Դիտում ենք աշխարհը
Իսրայել
Այն երեխաները, որոնք «բնածին արատ ունեն, որը հնարավոր էր հայտնաբերել նախքան ծնվելը», այլևս չեն կարող դատական գործ հարուցել բժիշկների դեմ «սխալ կյանքի» համար, ինչպես տեղեկացնում է Haaretz.com կայքը։ Ծնողները, սակայն, կարող են գործ հարուցել «սխալ ծնունդի» համար, որպեսզի փոխհատուցում ստանան «հաշմանդամ երեխային մեծացնելու հետ կապված լրացուցիչ ծախսերը և նրա կարիքները հոգալու համար ողջ կյանքի ընթացքում»։
Ավստրալիա
Ավստրալիայում 10 զույգից 8-ը ամուսնանալուց առաջ իրար հետ է ապրում։
Հունաստան
Հունաստանի առողջապահության նախարարության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2011 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում Հունաստանում 40 տոկոսով աճել է ինքնասպանությունների թիվը՝ համեմատած 2010 թ. նույն ժամանակահատվածի հետ։ Այդ աճը համընկել է վերջին ֆինանսական ճգնաժամի սկզբին։
Միացյալ նահանգներ
Բնական ռեսուրսների պահպանության խորհրդի համաձայն՝ համազգային սննդի գրեթե 40 տոկոսը կորչում է։ Օրինակ՝ ըստ հաշվարկների՝ բերքի 7 տոկոսը երբեք չի հավաքվում, ռեստորաններում և ճաշարաններում մատուցվող սննդի 17 տոկոսը այդպես էլ չեն ուտում, իսկ ընտանիքները իրենց գնած ուտելիքի մոտ 25 տոկոսը թափում են։
Մադագասկար
Մադագասկարում վերջերս հայտնաբերվել է աշխարհի ամենափոքր քամելեոնը։ Նրա երկարությունը հասնում է մինչև 29 միլիմետրի։ Այդ շագանակագույն մողեսներից մի քանիսը այնքան փոքր են, որ կարող են տեղավորվել մարդու եղունգի վրա։ Քանի որ այդ քամելեոնի բնական միջավայրը սպառնալիքի տակ է, նա կարող է ոչնչացման առաջ կանգնել։