Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 2

Երկնքում ծնվում է Թագավորությունը

Երկնքում ծնվում է Թագավորությունը

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Ինչպես է Աստված իր ժողովրդին պատրաստել Թագավորության ծնվելուն

1, 2. Ո՞րն է ամենակարևոր իրադարձությունը, որ եղել է աշխարհի պատմության մեջ, և ինչո՞ւ զարմանալի չէ, որ ոչ մի մարդ ականատես չի եղել դրան։

 «ԻՆՉԵ՜Ր կտեսնեի, եթե ապրեի պատմական բեկումնային ժամանակաշրջանում»,— գուցե անցած լինի քո մտքով։ Սակայն, եթե իրոք ապրեիր այդպիսի ժամանակում, ականատես կլինեի՞ր այն նշանակալից դեպքերին, որոնք պատճառ են եղել մեծ հեղաշրջումների։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Այն իրադարձությունները, որոնք փոխել են հին վարչակարգերը, և որոնց մասին գրվել է պատմության էջերում, հաճախ տեղի են ունեցել փակ դռների հետևում՝ արքունիքներում, խորհրդարանական պալատներում կամ կառավարական շենքերում։ Թեև դրանք հասարակության աչքից հեռու են եղել, սակայն անդրադարձել են միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։

2 Ո՞րն է ամենամեծ իրադարձությունը, որը եղել է աշխարհի պատմության մեջ։ Հարկ է նշել, որ այն նույնպես տեղի է ունեցել մարդկանց աչքից հեռու։ Այդ իրադարձությունը Աստծու Թագավորության ծնունդն է, վաղեմի ժամանակներից խոստացված Մեսիական Թագավորության, որը շուտով վերջ է դնելու ներկա համակարգը (կարդա՛  Դանիել 2։34, 35, 44, 45)։ Այն, որ ոչ մի մարդ ականատես չի եղել այդ կարևոր իրադարձությանը, մի՞թե նշանակում է, որ Եհովան ցանկացել է դա գաղտնի պահել մարդկանցից։ Ընդհակառակը՝ Աստված իր հավատարիմ ժողովրդին նույնիսկ նախապատրաստել է դրան։ Տեսնենք, թե ինչպես։

«Ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա իմ առաջ կհարթի ճանապարհը»

3–5. ա) Ո՞վ էր Մաղաքիա 3։1-ում նշված «ուխտի պատգամաբերը»։ բ) Ի՞նչ էր լինելու, նախքան «ուխտի պատգամաբերը» կգար տաճար։

3 Վաղուց ի վեր Եհովան նպատակադրել էր պատրաստել իր ժողովրդին Մեսիական Թագավորության ծնվելուն։ Նկատի առնենք, օրինակ, Մաղաքիա 3։1-ում գրված մարգարեությունը. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա իմ առաջ կհարթի ճանապարհը։ Հանկարծակի իր տաճար կգա ճշմարիտ Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք փափագով սպասում եք»։

4 Ինչպե՞ս այս մարգարեությունը իրականացավ մեր օրերում։ Ե՞րբ Եհովան՝ «ճշմարիտ Տերը», եկավ ստուգելու նրանց, ովքեր ծառայում էին իր հոգևոր տաճարի երկրային գավիթում։ Մարգարեությունում ասվում է, որ Եհովան գալու էր իր «ուխտի պատգամաբերի» հետ։ Ո՞վ էր «ուխտի պատգամաբերը»։ Նա Մեսիական Թագավորն էր՝ Հիսուս Քրիստոսը (Ղուկ. 1։68–73)։ Լինելով նոր գահակալված Թագավոր՝ նա ստուգելու և զտելու էր Աստծու ժողովրդին (1 Պետ. 4։17

5 Իսկ ո՞վ էր այն «պատգամաբերը», որի մասին նշվում է Մաղաքիա 3։1-ի սկզբում։ Այս մարգարեական կերպարը ի հայտ էր գալու նախքան Մեսիական Թագավորի ներկայությունը։ 1914թ.-ին նախորդող տասնամյակներում ո՞վ Մեսիական Թագավորի առաջ ճանապարհ հարթեց։

