Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ

Մխիթարություն դժվարությունների ժամանակ

Մխիթարություն դժվարությունների ժամանակ

Մարդիկ բախվում են տարբեր դժվարությունների։ Թեև չենք կարող այս հոդվածում խոսել այդ բոլորի մասին, բայց մանրամասն կքննենք հոդվածաշարի սկզբում նշված չորս օրինակները։ Կտեսնենք, թե ինչպես են մարդիկ մխիթարություն ստացել Աստծուց տարբեր դժվարությունների ժամանակ։

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ

«Ես սովորեցի, որ պետք է պատրաստ լինեմ կատարել ցանկացած աշխատանք, և մենք կրճատեցինք մեր ավելորդ ծախսերը»։ (Ջոնաթան)

Սեթն ասում է. «Ես ու կինս կորցրինք մեր աշխատանքը միևնույն ժամանակ։ * Երկու տարի մենք ապրում էինք ընտանեկան նպաստով և մի քանի փոքր գործերից ստացած գումարով։ Այդ ամենի հետևանքով կինս՝ Պրիսիլան, դեպրեսիայի մեջ ընկավ, իսկ իմ մեջ թերարժեքության զգացում առաջացավ։

Բայց մենք կարողացանք հաղթահարել այս դժվարությունը։ Պրիսիլան անընդհատ ինքն իրեն հիշեցնում էր Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Մատթեոս 6։34-ում։ Այնտեղ ասվում է, որ չպետք է մտահոգվենք վաղվա օրվա մասին, քանի որ յուրաքանչյուր օր ունի իր նեղությունները։ Նա ջերմեռանդորեն աղոթում էր, և դա նրան ուժ էր տալիս, որ շարունակի պայքարել։ Իսկ ինձ շատ էին մխիթարում Սաղմոս 55։22-ում գրված խոսքերը։ Սաղմոսերգուի պես՝ ես իմ բեռը Եհովայի վրա էի գցում և տեսնում էի, որ նա նեցուկ է լինում ինձ։ Այժմ ես աշխատանք ունեմ, բայց մենք շարունակում ենք պարզ կյանքով ապրել՝ վարվելով Հիսուսի խորհրդի համաձայն, որն արձանագրված է Մատթեոս 6։20–22-ում։ Իսկ ամենակարևորն այն է, որ ավելի ենք մտերմացել Աստծու և միմյանց հետ»։

Ջոնաթանն ասում է. «Երբ մեր փոքրիկ ընտանեկան բիզնեսը լուծարվեց, ես սկսեցի վախով նայել ապագային։ Տնտեսական ճգնաժամի պատճառով 20 տարվա մեր տքնաջան աշխատանքը ջուրն ընկավ։ Ես ու կինս սկսեցինք հաճախակի վիճել փողի պատճառով։ Մենք չէինք կարողանում նույնիսկ վարկաքարտով գնումներ կատարել, քանի որ վստահ չէինք, որ վարկաքարտ տրամադրող ընկերությունը կփակի ծախսերը։

Բայց Աստծու Խոսքն ու նրա սուրբ ոգին օգնեցին մեզ ճիշտ որոշումներ կայացնել։ Ես սովորեցի, որ պետք է պատրաստ լինեմ կատարել ցանկացած աշխատանք։ Բացի այդ, մենք կրճատեցինք մեր ավելորդ ծախսերը։ Մեզ շատ աջակցեցին նաև մեր հավատակիցները՝ Եհովայի վկաները։ Նրանք թիկունք էին կանգնում մեզ, որ չկորցնենք մեր ինքնահարգանքը, և ամենածանր պահերին օգնության ձեռք էին մեկնում»։

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ռաքելը պատմում է. «Երբ ամուսինս հանկարծակի լքեց ինձ, ես լցվեցի բարկությամբ և վիրավորվածության զգացումով։ Ինձ համակեց մի անտանելի տխրություն։ Բայց ես Աստծուն դիմեցի օգնության համար, և նա մխիթարեց ինձ։ Ամեն օր աղոթում էի Աստծուն, և նրա տված խաղաղությունը պահպանում էր սիրտս։ Աստված «սոսնձեց» իմ կոտրված սիրտը։

