Հովհաննես 11։1-57

11  Ղազարոս անունով մի մարդ կար, որ հիվանդ էր. նա Բեթանիայից էր՝ Մարիամի և նրա քույր Մարթայի+ գյուղից։  Սա այն Մարիամն էր, որ անուշահոտ յուղով օծեց Տիրոջը+ և իր մազերով սրբեց նրա ոտքերը+։ Նրա եղբայրը՝ Ղազարոսը, հիվանդ էր։  Ուստի նրա քույրերը լուր ուղարկեցին Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր, նա, որին սիրում ես+, հիվանդ է»։  Սակայն երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այս հիվանդությունը մահվան համար չէ, այլ Աստծու փառքի համար է+, որպեսզի Աստծու Որդին փառավորվի դրանով»։  Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին։  Բայց երբ լսեց, որ Ղազարոսը հիվանդ է, երկու օր ևս մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։  Այնուհետև աշակերտներին ասաց. «Եկեք նորից գնանք Հրեաստան»։  Աշակերտներն ասացին նրան. «Ռաբբի՛+, հրեաները դեռ վերջերս ուզում էին քեզ քարկոծել+, և դու նորից այնտե՞ղ ես գնում»։  Հիսուսը պատասխանեց. «Չէ՞ որ օրվա մեջ տասներկու ժամ լույս է։ Եթե մեկը այդ ժամանակ+ է քայլում, նա ոչնչի չի բախվում, որովհետև տեսնում է այս աշխարհի լույսը։ 10  Բայց եթե մեկը գիշերով է քայլում+, ինչ-​որ բանի բախվում է, որովհետև լույս չունի»։ 11  Հետո նա ասաց. «Մեր ընկեր Ղազարոսը քնել է, բայց ես գնամ արթնացնեմ նրան»+։ 12  Աշակերտներն ասացին. «Տե՛ր, եթե քնել է, կառողջանա»։ 13  Սակայն Հիսուսը խոսում էր նրա մահվան մասին։ Իսկ նրանք կարծում էին, թե նա սովորական քնի մասին է խոսում։ 14  Այդ ժամանակ Հիսուսը նրանց պարզ ասաց. «Ղազարոսը մեռավ+։ 15  Ու ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի, որովհետև ձեր հավատը կամրանա։ Եկեք գնանք նրա մոտ»։ 16  Եվ Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, ասաց մյուս աշակերտներին. «Եկեք մենք էլ գնանք նրա հետ մեռնելու»+։ 17  Երբ Հիսուսը եկավ, իմացավ, որ Ղազարոսը արդեն չորս օր է, ինչ գերեզմանում է+։ 18  Բեթանիան Երուսաղեմին մոտ էր գտնվում՝ շուրջ երեք կիլոմետր հեռավորության վրա։ 19  Հրեաներից շատերը եկել էին Մարթայի ու Մարիամի մոտ, որպեսզի նրանց եղբոր համար մխիթարեն+ նրանց։ 20  Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան դիմավորելու, իսկ Մարիամը+ տանը նստած էր։ 21  Մարթան ասաց Հիսուսին. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա+։ 22  Սակայն հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց+, Աստված կտա քեզ»։ 23  Հիսուսն ասաց նրան. «Քո եղբայրը հարություն կառնի»+։ 24  Մարթան ասաց. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի»+։ 25  Հիսուսն էլ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը+։ Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա+։ 26  Եվ ամեն ոք, ով ողջ է ու հավատում է ինձ, երբեք չի մահանա+։ Հավատո՞ւմ ես դրան»։ 27  Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, նա, որ աշխարհ պետք է գար»+։ 28  Այս խոսքերն ասելուց հետո նա գնաց ու կանչեց իր քրոջը՝ Մարիամին, ու թաքուն ասաց. «Ուսուցիչը+ եկել է և կանչում է քեզ»։ 29  Սա լսելուն պես նա շտապ վեր կացավ ու գնաց նրա մոտ։ 30  Հիսուսը դեռ գյուղ չէր մտել, այլ այնտեղ էր, որտեղ Մարթան դիմավորեց նրան։ 31  Այն հրեաները, որ Մարիամի հետ տանն էին+ և մխիթարում էին նրան, տեսնելով, որ Մարիամը շտապ վեր կացավ ու դուրս գնաց, նրա հետևից գնացին՝ կարծելով, թե նա գերեզման+ է