6. Ո՞վ է գործել որպես «պատգամաբեր», որը գալու էր՝ նախապատրաստելու հավատարիմ մարդկանց գալիք իրադարձություններին։

6 Այս գիրքը ուսումնասիրելու ընթացքում կծանոթանանք Եհովայի ժողովրդի ժամանակակից պատմությանը և կիմանանք շատ հարցերի պատասխաններ։ Կտեսնենք, թե ինչպես 19-րդ դարի վերջում անկեղծ քրիստոնյաների մի խումբ առանձնացավ ու սկսեց նշմարվել քրիստոնյա աշխարհի ընդարձակ դաշտում։ Նրանք հայտնի դարձան «Աստվածաշունչ ուսումնասիրողներ» անունով։ Նրանց մեջ առաջնորդություն վերցնող անձինք՝ Չարլզ Թեյզ Ռասելը և նրա ընկերակիցները, ակնհայտորեն գործեցին որպես «պատգամաբեր»՝ հոգևորապես առաջնորդելով Աստծու ժողովրդին և պատրաստելով նրանց գալիք իրադարձություններին։ Քննենք, թե ինչ չորս կերպերով «պատգամաբերը» ճանապարհ հարթեց։

Երկրպագում են ճշմարտությամբ

7, 8. ա) 1800-ականներին ովքե՞ր բացահայտեցին հոգու անմահության ուսմունքի սուտ լինելը։ բ) Չարլզ Ռասելը և իր ընկերակիցները է՞լ որ սուտ ուսմունքները բացահայտեցին։

7 Աստվածաշունչ ուսումնասիրողները Աստծուց օգնություն էին խնդրում և քննում էին Սուրբ Գիրքը, ապա եզրակացության էին գալիս, ի մի էին բերում հստակ սուրբգրային ուսմունքները և տպագրում։ Դարեր շարունակ քրիստոնյա աշխարհն ընկղմված է եղել հոգևոր խավարում. նրա դավանած ուսմունքներից շատերը հեթանոսական ակունքներ ունեն։ Ակնառու օրինակ է հոգու անմահության ուսմունքը։ 1800-ականների ընթացքում մի քանի անկեղծ մարդիկ, որոնք Աստվածաշունչը խորությամբ էին ուսումնասիրում, նկատեցին, որ այդ ուսմունքը սուրբգրային հիմք չունի։ Հենրի Գրուն, Ջորջ Ստետսոնը և Ջորջ Սթորզը քաջաբար գրում և դասախոսություններ էին կարդում՝ բացահայտելով այդ դիվային սուտը։ a Նրանց գործունեությունը մեծ ազդեցություն թողեց Չարլզ Ռասելի և նրա ընկերակիցների վրա։

8 Աստվածաշունչ ուսումնասիրողների փոքր խումբը հասկացավ, որ հոգու անմահությանն առնչվող ուսմունքները նույնպես սուտ են, օրինակ՝ այն գաղափարը, որ բոլոր բարի մարդիկ գնում են երկինք, իսկ չար մարդկանց հոգիները Աստված տանջում է հավիտյան վառվող կրակներում։ Ռասելն ու իր ընկերակիցները համարձակորեն բացահայտեցին այդ ստերը՝ տպագրելով մի շարք հոդվածներ, գրքեր, պամֆլետներ, տրակտատներ և թերթերում՝ առանձին քարոզներ։

9. Ինչպե՞ս «Սիոնի Դիտարանը» բացահայտեց Երրորդության ուսմունքի սուտ լինելը։

9 Աստվածաշունչ ուսումնասիրողները բացահայտեցին մեծ տարածում ունեցող ևս մեկ սուտ՝ Երրորդության ուսմունքը։ 1887-ին «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» ամսագրում հետևյալը տպվեց. «Աստվածաշունչը հստակ է խոսում Եհովայի և մեր Տեր Հիսուսի տարբեր անձեր լինելու և նրանց հարաբերական դիրքերի մասին»։ Այնուհետև հոդվածում նշված էր, թե որքան զավեշտական է այն իրողությունը, որ «եռանձնյա Աստծու գաղափարը (երեք Աստված մեկում և միևնույն ժամանակ մեկ Աստված երեքում) ընդունվել և լայն տարածում է գտել։ Սակայն այդ փաստը խոսում է այն մասին, որ եկեղեցին խորը քնած էր, երբ թշնամին կապում էր նրան մոլորության շղթաներով»։

