Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Գիտեմ, որ.... հարություն կառնի»

«Գիտեմ, որ.... հարություն կառնի»

«Մեր ընկեր Ղազարոսը քնել է, բայց ես գնամ արթնացնեմ նրան» (ՀՈՎՀ. 11։11

ԵՐԳ 142, 129

1. Ինչո՞ւմ էր համոզված Մարթան (տես հոդվածի սկզբի նկարը)։

ՄԱՐԹԱՆ, ով Հիսուսի մտերիմ ընկերներից էր ու նրա աշակերտը, սգում էր իր եղբոր՝ Ղազարոսի մահը։ Կա՞ր մի բան, որ կփարատեր նրա վիշտը։ Այո՛։ Հիսուսը նրան վստահեցրեց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Թեև այս խոսքերը չվերացրին Մարթայի ողջ ցավը, սակայն նա սրտապնդվեց ու ասաց. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի» (Հովհ. 11։20–24)։ Մարթան համոզված էր, որ ապագայում հարություն է լինելու։ Բայց Հիսուսը հենց այդ օրը հրաշք գործեց. նա հարություն տվեց Ղազարոսին։

2. Ինչո՞ւ ես ցանկանում Մարթայի պես համոզված լինել, որ հարություն է լինելու։

2 Մենք չենք կարող ակնկալել, որ Հիսուսը կամ նրա Հայրը այժմ մեզ համար այսպիսի հրաշք կգործեն։ Սակայն Մարթայի պես համոզվա՞ծ ես, որ ապագայում քո հարազատները հարություն են առնելու։ Գուցե կորցրել ես սիրելի կողակցիդ, մորդ, հորդ կամ տատիկիդ ու պապիկիդ։ Կամ գուցե երեխայիդ մահն ես սգում։ Անկասկած, փափագում ես նորից գիրկդ առնել նրանց, խոսել նրանց հետ, լսել նրանց ծիծաղի ձայնը։ Ի՜նչ լավ է, որ դու էլ Մարթայի պես հիմնավոր պատճառներ ունես ասելու. «Գիտեմ, որ հարության ժամանակ իմ հարազատը հարություն կառնի»։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է մտածի, թե ինչու է համոզված դրանում։

3, 4. Հիսուսը ի՞նչ ապշեցուցիչ հրաշքներ էր գործել, և դա ինչպե՞ս կարող էր զորացնել Մարթայի հավատը։

3 Մարթան ապրում էր Երուսաղեմի մոտ, ուստի դժվար թե տեսած լիներ՝ ինչպես է Հիսուսը Գալիլեայում՝ Նային քաղաքի մոտ, հարություն տվել մի այրի կնոջ որդու։ Բայց նա հավանաբար լսել էր այդ մասին, ինչպես և Հայրոսի աղջկա հարության մասին։ Հայրոսի տանը բոլորը «գիտեին, որ աղջիկը մահացել է»։ Սակայն Հիսուսը բռնեց երեխայի անկենդան ձեռքը և ասաց. «Աղջի՛կ, վե՛ր կաց»։ Եվ նա իսկույն վեր կացավ (Ղուկ. 7։11–17; 8։41, 42, 49–55)։ Թե՛ Մարթան, թե՛ նրա քույր Մարիամը գիտեին, որ Հիսուսը կարող է բուժել հիվանդներին։ Ուստի մտածում էին, որ եթե նա իրենց մոտ լիներ, Ղազարոսը չէր մահանա։ Իսկ այժմ, երբ Հիսուսի սիրելի ընկերը այլևս չկար, ի՞նչ էր լինելու։ Ուշադրություն դարձրու. Մարթան ասաց, որ իր եղբայրը հարություն կառնի ապագայում՝ «վերջին օրը»։ Ինչո՞ւ էր նա համոզված դրանում։ Եվ ինչո՞ւ դու էլ կարող ես վստահ լինել, որ ապագայում քո հարազատները հարություն կառնեն։

4 Դրանում համոզված լինելու համար, ինչ խոսք, հիմնավոր պատճառներ կան։ Երբ քննենք դրանք, հնարավոր է՝ Աստվածաշնչում այնպիսի մտքեր գտնենք, որոնք գուցե երբեք չենք կապել հարության հույսի հետ։

