Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գրականության ցուցատախտակներ՝ «բոլոր ազգերին վկայություն լինելու համար»

Գրականության ցուցատախտակներ՝ «բոլոր ազգերին վկայություն լինելու համար»

ԱՊՐԻԼԻ 1, 2023

 Ավելի քան տասը տարի է, ինչ մեր ծառայության մեջ գրավիչ ցուցատախտակներ ենք օգտագործում։ Աշխարհի որ ծայրում էլ լինեն, անցորդները անմիջապես գլխի են ընկնում, թե դրանք ում են պատկանում։ Ցուցատախտակները ոչ միայն տարբերվող են, այլև հարմարավետ։ Թերևս համաձայնեք Լեհաստանից մի քրոջ՝ Ասենատայի հետ, ով ասում է. «Թեև ցուցատախտակները շատ պարզ ու համեստ դիզայն ունեն, սակայն աչք են շոյում։ Դրանք հեշտությամբ կարելի է թե՛ տեղադրել, թե՛ տեղափոխել»։

 Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես են նախագծվում և պատրաստվում ցուցատախտակները։

Արդյունավետ դիզայն

 2001 թ.-ին Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ Ֆրանսիայի եղբայրներն ու քույրերը փորձարկեն հրապարակային վկայության տարբեր մեթոդներ, այդ թվում՝ ցուցատախտակներով ծառայությունը։ Նրանք փորձարկեցին ցուցատախտակների մի քանի տարբերակներ։ Օրինակ՝ ձևափոխեցին բեռների և մթերքների համար նախատեսված ձեռնասայլակները և սկսեցին դրանց միջոցով ներկայացնել հրատարակությունները։ Ի վերջո Ֆրանսիայի մասնաճյուղն ընտրեց ցուցատախտակի մի տարբերակ, որը քարոզիչներն օգտագործեցին տարիներ շարունակ։

Առաջին ցուցատախտակներից (Ֆրանսիա, 2005 թ.)

 Քարոզչության այս մեթոդի շնորհիվ Ֆրանսիայի հավատակիցները ոգևորիչ արդյունքների հասան։ Ուստի 2011 թ.-ին Կառավարիչ մարմինը հավանություն տվեց ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հրապարակային վկայության մի փորձնական ծրագրի, որը ներառելու էր գրականության սեղաններ ու ցուցատախտակներ։ Այդ ծրագրին մասնակցող ռահվիրաները շուտով հասկացան, որ ցուցատախտակները շատ առավելություններ ունեն, այդ թվում՝ հեշտ են տեղափոխվում։ Նրանք առաջարկներ արեցին, թե ինչպես բարելավել ցուցատախտակների դիզայնը։ Առաջին ինքնաշեն փայտյա ցուցատախտակները բավականին ծանր էին, ինչի պատճառով դրանք աստիճաններով բարձրացնել-իջեցնելը դժվար էր։ Ուստի դրանք ձևափոխեցին և ավելի թեթև դարձրին, բայց ոչ այնքան թեթև, որ չդիմանային քամուն։ Բացի այդ՝ նոր ցուցատախտակները ունեին ավելի մեծ ու ամուր անիվներ, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ դրանք քշել խորդուբորդ ճանապարհներով։ Հետագայում նաև հավելյալ գրականություն տեղավորելու համար փոքրիկ դարակ ավելացվեց։

 Փորձնական ծրագիրը մեծ հաջողությամբ պսակվեց։ Ուստի 2012 թ.-ին Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ գրականության ցուցատախտակներ օգտագործվեն ամբողջ աշխարհում։ Եղբայրները հոգ տարան, որ մի արտադրող մեծ քանակությամբ ցուցատախտակներ պատրաստի՝ օգտագործելով թեթև, բայց դիմացկուն նյութեր։

