Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 10

Նա պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը

Նա պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը

1, 2. ա) Ի՞նչ վիճակում էր Իսրայել ժողովուրդը։ բ) Ովքե՞ր էին ատելությամբ լցված Եղիայի հանդեպ։

ՎԱՂ առավոտ էր, օրը դեռ չէր լուսացել։ Եղիան դիտում էր, թե ինչպես է ժողովուրդը դժվարությամբ բարձրանում Կարմեղոս լեռը։ Նույնիսկ մթնշաղին կարելի էր տեսնել, որ այդ մարդիկ աղքատ են ու հյուծված։ Երեք ու կես տարի տևած երաշտը իր ազդեցությունն էր թողել նրանց վրա։

2 Նրանց հետ ինքնավստահ քայլերով բարձրանում էին Բահաղի 450 գոռոզամիտ մարգարեները, որոնք մեծ ատելությամբ էին լցված Եղիայի՝ Եհովայի մարգարեի հանդեպ։ Հեզաբել թագուհին սպանել էր տվել Եհովայի ծառաներից շատերին, բայց այս մարգարեն շարունակում էր քաջաբար հակառակվել Բահաղի երկրպագությանը։ Իսկ որքա՞ն կտևեր դա։ Հավանաբար Բահաղի մարգարեները մտածում էին, որ այդ մարդը մենակ չի կարողանա իրենց բոլորին հակառակվել (1 Թագ. 18։4, 19, 20)։ Աքաաբ թագավորն էլ էր եկել իր արքայական կառքով։ Նա նույնպես չէր սիրում Եղիային։

3, 4. ա) Ինչո՞ւ Եղիան թերևս վախենար այդ վճռորոշ օրը։ բ) Ի՞նչ ենք քննելու։

3 Այդ օրը Եղիա մարգարեին արտասովոր բան էր սպասում։ Բեմահարթակ էր պատրաստվում մի վճռորոշ իրադարձության համար. ակնհայտ էր դառնալու բարու և չարի միջև տարբերությունը։ Ի՞նչ էր զգում նա այդ առավոտյան։ Ունենալով այնպիսի զգացմունքներ, «ինչպիսիք որ մենք ունենք»՝ Եղիան թերևս վախենում էր (կարդա՛ Հակոբոս 5։17)։ Շրջապատված լինելով անհավատ մարդկանցով, որոնց հետ էին նաև նրանց հավատուրաց թագավորն ու դաժան մարգարեները՝ Եղիան իրեն բոլորովին մենակ էր զգում (1 Թագ. 18։22

4 Իսկ ո՞րն էր պատճառը, որ Իսրայելը նման իրավիճակում էր հայտնվել։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել այդ դեպքից։ Քննենք Եղիայի օրինակը և տեսնենք, թե ինչով է այն օգտակար մեզ համար։

Երկարատև պայքարը իր գագաթնակետին է հասնում

5, 6. ա) Ի՞նչ պայքար էր գնում Իսրայելում։ բ) Ինչպե՞ս էր Աքաաբը վիրավորել Եհովային։

5 Իր կյանքի մեծ մասի ընթացքում Եղիան ցավով ականատես է եղել, թե ինչպես է իր հայրենիքի և ժողովրդի համար ամենակարևոր բանը հետին պլան մղվել և ոտնահարվել։ Իսրայելում երկար ժամանակ պայքար էր գնում ճշմարիտ ու կեղծ կրոնի՝ Եհովա Աստծու երկրպագության և շրջապատող ազգերի կռապաշտության միջև։ Եղիայի օրերում այդ պայքարն ավելի էր սրվել։

6 Աքաաբ թագավորը ամուսնացել էր Հեզաբելի՝ Սիդոնի թագավորի աղջկա հետ։ Հեզաբելը վճռել էր Բահաղի երկրպագությունը տարածել ողջ Իսրայելով մեկ և վերացնել Եհովայի երկրպագությունը։ Աքաաբը շատ շուտ ընկավ իր կնոջ ազդեցության տակ։ Նա Բահաղի համար տաճար ու զոհասեղան կառուցեց և այս հեթանոսական աստծուն երկրպագելու հարցում առաջնորդություն վերցրեց։ Աքաաբը խորապես վիրավորեց Եհովային (1 Թագ. 16։30–33

