Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

5. Մարգարեություններ

5. Մարգարեություններ

 Պատճառներ՝ վստահելու Աստվածաշնչին

5. Մարգարեություններ

Մի փորձառու օդերևութաբան միշտ ճշգրիտ կանխատեսումներ է արել։ Եթե նա ասեր՝ անձրև է սպասվում, մի՞թե անձրևանոց չէիք վերցնի։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ լի է մարգարեություններով, այսինքն՝ կանխատեսումներով *։ Պատմությունը հաստատում է, որ ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում, ճիշտ է։ Աստվածաշնչի մարգարեությունները միշտ կատարվում են։

Հատկանշական գծեր։ Աստվածաշնչի մարգարեությունները հաճախ կոնկրետ են և կատարվում են ամենայն մանրամասնությամբ։ Սովորաբար նրանք անչափ կարևոր բաների մասին են, և նրանցում կանխագուշակվում է ճիշտ հակառակը այն բանի, ինչ կարող էին ակնկալել գրվելու ժամանակներում ապրող մարդիկ։

Ուշագրավ օրինակ։ Հին Բաբելոն քաղաքը կարևոր ռազմավարական դիրք ուներ, քանի որ կառուցված էր Եփրատ գետի երկու կողմերում։ Այն կոչվել է «հին Արևելքի քաղաքական, կրոնական և մշակութային կենտրոնը»։ Մ.թ.ա. մոտ 732–ին Եսայիան չարագուշակ մարգարեություն գրեց. Բաբելոնը կործանվելու էր։ Նա գրեց կոնկրետ բաներ. «Կյուրոս» անունով մի զորավար էր նվաճելու քաղաքը, Եփրատի ջրերը, որոնք պաշտպանում էին քաղաքը, «ցամաքելու» էին, քաղաքի դռները չէին «կապվելու», այսինքն՝ փակվելու (Եսայիա 44։27–45։3)։ Մոտ 200 տարի անց՝ մ.թ.ա. 539–ի հոկտեմբերի 5–ին, այս մարգարեությունը կատարվեց բոլոր մանրամասնություններով։ Հույն պատմիչ Հերոդոտոսը (մ.թ.ա. 5–րդ դար) փաստում է, որ Բաբելոնը հենց այդպես է կործանվել *։

Համարձակ կանխագուշակում։ Եսայիան Բաբելոնի մասին նաև մարգարեացավ. «Նա երբէք չէ.... բնակ[եց]ուելու» (Եսայիա 13։19, 20)։ Կանխագուշակելու համար, որ կարևոր ռազմավարական դիրք ունեցող և արագ տեմպերով զարգացող քաղաքը հավիտյան կործանվելու էր, իսկապես համարձակություն էր պահանջվում։ Սովորաբար ակնկալվում է, որ կործանվելուց հետո նման քաղաքը կվերակառուցվի։ Թեպետ Բաբելոնը իր կործանումից հետո շարունակեց գոյատևել, բայցևայնպես Եսայիայի խոսքերը ի վերջո կատարվեցին։ Այսօր այն վայրը, որտեղ եղել է հին Բաբելոնը, «հարթ է, շոգ, ամայի և փոշոտ»,— տեղեկացնում է «Սմիթսոնիան» հանդեսը։

Մարդ ակնածանքով է լցվում, երբ խորհում է Եսայիայի մարգարեության նշանակալիության մասին։ Այն, ինչ Եսայիան կանխագուշակեց, նույնն է, ինչ ընդգծված կերպով ասել, թե այնպիսի ժամանակակից քաղաք, ինչպիսին Նյու Յորքը կամ Լոնդոնն է, 200 տարի հետո կործանվելու է և այլևս չի բնակեցվելու։ Անշուշտ, այն փաստը, որ Եսայիայի մարգարեությունը կատարվել է, անչափ ուշագրավ է *։

Հոդվածների այս շարքում մենք քննարկեցինք մի քանի փաստեր, որոնք համոզել են միլիոնավոր մարդկանց, որ Աստվածաշունչը վստահելի գիրք է։ Ուստի նրանք առաջնորդվում են այդ գրքով։ Եթե ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեք Աստվածաշնչի մասին, ապա կկարողանաք կողմնորոշվել, թե արժե արդյոք, որ դուք էլ վստահեք այդ գրքին։

[Ծանոթագրություններ]

^ պարբ. 4 Եղանակի կանխատեսումները հավանականության տարր են պարունակում։ Այնինչ Աստվածաշնչի մարգարեությունները ներշնչված են Աստծուց, ով կարող է իր կամքի համաձայն ուղղություն տալ դեպքերի ընթացքին։

^ պարբ. 6 Եսայիայի այս մարգարեության կատարման մանրամասնությունների վերաբերյալ տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկը (էջ 27–29)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 8 Աստվածաշնչյան այլ մարգարեությունների և նրանց կատարումը փաստող պատմական տեղեկությունների մասին տե՛ս «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը (էջ 117–133, ռուս., արևմտ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Նկար 9–րդ էջի վրա]

Աստվածաշունչը ճշգրտորեն կանխագուշակել էր, որ «Կյուրոս» անունով մի զորավար էր նվաճելու հզոր Բաբելոնը