10. Ի՞նչ գրվեց «Դիտարանում» 1914 թվականի վերաբերյալ։

10 Ինչպես որ անունից էլ երևում է, «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» ամսագիրը կենտրոնացած էր Քրիստոսի ներկայությանը վերաբերող մարգարեությունների վրա։ Հավատարիմ օծյալները, ովքեր հոդվածներ էին գրում այդ ամսագրի համար, հասկացան, որ «յոթ ժամանակի» մասին Դանիելի մարգարեությունը առնչվում է Մեսիական Թագավորության հետ կապված Աստծու խոստումների իրականացմանը։ Դեռևս 1870-ականներին նրանք նշեցին, որ 1914 թվականն է այն տարին, երբ ավարտվելու էր «յոթ ժամանակը» (Դան. 4։25; Ղուկ. 21։24)։ Թեև այդ ժամանակաշրջանում ապրող մեր եղբայրները ամբողջությամբ չէին ըմբռնել այդ շրջադարձային տարվա ողջ նշանակությունը, սակայն ամենուր հռչակում էին իրենց իմացածը։ Նրանց կատարած գործը զգալի արդյունքներ ունեցավ։

11, 12. ա) Ո՞ւմ էր եղբայր Ռասելը փառքը վերագրում բացահայտված ճշմարտությունների համար։ բ) Ի՞նչ արդյունքներ ունեցավ Ռասելի և նրա ընկերակիցների գործունեությունը։

11 Ո՛չ Ռասելը, ո՛չ էլ նրա հավատարիմ ընկերակիցները այս կարևոր հոգևոր ճշմարտությունները ըմբռնելու և բացահայտելու փառքը իրենց չէին վերագրում։ Ռասելը խորին գնահատանք էր արտահայտում նրանց հանդեպ, ովքեր իրենից առաջ որոշ ճշմարտություններ էին բացահայտել։ Իսկ փառքը նա տալիս էր Եհովային, այն Աստծուն, ով սովորեցնում է իր ժողովրդին ամեն բան, ինչ պետք է իմանան, այն ժամանակ, երբ պետք է իմանան։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնում էր Ռասելի և նրա ընկերակիցների ջանքերը՝ ճշմարտությունը կեղծիքից զատելու։ Տարեցտարի նրանք ավելի էին առանձնանում ու տարբերվում քրիստոնյա համարվող աշխարհից։

Եղբայր Ռասելը և իր ընկերակիցները պաշտպանեցին աստվածաշնչյան ճշմարտությունները

12 Այս հավատարիմ մարդիկ ահռելի աշխատանք կատարեցին՝ 1914թ.-ից դեռևս տասնամյակներ առաջ թիկունք կանգնեցին ճշմարտությանը։ 1917թ. նոյեմբերի 1-ի «Դիտարանում» անցած տարիների մասին գրվեց. «Այսօր միլիոնավոր մարդիկ ազատված են այն ճնշող վախից, որը պատճառում են դժոխքի մասին ուսմունքը և նման ուրիշ կեղծ ուսմունքներ.... Ճշմարտության հզոր ջրերը, որ սկսել են բարձրանալ ավելի քան քառասուն տարի առաջ, շարունակում են և դեռ կշարունակեն բարձրանալ, մինչև որ ծածկեն ամբողջ երկիրը։ Ինչ խոսք, հակառակորդները անդադար փորձում են խանգարել ճշմարտության տարածմանը, սակայն ո՞վ կարող է ցախավելով օվկիանոսի հզոր ալիքները հետ մղել»։

13, 14. ա) Ինչպե՞ս «պատգամաբերը» ճանապարհ պատրաստեց Մեսիական Թագավորի առաջ։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել ավելի քան հարյուր տարի առաջ ապրած մեր եղբայրներից։

