Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ալկոհոլի հանդեպ հավասարակշռված վերաբերմունք

Ալկոհոլի հանդեպ հավասարակշռված վերաբերմունք

Ալկոհոլի հանդեպ հավասարակշռված վերաբերմունք

ԹՈՆԻՆ, որի մասին նշվեց առաջին հոդվածում, կարող էր բոլորովին այլ կյանք վարել, եթե միայն ընդուներ, որ ալկոհոլի հետ կապված խնդիր ունի։ Թվում էր, թե նա կարողանում է շատ խմել, որովհետև նկատելի ոչ մի խնդիր չուներ։ Թոնին կարծում էր, թե վերահսկում է իր կյանքը։ Սակայն ինչո՞ւ էր նա սխալվում։

Առաջին պատճառն այն էր, որ ալկոհոլի չարաշահումը անդրադարձել էր նրա առողջ դատողության վրա։ Ընդուներ թե ոչ, մի բան ակնհայտ էր. Թոնիի ուղեղը՝ այն օրգանը, որը վերահսկում է նրա ֆիզիկական, մտային և էմոցիոնալ վիճակը, լավ չէր գործում, երբ արյան մեջ ալկոհոլի քանակը բարձրանում էր։ Որքան շատ էր խմում, այնքան նրա ուղեղը մթագնում էր, և նա չէր կարողանում սթափ դատել։

Երկրորդ պատճառն այն էր, որ Թոնին չէր ուզում հրաժարվել խմելու սովորությունից։ Ալենը սկզբում նույնպես չէր ընդունում, որ խմիչքի հետ կապված խնդիր ունի։ Նա խոստովանում է. «Ես թաքցնում էի, որ խմում եմ, արդարացնում էի ինձ և փորձում էի ցույց տալ, որ շատ խմելը խնդիր չէ ինձ համար։ Իմ նպատակը մեկն էր՝ չթողնել խմելը»։ Թեև մյուսները տեսնում էին, որ խմիչքը սկսում է «ղեկավարել» Թոնիի և Ալենի կյանքը, այդուհանդերձ վերջիններս մտածում էին, թե ամեն ինչ լավ է։ Իրականում նրանք երկուսն էլ պետք է լուրջ քայլեր ձեռնարկեին և վերանայեին իրենց տեսակետը։ Իսկ ի՞նչ քայլերի մասին է խոսքը։

Գործի անցիր

Մարդիկ, ովքեր դադարել են շատ խմելուց, վարվել են Հիսուսի խոսքերի համաձայն. «Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և մի կո՛ղմ գցիր։ Որովհետև քեզ համար ավելի օգտակար է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհենը գցվի» (Մատթեոս 5։29

Ինչ խոսք, Հիսուսը չէր ուզում ասել, որ մարդը իրեն պիտի խեղանդամ դարձնի։ Նա փոխաբերության միջոցով ցույց տվեց, որ պետք է պատրաստ լինենք մեր կյանքից «հանելու» այն սովորությունները, որոնք վնասում են մեր հոգևոր առողջությունը։ Ճիշտ է, դա կարող է ցավալի լինել։ Սակայն եթե այդպես վարվենք, կձերբազատվենք այնպիսի մտքերից և կխուսափենք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են մղել մեզ չարաշահելու ալկոհոլը։ Ուստի եթե մյուսները հայտնում են իրենց անհանգստությունը, որ սկսել ես շատ խմել, խմելու սովորությունդ վերահսկելու համար քայլեր ձեռնարկիր *։ Իսկ եթե զգում ես, որ չես կարողանում կառավարել խմելու ցանկությունդ, պատրաստ եղիր ընդհանրապես «ոչ» ասելու խմիչքին։ Որքան էլ դա ցավ պատճառի քեզ, հիշիր՝ խորտակված կյանքն ավելի մեծ ցավ է պատճառում։

Եթե նույնիսկ հարբեցող չես, այնուհանդերձ ունե՞ս շատ խմելու հակում։ Եթե այո, ապա ի՞նչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել, որպեսզի հավասարակշռված վերաբերմունք ունենաս ալկոհոլի հանդեպ։

