Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուսը ողջ է

Հիսուսը ողջ է

Պատմություն 102

Հիսուսը ողջ է

ԳԻՏԵ՞Ս, թե ովքեր են նկարում պատկերված այս մարդիկ։ Կինը Մարիամ Մագդաղենացին է՝ Հիսուսի բարեկամուհին, իսկ սպիտակ հանդերձներով տղամարդիկ հրեշտակներ են։ Մարիամը ներս է նայում այս փոքրիկ սենյակից, որտեղ մահից հետո դրվել էր Հիսուսի մարմինը։ Այդ տեղը կոչվում է դամբարան։ Բայց մարմինն անհետացել է... Տեսնես դա ո՞ւմ ձեռքի գործն է։ Հիմա կիմանանք։

Հիսուսի մահից հետո քահանաները Պիղատոսին ասում են. «Երբ Հիսուսը դեռ կենդանի էր, ասում էր, որ երեք օրից հարություն է առնելու։ Այդ պատճառով հրամայիր, որ դամբարանը հսկեն, որպեսզի նրա աշակերտները չկարողանան գողանալ մարմինը և հետո հայտարարել, թե իբր նա հարություն է առել մահացածներից»։ Պիղատոսը կարգադրում է, որպեսզի քահանաները զինվորներ ուղարկեն՝ դամբարանը հսկելու։

Բայց ահա, Հիսուսի մահվան երրորդ օրը՝ վաղ առավոտյան, հայտնվում է Եհովայի հրեշտակը և մի կողմ գլորում դամբարանի մուտքի քարը։ Զինվորները վախից քարանում են։ Վերջապես, երբ նրանք նայում են դամբարանի մեջ, մարմինն այնտեղ չէ։ Նրանցից մի քանիսը շտապում են քաղաք, որպեսզի պատահածի մասին տեղեկացնեն քահանաներին։ Իսկ գիտե՞ս, թե ինչ են անում այդ չար քահանաները։ Նրանք կաշառում են զինվորներին, որ սուտ խոսեն։ «Այսպես կասեք՝ գիշերը, մինչ մենք քնած էինք, աշակերտները եկան և մարմինը գողացան»,— պատվիրում են քահանաները։

Իսկ այդ ընթացքում Հիսուսին մոտիկից ճանաչող մի քանի կանայք գալիս են դամբարան։ Որքա՜ն են զարմանում նրանք, երբ դամբարանը դատարկ են տեսնում։ Այդ պահին հայտնվում են սպիտակ հանդերձներով երկու հրեշտակներ։ «Ինչո՞ւ եք Հիսուսին այստեղ փնտրում,— հարցնում են նրանք։— Նա հարություն է առել. շտապե՛ք և այդ լուրը հայտնե՛ք նրա աշակերտներին»։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ի՜նչ արագությամբ են նրանք վազում։ Ճանապարհին նրանց մի մարդ է կանգնեցնում։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ կարող է լինել։ Դա Հիսուսն է։ Նա ասում է. «Գնացե՛ք ու պատմե՛ք իմ աշակերտներին»։

Երբ աշակերտները կանանցից լսում են, որ Հիսուսը կենդանի է, և որ նրան տեսել են, սկսում են կասկածել՝ հավատա՞լ, թե՝ ոչ։ Պետրոսն ու Հովհաննեսը վազում են դամբարանի մոտ, որպեսզի անձամբ համոզվեն, որ իրենց լսած լուրը ճիշտ է, և դամբարանը դատարկ են տեսնում։ Երբ նրանք հեռանում են, Մարիամ Մագդաղենացին մնում է այնտեղ։ Հենց այդ ժամանակ է, որ Մարիամը ներս է նայում ու տեսնում է հրեշտակներին։

Հետաքրքիր է, ի՞նչ պատահեց Հիսուսի մարմնին։ Աստված այնպես արեց, որ այն անհետանա։ Նա Հիսուսին հարություն տվեց ոչ թե այն ֆիզիկական մարմնով, որով նա մահացել էր, այլ նոր ոգեղեն մարմին տվեց, ինչպիսին որ ունեն հրեշտակները երկնքում։ Բայց որպեսզի իր աշակերտները համոզվեն, որ ինքը կենդանի է, Հիսուսը երևում է նրանց այնպիսի մարմնով, որը մարդիկ կարող են տեսնել։ Իսկ թե ինչպես, կիմանանք հաջորդ գլխում։

Մատթէոս 27։62–66; 28։1–15; Ղուկաս 24։1–12; Յովհաննէս 20։1–12։