Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄԱՍԻՄՈ ՏԻՍՏԱՐԵԼԼԻ

Ռոբոտներ ծրագրավորողը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Ռոբոտներ ծրագրավորողը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Պրոֆեսոր Մասիմո Տիստարելլին Իտալիայի Սասարիի համալսարանի գիտնականներից է։ Նա երեք միջազգային գիտական ամսագրերի համախմբագիր է և հարյուրավոր գիտական աշխատանքների համահեղինակ։ Նա ուսումնասիրում է, թե ինչպես են մարդիկ ճանաչում դեմքերը և այնպիսի թվացյալ պարզ բաներ անում, ինչպիսին գնդակ բռնելն է։ Բացի այդ, պրոֆեսորը ռոբոտների համար ծրագրավորում է տեսողական համակարգեր, որոնք անում են այն, ինչ մենք ենք անում։ «Արթնացե՛ք»-ը հարցրել է նրան, թե ինչու է հավատում Աստծուն և որպես գիտնական՝ ինչ աշխատանք է կատարում։

Ի՞նչ կրոնի եք պատկանել։

— Ծնողներս կաթոլիկ էին, բայց եկեղեցի չէին հաճախում։ Երիտասարդ տարիքում հակված էի աթեիզմին։ Ինձ սովորեցրել էին, որ կյանքը առաջ է եկել էվոլյուցիայի արդյունքում, և դա որպես փաստ էի ընդունում։ Թեև չէի հավատում Արարչին, կարծում էի, որ մեզնից ինչ-որ բարձր բան պետք է գոյություն ունենա։ Դա պարզելու համար ուսումնասիրեցի բուդդայականություն, դաոսականություն, հնդուականություն, բայց դրանց ուսմունքները ինձ չբավարարեցին։

Ինչպե՞ս հետաքրքրվեցիք գիտությամբ։

— Փոքր տարիքում տարված էի խաղալիքների մեխանիզմով։ Նույնիսկ սովորություն ունեի քանդելու իմ էլեկտրոնային խաղալիքները և նորից հավաքելու դրանք։ Անընդհատ հարցախեղդ էի անում հորս, որը հեռահաղորդակցության ինժեներ էր, թե ինչպես են աշխատում ռադիոներն ու հեռախոսները։

Ի՞նչ աշխատանք եք կատարում որպես գիտնական։

— Ես ուսումնասիրել եմ էլեկտրոնային ինժեներիա Ջենովայի համալսարանում։ Դոկտորի աստիճան ստանալու համար ուսումնասիրեցի ռոբոտների մեխանիզմն ու դիզայնը։ Մասնագիտացա մարդու տեսողական համակարգն ուսումնասիրելու և միջոցներ ստեղծելու մեջ, որ դրանք կիրառեմ ռոբոտներ ծրագրավորելու համար։

Ինչո՞ւ մեր տեսողական համակարգը հետաքրքրեց ձեզ։

— Մեր տեսողական համակարգը շատ բարդ է, և աչքերից բացի, շատ բաներ են մտնում դրա մեջ։ Այն նույնիսկ ներառում է մեր տեսածը վերարտադրելու միջոցները։ Օրինակ՝ նկատի առեք, թե ինչ է տեղի ունենում, երբ գնդակ եք բռնում։ Երբ վազում եք, որ բռնեք այն, ձեր աչքերի ոսպնյակները գնդակի պատկերը ֆոկուսի են բերում ցանցաթաղանթի վրա։ Պատկերը շարժվում է ձեր ցանցաթաղանթով՝ կախված թե՛ գնդակի, թե՛ աչքի շարժումից։ Բայց ինչ խոսք, դուք ձեր աչքը ֆիքսված եք պահում գնդակի վրա։ Դրա պատկերը անշարժ է դառնում ձեր ցանցաթաղանթի վրա, մինչդեռ հիմնապատկերը «շարժվում է»։

Միևնույն ժամանակ ձեր տեսողական համակարգը հաշվարկում է գնդակի արագությունը և այն ուղղությունը, որով ընթանում է։ Զարմանալի է, բայց հաշվարկները սկսում են հենց ձեր ցանցաթաղանթում, երբ աչքը գնահատում է գնդակի շարժումը դրա հիմնապատկերի հարաբերությամբ։ Տեսողական նյարդը ուղեղին ազդանշաններ է ուղարկում, որոնք ձևավորում է ցանցաթաղանթը, և ուղեղը հետո վերլուծում է տեղեկությունը և ձեզ առաջնորդում գնդակը բռնելու։ Այդ պրոցեսի ողջ բարդությունն ուղղակի ապշեցնող է։