Ի՞նչ քայլերի դիմել

1. Վստահ եղիր, որ եթե հաճախ ջերմեռանդորեն աղոթես, օգնություն կստանաս։ Աստվածաշունչը հետևյալ հորդորն է տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաճելի լինել Աստծուն. «Ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու ձեր մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Իսկ ինչի՞ մասին կարող ես աղոթել, որպեսզի մտքի խաղաղություն ստանաս։

Ազնվորեն ընդունիր, որ ալկոհոլի հետ կապված խնդիր ունես, որը միայն դու կարող ես լուծել։ Պատմիր Աստծուն, թե ինչ ես որոշել անել այդ խնդիրը հաղթահարելու համար, և նա կօրհնի քո ջանքերը, որպեսզի հանգստություն գտնես և խուսափես լուրջ խնդիրներից։ «Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ’գտնէ» (Առակաց 28։13)։ Հիսուսը նույնպես ասաց, որ կարող ենք աղոթել. «Մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը» (Մատթեոս 6։13, ԱԹ)։ Եթե վարվես աղոթքներիդ ներդաշնակ, ապա կստանաս նաև աղոթքիդ պատասխանը։

2. Զորացիր Աստծու Խոսքով։ «Աստծու խոսքը կենդանի է և զորեղ.... կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբրայեցիներ 4։12)։ Բազմաթիվ մարդկանց, որոնք նախկինում շատ էին խմում, օգնել է այն, որ ամեն օր կարդացել են Աստվածաշունչը և խորհրդածել են այնտեղ գրված խոսքերի շուրջ։ Աստվածավախ սաղմոսերգուն գրել է. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում։.... Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։.... Ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։1–3

Ալենը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Դա իրեն ուժ տվեց հաղթահարելու չափից շատ խմելու ցանկությունը։ Նա ասում է. «Վստահ եմ, որ եթե չլիներ Աստվածաշունչը և չլինեին աստվածաշնչյան սկզբունքները, ապա ես հիմա մեռած կլինեի»։

3. Ինքնատիրապետում զարգացրու։ Սուրբ գրքում նշվում է, որ առաջին դարի քրիստոնյաներից ոմանք, ովքեր հարբեցողներ էին եղել, լվացվել էին «Աստծու ոգով» (1 Կորնթացիներ 6։9–11)։ Ինչպե՞ս։ Միջոցներից մեկն այն էր, որ նրանք կարողացել էին վերջ տալ հարբեցողություններին և խրախճանքներին՝ իրենց մեջ ինքնատիրապետում մշակելով։ Իսկ դա մի հատկություն է, որը կարելի է զարգացնել Աստծու սուրբ ոգու օգնությամբ։ «Մի՛ հարբեք գինով, որի մեջ սանձարձակություն կա, այլ միշտ լցվեք ոգով» (Եփեսացիներ 5։18; Գաղատացիներ 5։21–23)։ Հիսուս Քրիստոսը խոստացավ. «Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»։ Ուստի ասաց. «Շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ» (Ղուկաս 11։9, 13

Նրանք, ովքեր ցանկանում են Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցել, կարո՛ղ են ինքնատիրապետում զարգացնել՝ կարդալով և ուսումնասիրելով Աստվածաշունչը, ինչպես նաև հաճախ սրտաբուխ աղոթելով։ Ուստի մի՛ վհատվիր, այլ վստահիր հետևյալ խոսքերին, որոնք գրված են Աստծու Խոսքում. «Նա, ով ցանում է ոգու համար, ոգուց հավիտենական կյանք կհնձի։ Ուրեմն չհոգնե՛նք բարին գործելուց, որովհետև ճիշտ ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք» (Գաղատացիներ 6։8, 9

4. Ընտրիր առողջ ընկերակցություն։ «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։ Ասա ընկերներիդ, որ որոշել ես սահմանափակել խմիչքի գործածությունը։ Աստծու Խոսքը, սակայն, զգուշացնում է, որ երբ դու չմասնակցես «չափազանց շատ գինի խմելուն, խրախճանքներին, խմելու մրցումներին», նախկին ընկերներիցդ ոմանք կընկնեն «տարակուսանքի մեջ և քո մասին վիրավորական խոսքերով կարտահայտվեն» (1 Պետրոս 4։3, 4)։ Պատրաստ եղիր չշփվելու այն ընկերների հետ, ովքեր չեն հարգում չափավոր խմելու քո որոշումը։

