Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իսկ դուք կարո՞ղ եք վստահել Աստվածաշնչի խորհրդին

Իսկ դուք կարո՞ղ եք վստահել Աստվածաշնչի խորհրդին

Իսկ դուք կարո՞ղ եք վստահել Աստվածաշնչի խորհրդին

«Արժե՞ հավատալ այս մարդու խոսքերին»։ Թերևս նման հարց տաք, երբ որևէ մեկը ուզում է օգտագործված ավտոմեքենա վաճառել ձեզ, կամ ընտրարշավի ժամանակ քաղաքական գործիչը խոստումներ է տալիս։ Ինչ խոսք, դուք չեք ցանկանա ժամանակ և փող վատնել այնպիսի ապրանքի կամ տեղեկության վրա, որոնք էական արժեք չունեն։

ՆՄԱՆԱՊԵՍ, գուցե հարցնեք. «Աստվածաշնչում կա՞ այնպիսի արժեքավոր տեղեկություն, որը կարող է օգտակար լինել ինձ համար։ Եթե ես ընթերցեմ և ուսումնասիրեմ այդ գիրքը, կարո՞ղ եմ վստահ լինել, որ իմ ժամանակն ու ջանքերն իզուր չեն կորչի»։ Պատասխանները կարող եք գտնել հենց Աստվածաշնչում։ Մատթեոս 11։19 համարում ասվում է. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով»։ Այո՛, մարդիկ առաջնորդվում են ինչ–որ խորհրդով, կամ՝ «իմաստությամբ»։ Սակայն «գործերից»՝ արդյունքներից է երևում, թե ինչպիսին էր այդ խորհուրդը՝ լա՞վ, թե՞ վատ։ Ստորև բերվում են մի քանի մարդկանց խոսքեր, ովքեր ժամանակ են տրամադրել ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Ներքոհիշյալ տեղեկությունը կօգնի ձեզ կողմնորոշվելու, թե արժե ընթերցել և ուսումնասիրել այդ անզուգական գիրքը։

Հարցեր մահվան և հետմահու կյանքի մասին

Դեռ մանուկ հասակից Կարինը, որ ապրում է ԱՄՆ–ում, հավատում էր, որ բոլոր բարի մարդիկ, մահանալով, գնում են երկինք։ Սակայն երբ մահացավ նրա մայրը, այդ հավատալիքը առանձնապես չմխիթարեց նրան։ Կարինը ինքն իրեն հարցնում էր. «Այժմ երբ մայրս երկնքում է, հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի։ Ինչպե՞ս եմ նրան գտնելու, երբ ես էլ այնտեղ գնամ, և հարց է՝ կգնա՞մ արդյոք։ Երբ մահանամ, հնարավո՞ր է ուրիշ տեղ հայտնվեմ»։

Կարինը սկսեց խորությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների օգնությամբ։ Նա իմացավ, որ մահացածները չեն գնում երկինք, այլ կարծես խոր քնի մեջ լինեն։ «Մեռելները մի բան չ’գիտեն»,— գրված է Ժողովող 9։5–ում։ Ուրեմն ի՞նչ, Կարինն այլևս իր մորը չի՞ տեսնելու։

Աստվածաշնչային հետևյալ համարները նրան մխիթարեցին և հույս տվեցին. «Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։ Կարինը իմացավ, որ Աստված իր Որդու միջոցով մահացածներին հարություն է տալու երկրի վրա։ «Որքա՜ն տրամաբանական ու հասկանալի են մահվան և հարության վերաբերյալ աստվածաշնչյան ուսմունքները»,— ասաց նա։

Երկրպագության ո՞ր ձևն է ճիշտ

Երբ ռումինացի մի աղջիկ՝ Անջելան, 14 տարեկան էր, հիսունականների եկեղեցու ծառայողը աղոթեց, որ նա սուրբ հոգի ստանա։ Աղջիկը սկսեց խոսել լեզուներով։ Նրա ծնողները, սակայն, հասկացան, որ հիսունականների ուսմունքները ներդաշնակ չեն Աստվածաշնչին։ Ընտանիքը դադարեց հաճախել նրանց հանդիպումներին և սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։

Անջելան սկզբում հիասթափվեց, բայց շուտով հասկացավ, թե ինչ տարբերություններ կան իր նախկին կրոնական սովորությունների և Աստվածաշնչի ուսմունքների միջև։ Օրինակ՝ նա կարդաց Հովհաննես 17։3–ը, որտեղ ասվում է. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր»։ Անջելան գիտակցեց, որ ովքեր ուզում են արժանանալ Աստծու հավանությանը, նախևառաջ պետք է գիտելիքներ ստանան նրա մասին։ «Ինչպե՞ս կարող էի նման յուրահատուկ կերպով ստանալ Աստծու ոգին, երբ գրեթե ոչինչ չգիտեի նրա մասին,— ասաց նա։— Շնորհակալ եմ Եհովային, որ իր ներշնչյալ Խոսքի միջոցով օգնեց ինձ գտնել ճշմարիտ երկրպագությունը»։