 Տարիների ընթացքում ցուցատախտակների կառուցվածքը թեթևակի բարելավումների ենթարկվեց։ Օրինակ՝ 2015 թ.-ին ավելացվեց անձրևապաշտպան, թափանցիկ ծածկոց։ Դինան, ով ապրում է Վրաստանում, շատ է կարևորում այս առանձնահատկությունը։ Նա ասում է. «Ցուցատախտակը իր «թիկնոցն» ունի, որի շնորհիվ հրատարակությունները չեն վնասվում»։ 2017 թ.-ին որոշ լեզուների համար հասանելի դարձան մագնիսական պաստառները։ Տոմաշը, ով ապրում է Լեհաստանում, պատմում է. «Նախկին կպչուն պաստառները փոխելը երկար ժամանակ էր խլում։ Մագնիսական պաստառներն իդեալական լուծում էին»։ 2019 թ.-ին հավելյալ բարելավումներ արվեցին. փոփոխվեցին ցուցատախտակների համար օգտագործվող նյութերն ու արտադրության եղանակը, ինչի շնորհիվ դրանք առավել դիմացկուն դարձան։

Գրականության ցուցատախտակների արտադրությունը

 Գրականության ցուցատախտակները պատրաստվում են մեկ արտադրողի կողմից, ինչից հետո ուղարկվում են աշխարհով մեկ սփռված ժողովներին։ Ներկայումս մեկ ցուցատախտակն արժե 43 ԱՄՆ դոլար՝ չհաշված առաքման և այլ ծախսերը։ Առայսօր ավելի քան 16 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել դրանց արտադրությանը, և ավելի քան 420 000 ցուցատախտակներ են ուղարկվել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ժողովներին։

 Նվիրաբերված միջոցները լավագույնս օգտագործելու համար գրականության ցուցատախտակների մեծաքանակ պատվերներ են արվում։ Բացի այդ՝ ժողովները վնասված ցուցատախտակներից հրաժարվելու փոխարեն այժմ կարող են պատվիրել անհրաժեշտ պահեստամասերը և վերանորոգել դրանք։

Ցուցատախտակներ՝ ի նպաստ քարոզչական գործի

 Ամբողջ աշխարհում քարոզիչները հաճույքով օգտագործում են գրականության ցուցատախտակները։ Մարտինան, ով ապրում է Գանայում, ասում է. «Ծառայության ժամանակ հիմնականում մենք ենք մոտենում մարդկանց։ Իսկ ցուցատախտակով վկայության դեպքում մարդիկ են մոտենում մեզ։ Այդ առանձնահատկությունն ինձ շատ է դուր գալիս։ Անգամ ցուցատախտակի կողքով անցնողները կարող են վկայություն ստանալ»։

 Աֆրիկյան երկրներից մեկում մի մարդ մոտեցավ ցուցատախտակին և իր լեզվով գրականություն վերցրեց։ Մեկ շաբաթ անց նա վերադարձավ ու ասաց. «Ողջ գրականությունն ընթերցեցի։ Անչափ կարևոր տեղեկություններ էին գրված։ Անպայման կփոխանցեմ դրանք գյուղի իմ բարեկամներին»։ Իսկ գյուղը 500 կմ (311 մղոն) հեռու էր այդտեղից։ Երկու ամիս անց այդ մարդը կրկին վերադարձավ ու ասաց. «Գյուղի ժողովուրդը կարդաց ողջ գրականությունը։ Նրանց շատ դուր եկան նշված տեղեկությունները։ Հիմա ուզում են Եհովայի վկա դառնալ։ Բայց հարցեր ունեն։ Օրինակ՝ հասկանում են, որ մկրտվելու համար պիտի ընկղմվեն ջրում։ Բայց մեր գյուղի մոտակայքում գետ չունենք։ Պետք է գանք ու այստե՞ղ մկրտվենք։ Քարոզիչները հոգ տարան, որ այս մարդու հետ կապ հաստատի նրա լեզվով խոսող մի ռահվիրա եղբայր։ Նրանք սկսեցին կանոնավոր քննարկումներ ունենալ։

 Որքա՜ն ոգևորիչ է տեսնել, որ գրականության ցուցատախտակներն օգտագործվում են «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս 24։14)։ Իսկ ինչպե՞ս են փակվում դրանց արտադրության ծախսերը։ Համաշխարհային գործի համար արվող նվիրատվությունների շնորհիվ, որոնց զգալի մասը արվում է donate.jw.org կայքի միջոցով։ Շնորհակալ ենք ձեզ առատաձեռնության համար։