Ընթերցողների հարցերը
2 Սամուել 21։7–9 համարներում ասվում է, որ Դավիթը «խղճաց Մեմփիբոսթեին», բայց հետո նրան տվեց գաբաոնացիների ձեռքը, որ սպանեն։ Ինչո՞ւ նա այդպես վարվեց
Նման հարց գուցե ծագի նրանց մտքում, ովքեր թռուցիկ կերպով են կարդում այս արձանագրությունը։ Բայց խոսքը երկու տարբեր մարդկանց մասին է. նրանց երկուսի անունն էլ Մեմփիբոսթե էր։ Եկեք քննենք այս դեպքը և տեսնենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Իսրայելի Սավուղ թագավորը յոթ որդի և երկու դուստր ուներ։ Նրա առաջնեկը Հովնաթանն էր։ Հետագայում Սավուղը ևս մի որդի ունեցավ, ում անունը Մեմփիբոսթե դրեցին։ Նրան ծնեց թագավորի հարճ Ռեսփան։ Հետաքրքիր է, որ Հովնաթանի որդու անունը նույնպես Մեմփիբոսթե էր։ Փաստորեն, Սավուղը Մեմփիբոսթե անունով և՛ որդի ուներ, և՛ թոռ։
Սավուղ թագավորը ատելությամբ էր լցվել գաբաոնացիների հանդեպ, ովքեր իսրայելացիների հետ էին բնակվում, և վճռել էր բնաջինջ անել նրանց։ Ըստ երևույթին, Սավուղը նրանցից շատերին սպանեց։ Դա, ինչ խոսք, սխալ որոշում էր։ Ինչո՞ւ։ Քանի որ Հեսուի օրերում Իսրայելի տոհմապետները խաղաղության ուխտ էին կապել գաբաոնացիների հետ (Հեսու 9։3–27)։
Այդ ուխտը դեռ ուժի մեջ էր Սավուղ թագավորի օրերում։ Չնայած դրան՝ Սավուղը կոտորում էր գաբաոնացիներին, ինչի հետևանքով, նա «[իր] ու իր տան վրա արյունահեղության հանցանք» բերեց (2 Սամ. 21։1)։ Ի վերջո, երբ Դավիթը թագավոր դարձավ, ողջ մնացած գաբաոնացիները խոսեցին նրա հետ այդ ծանր հանցանքի մասին։ Նա հարցրեց նրանց, թե ինչով կարող է քավել Սավուղի գործած սարսափելի մեղքը, որպեսզի Եհովան կրկին օրհնի երկիրը։ Գաբաոնացիները ոսկի ու արծաթ չուզեցին։ Փոխարենը՝ խնդրեցին, որ Դավիթը այն մարդու որդիներից, ով «վճռել էր բնաջինջ անել» իրենց, յոթ մարդ տա, որ սպանեն (Թվեր 35։30, 31)։ Դավիթը կատարեց նրանց խնդրանքը (2 Սամ. 21։2–6)։
Այդ ժամանակ Սավուղն ու Հովնաթանը ողջ չէին, քանի որ զոհվել էին պատերազմում։ Բայց Հովնաթանի որդին՝ Մեմփիբոսթեն, ով մանուկ հասակում ընկել էր ու կաղ դարձել, ողջ էր։ Վերջինս չէր մասնակցել գաբաոնացիների դեմ իր պապի հարձակումներին։ Բացի այդ՝ Դավիթը Հովնաթանի հետ ընկերության ուխտ էր կապել, որը օգուտներ էր բերելու նրա սերունդներին, այդ թվում՝ Մեմփիբոսթեին (1 Սամ. 18։1; 20։42)։ Կարդում ենք. «Թագավորը [Դավիթը] խղճաց Մեմփիբոսթեին՝ Սավուղի որդի Հովնաթանի որդուն, այն երդման համար, որ Դավիթն ու Սավուղի որդի Հովնաթանը տվել էին Եհովայի առաջ» (2 Սամ. 21։7)։
Այնուամենայնիվ, Դավիթը պահեց գաբաոնացիներին տված իր խոստումը և Սավուղի երկու որդիներին, որոնցից մեկի անունը Մեմփիբոսթե էր, և թոռներից հինգին տվեց նրանց (2 Սամ. 21։8, 9)։ Դավթի այս քայլի շնորհիվ երկրի վրա եղած անեծքը վերացավ։
Այս դեպքից շատ բան կարող ենք սովորել։ Աստված հետևյալ հստակ օրենքն էր տվել. «Երեխաները չպետք է մահվան մատնվեն հայրերի պատճառով» (2 Օրենք 24։16)։ Ուստի նա հավանություն չէր տա Սավուղի երկու որդիների և հինգ թոռների սպանությանը, եթե նրանք անմեղ լինեին։ Նույն օրենքում նաև ասվում էր. «Յուրաքանչյուրը պետք է մահվան մատնվի իր մեղքի համար»։ Ակներևաբար, Սավուղի յոթ հետնորդներն էլ ինչ-որ մասնակցություն ունեցել էին գաբաոնացիներին բնաջինջ անելու Սավուղի ծրագրերում։ Արդյունքում յոթն էլ պատասխան տվեցին իրենց չարագործությունների համար։
Այս պատմությունից տեսնում ենք, որ մարդը չի կարող արդարանալ՝ մտածելով կամ ասելով, թե ինքը պարզապես հրահանգներ է կատարել։ Մի իմաստուն առակում ասվում է. «Հարթիր ոտքիդ ընթացքը, և թող քո բոլոր ճանապարհները հաստատուն լինեն» (Առակ. 4։24–27; Եփես. 5։15)։