7. ա) Ինչո՞ւ էր Բահաղին երկրպագելը վիրավորական։ բ) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստվածաշնչում Եղիայի օրերի երաշտի տևողության վերաբերյալ հակասություն չկա (պատասխանի մեջ ընդգրկիր  շրջանակը

7 Ինչո՞ւ էր Բահաղին երկրպագելը վիրավորական Եհովայի համար։ Իսրայելացիներից շատերը հրապուրվել էին այդ երկրպագությամբ և հեռացել ճշմարիտ Աստծուց։ Դա նողկալի ու դաժանությամբ լի կրոն էր։ Բահաղի երկրպագությունը ներառում էր տաճարային պոռնկություն, որով զբաղվում էին թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, նաև սեռական այլասերվածությամբ ուղեկցվող սանձարձակ խնջույքներ և նույնիսկ երեխաների զոհաբերություն։ Եհովան քայլեր ձեռնարկեց՝ Եղիային Աքաաբի մոտ ուղարկելով, որն էլ պետք է տեղեկացներ, որ երաշտ է լինելու այնքան ժամանակ, մինչև որ մարգարեն հայտնի, թե երբ է այն վերջանալու (1 Թագ. 17։1)։ Տարիներ անց Եղիան նորից եկավ Աքաաբի մոտ և ասաց, որ նա ժողովրդին ու Բահաղի մարգարեներին Կարմեղոս լեռան մոտ հավաքի *։

Ինչ-որ առումով Բահաղի երկրպագությանը բնորոշ մի շարք առանձնահատկություններ տարածված են այսօր

8. Ի՞նչ նշանակություն ունի մեզ համար Բահաղի երկրպագության վերաբերյալ աստվածաշնչյան պատմությունը։

8 Իսկ ի՞նչ նշանակություն ունի այդ պայքարը մեզ համար այսօր։ Ոմանք գուցե ասեն, որ Բահաղի երկրպագության մասին պատմությունը մեզ չի վերաբերում, քանի որ մեր շուրջը չկան Բահաղին նվիրված տաճարներ և զոհասեղաններ։ Բայց դա պարզապես հին պատմություն չէ (Հռոմ. 15։4)։ «Բահաղ» բառը նշանակում է «տեր»։ Եհովան պատվիրել էր իր ժողովրդին, որ իրեն ընտրեն որպես «բահաղի», այսինքն՝ որպես «ամուսնու և տիրոջ» (Ես. 54։5)։ Այսօր էլ մարդիկ ծառայում են շատ տերերի՝ փոխանակ Ամենակարող Աստծուն ծառայելու։ Անկախ նրանից՝ իրենց կյանքը նվիրում են հարստությանը, կարիերային, զվարճություններին, սեռական հաճույքներին թե այլ աստվածների, այդպես նրանք իրենց համար տեր են ընտրում (Մատթ. 6։24կարդա՛ Հռոմեացիներ 6։16)։ Ինչ-որ առումով Բահաղի երկրպագությանը բնորոշ մի շարք առանձնահատկություններ տարածված են այսօր։ Ուստի աստվածաշնչյան այս պատմությունը կօգնի մեզ իմաստուն որոշում կայացնելու այն հարցում, թե ում ծառայել։

Ինչ իմաստով էր Իսրայելը կաղում

9. ա) Ինչո՞ւ էր Կարմեղոս լեռը հարմար վայր Բահաղի երկրպագության կեղծ լինելը բացահայտելու համար (տե՛ս նաև ծանոթագրությունը)։ բ) Ի՞նչ ասաց Եղիան ժողովրդին։