գնում, որ այնտեղ լաց լինի։ 32  Երբ Մարիամը հասավ այնտեղ, որտեղ Հիսուսն էր, և տեսավ նրան, ոտքերն ընկավ ու ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»+։ 33  Հիսուսն էլ, տեսնելով, որ նա լաց է լինում, և նրա հետ եկած հրեաներն էլ են լաց լինում, հառաչեց, հուզվեց+ 34  և հարցրեց. «Որտե՞ղ եք դրել նրան»։ Նրանք պատասխանեցին. «Տե՛ր, արի ու տես»։ 35  Եվ Հիսուսի աչքերից արցունքներ հոսեցին+։ 36  Հրեաներն ասացին. «Տեսեք, թե որքա՜ն էր սիրում նրան»+։ 37  Բայց նրանցից ոմանք ասացին. «Այս մարդը, որ կույրի աչքերը+ բաց արեց, մի՞թե չէր կարող այնպես անել, որ Ղազարոսը չմեռներ»։ 38  Հիսուսը դարձյալ հառաչեց ու մոտեցավ գերեզմանին+, որը մի քարայր էր, և որի դիմաց մի քար+ կար դրված։ 39  Նա ասաց. «Քարը+ մի կողմ տարեք»։ Մարթան՝ ննջեցյալի քույրը, նրան ասաց. «Տե՛ր, պետք է որ արդեն հոտած լինի, քանի որ չորրորդ օրն է»։ 40  Հիսուսն էլ ասաց. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես»+։ 41  Ուստի քարը մի կողմ տարան։ Հիսուսն իր աչքերը դեպի երկինք բարձրացրեց+ ու ասաց. «Հա՛յր, շնորհակա՛լ եմ քեզ, որ ինձ լսեցիր+։ 42  Ճիշտ է, ես գիտեի, որ դու միշտ լսում ես ինձ, բայց սա ասացի այստեղ կանգնած ժողովրդի համար+, որպեսզի հավատան, որ դու ես ինձ ուղարկել»+։ 43  Այս խոսքերն ասելուց հետո նա բարձր ձայնով կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»+։ 44  Եվ մահացածը դուրս եկավ. նրա ոտքերն ու ձեռքերը երիզներով կապված էին+, իսկ դեմքը՝ կտորով փաթաթված։ Հիսուսն ասաց. «Արձակեք նրան և թողեք, որ գնա»։ 45  Այն հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամի մոտ, երբ տեսան, թե Հիսուսն ինչ արեց, հավատացին նրան+, 46  իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մոտ ու պատմեցին այն ամենը, ինչ Հիսուսն արեց+։ 47  Ուստի ավագ քահանաներն ու փարիսեցիները հավաքեցին Սինեդրիոնը*+ և ասացին. «Ի՞նչ պիտի անենք։ Այս մարդը բազում հրաշքներ է անում+։ 48  Եթե այսպես թողնենք, բոլորը կհավատան նրան+, և հռոմեացիները+ կգան ու կվերցնեն թե՛ մեր վայրը*+, թե՛ մեր ազգը»։ 49  Իսկ նրանցից մեկը՝ Կայիափան, որը այդ տարի քահանայապետ էր+, ասաց նրանց. «Դուք ոչինչ չգիտեք 50  և չեք էլ խորհում, որ ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի+ ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կործանվի»+։ 51  Սակայն այս խոսքերը նա իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը պետք է մահանա ազգի համար, 52  և ոչ միայն ազգի, այլև Աստծու ցիրուցան եղած զավակներին+ մեկտեղ հավաքելու համար+։ 53  Հետևաբար, այդ օրվանից սկսած՝ նրանք խորհուրդ էին անում, որ սպանեն նրան+։ 54  Այդ պատճառով Հիսուսն այլևս բացահայտ չէր շրջում+ հրեաների մեջ+, այլ այնտեղից գնաց անապատի մոտ գտնվող տեղանքը՝ Եփրեմ+ կոչվող քաղաքը, և աշակերտների հետ մնաց այնտեղ։ 55  Հրեաների Պասեքը+ մոտ էր, և շատ մարդիկ տարբեր տեղերից Երուսաղեմ էին գնացել Պասեքից առաջ, որպեսզի ծիսականորեն մաքրվեն+։ 56  Նրանք սկսեցին Հիսուսին փնտրել ու տաճարում կանգնած՝ իրար ասում էին. «Ի՞նչ եք կարծում, նա ընդհանրապես տոնին չի՞ գա»։ 57  Իսկ ավագ քահանաներն ու փարիսեցիները հրաման էին տվել, որ եթե որևէ մեկը իմանա, թե որտեղ է նա, տեղեկացնի այդ մասին, որպեսզի բռնեն նրան։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։
Այսինքն՝ «մեր երկրպագության վայրը», կամ՝ «տաճարը»։