ՀՈՒՅՍ ՆԵՐՇՆՉՈՂ ԴԵՊՔԵՐ

5. Ի՞նչն էր Մարթային վստահությամբ լցրել, որ Ղազարոսը հարություն է առնելու։

5 Ուշադրություն դարձրու, որ Մարթան չասաց՝ «Հույս ունեմ, որ եղբայրս հարություն կառնի», այլ ասաց՝ «Գիտեմ, որ.... հարություն կառնի»։ Մարթան համոզված էր դրանում, քանի որ, ըստ երևույթին, գիտեր այն հրաշքների մասին, որոնք տեղի էին ունեցել շատ վաղուց՝ Հիսուսից դարեր առաջ։ Նա մանկուց սովորել էր այդ մասին տանը և ժողովարանում։ Խոսքը Աստվածաշնչում նկարագրված երեք դեպքերի մասին է։

6. Ո՞ր հրաշքի մասին էր Մարթան լսել։

6 Հարության առաջին դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Աստված Եղիա մարգարեին հրաշքներ գործելու զորություն տվեց։ Փյունիկիայի Սարեփթա ծովափնյա քաղաքում մի աղքատ այրի մարգարեին հյուրասիրություն ցույց տվեց։ Դրանից հետո Աստված հրաշքով այնպես արեց, որ այդ կնոջ ալյուրի և յուղի պաշարը չսպառվի, ինչի շնորհիվ նա ու իր որդին կենդանի մնացին (1 Թագ. 17։8–16)։ Որոշ ժամանակ հետո այրու տղան հիվանդացավ ու մահացավ։ Սակայն Եղիան օգնության հասավ։ Դիպչելով տղայի դիակին՝ մարգարեն աղոթեց. «Ո՜վ իմ Աստված Եհովա, խնդրում եմ, թող որ այս երեխան կենդանանա»։ Եվ այդպես էլ եղավ։ Աստված լսեց Եղիային ու կենդանացրեց երեխային։ Սա Աստվածաշնչում արձանագրված հարության առաջին դեպքն է (կարդա 1 Թագավորներ 17։17–24)։ Մարթան, անկասկած, լսել էր այս ապշեցուցիչ դեպքի մասին։

7, 8. ա) Եղիսեն ի՞նչ արեց սունամացի կնոջ վիշտը փարատելու համար։ բ) Եղիսեի գործած հրաշքից ի՞նչ ենք իմանում Եհովայի մասին։

7 Աստվածաշնչում նկարագրված երկրորդ հարությունը տեղի ունեցավ Եղիային հաջորդած Եղիսե մարգարեի ձեռքով։ Սունամ քաղաքում մի ճանաչված իսրայելացի կին երեխա չուներ։ Նա հյուրասիրություն ցույց տվեց Եղիսեին, և Աստված օրհնեց այդ կնոջն ու նրա տարեց ամուսնուն՝ նրանց որդի պարգևելով։ Սակայն մի քանի տարի անց տղան մահացավ։ Պատկերացրու միակ զավակին կորցրած այս մոր վիշտը։ Ամուսնու թույլտվությամբ նա գնաց Կարմեղոս լեռ՝ Եղիսեի հետևից՝ անցնելով մոտ 30 կիլոմետր (19 մղոն)։ Լսելով տեղի ունեցածի մասին՝ մարգարեն այդ կնոջ հետ ճանապարհ ընկավ դեպի Սունամ, բայց իրենից առաջ ուղարկեց իր սպասավորին՝ Գեեզիին։ Սակայն Գեեզին չկարողացավ մահացած տղային կենդանացնել (2 Թագ. 4։8–31

8 Տուն մտնելով՝ Եղիսեն մոտեցավ երեխայի մարմնին ու սկսեց աղոթել Աստծուն։ Եվ տղան հրաշքով կենդանացավ (կարդա 2 Թագավորներ 4։32–37)։ Ուրախությունից ինչպե՜ս էր ցնծում նրա մոր սիրտը։ Վերջինս հավանաբար հիշեց նախկինում ամուլ կնոջ՝ Աննայի խոսքերը, որ նա ասել էր Աստծուն, երբ Սամուելին բերել էր խորան՝ այնտեղ ծառայելու. «Եհովան է կյանքից զրկում ու կյանք տալիս, գերեզման իջեցնում ու այնտեղից դուրս բերում» (1 Սամ. 2։6)։ Աստված բառի բուն իմաստով կյանք տվեց սունամացի տղային և փաստեց, որ կարող է հարություն տալ մահացածին։

