Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

Պատմություն, որն արժե իմանալ

Պատմություն, որն արժե իմանալ

Աստվածաշունչը մեծապես տարբերվում է մյուս բոլոր կրոնական գրքերից։ Ոչ մի ուրիշ գիրք դարեր շարունակ այդքան մեծ դեր չի ունեցել բազմաթիվ մարդկանց համոզմունքների ձևավորման հարցում, որքան Աստվածաշունչը։ Բայց միևնույն ժամանակ այն ամենից շատն է ենթարկվել մանրակրկիտ ուսումնասիրության ու քննադատության։

Օրինակ՝ որոշ գիտնականներ կասկածում են, որ Աստվածաշունչը, որը, դարեր շարունակ կրկնօրինակվելով, հասել է մինչև մեր օրերը, իրականում համապատասխանում է բնագիր տեքստին։ Կրոնագիտության մի պրոֆեսոր ասում է. «Մենք չենք կարող համոզված լինել, որ մեզ հաջողվել է ճշգրտորեն վերականգնել բնագիր տեքստը։ Մեր ձեռքում ընդամենը սխալներով լեցուն կրկնօրինակներ են, որոնց ճնշող մեծամասնությունը արվել է բնօրինակները գրվելուց դարեր անց և ակներևաբար բազմաթիվ առումներով տարբերվում է բնագիր տեքստերից»։

Որոշ մարդիկ էլ Աստվածաշնչի վավերականությունը հարցականի տակ են դնում իրենց կրոնական դաստիարակության պատճառով։ Օրինակ՝ Ֆայզելի ոչ քրիստոնյա ծնողները սովորեցրել էին նրան, որ թեև Աստվածաշունչը սուրբ գիրք է, բայց փոփոխության է ենթարկվել։ Նա ասում է. «Ես թերահավատությամբ էի վերաբերվում այն մարդկանց, ովքեր ցանկանում էին ինձ հետ խոսել Աստվածաշնչից։ Չէ՞ որ նրանց ձեռքում ոչ թե բնագիր Աստվածաշունչն էր, այլ փոփոխված»։

Իսկ որքանո՞վ է կարևոր՝ Աստվածաշունչը տարբերվում է բնագրից, թե ոչ։ Մտածենք հետևյալ հարցերի շուրջ։ Կվստահեի՞ք ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան մխիթարական խոստումներին, եթե վստահ չլինեիք, որ դրանք եղել են բնագիր տեքստում (Հռոմեացիներ 15։4)։ Կհետևեի՞ք աստվածաշնչյան սկզբունքներին աշխատանքի, ընտանիքի և երկրպագության հետ կապված կարևոր որոշումներ կայացնելիս, եթե մերօրյա Աստվածաշնչերը պարզապես բնագրի աղավաղված կրկնօրինակները լինեին։

Ճիշտ է, այսօր Աստվածաշնչի բնագիր գրքերը չկան, բայց կան դրանց հնագույն կրկնօրինակները, այդ թվում հազարավոր աստվածաշնչյան ձեռագրեր։ Ինչպե՞ս են այդ ձեռագրերը պահպանվել՝ չնայած որ գրված են եղել հեշտ քայքայվող նյութերի վրա, ենթարկվել են թշնամական վերաբերմունքի, և շատերը փորձել են կեղծել դրանք։ Այն փաստը, որ այդ ձեռագրերը պահպանվել են, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ համոզվելու, որ ձեր ձեռքին եղած Աստվածաշունչը իսկապես արժանահավատ է։ Հաջորդ հոդվածներում տրվում են այս հարցերի պատասխանները։