Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հնագիտությունը թիկունք կանգնո՞ւմ է Աստվածաշնչին

Հնագիտությունը թիկունք կանգնո՞ւմ է Աստվածաշնչին

Հնագիտությունը թիկունք կանգնո՞ւմ է Աստվածաշնչին

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ուսումնասիրողներին հետաքրքրում է հնագիտությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ գիտության շնորհիվ նրանք ավելացնում են իրենց գիտելիքները աստվածաշնչյան ժամանակների՝ կյանքի, պայմանների, սովորությունների և լեզուների մասին։ Հնագիտությունը նաև արժեքավոր տեղեկություններ է հայթայթում Աստվածաշնչի մարգարեությունների կատարման մասին, որոնցից են, օրինակ, հին Բաբելոնի, Նինվեի և Տյուրոսի անկման մասին մարգարեությունները (Երեմիա 51։37; Եզեկիէլ 26։4, 12; Սոփոնիա 2։13–15)։ Սակայն այդ գիտության հնարավորությունները անսահման չեն։ Անհրաժեշտ է գտածոների վերաբերյալ մեկնաբանություններ տալ, իսկ դրանք մարդկային գործոնի պատճառով զերծ չեն սխալներից և փոփոխություններից։

Քրիստոնեական հավատը կախված է ոչ թե ջարդված սկահակներից, քայքայված աղյուսներից կամ քանդված պատերից, այլ հոգևոր ներդաշնակ ճշմարտությունների ամբողջությունից, որ ամփոփված է Աստվածաշնչում (2 Կորնթացիներ 5։7; Եբրայեցիներ 11։1)։ Անկասկած, Աստվածաշնչի ներքին ներդաշնակությունը, գրողների ազնվությունը, կատարված մարգարեությունները և շատ այլ առանձնահատկություններ համոզիչ կերպով ապացուցում են, որ «ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Բայցևայնպես, եկեք քննենք մի քանի հետաքրքիր հնագիտական հայտնագործություններ, որոնք թիկունք են կանգնում Աստվածաշնչին։

1970 թ.–ին հնագետների մի խումբ Երուսաղեմում պեղումներ կատարելիս գտավ այրված ավերակ։ «Ցանկացած փորձառու հնագետի համար ամեն ինչ պարզ էր,— գրում է խմբի ղեկավար Նաման Ավիգադը։— Տունը հրդեհվել էր, և պատերն ու առաստաղը փլվել էին»։ Սենյակներից մեկում հայտնաբերվեցին ձեռքի ոսկորներ [1]. ձեռքը աստիճանի վրա էր, իսկ մատները բացված էին։

Հատակին թափված էին մետաղադրամներ [2], որոնցից ամենանորը թվագրվում է Հռոմի դեմ հրեաների բարձրացրած ապստամբության չորրորդ տարով՝ 69 թվական։ Առարկաները այս ու այն կողմ են գցված եղել նախքան տան փլվելը։ «Սա տեսնելով,— ասում է Ավիգադը,— մենք հիշեցինք հռոմեացի զինվորների մասին Հովսեպոսի նկարագրությունը։ Քաղաքը նվաճելուց հետո նրանք թալանում էին տները»։ Ըստ պատմաբանների՝ հռոմեացիների կողմից Երուսաղեմը գրավվեց և ավարի մատնվեց 70 թվականին։

Մանրակրկիտ ուսումնասիրությամբ պարզվեց, որ գտնված ոսկորները պատկանում են 20–25 տարեկան կնոջ։ «Հռոմեացիների հարձակման ժամանակ երիտասարդ կինը եղել է խոհանոցում,— գրվում է «Բիբլիքըլ արքիոլոջի ռիվյու» հանդեսում։— Նրա տունը սկսել է վառվել։ Կինը ընկել է դռան մոտ՝ դեպի աստիճանը, բայց հենց այնտեղ էլ մահացել է։ Կրակն այնքան արագ է տարածվել.... որ նա չի հասցրել փախչել և մնացել է փլատակների տակ»։

Այս տեսարանը մեզ հիշեցնում է Հիսուսի մարգարեությունը Երուսաղեմի մասին, որ նա ասել էր դրանից մոտ 40 տարի առաջ. «Թշնամիներդ.... քեզ ու քո մեջ եղող երեխաներիդ գետին կտապալեն և քարը քարի վրա չեն թողնի քեզանում» (Ղուկաս 19։43, 44

Հնագիտական գտածոները նաև պարունակում են Աստվածաշնչում նշված մարդկանց անունների արձանագրություններ։ Գտածոներից մի քանիսը ջախջախիչ կերպով հերքում են քննադատների այն պնդումը, թե Աստվածաշնչի գրողները որոշ կերպարների հնարել են կամ չափազանցրել են նրանց հռչակը։

