Անցնել բովանդակությանը

ԷՐԻԹՐԵԱ

Ազատազրկված՝ հավատի համար—Էրիթրեա

Ազատազրկված՝ հավատի համար—Էրիթրեա

Արդեն երկար տարիներ է, ինչ Էրիթրեայի կառավարությունը ձերբակալում և ազատազրկում է Եհովայի վկաներին, այդ թվում՝ կանանց ու տարեցներին, առանց պաշտոնապես մեղադրանք առաջադրելու կամ դատաքննություն անցկացնելու։ Նախագահ Աֆվերկին 1994 թ. հոկտեմբերի 25-ի նախագահական հրամանով Վկաներին զրկեց քաղաքացիությունից, քանի որ նրանք չէին քվեարկել 1993 թ. անկախության հանրաքվեում և հրաժարվում են զինծառայությունից։ Նախքան պարտադիր զինծառայության մասին օրենքը Էրիթրեայի իշխանությունները տրամադրում էին այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն։ Տարբեր վարչակարգերի ղեկավարման ներքո բազմաթիվ Վկաներ մասնակցել են այս ծառայությանը։ Իշխանությունները շարունակաբար տալիս էին «Ծառայությունը ավարտելու մասին վկայական» և հաճախ գովում այդ ծառայության մասնակիցներին։ Սակայն նախագահի հրամանի հիման վրա անվտանգության ուժերը ազատազրկել, հալածել և կտտանքների են ենթարկել Եհովայի վկաներին, որպեսզի ստիպեն նրանց հրաժարվել իրենց հավատից։

38 Եհովայի վկաներ դեռ գտնվում են բանտում (27 տղամարդ և 11 կին)։ 2020 թ. դեկտեմբերի 4-ին իրենց հավատի համար 5-ից 26 տարի ազատազրկված լինելուց հետո 28 Եհովայի վկաներ են (26 տղամարդ և 2 կին) ազատ արձակվել։ 2021 թ. հունվարի 29-ին մի Վկա տղամարդ ազատ արձակվեց ավելի քան 12 տարի բանտում գտնվելուց հետո, երեք Վկաներ էլ ազատվեցին փետրվարի 1-ին (1 տղամարդ և 2 կին)։ Նրանք կալանավայրում էին գտնվել 4-ից 9 տարի։

Վկաները մահանում են կալանավայրի դաժան պայմաններում

Էրիթրեայում չորս Վկա է մահացել անազատության մեջ։ Իսկ երեք տարեց Վկաներ էլ մահացել են ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց՝ կալանավայրի դաժան պայմանների պատճառով։

Երկու Վկա մահացավ 2018 թ.-ին՝ այն բանից հետո, երբ նրանց տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր։ Հաբթեմիքայել Տեսֆամարիամը մահացավ հունվարի 3-ին՝ 76 տարեկան հասակում, իսկ Հաբթեմիքայել Մեքոնենը՝ մարտի 6-ին՝ 77 տարեկան հասակում։ 2008 թ.-ին Էրիթրեայի իշխանությունները, առանց մեղադրանք առաջադրելու, ձերբակալեցին նրանց։

2011 և 2012 թթ.-ին «Մայտեր» կալանավայրում երկու Վկա մահացավ անմարդկային վերաբերմունքի պատճառով։ 2011 թ. հուլիսին ծայրաստիճան շոգի պատճառով մահացավ 62-ամյա Միսգինա Գեբրեթինսաեն, որն իր պատիժը կրում էր «Մայտեր» կալանավայրի «նկուղ» կոչվող մասում։ 2012 թ. օգոստոսի 16-ին՝ չորս տարի ազատազրկման մեջ անցկացնելուց հետո, նույն դաժան պայմանների պատճառով մահացավ 68-ամյա Յոհաննես Հայլին։ Իսկ «Մայտեր» կալանավայրի դաժան պայմանների պատճառով ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց մահացան ևս երեք տարեց Վկաներ՝ Քահսեյ Մեքոնենը, Գոիթոմ Գեբրեքրիստոսը և Տսեհայե Տեսֆամարիամը։

