Ընթերցողների հարցերը
Եթե քրիստոնյան առանց սուրբգրային հիմքի ամուսնալուծվում է իր կնոջից և ամուսնանում մեկ ուրիշի հետ, ապա ժողովը ի՞նչ տեսակետ պետք է ունենա նրա նախորդ և նոր ամուսնության վերաբերյալ
Նշված պարագայում տղամարդու վերամուսնանալուց հետո ժողովը այդ անհատի նախորդ ամուսնությունը կհամարի ավարտված, իսկ նոր ամուսնությունը՝ վավեր։ Այս եզրահանգման հիմքերը հասկանալու համար ուշադրություն դարձնենք, թե ինչ ասաց Հիսուսը ամուսնալուծության և վերամուսնանալու մասին։
Մատթեոս 19։9-ում Հիսուսը նշեց, թե որն է ամուսնալուծության սուրբգրային միակ հիմքը։ Նա ասաց. «Ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում»։ Հիսուսի խոսքերից տեսնում ենք, որ 1) ամուսնալուծվելու սուրբգրային միակ հիմքը սեռական անբարոյությունն է, և 2) այն տղամարդը, ով իր կնոջից բաժանվում է առանց սուրբգրային հիմքի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում։ a
Արդյո՞ք Հիսուսի խոսքերը նշանակում են, որ այն տղամարդը, ով սեռական անբարոյություն է գործել և ամուսնալուծվել է իր կնոջից, սուրբգրային հիմքով վերամուսնանալու ազատություն ունի։ Ոչ բոլոր դեպքերում։ Երբ ամուսինը շնություն է գործում, ապա անմեղ կողակիցն է որոշում՝ ներել ամուսնուն, թե հրաժարվել նրա հետ հաշտվելուց։ Եթե նա որոշի չներել ամուսնուն, և նրանք օրենքով ամուսնալուծվեն, ապա ամուսնալուծության գործընթացի ավարտից հետո երկուսն էլ ազատ են վերամուսնանալու։
Մյուս կողմից, սակայն, անմեղ կողակիցը գուցե սրտանց ցանկանում է պահպանել ամուսնությունը և պատրաստ է ներել ամուսնուն։ Իսկ եթե շնություն գործած ամուսինը հրաժարվո՞ւմ է հաշտվել իր կնոջ հետ և միակողմանի դիմումի հիման վրա ամուսնալուծվո՞ւմ է։ Քանի որ կինը պատրաստ է ներելու ամուսնուն և պահպանելու ամուսնությունը, ապա ամուսինը սուրբգրային հիմքով վերամուսնանալու ազատություն չունի։ Ուստի եթե նա շարունակում է իր հակասուրբգրային վարքագիծը և չունենալով աստվածաշնչյան հիմք՝ ամուսնանում է մեկ ուրիշի հետ, ապա կրկին շնություն է գործում, ինչը պահանջում է, որ ժողովը նորից իրավական քայլեր ձեռնարկի նրա նկատմամբ (1 Կորնթ. 5։1, 2; 6։9, 10)։
Երբ տղամարդը, ով սուրբգրային հիմքով ազատ չէ վերամուսնանալու, ամուսնանում է, ժողովը ի՞նչ տեսակետ պետք է ունենա նրա նախորդ և նոր ամուսնության վերաբերյալ։ Արդյո՞ք նախորդ ամուսնությունը Աստվածաշնչի տեսանկյունից շարունակում է ուժի մեջ մնալ։ Արդյո՞ք անմեղ կողակիցը դեռ կարող է որոշել՝ ներել նախկին ամուսնուն, թե հրաժարվել նրա հետ հաշտվելուց։ Արդյո՞ք նոր ամուսնությունը կհամարվի շնությամբ ամուսնություն։
Նախկինում ժողովը նոր ամուսնությունը համարում էր շնությամբ ամուսնություն այնքան ժամանակ, քանի դեռ անմեղ կողակիցը ողջ էր, չէր ամուսնացել ուրիշի հետ կամ սեռական անբարոյություն չէր գործել։ Սակայն ամուսնալուծության և վերամուսնանալու հարցի վերաբերյալ խոսելիս Հիսուսը անմեղ կողակցի մասին չհիշատակեց։ Նա պարզապես բացատրեց, որ եթե տղամարդը ամուսնալուծվում է առանց
սուրբգրային հիմք ունենալու և ամուսնանում է մեկ այլ անհատի հետ, շնություն է գործում։ Այս դեպքում ամուսնալուծությունը և վերամուսնությունը, ինչը Հիսուսի խոսքերով հավասար է շնության, վերջ է դնում նախորդ ամուսնությանը։«Ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթ. 19։9)։
