Ընթերցողների հարցերը
Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու»
Հիսուսը մարդկանց սովորեցնում էր խաղաղարար լինել։ Սակայն մի առիթով նա իր առաքյալներին ասաց. «Մի՛ կարծեք, թե եկել եմ խաղաղություն բերելու երկրի վրա։ Ես եկել եմ ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր, որովհետև եկել եմ բաժանելու տղային իր հորից, աղջկան իր մորից և հարսին իր սկեսրոջից» (Մատթ. 10։34, 35)։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։
Հիսուսը չէր ցանկանում ընտանիքի անդամներին բաժանել իրարից, բայց նա գիտեր, որ իր սովորեցրածները բաժանություն էին մտցնելու որոշ ընտանիքներում։ Ուստի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Քրիստոսի աշակերտ դառնալ ու մկրտվել, պետք է գիտակցեն, թե իրենց որոշումը ինչ հետևանքներ կարող է բերել։ Հնարավոր է՝ նրանք հակառակության բախվեն իրենց կողակցի կամ ընտանիքի մեկ այլ անդամի կողմից, ինչի պատճառով նրանց համար դժվար կլինի հետևել Քրիստոսի սովորեցրածներին։
Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է «խաղաղություն ունենալ բոլոր մարդկանց հետ» (Հռոմ. 12։18)։ Բայց որոշ ընտանիքներում Հիսուսի սովորեցրածները, կարելի է ասել, սուր են դառնում։ Դա լինում է, երբ ընտանիքի անդամներից մեկը ընդունում է Հիսուսի սովորեցրածները, իսկ մյուսները դեմ են լինում դրանց։ Այդ դեպքում «տան անդամները», այսինքն՝ հարազատները ճշմարտությունն ընդունող անհատի «թշնամիներն» են դառնում (Մատթ. 10։36)։
Քրիստոսի աշակերտները, ովքեր ապրում են կրոնապես բաժանված ընտանիքներում, երբեմն բախվում են այնպիսի դժվարությունների, որոնք փորձում են Եհովայի և Հիսուսի հանդեպ իրենց նվիրվածությունը։ Օրինակ՝ ոչ Վկա հարազատները գուցե փորձեն ստիպել նրանց նշել որևէ կրոնական տոնակատարություն։ Այդ ժամանակ նրանք կանգնում են երկընտրանքի առաջ, թե ում հաճեցնեն։ Հիսուսն ասաց. «Ով իր հորը կամ մորը ավելի շատ է սիրում, քան ինձ, արժանի չէ ինձ» (Մատթ. 10։37)։ Ինչ խոսք, Հիսուսը նկատի չուներ այն, որ իր հետևորդները արժանի կլինեն իրեն, եթե ավելի քիչ սիրեն իրենց ծնողներին։ Այդ խոսքերով նա ուզում էր ընդգծել ճիշտ առաջնահերթություններ դնելու կարևորությունը։ Երբ մեր ոչ Վկա հարազատները փորձում են խանգարել մեզ պաշտել Եհովային, մենք շարունակում ենք սիրել նրանց, բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ Աստծու հանդեպ սերը պետք է առաջնային լինի մեզ համար։
Ընտանիքի անդամների նման վերաբերմունքը կարող է մեծ ցավ պատճառել մեզ, բայց Հիսուսի հետևորդները պետք է միշտ հիշեն հետևյալ խոսքերը. «Ով չի ընդունում իր տանջանքի ցիցը և չի գալիս իմ հետևից, արժանի չէ ինձ» (Մատթ. 10։38)։ Այլ կերպ ասած՝ քրիստոնյաները ընտանիքի կողմից եկող հակառակությունը համարում են այն դժվարությունների մի մասը, որին Քրիստոսի հետևորդները պետք է պատրաստ լինեն դիմանալու։ Միևնույն ժամանակ նրանք հույս ունեն, որ իրենց լավ վարքի շնորհիվ իրենց ընտանիքի անդամների սիրտը կփափկի, և նրանք կհետաքրքրվեն Աստվածաշնչի հայտնած լուրով (1 Պետ. 3։1, 2)։