5. Հստակ որոշիր սահմանը։ «Այլևս մի՛ ընդունեք իրերի այս համակարգի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։ Եթե Աստծու Խոսքի չափանիշների օգնությամբ ինքդ որոշես, թե որն է սահմանը և ոչ թե «ընկերներդ» կամ «իրերի այս համակարգը», ապա կապրես այնպիսի կյանքով, որը հաճելի է Աստծուն։ Իսկ ինչպե՞ս որոշել ճիշտ սահմանը։

Ալկոհոլի այն քանակությունը, որն ազդում է քո առողջ դատողության վրա և թուլացնում է բանականությունդ, չափից շատ է քեզ համար։ Ուստի եթե որոշել ես խմել, ապա խելամիտ չի լինի փոփոխական սահման դնել, որն անընդհատ տատանվում է սթափ վիճակի և հարբածության «միջակայքում»։ Թույլ մի տուր, որ իրողությունը չընդունելու ցանկությունդ ազդի քեզ վրա, այլ ազնվորեն որոշիր քո չափը և իմացիր, թե որքան կարող ես խմել, որպեսզի չանցնես այդ սահմանը։

6. Սովորիր «ո՛չ» ասել։ «Թող ձեր «այո»–ն այո լինի, իսկ «ոչ»–ը՝ ոչ» (Մատթեոս 5։37)։ Սովորիր քաղաքավարությամբ հրաժարվել առատաձեռն, բայցև ոչ խելամիտ հյուրընկալի առաջարկներից։ Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք յուրաքանչյուր մարդու» (Կողոսացիներ 4։6

7. Օգնություն խնդրիր ուրիշներից։ Օգնություն խնդրիր քեզ աջակցելու պատրաստ ընկերներից, որոնք կարող են ամրացնել քո վճռականությունը, որ վերահսկես խմելու ցանկությունդ, և կարող են հոգևոր առումով օգնել քեզ։ «Երկուսը լաւ է քան թէ մէկը. որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։ Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ» (Ժողովող 4։9, 10; Հակոբոս 5։14, 16)։ ԱՄՆ–ի Ալկոհոլի չարաշահման և ալկոհոլիզմի ազգային ինստիտուտը նույնպես խորհուրդ է տալիս. «Երբեմն կարող է դժվար լինել հրաժարվել խմիչքից։ Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին, որ աջակցեն ձեզ և օգնեն, որպեսզի հասնեք ձեր նպատակին» (The National Institute on Alcohol Abuse and Alcoholism)։

8. Վճռականորեն հետևիր որոշմանդ։ Աստվածաշնչում գրված է. «Խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն լսողներ, որ ինքներդ ձեզ չխաբեք սխալ դատողությամբ։ Բայց նա, ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքի մեջ և հարատևում է նրանում, քանի որ մոռացկոտ լսող չեղավ, այլ գործը կատարող, երջանիկ կլինի՝ այն կատարելով» (Հակոբոս 1։22, 25

Ձերբազատվիր այդ սովորությունից

Չափից շատ խմիչք օգտագործողներից ոչ բոլորն են դառնում հարբեցողներ։ Բայց ոմանք սկսում են այնքան շատ կամ հաճախ խմել, որ կախվածություն են ձեռք բերում, այսինքն՝ հոգեբանական և ֆիզիկական կախում են ունենում ալկոհոլից։ Ուստի խնդիրը հաղթահարելու համար այսպիսի մարդկանց կամքի ուժից ու հոգևոր օգնությունից բացի, ուրիշ օգնություն էլ է անհրաժեշտ։ Ալենը ասում է. «Երբ թողեցի խմելը, անտանելի ցավ էի զգում։ Այդ ժամանակ հասկացա, որ հոգևոր օգնությունից բացի, կարիք ունեմ նաև բժշկական միջամտության»։