Աստվածաշնչյան անունների արձանագրությունները

Կար ժամանակ, որ ականավոր գիտնականները կարծում էին, թե գոյություն չի ունեցել Սարգոն II անունով Ասորեստանի թագավոր. նրա անունը, սակայն, հայտնվում է Աստվածաշնչում՝ Եսայիա 20։1–ում։ 1843 թ.–ին ներկայիս Քորսաբադ քաղաքի (Իրաք) մոտակայքում՝ Տիգրիս գետի վտակներից մեկի մոտ, հայտնաբերվեց Սարգոնի պալատը [3]։ Պալատը զբաղեցնում է մոտ 10 հեկտար տարածություն։ Դուրս գալով դարերի խավարից՝ Սարգոն II–ը այժմ Ասորեստանի ամենահայտնի թագավորներից է։ Իր տարեգրություններից [4] մեկում նա ասում է, որ նվաճել է Իսրայելի Սամարիա քաղաքը։ Ըստ աստվածաշնչային ժամանակագրության՝ Ասորեստանը գրավել է Սամարիան մ.թ.ա. 740–ին։ Սարգոնը նշում է նաև Ազովտոսի գրավման մասին։ Այս փաստը նույնպես թիկունք է կանգնում Եսայիա 20։1–ի հաղորդագրությանը։

Պեղելով հին քաղաք Բաբելոնի ավերակները (ներկայիս Իրաքի տարածքում)՝ հնագետները Իշտարի դարպասի մոտ գետնի երես հանեցին շուրջ 300 սեպագրություններ։ Դրանք պարունակում էին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի կառավարման ժամանակաշրջանին պատկանող անունների ցուցակ, որի մեջ կար նաև «Յաուքին՝ Յահուդ երկրի թագավոր» արձանագրությունը։ Այս անունը Հուդա երկրի թագավոր Հովաքինին է վերաբերում, որին Նաբուգոդոնոսորը Երուսաղեմի առաջին նվաճումից հետո (մ.թ.ա. 617) տարավ Բաբելոն (Դ Թագաւորաց 24։11–15)։ Հովաքինի որդիներից հինգի անունները ևս հիշատակվում են այդ ցուցակում (Ա Մնացորդաց 3։17, 18

2005 թ.–ին հնագետները պեղումներ կատարեցին՝ հուսալով գտնել Դավիթ թագավորի պալատը։ Նրանք հայտնաբերեցին մեծ քարե շինություն, որը, ըստ նրանց, ավերվել է, երբ բաբելոնացիները ավելի քան 2 600 տարի առաջ հողին են հավասարեցրել Երուսաղեմը։ Աստծու մարգարե Երեմիան ապրում էր այդ ժամանակներում։ Հայտնի չէ, թե արդյոք այդ շինությունը Դավիթ թագավորի պալատից է մնացել, թե՝ ոչ։ Սակայն հնագետ Էլաթ Մազարը հստակ բնորոշեց մի հետաքրքիր առարկա. դա մեկ սանտիմետր տրամագիծ ունեցող կնիքի կավե դրոշմվածք [5] էր, որի վրա գրված է. «Պատկանում է Շովիի որդի Շելեմյահուի որդի Եհուխալին»։ Այս դրոշմվածքը հավանաբար արվել է Եհուխալի (կամ Եհուքաղ, Հուքաղ) կնիքով։ Աստվածաշնչում նշվում է նրա անունը և ասվում, որ նա հրեա պաշտոնյա էր ու հակառակվում էր Երեմիային (Երեմիա 37։3; 38։1–6

Եհուքաղը, ըստ Մազարի, «թագավորի երկրորդ մերձավոր անձնավորությունն էր» Սափանի որդի Գամարիայից հետո։ Վերջինիս անունը գրված է այն դրոշմվածքի վրա, որ հայտնաբերվել է Դավթի քաղաքում։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհուքաղը՝ Սեղեմիայի որդին, Հուդայի իշխան էր։ Նախքան այդ կնիքի հայտնագործումը նրա անունը, Գրություններից բացի, ուրիշ ոչ մի տեղ գրված չի եղել։

Գրել–կարդալ գիտեի՞ն

Աստվածաշունչն ասում է, որ հին իսրայելացիները գրագետ էին (Թուոց 5։23; Յեսու 24։26; Եսայիա 10։19)։ Սակայն քննադատները պնդել են, թե Աստվածաշնչի պատմությունը փոխանցվել է բերանացի, հետևաբար դրա վավերականությունը կասկածելի է։ 2005 թ.–ին այս տեսակետը հարված ստացավ, երբ հնագետները Թել Զայիթում (ընկած է Երուսաղեմից Միջերկրական ծով գնացող ճանապարհի կեսին) հայտնաբերեցին եբրայական այբուբեն [6]՝ փորագրված կրաքարի վրա։ Այն թերևս երբևէ հայտնաբերված եբրայական այբուբեններից հնագույնն է։