9 Կարմեղոս լեռից ընդարձակ տեսարան էր բացվում Իսրայելի վրա՝ ներքևում գտնվող Կիսոն հեղեղատից դեպի Մեծ ծով (Միջերկրական ծով) և դեպի հեռավոր հյուսիս՝ Լիբանանի լեռները *։ Բայց երբ արևը բարձրացավ հորիզոնում, հստակ երևաց, թե ինչ սարսափելի վիճակում էր գտնվում երկիրը։ Մահաբեր շղարշը պատել էր երբեմնի ծաղկուն այս տարածքը, որը Եհովան տվել էր Աբրահամի սերունդներին։ Անգութ արևը խանձել էր երկիրը, և այժմ այն կործանման եզրին էր ժողովրդի անմտության պատճառով։ Երբ ժողովուրդը հավաքվեց մեկտեղ, Եղիան մոտեցավ ու ասաց. «Մինչև ե՞րբ պիտի երկու մտքի վրա կաղաք։ Եթե Եհովան է ճշմարիտ Աստվածը, նրա՛ն հետևեք, իսկ եթե Բահաղն է, նրա՛ն հետևեք» (1 Թագ. 18։21

10. Ի՞նչ իմաստով էր ժողովուրդը կաղում, և ո՞ր կարևոր ճշմարտությունն էին նրանք մոռացել։

10 Ի՞նչ նկատի ուներ Եղիան, երբ ասաց՝ «մինչև ե՞րբ պիտի երկու մտքի վրա կաղաք»։ Այդ մարդիկ չէին հասկանում, որ պետք է ընտրություն կատարեն Եհովայի և Բահաղի միջև։ Նրանք կարծում էին, թե կարող են երկուսին էլ երկրպագել. հանդարտեցնել Բահաղին իրենց նողկալի արարողություններով և միևնույն ժամանակ Եհովայի հաճությունը փնտրել։ Նրանք գուցե մտածում էին, որ Բահաղը կօրհնի իրենց բերքն ու հոտերը, իսկ «Զորքերի Տեր Եհովան» կպաշտպանի իրենց պատերազմի դաշտում (1 Սամ. 17։45)։ Նրանք մոռացել էին մի կարևոր ճշմարտություն, որն այսօր էլ շատերը չեն գիտակցում. Եհովան պահանջում է բացարձակ նվիրվածություն և արժանի է դրան։ Նրան մատուցվող ցանկացած երկրպագություն, որին միախառնված են երկրպագության այլ ձևեր, անընդունելի է և վիրավորական (կարդա՛ Ելք 20։5

11. Եղիայի խոսքերին ուշադրություն դարձնելը ի՞նչ անելու կմղի մեզ։

11 Կաղալով՝ իսրայելացիները ասես փորձում էին միաժամանակ գնալ երկու ճանապարհներով։ Շատերն այսօր նույն սխալն են անում՝ թույլ տալով, որ ուրիշ «բահաղներ», այսինքն՝ տերեր, աննկատ կերպով թափանցեն իրենց կյանք և դուրս մղեն Աստծու երկրպագությունը։ Եղիայի՝ կաղալուց դադարելու կոչին ուշադրություն դարձնելը կմղի մեզ վերանայելու, թե ինչ առաջնահերթություններ ունենք և թե ինչպիսի երկրպագություն ենք մատուցում Աստծուն։

Փորձ՝ բացահայտելու ճշմարիտ Աստծուն

12, 13. ա) Ի՞նչ փորձ առաջարկեց Եղիան անել։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Եղիայի պես վստահում ենք Աստծուն։

12 Եղիան առաջարկեց մի պարզ փորձ կատարել։ Բահաղի մարգարեները պետք է մի զոհասեղան կանգնեցնեին և վրան զոհ դնեին, ապա աղոթեին իրենց աստծուն, որ կրակով այրեր։ Նույնը պետք է Եղիան աներ։ Նա ասաց. «Այն Աստվածը, որը կպատասխանի կրակով, նա՛ է ճշմարիտ Աստվածը»։ Եղիան լավ գիտեր, թե ով է ճշմարիտ Աստվածը։ Նրա հավատն այնքան զորեղ էր, որ նա առանց վարանելու թույլ տվեց, որ առաջինը Բահաղի երկրպագուները զոհ մատուցեն՝ իրենց համար ցուլ ընտրեն և Բահաղի անունը կանչեն * (1 Թագ. 18։24, 25