Շատերը բժշկական օգնության կարիք ունեն, որպեսզի ամրապնդվեն և շարունակեն պայքար մղել խմիչքը չարաշահելու հակումի դեմ *։ Ոմանք անհրաժեշտ են համարում որոշ ժամանակ բուժում ստանալ հիվանդանոցում։ Այդպես նրանք կարողանում են հաղթահարել այն խնդիրները, որ առաջանում են ալկոհոլի կախվածությունից ձերբազատվելու ընթացքում և մեղմել խմելու անզուսպ ցանկությունը, ինչպես նաև պահպանել չափավորությունը։ Աստծու Որդին, որը հրաշքներ էր գործում, նշեց. «Ուժեղները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդներն ունեն» (Մարկոս 2։17

Աստծու առաջնորդությանը հետևելու օգուտները

Աստվածաշնչում գրված իմաստուն խորհուրդների աղբյուրը ճշմարիտ Աստված է, որը մեզ բարիք է կամենում։ Նա ուզում է, որ ուրախ ապրենք ոչ միայն հիմա, այլև հավիտյան։ Խմիչքը թողնելուց 24 տարի անց Ալենը հիշում է. «Այնքան հաճելի էր իմանալ, որ ես կարող եմ փոխվել, իմանալ, որ Եհովան ցանկանում է օգնել ինձ, որպեսզի ուղղեմ սխալներս, որ ....»։ Այս խոսքերն ասելիս Ալենը հուզմունքից խեղդվում էր, իսկ աչքերից արցունքներ էին հոսում, այդ պատճառով նա չկարողացավ ավարտել միտքը։ Սակայն փոքր–ինչ ուշ շարունակեց. «Դե... այն, որ Եհովան հասկանում է քեզ, հոգում է քո մասին և օգնում է... Ուղղակի անհավատալի է»։

Եթե դու էլ ունես ալկոհոլը չարաշահելու սովորություն կամ արդեն կախվածություն ես ձեռք բերել, մի՛ հուսալքվիր՝ մտածելով, որ ոչ մի հույս չկա։ Ալենը և շատ ուրիշներ եղել են նույն իրավիճակում, որում դու ես հիմա, սակայն նրանք կարողացել են սահմանափակել խմիչքի գործածությունը կամ էլ ընդհանրապես հրաժարվել են խմելուց։ Նրանք չեն ափսոսում, դու էլ չես ափսոսա։

Ամեն դեպքում, որոշումը քոնն է՝ քիչ խմել, թե՞ ընդհանրապես չխմել։ Միշտ հիշիր, որ Աստված քեզ շատ է սիրում և ասում է. «Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։ 18

[Ծանոթագրություններ]

^ պարբ. 7 Տե՛ս  «Սկսել եմ շա՞տ խմել» շրջանակը, էջ 8։

^ պարբ. 24 Կան շատ վերականգնողական կենտրոններ ու հիվանդանոցներ, որտեղ կարելի է բժշկական օգնություն ստանալ։ «Դիտարան» պարբերագիրը կոնկրետ բուժման ձև չի խրախուսում։ Յուրաքանչյուր անհատ պետք է ուսումնասիրի բուժման տարբերակները և հետո անձնական որոշում կայացնի, որը, սակայն, չպետք է հակասի աստվածաշնչային սկզբունքներին։

[Շրջանակ/նկար 8–րդ էջի վրա]

 Սկսել եմ շա՞տ խմել Հարցրու ինքդ քեզ։

• Ավելի շա՞տ եմ խմում, քան նախկինում։

• Ավելի հաճա՞խ եմ խմում, քան նախկինում։

• Ավելի թո՞ւնդ խմիչքներ եմ օգտագործում։

• Խմում եմ, որ հաղթահարե՞մ սթրեսը կամ մոռանա՞մ խնդիրներս։

• Իմ ընկերներից կամ ընտանիքի անդամներից որևէ մեկն արտահայտե՞լ է իր անհանգստությունը, որ ես սկսել եմ շատ խմել։

• Խմելու պատճառով խնդիրներ ունեցե՞լ եմ տանը, աշխատավայրում կամ ճամփորդության ժամանակ։

• Դժվարանո՞ւմ եմ մեկ շաբաթ անցկացնել առանց խմիչքի։

• Անհարմա՞ր եմ զգում, երբ ուրիշները հրաժարվում են ալկոհոլից։

• Թաքցնո՞ւմ եմ մյուսներից, թե որքան եմ խմել։

Եթե այս հարցերից մեկին կամ մի քանիսին պատասխանես այո, ապա պետք է քայլեր ձեռնարկես խմելու սովորությունդ վերահսկելու համար։

[Շրջանակ/​նկար 9–րդ էջի վրա]

Խելամիտ որոշումներ կայացրու

Ոգելից խմիչք օգտագործելուց առաջ մտածիր.

