ւն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ»» (Ղուկ. 2։13, 14

Այդ լուրը, անշուշտ, անջնջելի տպավորություն թողեց այդ խոնարհ հովիվների վրա։ Նրանք անմիջապես ճանապարհ ընկան դեպի Բեթլեհեմ։ Երբ գտան Հովսեփին, Մարիամին ու նորածին Հիսուսին, «պատմեցին, թե ինչ ասվեց իրենց երեխայի մասին»։ «Բոլորը, ովքեր լսում էին հովիվների պատմածը, զարմանում էին» (Ղուկ. 2։17, 18)։ «Բոլորը, ովքեր լսում էին» արտահայտությունը ցույց է տալիս, որ հովիվները, բացի Հովսեփից ու Մարիամից, խոսել են նաև ուրիշների հետ։ Հետո նրանք վերադարձան տուն՝ «փառավորելով և գովաբանելով Աստծուն այն ամենի համար, ինչ որ լսեցին ու տեսան, ինչպես և իրենց ասվել էր» (Ղուկ. 2։20)։ Անկասկած, այդ հովիվները չէին լռում և մարդկանց պատմում էին այն լավ բաները, որ լսել էին Քրիստոսի մասին։

Երբ Մարիամն իր առաջնեկին բերեց Երուսաղեմ՝ ներկայացնելու Եհովային, ինչպես որ պահանջվում էր Մովսիսական օրենքով, Աննա մարգարեուհին «սկսեց շնորհակալություն հայտնել Աստծուն և խոսել երեխայի մասին բոլոր նրանց հետ, ովքեր սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը»(2) (Ղուկ. 2։36–38; Ելք 13։12)։ Այդպիսով Մեսիայի հայտնվելու մասին լուրը շարունակում էր տարածվել։

Հետո «արևելքից աստղագուշակներ եկան Երուսաղեմ ու ասացին. «Որտե՞ղ է հրեաների թագավորը, որ ծնվել է։ Երբ արևելքում էինք, նրա աստղը տեսանք և եկել ենք խոնարհվելու նրա առաջ»» (Մատթ. 2։1, 2)։ «Լսելով այդ մասին՝ Հերովդես թագավորը խռովվեց, և նրա հետ նաև ամբողջ Երուսաղեմը։ Ժողովրդի բոլոր ավագ քահանաներին  ու դպիրներին մեկտեղ հավաքելով՝ նա սկսեց հարցուփորձ անել նրանց, թե որտեղ պիտի ծնվեր Քրիստոսը»(3) (Մատթ. 2։3, 4)։ Այսպիսով՝ բազմաթիվ մարդիկ էին տեղեկանում, որ Մեսիան եկել է *։

Ղուկաս 3։15-ը, որը նշվեց վերևում, ցույց է տալիս, որ որոշ հրեաներ կարծում էին, թե Հովհաննես Մկրտիչն է Քրիստոսը։ Սակայն Հովհաննեսը հստակ ցույց տվեց, որ դա այդպես չէ՝ ասելով. «Ինձանից հետո եկողը ինձանից ավելի զորավոր է, որի սանդալները հանելու ես արժանի չեմ։ Նա սուրբ ոգով և կրակով կմկրտի ձեզ» (Մատթ. 3։11)։ Հովհաննեսի այս համեստ խոսքերը, անշուշտ, ավելի մեծացրին Մեսիայի հետ կապված սպասումները։

Հնարավո՞ր է, որ առաջին դարի հրեաները Մեսիայի գալստյան ժամանակը հաշված լինեին՝ հիմնվելով Դանիել 9։24–27-ում գրված 70 շաբաթների մասին մարգարեության վրա։ Դա չենք կարող բացառել, բայց չենք էլ կարող հաստատել։ Իրողությունն այն է, որ Հիսուսի օրերում 70 շաբաթների հետ կապված իրարամերժ բազմաթիվ բացատրություններ կային, և դրանցից ոչ մեկը մոտ չէ մեր ներկա հասկացողությանը *։

Տարածված կարծիք կա, որ եսենները հրեա վանականների աղանդ են եղել։ Նրանք սովորեցնում էին, որ 490 տարիների վերջում երկու Մեսիա է հայտնվելու։ Բայց մենք չենք կարող միանշանակ ասել, որ եսենները իրենց հաշվարկները արել են Դանիելի մարգարեության հիման վրա։ Եթե նույնիսկ այդպես լիներ, դժվար է պատկերացնել, որ հրեաների շրջանում տարածվեր այդ մեկուսի խմբի կազմած ժամանակագրությունը։

Երկրորդ դարում որոշ հրեաների կարծիքով՝ 70 շաբաթներն ընդգրկում էին մ.թ.ա. 607-ից (երբ կործանվեց առաջին տաճարը) մինչև 70թ. (երբ կործանվեց երկրորդ տաճարը) ընկած ժամանակաշրջանը։ Ուրիշները մարգարեության կատարումը կապում էին Մակաբայեցիների կառավարման շրջանի հետ (մ.թ.ա. 2-րդ դար)։ Այսպիսով՝ չկար մեկ ընդհանուր կարծիք 70 շաբաթները հաշվելու վերաբերյալ։

Եթե առաջին դարում հրեաները 70 շաբաթների տևողությունը ճիշտ հասկացած լինեին, ապա կարելի էր մտածել, որ առաքյալները և առաջին դարի մյուս քրիստոնյաները այդ մասին հիշատակած կլինեին ապացուցելու համար, որ խոստացված Մեսիան՝ հանձին Հիսուս Քրիստոսի, եկել է ճիշտ ժամանակին։ Բայց չկա որևէ ապացույց, որ վաղ քրիստոնյաները դա արել են։

Մեկ ուրիշ բան էլ է ուշադրության արժանի։ Ավետարանագիրները հաճախ են նշում, որ Եբրայերեն Գրությունների այս կամ այն մարգարեությունը կատարվել է Հիսուս Քրիստոսի վրա (Մատթ. 1։22, 23; 2։13–15; 4։13–16)։ Բայց նրանցից ոչ մեկը Հիսուսի՝ երկիր գալը չի կապում 70 շաբաթների մասին մարգարեության հետ։

Ամփոփենք։ Մենք չենք կարող հաստատ ասել, թե արդյոք Հիսուսի օրերի մարդիկ ճիշտ են հասկացել 70 շաբաթների մասին մարգարեությունը։ Այդուհանդերձ, Ավետարաններում նշվում են հիմնավոր պատճառներ այն բանի, թե ինչու մարդիկ կարող էին «սպասել» Մեսիային։

^ պարբ. 4 Աստվածաշունչը չի ասում, որ հրեշտակները Հիսուսի ծննդյան կապակցությամբ երգել են։

^ պարբ. 7 Գուցե հարցնենք. «Ինչպե՞ս աստղագուշակները «աստղի»՝ արևելքում հայտնվելը կապեցին «հրեաների թագավորի» ծննդյան հետ։ Հնարավո՞ր է՝ նրանք Հիսուսի ծննդյան մասին լսած լինեին Իսրայելի միջով անցնելիս»։

^ պարբ. 9 70 շաբաթների մասին մարգարեության մեր ներկա հասկացողության վերաբերյալ տե՛ս «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գիրքը, գլուխ 11 (անգլ., ռուս.)։