Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Որտեղ էին նրանք ապրում

Որտեղ էին նրանք ապրում

Քրիստոնյաների կյանքը առաջին դարում

Որտեղ էին նրանք ապրում

«Ես ինձ ետ չպահեցի.... ձեզ սովորեցնելուց՝ թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն» (ԳՈՐԾԵՐ 20։20

ԵՐԲ մտնում ես հսկայական դարպասներից ներս, անմիջապես հայտնվում ես առաջին դարի քաղաքում։ Մյուս բոլոր քաղաքների պես՝ այս մեկն էլ գտնվում է բարձր բլրի վրա։ Գագաթին քաղաքի վերին մասն է՝ շքեղ առանձնատներով։ Երևում են արևի տակ փայլող բազմաթիվ սպիտակ լայն պատեր, որոնց շուրջը գեղեցիկ այգիներ են։ Այստեղ ապրում են հարուստները։ Իսկ մի քիչ ներքև կարելի է տեսնել տարբեր չափի և ձևի բազմաթիվ տներ։ Այս լայն ու բազմահարկ քարե տներում ապրում են վաճառականներն ու հողատերերը։ Իսկ ավելի ցածր՝ բլրի ստորոտին, քաղաքի աղքատ թաղամասն է՝ նեղ փողոցներով։ Այստեղ տներն անշուք են ու փոքր։ Դրանք ասես իրար կողք կողքի շարված տուփեր լինեն, որոնք երբեմն ունենում են մեկ ընդհանուր բակ։

Մինչ քայլում ես մարդաշատ փողոցներով, լսում ես մարդկանց ձայները և զգում ես, որ օդը հագեցած է տարբեր բույրերով։ Ականջիդ են հասնում կենդանիների ձայները, փողոցում խաղացող երեխաների աշխույժ ճիչերը։ Կանայք կերակուր են պատրաստում, որի ախորժաբեր հոտը գրգռում է քաղցած մարդկանց ախորժակը։ Տղամարդիկ նույնպես զբաղված են, նրանք աշխատում են աղմկոտ խանութներում, որտեղից գարշահոտ է փչում։

Քրիստոնյա ընտանիքներն էլ են ապրում այսպիսի տներում։ Սակայն տունը քրիստոնյայի համար ոչ միայն բնակության, այլև հոգևոր կրթություն ստանալու և երկրպագության վայր է։

Փոքր տները։ Ինչպես այսօր, այն ժամանակ էլ տները լինում էին տարբեր չափի ու ձևի՝ կախված ընտանիքի ֆինանսական կարողությունից և այն բանից, թե որտեղ էր այն կառուցված։ Ամենափոքր տները (1) ունեին ընդամենը մի նեղ, մութ սենյակ, որտեղ ապրում էր ողջ ընտանիքը։ Այդպիսի տները հիմնականում կառուցվում էին արևի տակ չորացրած ցեխի աղյուսներով։ Որոշ տներ էլ ունենում էին չտաշված քարերով շարված պատեր։ Սակայն բոլորն էլ կառուցվում էին քարե հիմքի վրա։

Ներսի պատերը ծեփում էին, իսկ հատակը սալարկում էին, սակայն շարունակ վերանորոգման կարիք էր լինում։ Կտուրից կամ առաստաղից մի փոքր անցք էին բացում, որպեսզի օջախի ծուխը դուրս գար։ Ամբողջ կահ–կարասին ընդամենը ամենաանհրաժեշտ կենցաղային պարագաներն էին։

Տանիքը ծածկված էր լինում հողով, որի տակ ճյուղեր էին, եղեգ կամ գերաններ, որոնք հենված էին սյուների վրա։ Տանիքը պատում էին կավե սալիկներով, և այն դառնում էր որոշ չափով անջրանցիկ։ Տանիք կարող էին բարձրանալ միայն դրսի սանդուղքով։

Անգամ այսպիսի խիտ բնակեցված թաղամասերում, քրիստոնյաների տները հաճելի վայր էին, որտեղ անգամ աղքատ ընտանիքը կարող էր հոգևորապես հարուստ ու երջանիկ լինել։

Միջին խավը։ Միջին խավն ապրում էր երկհարկանի քարե տներում, (2) որտեղ կար նաև հյուրասենյակ (Մարկոս 14։13–16; Գործեր 1։13, 14)։ Այս ընդարձակ վերնասենյակում կարելի էր հանդիպումներ անցկացնել։ Հաճախ այն օգտագործվում էր նաև տոների ժամանակ (Գործեր 2։1–4)։ Այսպիսի և ավելի ընդարձակ տները (3), որտեղ ապրում էին հիմնականում վաճառականներն ու հողատերերը, կառուցվում էին կրաքարով։ Քարերը իրար միացնում էին կրային շաղախով։ Քարե սալիկներով պատված հատակը և ներսի պատերը սվաղում էին։ Իսկ դրսի կողմից պատերը սպիտակեցնում էին կրով։