13 Այսօր հրաշքներ տեղի չեն ունենում։ Սակայն Եհովան չի փոխվել։ Մենք կարող ենք վստահել նրան, ինչպես որ Եղիան էր վստահում։ Օրինակ՝ երբ մարդիկ չեն ընդունում Աստվածաշնչի ուսմունքները, մենք պետք է թույլ տանք, որ նրանք արտահայտեն իրենց կարծիքը։ Եղիայի նման՝ կարող ենք սպասել, որ ճշմարիտ Աստված ուղղի նրանց մտածելակերպը։ Դա կանենք՝ ապավինելով ոչ թե մեզ, այլ նրա ներշնչյալ Խոսքին, որը գրված է «ուղղելու» համար (2 Տիմոթ. 3։16

Եղիան Բահաղի երկրպագությունը համարում էր անհեթեթություն և ուզում էր, որ Աստծու ժողովուրդը հստակ տեսնի դա

14. Ինչպե՞ս Եղիան ծաղրեց Բահաղի մարգարեներին և ինչո՞ւ։

14 Բահաղի մարգարեները իրենց զոհը դրեցին զոհասեղանին և աղոթեցին իրենց աստծուն։ «Ո՛վ Բահաղ, պատասխանի՛ր մեզ»,— նորից ու նորից կանչում էին նրանք, և այդպես ժամեր շարունակ։ «Սակայն ոչ ձայն կար, ոչ էլ պատասխան տվող»,— ասում է Աստվածաշունչը։ Կեսօրին Եղիան սկսեց ծաղրել նրանց՝ հեգնանքով ասելով, թե Բահաղը հավանաբար չափազանց զբաղված է նրանց պատասխանելու համար, որ նա «գնացել է արտաքնոց» կամ նիրհել է, և ինչ-որ մեկը պետք է արթնացնի նրան։ «Բարձր ձայնո՛վ կանչեք»,— ասաց Եղիան այդ խաբեբաներին։ Հստակ է, որ նա Բահաղի երկրպագությունը համարում էր անհեթեթություն և ուզում էր, որ Աստծու ժողովուրդը հստակ տեսնի դա (1 Թագ. 18։26, 27

15. Ինչո՞ւ է Եհովայից բացի ուրիշ մեկին որպես տիրոջ ընտրելը անմտություն։

15 Բահաղի մարգարեները «սկսեցին ավելի բարձր ձայնով կանչել ու իրենց սովորության համաձայն՝ մարմինները դաշույններով ու նիզակներով կտրատել, մինչև որ արյուն հոսեց նրանց վրայից»։ Սակայն ապարդյուն։ «Ոչ ձայն կար, ոչ պատասխան տվող, և ոչ էլ ուշադրություն դարձնող» (1 Թագ. 18։28, 29)։ Իրականում ոչ մի Բահաղ գոյություն չուներ։ Նրան հորինել էր Սատանան՝ մարդկանց Եհովայից հեռացնելու համար։ Ճշմարտությունն այն է, որ Եհովայից բացի ցանկացած մեկի որպես տիրոջ ընտրելը ի վերջո հիասթափեցնում է և նույնիսկ ամաչեցնում (կարդա՛ Սաղմոս 25։3; 115։4–8

Ճշմարիտ Աստված պատասխանում է

16. ա) Թերևս ի՞նչ հիշեցրեց ժողովրդին Եղիայի վերաշինած զոհասեղանը։ բ) Ինչպե՞ս Եղիան ցույց տվեց, որ լիովին վստահում է Եհովային։