Խորհուրդներ, որ փոխում են մարդու կյանքը

«Ես մի թեթև բանից իսկույն բռնկվում էի,— ասում է Գաբրիելը (Հնդկաստան)։— Բարկացած ժամանակ բղավում էի, առարկաները այս ու այն կողմ նետում, մարդկանց կոպտում էի և նույնիսկ հարվածում։ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ կարողացա ինքս ինձ տիրապետել։ Այժմ նույնիսկ լարված իրավիճակներում կարողանում եմ ինձ հանգիստ պահել»։

Գաբրիելը կարդացել էր սուրբգրային այնպիսի համար, ինչպիսին, օրինակ, Առակաց 16։32–ն է։ Այնտեղ ասվում է. «Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը»։ Դիռաջը, որը նույնպես կարողացել է ձերբազատվել բնավորության վատ գծերից, ասում է. «Այդ նույն համարը օգնեց ինձ հասկանալ, որ ափերից դուրս գալը թուլության նշան է, մինչդեռ ինքնատիրապետումը՝ ուժեղ լինելու»։

Ֆիլիպը, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունից է, մի ժամանակ հանցագործ խմբի անդամ էր։ Նա անընդհատ ծեծկռտուքների մեջ էր, մասնակցում էր կողոպուտների, գռեհիկ լեզվով էր խոսում։ Կատարած հանցագործությունների համար նրան բանտ նստեցրին։ Չնայած իր ապրելակերպին՝ Ֆիլիպը ցանկանում էր սովորել Աստծու մասին։ Նա սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել, և նրա մեջ Աստծուն ծառայելու ցանկություն առաջացավ։ Ֆիլիպը որոշեց կարգավորել իր կյանքը։ Նա վերջ տվեց վատ սովորություններին և խզեց կապերը հանցագործ ընկերների հետ։ Աստվածաշնչային ո՞ր ճշմարտությունները մղեցին նրան կատարելու այդ փոփոխությունները։

Եհովայի վկաները նրան ցույց տվեցին Հիսուսի խոսքերը, որոնք գրված են Հովհաննես 6։44–ում. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան»։ Ֆիլիպն ասում է. «Եհովան իմ մեջ ինչ–որ լավ բան տեսավ և ինձ առաջնորդեց դեպի իր ժողովուրդը՝ այս հրաշալի եղբայրությունը»։ Նրան նաև տպավորել էին Աստվածաշնչի հաղորդագրություններն այն մասին, որ Եհովան ողորմած է զղջացող մեղավորների հանդեպ։ Ֆիլիպն ասում է. «Դրանք օգնեցին ինձ տեսնելու, որ Եհովան ողջամտորեն է վերաբերվում անկատար մարդկանց, ովքեր զղջում են» (Բ Թագաւորաց 12։1–14; Սաղմոս 51

Երիտասարդ ավստրալիացի Ուեյդը չարաշահում էր ալկոհոլը, թմրանյութեր էր օգտագործում, մոլեխաղերով և անբարոյությամբ էր զբաղվում։ Բայց նա երջանիկ չէր։ Մի օր Ուեյդը զրուցեց Եհովայի վկաների հետ և ընդունեց Աստվածաշնչի անվճար ուսումնասիրության առաջարկը։ Ի՞նչ սովորեց նա։

«Ինձ խորապես տպավորեց, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում մարդկանց,— ասում է Ուեյդը։— Նա բարություն, կարեկցանք ու սեր էր դրսևորում բոլորի հանդեպ, ներառյալ երեխաների։ Որքան շատ բան էի սովորում նրա մասին, այնքան ավելի շատ էի ուզում նմանվել նրան։ Աստվածաշունչը սովորեցրեց ինձ, թե ինչ է նշանակում լինել իսկական տղամարդ, և ինչպես լավ անձնավորություն դառնալ»։ Իսկ ինչպե՞ս է Աստված վերաբերվում անցյալում կատարած նրա բոլոր վատ գործերին։ Ուեյդը պատմում է. «Աստվածաշնչից իմացա, որ եթե զղջամ իմ մեղքերի համար և փոխեմ վարքս, Աստված կների ինձ։ Իմ առջև հրաշալի ապագա է բացվել. հավիտենական կյանք դրախտ երկրի վրա» (Մատթեոս 5։5)։ Ուեյդը կարգի բերեց իր կյանքը և հիմա մաքուր խղճով երկրպագում է Եհովային։