Խելամիտ կլինի՞, որ խմեմ, թե՞ լավ կլինի, որ հրաժարվեմ։

Խորհուրդ։ Այն անհատը, որը չի կարողանում սահման որոշել, լավ կլինի, որ ընդհանրապես չխմի։

Որքա՞ն պետք է խմեմ։

Խորհուրդ։ Որոշիր քո սահմանը, նախքան խմիչքը կազդի քեզ վրա։

Ե՞րբ պետք է խմեմ։

Խորհուրդ։ Մի՛ խմիր, եթե պիտի մեքենա վարես, զգոնություն պահանջող գործ կատարես, կրոնական գործունեությամբ զբաղվես, եթե հղի ես կամ որոշ դեղամիջոցներ ես օգտագործում։

• Որտե՞ղ պետք է խմեմ։

Խորհուրդ։ Խմիր առողջ միջավայրում, մի՛ խմիր թաքուն։ Նաև մի՛ խմիր այն մարդկանց ներկայությամբ, ովքեր ալկոհոլ օգտագործելու հետ կապված խնդիր են ունեցել կամ ունեն ներկայումս։

Ո՞ւմ հետ պետք է խմեմ։

Խորհուրդ։ Ընտանիքիդ ու ընկերներիդ հետ, ովքեր դրական ազդեցություն են թողնում քեզ վրա։ Մի՛ խմիր նրանց հետ, ովքեր ալկոհոլի հետ կապված խնդիր ունեն։

[Շրջանակ/նկար 10–րդ էջի վրա]

Աստծու Խոսքն օգնեց նախկին հարբեցողին

Սուպոտը, որն ապրում է Թաիլանդում, մոլի հարբեցող էր։ Սկզբում նա խմում էր միայն երեկոյան։ Աստիճանաբար սկսեց խմել նաև առավոտյան ու կեսօրին։ Երբեմն նա պարզապես հարբելու համար էր խմում։ Հետո, սակայն, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Երբ իմացավ, որ հարբեցողությունը հաճելի չէ Եհովա Աստծուն, Սուպոտը թողեց խմելը։ Սակայն որոշ ժամանակ անց նորից սկսեց խմել։ Նրա ընտանիքի անդամները հուսահատվել էին։

Սուպոտը սիրում էր Եհովային և ցանկանում էր նրա կամքը կատարել։ Ընկերները շարունակեցին օգնել նրան և քաջալերեցին կնոջն ու երեխաներին, որ ավելի շատ ժամանակ անցկացնեն նրա հետ և շարունակ օգնեն։ Որոշ ժամանակ անց Սուպոտը գիտակցեց, որ լուրջ խնդրի առաջ է կանգնած։ 1 Կորնթացիներ 6։10 համարում արձանագրված հստակ խոսքերը սթափեցրին նրան. «Հարբեցողները.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու»։ Նա հասկացավ, որ ամբողջ ուժով պետք է պայքարի խմելու հետ կապված իր խնդիրը հաղթահարելու համար։

Այս անգամ Սուպոտը վճռականորեն որոշել էր ընդհանրապես չխմել։ Ի վերջո, Եհովայի սուրբ ոգու զորությամբ, Աստվածաշնչի տված առաջնորդությամբ, ինչպես նաև ընտանիքի և ժողովի աջակցության շնորհիվ Սոպոտը ուժ գտավ իր մեջ և հաղթահարեց խմելու իր ցանկությունը։ Նրա ընտանիքը անչափ ուրախ էր, երբ նա մկրտվեց՝ ի նշան իր նվիրման։ Այժմ Սուպոտը Եհովա Աստծու հետ ամուր փոխհարաբերություն ունի, ինչի մասին միշտ երազել է։ Իր ժամանակը նա հիմա տրամադրում է ուրիշներին հոգևորապես օգնելու համար։