Հիշո՞ւմ եք
Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։
Աստծու կազմակերպության տված առաջնորդությանը ինչպե՞ս պետք է վերաբերվեն եղբայրները, օրինակ՝ շրջանային վերակացուներն ու ժողովի երեցները։
Նրանք պետք է պատրաստակամ լինեն հնազանդվելու։ Իրենք իրենց կարող են հարցնել. «Նպաստո՞ւմ եմ իմ շուրջը գտնվող մարդկանց հոգևոր բարօրությանը։ Միանգամից ընդունո՞ւմ եմ առաջնորդությունը և հետևո՞ւմ եմ դրան» (w16.11, էջ 11)։
Ճշմարիտ քրիստոնյաները ե՞րբ հայտնվեցին բաբելոնյան գերության մեջ։
Դա տեղի ունեցավ առաքյալների մահից շատ չանցած։ Այդ ժամանակ սկսեց ձևավորվել հոգևորականության դաս։ Եկեղեցին և պետությունը տարածում էին հավատուրաց քրիստոնեությունը և փորձում էին լռեցնել այն քրիստոնյաներին, որոնք համեմատվում են ցորենի հետ։ Սակայն 1914 թ.-ին նախորդող մի քանի տասնամյակների ընթացքում օծյալները սկսեցին ազատվել գերությունից (w16.11, էջ 23–25)։
Լեֆևր դ’Էտապլի գործունեությունը ինչո՞ւ էր նշանակալից։
1520-ականներին Լեֆևրը Աստվածաշունչը ֆրանսերեն թարգմանեց, որպեսզի այն մատչելի դարձնի հասարակ ժողովրդի համար։ Աստվածաշնչի տարբեր հատվածների նրա մեկնությունները ազդեցություն թողեցին Մարտին Լյութերի, Վիլյամ Թինդալի և Ժան Կալվինի վրա (wp16.6, էջ 10–12)։
Ո՞րն է տարբերությունը «մարմնավոր բաների մասին մտածելու» և «ոգու համաձայն մտածելու» միջև (Հռոմ. 8։6)։
Առաջին դեպքում մարդն իր միտքը կենտրոնացնում է անկատար էությանը բնորոշ ցանկությունների և հակումների վրա՝ անդադար խոսելով մարմնին առնչվող բաների մասին ու դրանց մեծ արժեք տալով։ Երկրորդ դեպքում քրիստոնյան կենտրոնացած է Աստծու ու նրա մտքերի վրա և թույլ է տալիս, որ սուրբ ոգին ղեկավարի իրեն։ «Մարմնավոր բաների մասին մտածելը» մահվան է տանում, իսկ «ոգու համաձայն մտածելը»՝ դեպի կյանք և խաղաղություն (w16.12, էջ 14–17)։
Անհանգստությունը նվազեցնելու համար ի՞նչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել։
Ճիշտ առաջնահերթություններ սահմանիր, քո ակնկալիքներում իրատես եղիր, ամեն օր որոշ ժամանակ հատկացրու հանգստին, հիացիր Եհովայի ստեղծագործություններով, հումորի զգացում ունեցիր, կանոնավորաբար ֆիզիկական վարժություններ արա և բավականաչափ քնիր (w16.12, էջ 22, 23)։
«Ենոքը փոխադրվեց, որպեսզի մահ չտեսնի» (Եբր. 11։5)։ Ինչպե՞ս։
Հավանաբար, Եհովան խաղաղ մահով քնեցրեց Ենոքին՝ այնպես անելով, որ նա չզգա, որ մահանում է (wp17.1, էջ 12, 13)։
Համեստությունն ինչո՞ւ է կարևոր։
Համեստ մարդը ճիշտ տեսակետ ունի իր մասին և հասկանում է, որ իր կարողությունները սահմանափակ են։ Մենք պետք է մտածենք, թե մեր վարվելակերպը ինչպես կարող է անդրադառնալ ուրիշների վրա, և չպետք է ինքներս մեզ չափազանց կարևոր համարենք (w17.01, էջ 18)։
Ի՞նչն է փաստում, որ Աստված էր առաջնորդում առաջին դարի կառավարիչ մարմնին, ինչպես որ առաջնորդում է ներկայիս Կառավարիչ մարմնին։
Կառավարիչ մարմնի անդամները սուրբ ոգու օգնությամբ էին հասկանում աստվածաշնչյան ճշմարտությունները։ Նրանք քարոզչական գործը վերահսկում էին հրեշտակների աջակցությամբ, իսկ ժողովներին առաջնորդություն տալիս որոշումները կայացնում էին Աստծու Խոսքի հիման վրա։ Նույնը տեղի է ունենում այսօր (w17.02, էջ 26–28)։
Ո՞ր գործոնները հաշվի առնելով՝ փրկանքը արժեքավոր նվեր կհամարենք։
Մենք պետք է փրկանքի մասին խորհրդածենք՝ հաշվի առնելով հետևյալ չորս գործոնները. ով է տվել նվերը, ինչ մղումով է տրվել այն, ինչ զոհողություններ են արվել այն տալու համար, և արդյոք այդ նվերի կարիքն իսկապես ունեինք (wp17.2, էջ 4, 5)։
Որոշում կայացնելուց հետո քրիստոնյան կարո՞ղ է փոխել այն։
Մենք պետք է մեր խոսքի տերը լինենք։ Սակայն երբեմն գուցե կարիք առաջանա վերանայելու մեր որոշումները։ Օրինակ՝ Աստված փոխեց Նինվեին առնչվող իր որոշումը, երբ դրա բնակիչները զղջացին։ Հնարավոր է՝ երբեմն հարկավոր լինի, որ մենք էլ այդպես անենք՝ հաշվի առնելով նոր հանգամանքները կամ տեղեկությունները (w17.03, էջ 16, 17)։
Բամբասանքն ինչո՞ւ է վտանգավոր։
Այն կարող է ավելի սրել իրավիճակը և բարդացնել խնդիրը։ Անկախ այն բանից՝ մենք ճիշտ ենք, թե սխալ, չարախոսելով երբեք չենք շտկի իրավիճակը (w17.04, էջ 21)։