Աստծու Խոսքի օգնությամբ հաղթահարեցի դառնության և վիրավորվածության զգացումը։ Ես կիրառեցի Պողոսի խոսքերը՝ արձանագրված Հռոմեացիներ 12։21-ում. «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ միշտ բարիով հաղթիր չարին»։

«Կա ժամանակ, երբ պետք է «կորցրածի հետ համակերպվենք».... Այժմ ես նոր նպատակներ ունեմ իմ կյանքում»։ (Ռաքել)

Ընկերներիցս մեկը իմաստուն խորհուրդ տվեց և օգնեց հասկանալու, որ շատ կարևոր է առաջ նայել։ Նա ինձ ցույց տվեց Ժողովող 3։6-ը և նրբանկատորեն ասաց, որ կա ժամանակ, երբ պետք է «կորցրածի հետ համակերպվենք»։ Ինձ համար հեշտ չէր ընդունել այդ խորհուրդը, բայց դա հենց այն էր, ինչի կարիքն ունեի։ Այժմ ես նոր նպատակներ ունեմ իմ կյանքում»։

Էլիզաբեթն ասում է. «Ամուսնալուծությունից հետո աջակցության մեծ կարիք ունեի։ Սիրելի ընկերուհիներիցս մեկը այդ դժվար պահերին միշտ կողքիս էր։ Նա լաց էր լինում ինձ հետ, մխիթարում էր և այնպես էր անում, որ ինձ լքված չզգամ ու վստահ լինեմ, որ ինձ սիրում են։ Համոզված եմ, որ Եհովան էր նրա միջոցով ամոքում սրտիս վերքերը»։

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

«Ես շարունակ աղոթում եմ Եհովային, և զգում եմ, որ նրա ոգին զորացնում է ինձ»։ (Լուիս)

Լուիսը, որի մասին խոսեցինք այս հոդվածաշարի սկզբում, սրտի լուրջ հիվանդություն ունի, որի պատճառով երկու անգամ մահվան շեմին է կանգնել։ Օրվա մեջ նա 16 ժամ ստիպված է շնչել թթվածնային սարքի միջոցով։ Լուիսն ասում է. «Ես շարունակ աղոթում եմ Եհովային և զգում եմ, որ նրա ոգին զորացնում է ինձ։ Աղոթքն օգնում է, որ չհանձնվեմ. ես ապավինում եմ Աստծուն և գիտեմ, որ նա հոգ է տանում իմ մասին»։

Պետրան, որն արդեն 80-ն անց է, ասում է. «Այնքան բան կա, որ ուզում եմ անել, բայց չեմ կարողանում։ Շատ դժվար է, երբ զգում ես՝ ինչպես են ուժերդ աստիճանաբար սպառվում։ Ես շատ թույլ եմ լինում և ստիպված եմ ամեն օր դեղորայք ընդունել։ Հաճախ եմ հիշում այն, որ Հիսուսը իր Հորը խնդրեց՝ եթե հնարավոր է, թույլ չտա իրեն անցնել որոշակի դժվարությունների միջով։ Բայց, ի պատասխան, Եհովան զորացրեց նրան։ Նա ինձ էլ է զորացնում։ Իմ լավագույն սպեղանին ամեն օր աղոթելն է։ Աստծու հետ խոսելուց հետո ինձ շատ ավելի լավ եմ զգում» (Մատթեոս 26։39

Նմանատիպ զգացումներ ունի նաև Խուլիանը, ով մոտ 30 տարի է, ինչ տառապում է ցրված կարծրախտով։ Նա ասում է. «Տնօրենի աթոռս փոխարինեցի հաշմանդամի սայլակով։ Բայց իմ կյանքն իմաստալից է, քանի որ ես այն նվիրել եմ ուրիշներին ծառայելուն։ Մարդկանց համար օգտակար բան անելը մեղմում է տառապանքը։ Բացի այդ, Եհովան պահում է իր խոստումը և զորացնում է նեղության ժամանակներում։ Պողոս առաքյալի պես՝ իրավամբ կարող եմ ասել. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»» (Փիլիպպեցիներ 4։13