Երբ ամուսնալուծության և վերամուսնության արդյունքում վերջ է դրվում ամուսնությանը, անմեղ կողակիցը այլևս հնարավորություն չունի որոշելու՝ ներել ամուսնուն, թե հրաժարվել հաշտվելուց։ Այսպիսով՝ նման դժվար որոշում կայացնելու բեռը (ներել ամուսնուն, թե ոչ) այլևս կնոջ ուսերին չէ։ Բացի այդ՝ նոր ամուսնության վերաբերյալ ժողովի տեսակետը կախված չէ նրանից, թե արդյոք անմեղ կողակիցը մահացել է, վերամուսնացել է, թե սեռական անբարոյություն է գործել։ b
Վերոնշյալ օրինակում ամուսինը շնություն էր գործել, ինչը հանգեցրել էր ամուսնալուծության։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքերի մասին, երբ ամուսինը շնություն չի գործում, բայց ամուսնալուծվում է, որից հետո՝ վերամուսնանում։ Կամ երբ նա սեռական անբարոյություն չի գործում ամուսնալուծությունից առաջ, այլ դա անում է հետո, և վերամուսնանում է՝ չնայած այն բանին, որ իր կինը պատրաստակամություն էր հայտնել ներելու իրեն։ Այս բոլոր դեպքերում էլ ամուսնալուծությունն ու վերամուսնությունը, ինչը շնություն է համարվում, վերջ է դնում նախորդ ամուսնությանը։ Իսկ նոր ամուսնությունը օրենքի տեսանկյունից վավեր է։ Ինչպես նշվում է «Դիտարանի» 1979 թ. նոյեմբերի 15-ի համարում, «այժմ նա նորից է ամուսնացել և չի կարող պարզապես վերջ դնել այդ ամուսնությանը ու վերադառնալ իր նախկին կնոջ մոտ։ Նրա նախորդ ամուսնությունը անվավեր է դարձել, քանի որ նա ամուսնալուծվել է, շնություն գործել և վերամուսնացել» (անգլ., էջ 32; տես «Դիտարան», 2006, սեպտեմբերի 15, էջ 32)։
Այս ճշգրտումը չի նսեմացնում ամուսնության սրբությունը, ոչ էլ մեղմացնում է շնություն գործելու մեղքի լրջությունը։ Եթե տղամարդը առանց սուրբգրային հիմքի ամուսնալուծվում է իր կնոջից և ամուսնանում մեկ ուրիշի հետ՝ չունենալով սուրբգրային հիմքով վերամուսնանալու ազատություն, երեցները իրավական քայլեր են ձեռնարկում նրա նկատմամբ՝ շնության մեղադրանքի հիմքով (եթե նրա նոր կողակիցը քրիստոնյա է, ապա նրա նկատմամբ էլ իրավական քայլեր կձեռնարկվեն՝ շնության մեղադրանքի հիմքով)։ Թեև նոր ամուսնությունը չի համարվի շնությամբ ամուսնություն, սակայն նա երկար տարիներ հատուկ առանձնաշնորհումներ չի ստանա ժողովում, քանի դեռ իր վարքով չի նպաստել, որ իր մեղքին առնչվող լայն արձագանքը կամ նախատինքը անցնի։ Նախքան այդ անհատին որևէ առանձնաշնորհում տալը երեցները նաև պետք է հաշվի առնեն նրա նախկին կնոջ (ում հետ գուցե խորամանկորեն է վարվել) և բոլոր անչափահաս երեխաների (ում գուցե լքել է) ներկայիս հանգամանքները (Մաղ. 2։14–16)։
Հաշվի առնելով առանց սուրբգրային հիմքի ամուսնալուծության և վերամուսնության բերած լուրջ հետևանքները՝ քրիստոնյաները իմաստնորեն կվարվեն, եթե այդ հարցի վերաբերյալ զարգացնեն Եհովայի տեսակետը և սուրբ համարեն ամուսնական կառույցը (Ժող. 5։4, 5; Եբր. 13։4)։
a Այս հոդվածում կհամարենք, որ շնություն գործած կողակիցը տղամարդն է, իսկ անմեղ կողակիցը՝ կինը։ Հարկ է նշել, որ այս խորհուրդը հավասարապես վերաբերում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ինչպես երևում է Հիսուսի խոսքերից՝ արձանագրված Մարկոս 10։11, 12 համարներում։
b Սրանով ճշգրտվում է նախկինում ունեցած մեր տեսակետը, ըստ որի՝ նման ամուսնությունը համարվում էր շնությամբ ամուսնություն, քանի դեռ անմեղ կողակիցը ողջ էր, չէր ամուսնացել կամ սեռական անբարոյություն չէր գործել։