13 Մտածիր. արդյո՞ք Աստծու ժողովուրդը պատրաստ կլիներ Քրիստոսի ներկայությանը, եթե չիմանար, որ նա և իր Հայրը՝ Եհովան, տարբեր անձնավորություններ են։ Ինչ խոսք, ոչ։ Նրանք պատրաստ չէին լինի նաև, եթե մտածեին, թե բոլորը ինքնաբերաբար անմահ են դառնում, ինչը սակայն իրականում անգին պարգև է, որ տրվում է Քրիստոսի հետքերին սերտորեն հետևողներից միայն քչերին։ Ոչ էլ եթե մտածեին, թե Աստված մարդկանց հավիտյան տանջում է կրակներում, որտեղից ազատում չկա։ Ակնհայտ է, որ «պատգամաբերը» ճանապարհ պատրաստեց Մեսիական Թագավորի առաջ։

14 Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։ Ի՞նչ կարող ենք սովորել ավելի քան հարյուր տարի առաջ ապրած մեր եղբայրներից։ Մենք էլ նրանց պես պետք է Աստծու Խոսքի ջանասեր ընթերցողներ և ուսումնասիրողներ լինենք (Հովհ. 17։3)։ Մինչ այս նյութապաշտ աշխարհը հոգևորապես սովամահ է լինում, թող որ մեր ախորժակը հոգևոր սննդի հանդեպ ավելի մեծանա (կարդա՛  1 Տիմոթեոս 4։15

«Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ»

15. Ժամանակի ընթացքում ի՞նչ հասկացան Աստվածաշունչ ուսումնասիրողները (տես նաև ծանոթագրությունը)։

15 Աստվածաշունչ ուսումնասիրողները սովորեցնում էին, որ հարկավոր է դուրս գալ աշխարհի եկեղեցիներից։ 1879-ին «Դիտարանում» խոսվեց «Բաբելոն-եկեղեցու» մասին։ Խոսքը կաթոլիկ եկեղեցո՞ւ մասին էր։ Բողոքականները դարեր շարունակ պնդում էին, որ Բաբելոնը ներկայացնում է կաթոլիկ եկեղեցուն։ Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողների համար աստիճանաբար հստակ դարձավ, որ քրիստոնեական համարվող բոլոր եկեղեցիներն են ընդգրկված «Բաբելոնի» մեջ։ Ինչո՞ւ։ Քանի որ բոլորն էլ ստեր էին սովորեցնում, որոնցից մի քանիսի մասին արդեն նշեցինք։ b Ժամանակի ընթացքում մեր հրատարակություններում ավելի ու ավելի կոնկրետ էր ասվում, թե ինչ պետք է անեն բաբելոնյան եկեղեցիների ազնվասիրտ անդամները։

16, 17. ա) Ի՞նչ կոչ էր արվում «Հազարամյակի արշալույսի» 3-րդ հատորում և «Դիտարանում»։ բ) Ինչո՞ւ ոմանք լուրջ չէին վերաբերվում նախազգուշացմանը (տես ծանոթագրությունը)։

16 Օրինակ՝ 1891թ.-ին «Հազարամյակի արշալույսի» 3-րդ հատորում քննարկվում էր, որ Աստված մերժել է մեր օրերի Բաբելոնը։ Այնտեղ գրված էր. «Ողջ համակարգը՝ բոլոր [կրոնական] համակարգերի ամբողջությունը, մերժված է»։ Գրքում նաև կոչ էր արվում բոլոր նրանց, ովքեր «համամիտ չեն նրա կեղծ ուսմունքներին և սովորույթներին, դուրս գալ նրա միջից»։