Անտեսվում են մարդու իրավունքների հարցերով հայտնի կառույցների հանձնարարականները

Էրիթրեան շարունակում է անտեսել մարդու իրավունքների միջազգային չափանիշները։ Մարդու իրավունքների հարցերով հիմնական կառույցները դատապարտել են Էրիթրեայի կողմից հիմնարար իրավունքների ոտնահարումները և կոչ արել վերջինիս շտկել ստեղծված իրավիճակը։

2014 թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (այսուհետ՝ ՄԻՀ) ողջունեց հատուկ զեկուցողի հաշվետվությունը Էրիթրեայում մարդու իրավունքների իրավիճակի մասին, որում կոչ էր արվում իշխանություններին հարգել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը՝ «միջազգային չափանիշների համապատասխան», ինչպես նաև «երաշխավորել բոլոր կալանավորների ֆիզիկական ամբողջականությունը, տրամադրել անհրաժեշտ բուժօգնություն.... և բարելավել կալանավայրի պայմանները՝ համաձայն միջազգային չափանիշների»։ 2015 թ. մի բանաձևում ՄԻՀ-ը կոչ արեց Էրիթրեայի կառավարությանը «տրամադրել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հնարավորություն»։

2016 թ.-ին Էրիթրեայում Մարդու իրավունքների հարցերով հետաքննության հանձնաժողովը եկավ այն եզրահանգման, որ Էրիթրեայի իշխանությունները «մարդկության դեմ հանցանք» են գործել՝ «թե՛ կրոնական, թե՛ էթնիկական հիմքով հալածելով» Եհովայի վկաներին և ուրիշներին։

2017 թ.-ին Երեխայի բարօրության և իրավունքների հարցերով փորձագետների աֆրիկյան հանձնաժողովը (այսուհետ՝ Աֆրիկյան հանձնաժողով) իր մտահոգությունն արտահայտեց այն բանի մասին, որ թեև գոյություն ունեն իրավական պաշտպանության միջոցներ, սակայն «Եհովայի վկաների երեխաները» չեն կարողանում օգտվել այդ միջոցներից և բախվում են դաժան վերաբերմունքի։ Աֆրիկյան հանձնաժողովը կոչ արեց Էրիթրեային «ճանաչել և ամբողջությամբ կիրառել երեխայի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը՝ առանց որևէ խտրականության»։

2018 թ.-ին Մարդու և ժողովուրդների իրավունքների հարցերով աֆրիկյան հանձնաժողովը հանձնարարեց Էրիթրեային «անհապաղ միջոցներ ձեռնարկել բոլոր կալանավորվածների, այդ թվում.... Եհովայի վկաների դավանանքի անդամների հիմնական իրավունքների մերժման հարցը քննելու համար և կոչ արեց ուսումնասիրել կալանքի ժամանակ մահացած Վկաների դեպքերը։ Հանձնաժողովը ընդգծեց, որ Էրիթրեան պետք է ապահովի Եհովայի վկաների «քաղաքացիության իրավունքները»։

2019 թ. մայիսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (այսուհետ՝ Մարդու իրավունքների հանձնաժողով) կոչ արեց Էրիթրեային երաշխավորել համոզմունքի և կրոնի ազատության իրականացումը և «ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալված կամ կալանավորված են կրոնի ազատությունը իրականացնելու համար, այդ թվում՝ Եհովայի վկաներին»։ Մարդու իրավունքների հանձնաժողովը նաև պահանջեց Էրիթրեայից «ապահովել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչումը և տրամադրել քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն»։

2021 թ. մայիսի 12-ի զեկույցում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է արել Էրիթրեայի կառավարությանը «անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր իրենց հավատի պատճառով առանց մեղադրանքի կամ դատավարության գտնվում են բանտում, այդ թվում՝ 20 Եհովայի վկաների, ինչպես նաև վերանայել Եհովայի վկաներին կրոնական պատկանելության պատճառով քաղաքացիությունից զրկելու որոշումները, հարգել աֆրիկյան հանձնաժողովի մարդու և ժողովուրդների իրավունքների երաշխավորությունը՝ ապահովելով Եհովայի վկաների քաղաքացիության իրավունքները։ Նաև կոչ է արվել հետաքննել կալանքի տակ գտնվող Եհովայի վկաների մահվան դեպքերը»։