9. Ինչպե՞ս տեղի ունեցավ Աստվածաշնչում նկարագրված հարության երրորդ դեպքը։

9 Սակայն հարության այս դեպքը միակը չէր, որ տեղի ունեցավ Եղիսեի միջոցով։ Ավելի քան 50 տարի որպես մարգարե ծառայելուց հետո նա ծանր հիվանդացավ ու մահացավ։ Դրանից տարիներ անց մովաբացիները սկսեցին հրոսակախմբերով արշավել երկրի վրա։ Մի անգամ, երբ իսրայելացիները մարդ էին թաղում, հրոսակախումբ տեսան։ Նրանք դիակը գցեցին այն գերեզմանը, որտեղ Եղիսեի ոսկորներն էին, ու փախան։ «Երբ այդ մարդու մարմինը Եղիսեի ոսկորներին դիպավ, նա կենդանացավ ու իր ոտքերի վրա կանգնեց» (2 Թագ. 13։14, 20, 21)։ Այժմ մտածիր, թե հարության այս դեպքերը ինչ կարող էին նշանակել Մարթայի համար։ Դրանք ցույց են տալիս, որ Աստված իշխանություն ունի մահվան վրա։ Ուստի խորհիր, թե դրանք ինչ են նշանակում քեզ համար։ Այս դեպքերը քեզ վստահությամբ կլցնեն, որ Աստծու զորությունն ահռելի է՝ սահմաններ չունի։

ԱՌԱՋԻՆ ԴԱՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐ

10. Պետրոսն ի՞նչ արեց, երբ Այծեմնիկը մահացավ։

10 Քրիստոնեական Հունարեն Գրություններում նույնպես նշված են հարության դեպքեր, որոնք տեղի են ունեցել Աստծու ներկայացուցիչների միջոցով։ Արդեն հիշատակեցինք այն դեպքերի մասին, երբ Հիսուսը Նային քաղաքի մոտ հարություն տվեց այրի կնոջ որդուն և հետո՝ Հայրոսի աղջկան։ Հետագայում Պետրոս առաքյալը հարություն տվեց քրիստոնյա մի կնոջ՝ Այծեմնիկին (Տաբիթա)։ Նա գնաց այն տուն, որտեղ Այծեմնիկի մարմինն էր։ Մոտենալով նրան՝ Պետրոսն աղոթեց, ապա ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»։ Այծեմնիկն իսկույն հարություն առավ, և Պետրոսը այնտեղ գտնվող իր հավատակիցներին «ցույց տվեց, որ նա կենդանի է»։ Այս դեպքն այնքան ազդեցիկ էր, որ «շատերը հավատացին Տիրոջը»։ Նրանք կարող էին վկայություն տալ Հիսուսի մասին և պատմել, որ Եհովան մահացածներին հարություն տալու զորություն ունի (Գործ. 9։36–42

11. Բժիշկ Ղուկասի խոսքերով՝ ի՞նչ պատահեց Եվտիքոսին, և տեղի ունեցածը ի՞նչ ազդեցություն թողեց ուրիշների վրա։

11 Մեկ այլ առիթով ուրիշ մարդիկ էլ ականատես եղան հարության։ Մի անգամ Տրովադայում, որն այժմ գտնվում է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում, Պողոս առաքյալը և ուրիշ քրիստոնյաներ հավաքվել էին մի վերնասենյակում։ Պողոսը նրանց համար ելույթ էր ունենում։ Նա խոսեց մինչև կեսգիշեր։ Եվտիքոս անունով մի երիտասարդ, պատուհանին նստած, լսում էր։ Հանկարծ նա քուն մտավ ու երրորդ հարկից ցած ընկավ։ Ղուկասը, որը բժիշկ էր, հավանաբար առաջինը հասավ Եվտիքոսին ու զննեց նրան։ Երիտասարդը ոչ թե պարզապես վնասվել էր ու կորցրել գիտակցությունը, այլ մահացել էր։ Պողոսը իջավ և գիրկն առավ տղային։ Հետո ապշեցնող բան ասաց. «Նրա կյանքն իր մեջ է»։ Պատահածը ի՜նչ մեծ ազդեցություն թողեց ականատեսների վրա։ Իրենց աչքերով տեսնելով, որ Եվտիքոսը մահացավ, բայց հարություն առավ՝ նրանք «անչափ մխիթարվեցին» (Գործ. 20։7–12