Ի՞նչը մղեց ձեզ հավատալու Արարչին։

— 1990թ.-ին մի քանի ամիս անցկացրի Դուբլինում (Իռլանդիա)՝ Երրորդության քոլեջում հետազոտություններ անելու համար։ Տուն վերադառնալիս կնոջս՝ Բարբարայի հետ մտածում էինք մեր երեխաների ապագայի մասին։ Որոշեցինք այցելել քրոջս, որը Եհովայի վկա է։ Նա տվեց ինձ Վկաների կողմից հրատարակված «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը։ Դրանում կատարված մանրակրկիտ ուսումնասիրությունն ինձ շատ տպավորեց։ Հանկարծ հասկացա, որ ընդունել էի էվոլյուցիոն տեսությունը՝ առանց ստուգելու փաստերը։ Օրինակ՝ կարծում էի, որ բրածոների վերաբերյալ տվյալները թիկունք են կանգնում էվոլյուցիային։ Սակայն դա այդպես չէ։ Որքան շատ էի քննում էվոլյուցիոն տեսությունը, այնքան ավելի շատ էի համոզվում, որ այն ոչ թե փաստ է, այլ աղմուկ բարձրացրած թեորիա։

Հետո մտածեցի ռոբոտների հետ կապված իմ աշխատանքի մասին։ Ո՞ւմ ծրագրած բաներն էի կրկնօրինակում։ Ես երբեք չեմ կարող ռոբոտ ստեղծել, որը մեզ նման գնդակ բռնել կարողանա։ Ռոբոտը կարող է ծրագրավորվել գնդակ բռնելու համար, բայց միայն ճշգրտորեն ղեկավարվող հանգամանքներում։ Նա դա չի կարող անել այն հանգամանքներում, որոնց համար ծրագրավորված չէ։ Մեր սովորելու կարողությունը գերազանցում է մեխանիզմների կարողությունը, որոնք ունեն ստեղծողներ։ Սա ընդամենը փաստերից մեկն է, որ մղեց ինձ եզրակացնելու, որ մենք Ծրագրավորող ունենք։

Ինչո՞ւ դարձաք Եհովայի վկա։

— Մասամբ այն պատճառով, որ ինձ ու Բարբարային դուր եկավ նրանց մանրամասն ուսումնասիրության մեթոդները։ Ես հատկապես տպավորվեցի նրանով, թե ինչ հետազոտություններ է արվում նրանց հրատարակություններում։ Հիմնավոր ուսումնասիրությունը գրավում է ինձ նման մարդկանց, ովքեր ուզում են տեղյակ լինել մանրամասներից։ Օրինակ՝ ինձ խորապես հետաքրքրում էին Աստվածաշնչի շատ մարգարեություններ, կամ՝ կանխագուշակումներ։ Ուսումնասիրության շնորհիվ համոզվեցի, որ Աստվածաշունչն իսկապես Աստծուց է։ 1992-ին ես ու Բարբարան մկրտվեցինք ու դարձանք Եհովայի վկա։

Գիտությունն ուսումնասիրելը չի՞ թուլացրել ձեր հավատն Աստծու հանդեպ։

— Հակառակը՝ գիտությունը ամրացրել է հավատս։ Օրինակ՝ նկատի առնենք, թե ինչպես ենք ճանաչում մարդկանց դեմքերը։ Փոքրիկը մարդու դեմքը կարողանում է ճանաչել ծնվելուց մի քանի ժամ հետո։ Ես և դուք կարող ենք անմիջապես ճանաչել մեզ ծանոթ մարդուն անգամ ամբոխի մեջ։ Մենք նույնիսկ կարող ենք կռահել, թե ինչ էմոցիոնալ վիճակում է նա։ Սակայն գուցե ընդհանրապես պատկերացում չունենք, որ ճանաչելու կարողությունը ներառում է անհավանական արագությամբ մեծ քանակությամբ տեղեկությունների մշակում։

Այո՛, ես լիովին համոզված եմ, որ մեր տեսողական համակարգը թանկագին պարգև է Եհովա Աստծուց։ Նրա նվերները, այդ թվում Աստվածաշունչը մղեցին ինձ շնորհակալություն հայտնելու նրան և ուրիշներին նրա մասին պատմելու։ Դրանից բացի, արդարության զգացումս ասում է ինձ, որ նա արժանի է պատվի իր ստեղծագործությունների համար։

Մտածեցի ռոբոտների հետ կապված իմ աշխատանքի մասին։ Ո՞ւմ ծրագրած բաներն էի ես կրկնօրինակում