Այբուբենը թվագրվում է մ.թ.ա. 10–րդ դարով։ Ըստ որոշ գիտնականների՝ գտածոյից կարելի է եզրակացնել, որ այն ժամանակ «գրագիրների պատրաստման դպրոց» կար, «մշակույթը բարձր մակարդակի» վրա էր, և «Երուսաղեմում վարչարարությունը մեծ թափով զարգանում էր»։ Այսպիսով, պարզ է, որ ի հակառակ քննադատների պնդումների՝ արդեն մ.թ.ա. 10 դարում իսրայելացիները գրագետ էին և կարող էին գրի առնել իրենց պատմությունը։

Ասորեստանյան արձանագրությունները

Ասորեստանը, որ մի ժամանակ հզոր տերություն էր, հաճախ է հիշատակվում Աստվածաշնչում։ Բազմաթիվ հնագիտական գտածոներ հաստատում են Սուրբ Գրությունների ճշգրտությունը։ Օրինակ՝ հին Նինվեի՝ Ասորեստանի մայրաքաղաքի գտնվելու վայրում կատարվեցին պեղումներ, և Սենեքերիմի պալատում հայտնաբերվեց մի բարձրաքանդակ [7]։ Նրա վրա պատկերված են ասորեստանցի զինվորներ, որոնք հրեաներին տանում են գերության Լաքիսի անկումից հետո (մ.թ.ա. 732)։ Դուք կարող եք այդ մասին կարդալ Աստվածաշնչում՝ Դ Թագաւորաց 18։13–15 համարներում։

Սենեքերիմի տարեգրությունները [8], որ հայտնաբերվել են Նինվեում, պատմում են նրա ձեռնարկած ռազմական արշավի մասին և հիշատակում են նաև Եզեկիային, որն այդ ժամանակ թագավոր էր Հուդայում։ Մյուս կառավարիչների սեպագրությունները հիշատակում են Հուդայի թագավորներ Աքազին, Մանասեին, ինչպես նաև Իսրայելի թագավորներ Ամրիին, Հեուին, Հովասին, Մանայեմին և Ովսեեին։

Իր արձանագրություններում Սենեքերիմը պարծենում է ռազմական հաջողություններով, բայց հետաքրքիր է, որ նա ոչ մի բան չի ասում Երուսաղեմը գրավելու մասին։ Այս հանգամանքը է՛լ ավելի արժանահավատ է դարձնում Աստվածաշնչի հաղորդագրությունը, որովհետև Սուրբ Գրությունները փաստում են, որ այդ թագավորը երբեք չի պաշարել Երուսաղեմը, այլ պարտություն է կրել Աստծու ձեռքով։ Դրանից հետո նվաստացած Սենեքերիմը վերադարձել է Նինվե, որտեղ, ինչպես Աստվածաշունչն է ասում, սպանվել է իր որդիների կողմից (Եսայիա 37։33–38)։ Ուշագրավ է, որ երկու ասորեստանյան արձանագրություններ հաստատում են այդ սպանության փաստը։

Քանի որ Նինվեի ժողովուրդը չար էր, Աստված Նաում և Զաքարիա մարգարեների միջոցով կանխագուշակեց քաղաքի հիմնահատակ կործանումը (Նաում 1։1; 2։8–3։19; Սոփոնիա 2։13–15)։ Այդ մարգարեություններն իրականացան, երբ Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի և Մարաստանի թագավոր Կիաքսարի միացյալ զորքերը մ.թ.ա. 632–ին Նինվեն պաշարեցին և գրավեցին։ Նինվեի պեղումները ևս մեկ անգամ հաստատում են Աստվածաշնչի հաղորդագրությունների իսկությունը։

Տիգրիս գետից արևելք և Նինվեից հարավ–արևելք ընկած հնագույն քաղաք Նուզիում 1925–1931 թթ.-ին հայտնաբերվեցին բազմաթիվ գտածոներ։ Նրանց մեջ կային նաև մոտ 20 000 կավե սալիկներ։ Դրանք գրվել են բաբելոնական լեզվով և պարունակում են մանրամասն տեղեկություններ իրավունքների վերաբերյալ, նման այն նահապետական սովորություններին, որոնց մասին նկարագրվում է «Ծննդոց»–ում։ Արձանագրությունները, օրինակ, ցույց են տալիս, որ ընտանեկան աստվածները, որոնք հաճախ ներկայացված էին փոքր կավե արձանիկներով, հանդես էին գալիս որպես «փաստաթուղթ», որը դրա տիրոջը ժառանգության իրավունք էր տալիս։ Այս սովորությամբ կարելի է բացատրել, թե ինչու նահապետ Հակոբի կին Ռաքելը վերցրեց իր հորը՝ Լաբանին պատկանող ընտանեկան աստվածները, կամ՝ «թերափիմները», երբ Հակոբի ընտանիքը տեղափոխվում էր մեկ ուրիշ վայր։ Հասկանալի է, որ Լաբանը փորձեց ետ ստանալ թերափիմները (Ծննդոց 31։14–16, 19, 25–35