Տանիք կամ վերնահարկ բարձրանում էին աստիճաններով։ Բոլոր տափակ տանիքների շուրջը եզրապատ էր շինված, որպեսզի ոչ ոք չընկնի այնտեղից ու դժբախտ պատահար չլինի (Բ Օրինաց 22։8)։ Օրվա շոգ ժամերին տանիքին սարքած տաղավարի տակ հաճելի էր առանձնանալ ուսումնասիրություններ անելու, խորհրդածելու, աղոթելու և հանգստանալու համար (Գործեր 10։9

Ամուր կառուցված այս տներում հաճախ ապրում էր մի ողջ գերդաստան։ Այսպիսի տներն ունենում էին լրացուցիչ մեծ սենյակներ և առանձին ննջարաններ, ընդարձակ խոհանոց և ճաշասենյակ։

Ավելի շքեղ տները։ Հռոմեական ոճով կառուցված տները (4) իրարից բավականին տարբերվում էին իրենց չափերով և ձևով։ Մեծ սենյակները գտնվում էին ընդարձակ ճաշասենյակի (տրիկլինիումի) շուրջը, որտեղ ընտանիքը անցկացնում էր օրվա մեծ մասը։ Որոշ տներ ունեին երկրորդ ու երրորդ հարկ (5), որոշներն էլ ունեին պարսպապատ այգիներ։

Այս շքեղ տներում հավանաբար լինում էր պերճաշուք կահույք, որոնց մեջ կային ոսկեզօծ և փղոսկրով պատված կահույքներ։ Հարուստ տներում կային նաև բաղնիքներ և հոսող ջուր։ Հատակը փայտից էր կամ պատված էր գույնզգույն մարմարով, իսկ պատերը ծածկված էին մայրի փայտով։ Մետաղյա թասերի մեջ լցնում էին տաք քարածուխ և տաքացնում էին սենյակները։ Պատուհաններին լինում էին փայտից պատրաստված ճաղեր՝ ապահովության համար, և վարագույրներ, որպեսզի դրսից ոչինչ չերևար։ Իսկ քանի որ պատերը հաստ էին, պատուհանագոգերն էլ շատ լայն էին (Գործեր 20։9, 10

Անկախ իրենց տների մեծությունից՝ առաջին դարի քրիստոնյաները հյուրասեր և առատաձեռն էին։ Այդ պատճառով շրջագայող վերակացուների համար դժվար չէր գտնել ջերմ ու հյուրասեր ընտանիք, որտեղ կարող էին մնալ մինչև այդ քաղաքում իրենց ծառայությունն ավարտելը (Մատթեոս 10։11; Գործեր 16։14, 15

«Սիմոնի և Անդրեասի տունը»։ Հիսուսին ջերմորեն ընդունեցին «Սիմոնի և Անդրեասի տանը» (Մարկոս 1։29–31)։ Ձկնորսներին պատկանող այս տունը հավանաբար քարե սալիկներով պատված բակի շուրջ (6) կառուցված համեստ տներից մեկն էր։

Այսպիսի տների դռներն ու պատուհանները դեպի բակ էին բացվում, որտեղ հաճախ աշխույժ եռուզեռ էր տիրում։ Այստեղ աղում էին հացահատիկը, հաց էին թխում և ճաշ էին պատրաստում։ Բակում նաև հաց էին ուտում և շփվում էին իրար հետ։

Կափառնայում քաղաքում միհարկանի տները կառուցում էին բազալտի չհղկված քարերով։ Դրսում գտնվող աստիճաններով կարելի էր բարձրանալ հարթ տանիք, որը պատված էր լինում կավե սալիկներով, կամ՝ կղմինդրով, որոնք շարված էին գերանների վրա փռված եղեգներին։ Իսկ սյուները պահում էին տանիքի գերանները (Մարկոս 2։1–5)։ Սենյակների հատակը քարե սալիկներով էր պատված, որի վրա փռում էին բրդյա գորգ։

Տների արանքում փողոցներն ու նրբանցքներն էին, որոնք ձգվում էին դեպի Գալիլեայի ծով։ Կափառնայումը շատ հարմար վայր էր ձկնորսների համար, ովքեր իրենց ապրուստը վաստակում էին ծովից ձուկ բռնելով։

«Տնից տուն»։ Ընդհանուր առմամբ՝ առաջին դարի քրիստոնյաների տները շատ տարբեր էին իրարից։ Ոմանք ապրում էին հողե տներում, որտեղ ընդամենը մեկ սենյակ կար, իսկ ոմանք էլ ապրում էին ընդարձակ ու շքեղ քարե առանձնատներում։

Այդ տները, սակայն, միայն ապահով ծածկ չէին ընտանիքների համար։ Այստեղ նրանք նաև հոգևոր կրթություն էին ստանում։ Այս պատերի ներսում ընտանիքը միասին երկրպագում էր Աստծուն։ Քրիստոնյաները հավաքվում էին տներում և ուսումնասիրում էին Սուրբ Գիրքը։ Նրանք վայելում էին նաև հաճելի շփումը հավատակիցների հետ։ Այն, ինչ սովորում էին այսպիսի տներում, կիրառում էին իրենց ծառայության մեջ, որը ամենակարևոր բանն էր իրենց համար։ Նրանք քարոզում և ուսուցանում էին «տնից տուն»՝ հռոմեական կայսրության ողջ տարածքով (Գործեր 20։20