Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարո՞ղ ես արտաքին տեսքից ավելին տեսնել

Կարո՞ղ ես արտաքին տեսքից ավելին տեսնել

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ապրող մի Եհովայի վկա, որի անունը Դոն է, հատուկ ջանքեր է թափում զրուցելու փողոցում ապրող մարդկանց հետ։ Նա իր ծառայությունից մի դեպք է պատմում. «Պիտերը, որը անօթևան էր, խուլ փողոցներում տեսածս ամենակեղտոտ մարդկանցից էր։ Նա զզվանք էր առաջացնում և մարդկանց վանում էր իրենից։ Երբ նրան փորձում էին բարություն անել, նա հաճախ չէր ընդունում այդ օգնությունը»։ Այդուհանդերձ, ավելի քան 14 տարի Դոնը շարունակ ջանում էր համբերատար ու բարի լինել այդ անօթևան մարդու հանդեպ։

Մի օր Պիտերը Դոնին հարցրեց. «Ինչո՞ւ ես նեղություն քաշում, որ օգնես ինձ։ Ուրիշները պարզապես թողնում ու գնում են։ Դու ինչո՞ւ ես մտահոգվում»։ Դոնը փորձեց աստվածաշնչյան երեք համարի միջոցով հասնել Պիտերի սրտին։ Նախ՝ վերջինիս հարցրեց, թե գիտի արդյոք, որ Աստված անուն ունի, և խնդրեց Աստվածաշնչից կարդալ Սաղմոս 83։18-ը։ Հետո՝ ցանկանալով ցույց տալ, թե ինչու է մտահոգվում՝ նրան խնդրեց կարդալ Հռոմեացիներ 10։13, 14- ը, որտեղ ասվում է. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»։ Վերջում՝ Դոնը կարդաց Մատթեոս 9։36-ը, ապա Պիտերին խնդրեց, որ ինքն էլ կարդա այդ համարը։ Այնտեղ գրված է. «Տեսնելով մարդկանց բազմությունը՝ [Հիսուսը] խղճաց նրանց, որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն»։ Այդ պահին Պիտերը, արցունքներն աչքերին, հարցրեց. «Ես է՞լ եմ այդ ոչխարներից»։

Այդ տղամարդը սկսեց փոխվել. լողացավ, կտրեց մորուքը և հագավ Դոնի տված կոկիկ հագուստը։ Նա հետո էլ շարունակեց հետևել իր մաքրությանը։

Պիտերը օրագիր էր պահում։ Դրա առաջին էջերը մռայլ էին ու տխուր, բայց վերջինները այլ տրամադրությամբ էին գրված։ Մի գրառման մեջ ասվում էր. «Այսօր ես իմացա Աստծու անունը։ Հիմա, երբ աղոթեմ, կարող եմ Եհովային դիմել։ Ի՜նչ հրաշալի է, որ գիտեմ նրա անունը։ Դոնն ասում է, որ Եհովան կարող է լինել իմ ընկերը, ով միշտ ժամանակ ունի ինձ լսելու, երբ էլ ու ինչ էլ որ ասեմ»։

Պիտերի վերջին գրառումները ուղղված էին իր եղբորն ու քրոջը։ Նա գրել էր.

«Այսօր ինձ լավ չեմ զգում։ Տարիքն իր գործն անում է։ Բայց նույնիսկ եթե սա իմ վերջին օրն է, գիտեմ, որ դրախտում նորից կտեսնեմ իմ ընկերոջը [Դոնին]։ Եթե դուք այժմ կարդում եք սա, նշանակում է՝ ես այլևս չկամ։ Եթե իմ թաղմանը մի անծանոթ տղամարդու տեսնեք, խոսեք նրա հետ և, խնդրում եմ, կարդացեք այս փոքր կապույտ գիրքը։ * Այնտեղ ասվում է, որ իմ ընկերոջը նորից կտեսնեմ դրախտում։ Ես ամբողջ սրտով հավատում եմ դրան։ Ձեզ սիրող եղբայր՝ Պիտեր»։

Պիտերի հուղարկավորությունից հետո նրա քույրը՝ Ումին, պատմեց. «Մոտ երկու տարի առաջ Պիտերը ինձ հետ կապ հաստատեց։ Այդքան տարիների ընթացքում առաջին անգամ նա երջանիկ էր թվում։ Նույնիսկ ժպտում էր»։ Այդ կինը Դոնին ասաց. «Ես կկարդամ այս գիրքը, որովհետև եթե մի բան տպավորել է եղբորս, դա պետք է որ մի հատուկ բան լինի»։ Ումին նաև համաձայնվեց, որ Եհովայի վկաները այցելեն իրեն և միասին քննարկեն վերջին ժամանակներում լույս տեսած «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։

Մենք էլ կարող ենք արտաքին տեսքից ավելին տեսնել, անկեղծ սեր դրսևորել և համբերատար լինել ամեն տեսակ մարդկանց հանդեպ (1 Տիմոթ. 2։3, 4)։ Այդպես վարվելով՝ գուցե կարողանանք հասնել այն մարդկանց սրտին, որոնք թերևս Պիտերի պես հաճելի տեսք չունեն, բայց լավ սիրտ ունեն։ Կարող ենք վստահ լինել, որ Աստված, ով «սիրտն է տեսնում», ճշմարտության սերմերը կաճեցնի անկեղծ ու խոնարհ մարդկանց սրտերում (1 Սամ. 16։7; Հովհ. 6։44

^ պարբ. 7 Խոսքը Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» ձեռնարկի մասին է, որը Պիտերը ստացել էր տարիներ առաջ։ Այդ գիրքը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։