Եսայիայի մարգարեությունը և «Կյուրոսի գլանը»

Այստեղ պատկերված սեպագրությունը, որ արված է հին կավե գլանի վրա, Աստվածաշնչի հաղորդագրության ճիշտ լինելու մեկ ուրիշ ապացույց է։ Նրան տրվել է «Կյուրոսի գլան» [9] անունը։ Այն հայտնաբերվել է Եփրատի ափին գտնվող հին Սիփար քաղաքի գտնվելու վայրում՝ Բաղդադից 32 կիլոմետր հեռու։ «Կյուրոսի գլանի» վրա փաստագրված է Պարսկական կայսրության հիմնադիր Կյուրոս II Մեծի կողմից Բաբելոնի նվաճումը։ Զարմանալի է, բայց դրանից մոտ 200 տարի առաջ Եհովան Եսայիա մարգարեի միջոցով խոսել էր մարա–պարսկական մի կառավարչի մասին, որի անունը «Կյուրոս» էր լինելու. «Իմ հովիւն ես. եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարէ, եւ պիտի ասէ Երուսաղէմին թէ Շինուիր» (Եսայիա 13։1, 17–19; 44։26–45։3

Ուշագրավ է, որ այդ գլանում նշվում է Կյուրոսի վարած քաղաքականության մասին, որը խիստ տարբերվում էր այդ ժամանակների մյուս նվաճողների գործելակերպից. Կյուրոսը Բաբելոնի գերիներին ուղարկեց իրենց հայրենի երկրները։ Աստվածաշնչային և աշխարհիկ պատմությունները վկայում են, որ Կյուրոսն իսկապես ազատ է արձակել հրեաներին, որոնք, վերադառնալով, վերակառուցել են Երուսաղեմը (Բ Մնացորդաց 36։23; Եզրաս 1։1–4

Աստվածաշնչային հնագիտությունը հետաքրքրում է շատերին, թեև այն գիտության համեմատաբար նոր ճյուղ է։ Հնագետները մարդկանց ուշադրությանն են ներկայացնում արժեքավոր տեղեկություններ։ Իսկ բազմաթիվ հայտնագործություններ, ինչպես տեսանք, հաստատում են, որ Աստվածաշունչը արժանի է վստահության և ճշգրիտ է նույնիսկ ամենաաննշան մանրամասնություններում։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ձեզ ապրել երջանիկ և իմաստալից կյանքով։ «Աստվածաշունչ. փաստերի և մարգարեությունների գիրք» երկուժամանոց թվային տեսասկավառակը այս կարևոր թեման է շոշափում և ներկայացնում է հետաքրքիր հարցազրույցներ։ Այն մատչելի է 32 լեզուներով։

Ցանկանո՞ւմ եք ստանալ ավելի շատ ապացույցներ այն մասին, որ Աստվածաշունչը առասպելական և հակասական գիրք չէ։ Իսկապե՞ս Աստվածաշնչում նկարագրված հրաշքները կատարվել են։ Քննեցեք փաստերը 192–էջանոց այս գրքի օգնությամբ, որը հրատարակվել է 56 լեզուներով։

[Թույլտվությամբ]

Alexander the Great։ Roma, Musei Capitolini

Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Ուսումնասիրության այս ձեռնարկում, որը բաղկացած է 19 գլխից, տեղ են գտել աստվածաշնչյան բոլոր կարևոր ուսմունքները, ինչպես նաև բացատրվում է, թե որն է Աստծու նպատակը երկրի և մարդկության առնչությամբ։ Այժմ առկա է 162 լեզուներով։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Գեղեցիկ այս պատկերազարդ գրքում, որը նախատեսված է հատկապես երեխաների համար, պատմվում է 116 զանազան դեպքերի և մարդկանց մասին՝ բոլորը ժամանակագրական կարգով։ Մատչելի է 194 լեզուներով։

[Թույլտվությամբ]

Coins: Generously Donated by Company for Reconstruction & Development of Jewish Quarter, Jerusalem Old City

Society for Exploration of Land of Israel and its Antiquities ▸

3: Musée du Louvre, Paris; 4: Photograph taken by courtesy of the British Museum; 5: Gabi Laron/Institute of Archaeology/Hebrew University © Eilat Mazar

6: AP Photo/Keith Srakocic; 7, 8: Photograph taken by courtesy of the British Museum

Photograph taken by courtesy of the British Museum