Բոլոր այս խոսքերը, որոնք դուք հենց նոր կարդացիք, ասել են մարդիկ, ովքեր ցանկացել են բարեփոխել իրենց կյանքը։ Նրանք Աստվածաշունչը քննել են, որ իմանան, թե արդյոք նրա ուսմունքների միջոցով ի զորու կլինեն լուծելու իրենց խնդիրները և ստանալու հուզող հարցերի պատասխանները։ Այդ դրական արդյունքները համոզել են նրանց, որ իրենք կարող են վստահել Աստվածաշնչի գործնական խորհուրդներին։ Դուք նույնպես կարող եք այդպիսի համոզման գալ։

Դարեր առաջ գրված ներշնչյալ խոսքերն ասում են. «Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին որ հանճար [այսինքն՝ խորաթափանցություն] է ստանում։ Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահից, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից։ Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չ’արժեն։ Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք։ Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։ Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կ’անէ» (Առակաց 3։13–18

[Շրջանակ/նկար 25–րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ՕԳՆԵՑ ՄԻ ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ

Բիլը անչափ երջանիկ էր, երբ ամուսնացավ։ Բայց ամուսնությունից մեկ տարի էլ չէր անցել, նրան բանտարկեցին տարիներ առաջ կատարած օրինազանցության համար։

Ազատազրկումը նրան մեծապես ցնցեց։ Երբ Բիլի հոգեվիճակը փոքրիշատե խաղաղվեց, նա որոշեց բանտարկության անհամար օրերն արդյունավետորեն անցկացնել։ «Ամբողջ օրը մահճակալին պառկած՝ ես Աստվածաշունչ էի կարդում»,— ասում է նա։ Բիլը նաև կիրառում էր իր սովորածը։ «Ես բարյացակամորեն էի տրամադրված բանտակիցներիս հանդեպ։ Նրանք տեսնում էին, որ ես չեմ ցանկանում իրենց պես վատ բաներ անել։ Իմ մասին ասում էին. «Բիլն իր ուզածի պես է անցկացնում իր ժամանակը, ուզում է սովորել Աստծու և Աստվածաշնչի մասին։ Նա ոչ մեկի քեֆին չի կպչի»»։

«Իմ հեղինակության պատճառով բանտարկյալներն ինձ չէին ներքաշում վիճաբանությունների և այլ տհաճ իրավիճակների մեջ։ Բանտապահները հասկացան, որ ես խնդիրներ չեմ ստեղծի իրենց համար։ Ի վերջո, նրանք ինձ երաշխավորեցին այնպիսի աշխատանքի, որը հնարավորություն էր տալիս ինձ օրվա մեծ մասն աշխատել բանտարկյալներից հեռու։ Աստվածաշնչի խորհուրդները կիրառելը մեծ պաշտպանություն էր ինձ համար»։

Բիլը հաճախում էր բանտում անցկացվող Եհովայի վկաների հանդիպումներին և բանտարկյալներին ոգևորված պատմում էր այն ամենը, ինչ սովորում էր։ Երբ նա մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա, դեռևս գտնվում էր բանտում։ Անցյալը վերհիշելով՝ Բիլն ասում է. «Ես իզուր վատնել էի կյանքիս գրեթե 50 տարիները, և ուզում էի փոփոխություններ կատարել։ Համոզված եմ, որ բանտարկյալը միայն մեկ ձևով կարող է այդ փոփոխություններն անել. նա պետք է կիրառի Աստվածաշնչի սկզբունքները։ Ընդ որում նա պետք է ուսումնասիրի Եհովայի վկաների հետ, որպեսզի այդ գիրքը ճշգրտորեն հասկանա։ Նրանց կրոնը միակն է, որ սովորեցնում է Աստվածաշնչի ճշմարտությունը։ Դրանում կասկած չկա»։

Այժմ Բիլը դուրս է եկել բանտից և ակտիվորեն ծառայում է Եհովայի վկաների ժողովներից մեկում (ԱՄՆ)։ Նա և իր կինը շարունակում են ուսումնասիրել Աստծու Խոսքը և առաջնորդվում են նրա սկզբունքներով։ Նրանք խոր գնահատանքով են արտահայտվում Եսայիա 48։17, 18 համարների վերաբերյալ, որտեղ գրված է. «Ես եմ [«Եհովան», ՆԱ] քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս»։

[Նկարներ 23–րդ էջի վրա]

Կարին, ԱՄՆ

Անջելա, Ռումինիա

[Նկարներ 24–րդ էջի վրա]

Գաբրիել, Հնդկաստան

Դիռաջ, Հնդկաստան

Ֆիլիպը իր ընտանիքի հետ, Հարավաֆրիկյան Հանրապետություն

Ուեյդ, Ավստրալիա