Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նրանք ոչ մի գնով չեն խոնարհվի

Նրանք ոչ մի գնով չեն խոնարհվի

Պատմություն 77

Նրանք ոչ մի գնով չեն խոնարհվի

ՀԻՇՈ՞ՒՄ ես այս երեք երիտասարդներին։ Այո՛, նրանք Դանիելի ընկերներն են, որոնք մերժեցին ուտել իրենց համար անթույլատրելի կերակուրները։ Բաբելոնացիները նրանց անվանում են Սեդրաք, Միսաք և Աբեդնագով։ Հապա նայի՛ր նրանց հիմա։ Ինչո՞ւ նրանք մյուսների նման չեն խոնարհվում այս հսկա արձանի առջև։ Ե՛կ տեսնենք։

Հիշո՞ւմ ես Տասը պատվիրանները՝ այն օրենքները, որոնք անձամբ Եհովան էր գրել։ Դրանցից առաջինը այսպես է հնչում. «Բացի ինձանից ուրիշ աստվածների չպաշտես»։ Եվ հիմա այս երիտասարդները հնազանդվում են հենց այդ օրենքին, թեև այդ անելը նրանց համար հեշտ չէ։

Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը կանչել է բազում հեղինակավոր մարդկանց՝ երկրպագելու իր կանգնեցրած արձանին։ Նա հենց նոր է ավարտել ժողովրդին ուղղված իր խոսքերը. «Երբ կլսեք շեփորների, տավիղների և ուրիշ երաժշտական գործիքների ձայնը, պետք է ծնկի գաք ու երկրպագե՛ք այս ոսկե արձանին։ Նա, ով չի կատարի իմ հրամանը, անմիջապես կնետվի վառվող հնոցը»։

Իմանալով, որ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվել են երկրպագել արձանին, Նաբուգոդոնոսորը շատ է բարկանում և հրամայում է իր մոտ բերել նրանց։ Թագավորը նրանց մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս երկրպագելու։ Բայց երիտասարդները Եհովային են ապավինում։ «Այն Աստվածը, որին ծառայում ենք, ի վիճակի է փրկելու մեզ,— հայտարարում են նրանք Նաբուգոդոնոսորին։— Բայց եթե նույնիսկ մեզ չազատի էլ, միևնույն է, չենք երկրպագի քո կանգնեցրած ոսկե արձանին»։

Լսելով այս խոսքերը՝ Նաբուգոդոնոսորն ավելի է զայրանում։ Հնոցը մոտակայքում է գտնվում, և նա հրամայում է. «Յոթնապատիկ թեժացրե՛ք հնոցը»։ Ապա իր բանակի ամենաուժեղ մարդկանց կարգադրում է կապել Սեդրաքին, Միսաքին ու Աբեդնագովին և նետել այնտեղ։ Հնոցն այնքան ուժեղ է վառվում, որ նրա բոցը սպանում է այդ հզոր մարդկանց։ Իսկ հնոցը նետված երեք երիտասարդնե՞րը...

Թագավորը նայում է հնոցի մեջ ու խիստ վախենում։ «Չէ՞ որ մենք երեք մարդ կապեցինք ու նետեցինք հնոցը»,— հարցնում է նա։

— Ճիշտ այդպես, թագավոր,— պատասխանում են ծառաները։

— Բայց երեքի փոխարեն ես չորս հոգու եմ տեսնում այնտեղ,— զարմանում է նա,— և նրանցից ոչ մեկը կապկպված չի, ու կրակն էլ չի վնասում նրանց։ Իսկ չորրորդն աստծու է նման։— Թագավորը, մոտենալով հնոցի դռներին, բացականչում է. «Բարձրյալ Աստծու ծառաներ՝ Սեդրա՛ք, Միսա՛ք ու Աբեդնագո՛վ, դո՛ւրս եկեք»։

Նրանք դուրս են գալիս, և բոլորը տեսնում են, որ նրանք ամբողջովին անվնաս են։ Ապա թագավորն ասում է. «Օրհնյա՜լ լինի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը։ Նա ուղարկեց իր հրեշտակին ու փրկեց նրանց, քանի որ նրանք ոչ մի ուրիշ աստծու առջև չխոնարհվեցին ու չերկրպագեցին, բացի իրենց Աստծուց»։

Արդյոք մենք էլ չպե՞տք է ընդօրինակենք Եհովայի հանդեպ հավատարմություն ցուցաբերելու այս վառ օրինակին։

Ելից 20։3; Դանիէլ 3։1–30։