Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 1

Երկու կարևոր լուր՝ Աստծուց

Երկու կարևոր լուր՝ Աստծուց

Ղուկաս 1։5–33

  • ԳԱԲՐԻԵԼ ՀՐԵՇՏԱԿԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է, ՈՐ ԾՆՎԵԼՈՒ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉԸ

  • ԳԱԲՐԻԵԼԸ ՄԱՐԻԱՄԻՆ ՀԱՅՏՆՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻ ԾՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Աստվածաշունչը Աստծու կողմից տրված կարևոր լուր է պարունակում։ Մեր երկնային Հայրը այս գրքի միջոցով ուսուցանում է մեզ։ Բայց նկատի առնենք երկու առանձնահատուկ լուր, որ Աստված հայտնել է ավելի քան 2000 տարի առաջ։ Դրանք փոխանցել է Գաբրիել անունով մի հրեշտակ, որը «կանգնում է Աստծու առաջ» (Ղուկաս 1։19)։ Տեսնենք, թե ինչպիսի հանգամանքներում է հրեշտակը հայտնում այդ կարևոր լուրերը։

Որտե՞ղ է Գաբրիելը հայտնում առաջին լուրը։ Մ.թ.ա. մոտ 3 թվականն է։ Հրեաստանի լեռնային շրջանում՝ հավանաբար Երուսաղեմից ոչ հեռու, ապրում է Եհովային հավատարիմ մի քահանա՝ Զաքարիա անունով։ Նա ու իր կին Եղիսաբեթը արդեն տարիքն առած են և դեռ երեխաներ չունեն։ Այժմ Զաքարիայի հերթն է, որ Երուսաղեմի տաճարում քահանայական ծառայություն մատուցի։ Հանկարծ տաճարում՝ խնկի սեղանի մոտ, հայտնվում է Գաբրիել հրեշտակը։

Զաքարիան շատ է վախենում։ Սակայն հրեշտակը հանգստացնում է նրան՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև Աստված քո աղաչանքը լսեց. քո կին Եղիսաբեթը քեզ համար մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես»։ Ապա Գաբրիելն ասում է, որ Հովհաննեսը «մեծ կլինի Եհովայի առաջ» և «Եհովայի համար մի ժողովուրդ կպատրաստի» (Ղուկաս 1։13–17

Զաքարիայի համար դժվար է հավատալ դրան, քանի որ նա ու իր կինը արդեն տարիքն առած են։ Այդ պատճառով Գաբրիելն ասում է նրան. «Քանի որ չհավատացիր իմ խոսքերին.... դու համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այս ամենը տեղի ունենա» (Ղուկաս 1։20

Այդ ընթացքում դրսում կանգնած մարդիկ զարմանում են, թե ինչու Զաքարիան այդքան երկար ժամանակ դուրս չի գալիս։ Ի վերջո նա դուրս է գալիս, բայց չի կարողանում խոսել։ Զաքարիան միայն կարողանում է ձեռքերով նշաններ անել։ Դրանից պարզ է դառնում, որ նա տաճարում ինչ-որ գերբնական բան է տեսել։

Տաճարում իր ծառայությունն ավարտելով՝ Զաքարիան տուն է վերադառնում։ Շուտով նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիանում է։ Հղիության հինգ ամիսների ընթացքում նա մնում է տանը՝ մարդկանցից հեռու։

Հետո Գաբրիելը երկրորդ անգամ է հայտնվում։ Գիտե՞ս՝ ում. մի չամուսնացած երիտասարդ կնոջ, որի անունը Մարիամ է։ Նա ապրում է Երուսաղեմից հյուսիս՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքում։ Իսկ ի՞նչ է հայտնում նրան Գաբրիել հրեշտակը։ Նա ասում է. «Դու Աստծու բարեհաճությանը արժանացար»։ Ապա ավելացնում է. «Դու կհղիանաս և մի որդի կծնես ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի.... նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկաս 1։30– 33

Անկասկած, Գաբրիել հրեշտակը մեծ առանձնաշնորհում է համարում հայտնել Աստծուց ստացած այս երկու լուրերը։ Երբ ավելի շատ բան իմանանք Հովհաննեսի և Հիսուսի մասին, պարզ կդառնա, թե ինչու են Աստծուց տրված այդ լուրերն այդքան կարևոր։