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՒՅՍ

12, 13. Հաշվի առնելով հարության վերը նշված դեպքերը՝ ի՞նչ հարցեր պետք է քննենք։

12 Հարության դեպքերի մասին իմանալով՝ մենք էլ Մարթայի պես լցվում ենք վստահությամբ, որ մեր Աստվածն ու կյանք Պարգևողը ի զորու է կենդանացնելու մահացած մարդուն։ Այս դեպքերը տեղի ունեցան Աստծու հավատարիմ ծառաների ներկայությամբ, օրինակ՝ Եղիայի, Հիսուսի ու Պետրոսի։ Սրանք այն ժամանակներն էին, երբ Եհովան հրաշքներ էր գործում։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել նրանց մասին, ովքեր այլ ժամանակաշրջանում են ապրել ու մահացել, երբ նման հրաշքներ տեղի չէին ունենում։ Կարո՞ղ էին այդ հավատարիմ մարդիկ ակնկալել, որ Աստված ապագայում էլ հարություն կտա մահացածներին։ Կարո՞ղ էին Մարթայի նույն վստահությունն ունենալ, ով ասաց. «Գիտեմ, որ [եղբայրս] վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի»։ Ինչո՞ւ էր նա հավատում, որ ապագայում հարություն է լինելու, և ինչո՞ւ կարող ես դու էլ համոզված լինել դրանում։

13 Ինչպես ցույց են տալիս Աստվածաշնչի որոշ հատվածներ, Եհովայի հավատարիմ ծառաները գիտեին, որ ապագայում հարություն է լինելու։ Քննենք դրանցից մի քանիսը։

14. Հարության մասին ի՞նչ ենք սովորում Աբրահամի պատմությունից։

14 Մտածիր այն մասին, թե Աստված ինչ պատվիրեց Աբրահամին՝ կապված նրա որդու՝ Իսահակի հետ, որի ծնվելուն Աբրահամը երկար էր սպասել։ Եհովան ասաց. «Վերցրու, խնդրեմ, քո որդուն՝ Իսահակին՝ քո մինուճար որդուն, որին այդքան սիրում ես, և.... նրան ողջակեզ մատուցիր» (Ծննդ. 22։2)։ Պատկերացրու, թե ինչ զգացումներ առաջացրեց այս պատվերը։ Եհովան խոստացել էր, որ Աբրահամի սերնդի միջոցով բոլոր ազգերը օրհնվելու էին (Ծննդ. 13։14–16; 18։18; Հռոմ. 4։17, 18)։ Նաև ասել էր, որ «Իսահակի միջոցով» էր առաջ գալու այդ սերունդը (Ծննդ. 21։12)։ Սակայն ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ, եթե Աբրահամը Իսահակին որպես զոհ մատուցեր։ Աստծուց ներշնչված՝ Պողոս առաքյալն ասաց, թե ինչին էր հավատում Աբրահամը։ Նա վստահ էր, որ Աստված կարող է հարություն տալ Իսահակին (կարդա Եբրայեցիներ 11։17–19)։ Աստվածաշունչը չի ասում, թե Աբրահամը մտածում էր, որ եթե հնազանդվի Եհովային, ապա մի քանի ժամ, մեկ օր կամ մի շաբաթ հետո Իսահակը հարություն կառնի։ Աբրահամը չէր կարող իմանալ, թե դա երբ տեղի կունենա։ Սակայն վստահ էր, որ Եհովան հարություն կտա նրան։