16 Վաղ երեկոյան եկավ այն պահը, երբ Եղիան պետք է զոհ մատուցեր։ Նա վերաշինեց Եհովային նվիրված զոհասեղանը, որն, անկասկած, քանդել էին մաքուր երկրպագության թշնամիները։ Եղիան օգտագործեց 12 քար, ինչը Իսրայելի տասցեղ թագավորության բնակիչներին թերևս հիշեցրեց, որ 12 ցեղերին տրված Օրենքը դեռևս ուժի մեջ է։ Այնուհետև նա զոհասեղանին դրեց զոհը և պատվիրեց, որ ջուր լցնեն վրան, որն, ըստ երևույթին, բերել էին Միջերկրական ծովից, որը հեռու չէր այդտեղից։ Զոհասեղանի վրա այնքան ջուր լցրին, որ նույնիսկ շուրջը եղող փոսը լցվեց։ Եղիան Բահաղի մարգարեներին տվեց բոլոր բարենպաստ պայմանները՝ իրենց զոհը մատուցելու համար, ինչից ինքը չօգտվեց։ Նա նույնիսկ անբարենպաստ պայմաններ ստեղծեց, ինչը ցույց էր տալիս, որ ինքը լիովին Եհովային է վստահում (1 Թագ. 18։30–35

Եղիայի աղոթքը ցույց է տալիս, որ նա մտահոգվում էր իր ժողովրդի համար և ուզում էր, որ Եհովան «նրանց սիրտը դեպի իրեն դարձնի»

17. Ինչպե՞ս Եղիայի աղոթքը բացահայտեց, թե ինչն էր նրա համար առաջնահերթ, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան աղոթքների հարցում։

17 Երբ ամեն բան պատրաստ էր, Եղիան աղոթեց։ Պարզ խոսքերով ասված աղոթքը հստակ ցույց տվեց, թե ինչն էր Եղիայի համար առաջնահերթ։ Նրա համար առաջին և ամենակարևոր բանն այն էր, որ բոլորն իմանային՝ Եհովան է «Իսրայելի Աստվածը», ոչ թե Բահաղը։ Երկրորդ՝ նա ուզում էր ցույց տալ, որ ինքը պարզապես Եհովայի ծառան է. ողջ փառքն ու պատիվը պետք է տրվի Աստծուն։ Եվ երրորդ՝ նա մտահոգվում էր իր ժողովրդի համար և ուզում էր, որ Եհովան «նրանց սիրտը դեպի իրեն դարձնի» (1 Թագ. 18։36, 37)։ Չնայած դժվարություններին, որոնք առաջացել էին նրանց անհավատության պատճառով՝ Եղիան, այնուամենայնիվ, շարունակում էր սիրել նրանց։ Կարո՞ղ ենք Աստծուն ուղղած մեր աղոթքներում ցույց տալ, որ մտահոգված ենք նրա անվան սրբացմամբ, ինչպես նաև դրսևորել խոնարհություն և կարեկցանք նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք ունեն։

18, 19. ա) Ինչպե՞ս Եհովան պատասխանեց Եղիայի աղոթքին։ բ) Ի՞նչ պատվիրեց Եղիան ժողովրդին, և ինչո՞ւ Բահաղի մարգարեները արժանի չէին ողորմության։

18 Նախքան Եղիայի աղոթելը ժողովուրդը հավանաբար մտածում էր, թե արդյոք Եհովան էլ Բահաղի պես կեղծ աստված է։ Սակայն աղոթքից հետո երկար մտածելու ժամանակ չեղավ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Այս խոսքերի վրա Եհովայի կրակը իջավ ու խժռեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց» (1 Թագ. 18։38)։ Ի՜նչ ազդու պատասխան։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց ժողովուրդը։

«Այս խոսքերի վրա Եհովայի կրակը իջավ»

19 «Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը։ Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը»,— բացականչեցին բոլորը (1 Թագ. 18։39)։ Վերջապես նրանք իմացան ճշմարտությունը։ Սակայն նրանք դեռ հավատ չէին դրսևորել։ Իրականում այն, որ ժողովուրդը տեսավ երկնքից թափվող կրակը և ընդունեց, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը, հավատի դրսևորում չէր։ Ուստի Եղիան պատվիրեց, որ նրանք անեն այն, ինչը պետք է արած լինեին շատ տարիներ առաջ՝ հնազանդվեին Եհովայի Օրենքին։ Աստծու Օրենքում ասվում էր, որ կեղծ մարգարեները և կռապաշտները պետք է մահվան դատապարտվեն (2 Օրենք 13։5–9)։ Բահաղի այս մարգարեները Եհովա Աստծու ոխերիմ թշնամիներն էին, որոնք միտումնավոր կերպով հակառակվում էին Աստծու նպատակներին։ Արդյոք նրանք արժանի՞ էին ողորմության։ Իսկ ի՞նչ ողորմություն էին նրանք ցույց տվել այն բոլոր անմեղ երեխաների հանդեպ, որոնց կենդանի այրել էին որպես զոհ Բահաղին (կարդա՛ Առակներ 21։13; Երեմ. 19։5)։ Նրանք բոլորովին արժանի չէին ողորմության։ Ուստի Եղիան հրամայեց սպանել նրանց, և նրանց կոտորեցին (1 Թագ. 18։40