Անորոշ պատժաժամկետով ազատազրկում

Բանտարկված Վկա տղամարդկանց մեծ մասը ազատազրկված է անորոշ ժամկետով՝ առանց ազատ արձակվելու որևէ հույսի։ Նրանք կա՛մ այնտեղ կմահանան, կա՛մ ազատ կարձակվեն մահամերձ վիճակում։ Քանի որ չկա իրավական պաշտպանության ներպետական որևէ արդյունավետ ընթացակարգ կամ միջոց, նրանց ազատազրկումը փաստացի հավասար է ցմահ բանտարկության։

Ժամանակագրություն

  1. Ապրիլի 16, 2024

    Ընդհանուր հաշվով 38 Վկաներ ազատազրկված են։

  2. Փետրվարի 1, 2021

    3 Վկաներ ազատ են արձակվել բանտից։

  3. Հունվարի 29, 2021

    1 Վկա ազատ է արձակվել բանտից։

  4. Դեկտեմբերի 4, 2020

    28 Վկաներ ազատ են արձակվել բանտից։

  5. Մարտի 6, 2018

    Հաբթեմիքայել Մեքոնենը մահացավ 77 տարեկան հասակում այն բանից հետո, երբ նրան տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր։

  6. Հունվարի 3, 2018

    Հաբթեմիքայել Տեսֆամարիամը մահացավ 76 տարեկան հասակում այն բանից հետո, երբ նրան տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր։

  7. Հուլիս, 2017

    Բոլոր Վկա կալանավորներին «Մայտեր» կալանավայրից տեղափոխեցին «Մայ Սրվա» կալանավայր, որը գտնվում է Ասմարայից դուրս։

  8. Հուլիսի 25, 2014

    Ապրիլի 14-ին ձերբակալվածների մեծ մասը ազատ արձակվեց, սակայն ապրիլի 27-ին ձերբակալվածներից 20-ը դեռ կալանավորված են։

  9. Ապրիլի 27, 2014

    31 Վկա ձերբակալվեց մի հանդիպման ժամանակ, որի ընթացքում ուսումնասիրում էին Աստվածաշունչը։

  10. Ապրիլի 14, 2014

    Ավելի քան 90 Վկա ձերբակալվեց Հիսուսի մահվան հիշատակի երեկոյի ժամանակ։

  11. Օգոստոսի 16, 2012

    Մահացավ դաժան պայմաններում ազատազրկված 68-ամյա Յոհաննես Հայլը։

  12. Հուլիս, 2011

    Մահացավ դաժան պայմաններում ազատազրկված 62-ամյա Միսգինա Գեբրեթինսաեն։

  13. Հունիսի 28, 2009

    Իշխանությունները կրոնական արարողության ժամանակ խուզարկեցին մի Վկայի տունը և ձերբակալեցին 2–80 տարեկան բոլոր 23 ներկաներին։

  14. Ապրիլի 28, 2009

    Իշխանությունները ոստիկանությունում բանտարկված բոլոր Եհովայի վկաներին, բացի մի հոգուց, տեղափոխեցին «Մայտեր» կալանավայր։

  15. Հուլիսի 8, 2008

    Իշխանությունները սկսեցին խուզարկել Վկաների տներն ու աշխատավայրերը և ձերբակալեցին 24 հոգու, որոնցից շատերը իրենց ընտանիքի միակ աշխատողն էին։

  16. Մայիս, 2002

    Կառավարությունը դադարեցրեց բոլոր կրոնական խմբերի գործունեությունը, բացառությամբ կառավարության կողմից հաստատված չորս կրոնական խմբի։

  17. Հոկտեմբերի 25, 1994

    Նախագահի որոշմամբ՝ Եհովայի վկաները զրկվեցին քաղաքացիությունից և հիմնական քաղաքացիական իրավունքներից։

  18. Սեպտեմբերի 17, 1994

    Պաուլոս Իյասուն, Նեգեդե Տեկլեմարիամը և Իսակ Մոգոսը ազատազրկվեցին առանց որևէ մեղադրանքի կամ դատաքննության։

  19. 1940-ականներ

    Էրիթրեայում կազմավորվեցին Եհովայի վկաների առաջին համայնքները։