ՍԻՐԵԼԻ ՄԱՐԴՈՒ ԿՈՐՈՒՍՏ

Անտոնիոն ասում է. «Երբ հայրս վրաերթի հետևանքով մահացավ, սկզբում չէի կարողանում հավատալ դրան։ Մտածում էի, որ դա անարդար է. չէ՞ որ նա ոչ մի մեղք չուներ, պարզապես անցնում էր փողոցը։ Բայց ես ոչինչ չէի կարող փոխել։ Մինչև իր մահը նա հինգ օր կոմայի մեջ մնաց։ Մորս ներկայությամբ ինձ մի կերպ զսպում էի, բայց երբ մենակ էի մնում, դառնագին լաց էի լինում։ Մտքումս շարունակ նույն հարցն էի տալիս՝ ինչո՞ւ։

Այդ ծանր օրերին շարունակ խնդրում էի Աստծուն, որ ինձ խաղաղություն տա և օգնի վերահսկել զգացմունքներս։ Եվ հետզհետե ինձ ավելի հանգիստ էի զգում։ Հիշում էի աստվածաշնչյան այն խոսքերը, որ «ժամանակ և պատահար բոլորին է լինում», նաև գիտեի, որ Աստված «չի կարող ստել», ուստի համոզված էի, որ հարության ժամանակ կրկին կտեսնեմ հորս» (Ժողովող 9։11; Հովհաննես 11։25; Տիտոս 1։2

«Ճիշտ է, մեր տղան այլևս մեզ հետ չէ, բայց մենք ունենք բազում ուրախ հիշողություններ միասին անցկացրած օրերից»։ (Ռոբերտ)

Ռոբերտը, որի մասին խոսվեց առաջին հոդվածում, նմանատիպ զգացումներ ունի։ Նա ասում է. «Ես ու կինս միշտ աղոթում էինք Եհովային և դրա շնորհիվ ունեինք մտքի խաղաղություն, որի մասին նշված է Փիլիպպեցիներ 4։6, 7-ում։ Այդ ներքին խաղաղությունն օգնեց, որ կարողանանք մեզնից հարցազրույց վերցնող լրագրողների հետ խոսել հարության հույսի մասին։ Ճիշտ է, մեր տղան այլևս մեզ հետ չէ, բայց մենք ունենք բազում ուրախ հիշողություններ միասին անցկացրած օրերից։ Ձգտում ենք ավելի շատ այդ օրերի մասին մտածել։

Հետո մեր հավատակիցները պատմեցին, որ հեռուստացույցով տեսել են, թե որքան հանգիստ էինք խոսում մեր հավատի մասին։ Մենք նրանց ասացինք, որ դա մեր համար արված նրանց բազմաթիվ աղոթքների շնորհիվ էր։ Նրանք բազում մխիթարական նամակներ էին ուղարկում։ Եվ ես լիովին համոզված եմ, որ Եհովան նաև դրանց միջոցով է սփոփել մեզ»։

Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ Աստված կարող է մխիթարել տարբեր խնդիրներ ու դժվարություններ ունեցող մարդկանց։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր մասին։ Անկախ նրանից, թե ինչ դժվարության եք բախվում կյանքում, համոզված եղեք, որ Աստված կարող է մխիթարել ձեզ։ * Ուստի օգնության համար դիմեք նրան. չէ՞ որ նա «ամենայն մխիթարության Աստվածն» է (2 Կորնթացիներ 1։3

^ պարբ. 5 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 23 Եհովայի վկաները կարող են օգնել ձեզ մոտենալ Աստծուն և մխիթարություն գտնել նրա մոտ։ Կարող եք կապ հաստատել ձեր տարածքի Եհովայի վկաների հետ կամ գրել մոտակա մասնաճյուղերից մեկին։