20. Ինչո՞ւ են քննադատների մտահոգություններն անհիմն։

20 Այսօր որոշ քննադատներ խիստ քննադատության են ենթարկում Կարմեղոս լեռան վրա տեղի ունեցածը։ Ոմանք գուցե մտահոգվեն, որ կրոնական մոլեռանդները այս դեպքը կօգտագործեն կրոնական անհանդուրժողականության բռնի գործերը արդարացնելու համար։ Ցավոք, ներկայումս կրոնական մոլեռանդներ շատ կան։ Սակայն Եղիան մոլեռանդ չէր։ Նա գործեց հօգուտ Եհովայի արդար դատավճռի։ Ինչ խոսք, այսօր ճշմարիտ քրիստոնյաները չեն սպանում չարագործներին, ինչպես որ այն ժամանակ վարվեց Եղիան։ Նրանք առաջնորդվում են մեկ այլ սկզբունքով, որը Հիսուսն ասաց Պետրոսին ուղղված իր խոսքերում. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթ. 26։52)։ Եհովան իր Որդու միջոցով արդարություն կհաստատի ապագայում։

21. Ինչո՞վ է Եղիան լավ օրինակ այսօրվա ճշմարիտ քրիստոնյաների համար։

21 Ճշմարիտ քրիստոնյայի պատասխանատվությունն է հավատով լի կյանքով ապրել (Հովհ. 3։16)։ Դա անելու կերպերից մեկը Եղիայի պես հավատարիմ մարդկանց ընդօրինակելն է։ Նա երկրպագում էր բացարձակապես Եհովային և ուրիշներին էլ հորդորում էր նույնն անեն։ Նա քաջաբար քողազերծեց այն կեղծ կրոնը, որը Սատանան օգտագործում էր մարդկանց Եհովայից հեռացնելու համար։ Եղիան Եհովային ապավինեց և ոչ թե իր կարողություններին ու իր կամքին։ Այո՛, Եղիան պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը։ Թող որ մեզնից յուրաքանչյուրը ընդօրինակի նրա հավատը։

^ պարբ. 7 Տե՛ս «Որքա՞ն տևեց Եղիայի օրերի երաշտը» շրջանակը։

^ պարբ. 9 Կարմեղոսը սովորաբար ծածկված է լինում փարթամ ու կանաչ բուսականությամբ, քանի որ ծովից նրա լանջերին խոնավ քամիներ են փչում, որոնք հաճախ իրենց հետ անձրևներ և առատ ցող են բերում։ Քանի որ Բահաղին երկրպագում էին որպես անձրևի աստծու, այս լեռը, ակներևաբար, Բահաղի պաշտամունքի կարևոր վայրերից էր։ Ուստի այն, որ Կարմեղոսը անբերրի էր ու չորացած, հարմար վայր էր Բահաղի երկրպագության կեղծ լինելը բացահայտելու համար։

^ պարբ. 12 Հատկանշական են Եղիայի խոսքերը, որ ասաց նրանց, թե՝ «կրակ մի՛ վառեք» ողջակեզի համար։ Որոշ աստվածաշնչագետներ ասում են, որ այդպիսի կռապաշտները երբեմն օգտագործում էին այնպիսի զոհասեղաններ, որոնց տակ գաղտնի անցք կար, որտեղից կարծես գերբնական ձևով կրակ էր հայտնվում։