15. Ի՞նչ հույս հայտնեց Հոբ նահապետը։

15 Հոբ նահապետը նույնպես հավատում էր, որ ապագայում հարություն է լինելու։ Նա հասկանում էր, որ եթե նույնիսկ հասարակ ծառը կտրվի, այն կարող է դարձյալ շիվեր տալ ու աճել։ Սակայն մարդու պարագայում այդպես չէ (Հոբ 14։7–12; 19։25–27)։ Երբ մարդը մեռնի, նա չի կարող ինքն իրեն կենդանացնել (2 Սամ. 12։23; Սաղ. 89։48)։ Բայց դա չի նշանակում, որ Աստված չի կարող հարություն տալ մարդուն։ Հոբը հավատում էր, որ Եհովան որոշ ժամանակ հետո կհիշի իրեն (կարդա Հոբ 14։13–15)։ Ճիշտ է, նա չգիտեր, թե երբ կգա այդ ժամանակը։ Սակայն վստահ էր, որ Աստված կարո՛ղ է հիշել իրեն ու հարություն տալ և անպայման կանի դա, չէ՞ որ Նա է ստեղծել մարդու կյանքը։

16. Հրեշտակը ինչպե՞ս քաջալերեց Դանիել մարգարեին։

16 Եբրայերեն Գրություններից իմանում ենք նաև Դանիելի մասին, որը Աստծուն նվիրված մարդ էր։ Տասնամյակներ շարունակ նա հավատարմորեն ծառայում էր Եհովային, ու վերջինս աջակցում էր նրան։ Մի անգամ Դանիելի մոտ եկավ մի հրեշտակ ու ասաց. «Ո՛վ թանկագին մարդ։ Խաղաղությո՛ւն քեզ։ Զորացի՛ր» (Դան. 9։22, 23; 10։11, 18, 19

17, 18. Ի՞նչ խոստում տրվեց Դանիելին։

17 Դանիելը մոտ 100 տարեկան էր ու մոտենում էր իր կյանքի վախճանին։ Նա կարող էր մտածել, թե իրեն ինչ է սպասում ապագայում։ Արդյո՞ք նա նորից ապրելու էր։ Անշո՛ւշտ։ «Դանիել» գրքի վերջում կարդում ենք, թե Աստված ինչ խոստացավ նրան. «Դու գնա քո վախճանին։ Դու կհանգստանաս» (Դան. 12։13)։ Տարեց մարգարեն գիտեր, որ մահացածները հանգիստ վիճակում են, և որ գերեզմանում «ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն»։ Նա շուտով այնտեղ էր գնալու (Ժող. 9։10)։ Սակայն դա չէր նշանակում, որ ամեն ինչ վերջացած է։ Աստծու խոստման համաձայն՝ Դանիելը ապագա էր ունենալու։

18 Հրեշտակը շարունակեց. «Սակայն օրերի վերջում վեր կկենաս, որ ստանաս քո բաժինը»։ Դանիելին չասվեց, թե որքան ժամանակ է անցնելու։ Նա մահանալու էր ու հանգստանալու։ Սակայն նրան հստակ խոստում տրվեց, որ ապագայում նա վեր է կենալու ու ստանալու է իր բաժինը, այսինքն՝ իր մահանալուց երկար ժամանակ հետո հարություն է առնելու։ Դա տեղի էր ունենալու «օրերի վերջում»։

Մարթայի պես՝ դու էլ կարող ես վստահ լինել, որ հարություն է լինելու (տես պարբերություն 19, 20)

19, 20. ա) Մարթայի խոսքերը ինչպե՞ս են կապված մեր քննարկած դեպքերի հետ։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

19 Մարթան հիմնավոր պատճառներ ուներ վստահ լինելու, որ իր հավատարիմ եղբայրը՝ Ղազարոսը, «վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի»։ Դանիելին տրված խոստումը, ինչպես նաև Մարթայի համոզվածությունը պետք է քրիստոնյաներին վստահությամբ լցնեն, որ հարություն է լինելու։

20 Ինչպես տեսանք, անցյալում տեղի ունեցած իրական դեպքերը փաստում են, որ հարությունը հնարավոր բան է, որ մահացածները կարող են կյանքի վերադառնալ։ Աստծուն ծառայած հավատարիմ տղամարդիկ ու կանայք վստահ էին, որ ապագայում հարություն է լինելու։ Կա՞ հիմք մտածելու, որ հարությունը կարող է տեղի ունենալ Աստծու տված խոստումից երկար ժամանակ հետո։ Եթե այո, ապա դա մեզ ավելի կմղի Մարթայի պես սպասելու հարության ժամանակին։ Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը։ Այս հարցերին կպատասխանենք հաջորդ հոդվածում։