17 1900թ. հունվարի «Դիտարանում» հոդված կար՝ ուղղված նրանց, ովքեր իրենց անունները դեռ չէին հանել եկեղեցիների մատյաններից և դա արդարացնում էին հետևյալ կերպ. «Ես ամբողջությամբ համամիտ եմ ճշմարտությանը և հազվադեպ եմ այլ հավաքույթների գնում»։ Հոդվածում ասվում էր. «Բայց մի՞թե ճիշտ է մի ոտքով Բաբելոնում լինել, մյուսով՝ դրանից դուրս։ Մի՞թե դա հնազանդվել է նշանակում, մի՞թե դա ընդունելի կամ հաճելի է Աստծուն։ Ո՛չ։ Նա [եկեղեցու անդամը], ով պաշտոնապես ընդունել է այդ եկեղեցու հավատամքը և դարձել է դրա անդամ, պետք է ապրի այդ հավատի համաձայն, քանի դեռ անձամբ պաշտոնապես չի հրաժարվել իր անդամակցությունից»։ Տարիների ընթացքում այս հարցը ավելի լուրջ դարձավ։ c Եհովայի ծառաները պետք է կեղծ կրոնի հետ բոլոր կապերը խզեին։

18. Ինչո՞ւ էր անհրաժեշտ դուրս գալ «Մեծ Բաբելոնից»։

18 Եթե Մեծ Բաբելոնից դուրս գալու նախազգուշացումը շարունակ չհնչեր, արդյոք Քրիստոսը՝ որպես նոր գահակալված Թագավոր, երկրի վրա կունենա՞ր իրեն սպասող օծյալ ծառաներ։ Ոչ, քանի որ միայն այն քրիստոնյաները, ովքեր դուրս են եկել Բաբելոնից, կարող են Աստծուն երկրպագել «ոգով և ճշմարտությամբ» (Հովհ. 4։24)։ Իսկ մենք վճռակա՞ն ենք կեղծ կրոնից հեռու մնալու հարցում։ Եկեք հնազանդ լինենք «դո՛ւրս եկեք նրա միջից, ի՛մ ժողովուրդ» կոչին (կարդա՛  Հայտնություն 18։4

Հավաքվում են երկրպագելու համար

19, 20. Ի՞նչ էր հորդորում «Դիտարանը» երկրպագության հետ կապված։

19 Աստվածաշունչ ուսումնասիրողները սովորեցնում էին, որ հավատակիցները պետք է հավաքվեն երկրպագելու համար։ Անկեղծ քրիստոնյաների համար բավարար չէր միայն դուրս գալ կեղծ կրոնից։ Նրանք պետք է նաև մասնակցեին մաքուր երկրպագությանը։ Դեռ վաղ ժամանակներից «Դիտարանը» հորդորում էր ընթերցողներին հավաքվել երկրպագության համար։ Օրինակ՝ 1880-ի հուլիսին եղբայր Ռասելը իր շրջագայություններից մեկի ժամանակ ելույթում նշեց, թե որքան քաջալերական են նման հավաքույթները։ Այնուհետև հորդորեց ընթերցողներին արդյունքների մասին գրել և ուղարկել ընկերություն, որոնցից մի քանիսը կտպագրվեին ամսագրում։ Ո՞րն էր դրա նպատակը։ «Թող որ բոլորս իմանանք.... թե ինչպես է Տերը օրհնում ձեզ, և թե արդյոք հավաքվում եք երկրպագելու այն մարդկանց հետ, ովքեր ձեր նույն անգին հավատն ունեն»։

Չարլզ Ռասելը և մի խումբ Աստվածաշունչ ուսումնասիրողներ Կոպենհագենում, Դանիա, 1909

20 1882-ին «Դիտարանում» լույս տեսավ «Միասին հավաքվենք» հոդվածը։ Այն հորդորում էր քրիստոնյաներին հավաքույթներ կազմակերպել «միմյանց կերտելու, քաջալերելու և զորացնելու նպատակով»։ Այնտեղ ասվում էր. «Էական չէ՝ կա ձեր մեջ կրթված կամ տաղանդավոր մեկը, թե ոչ։ Թող յուրաքանչյուրը բերի իր Աստվածաշունչը, թուղթ ու գրիչ և հնարավորինս օգտվի համաբարբառից։ Ընտրեք թեմա, սուրբ ոգու առաջնորդությունը խնդրեք այն հասկանալու համար, հետո կարդացեք, մտածեք, համեմատեք սուրբգրային համարները իրար հետ և համոզված եղեք, որ ճշմարտության լույսը կշողա ձեր առաջ»։

21. Ի՞նչ օրինակ են թողել Ալեգեյնիի ժողովի եղբայրները։

21 Աստվածաշունչ ուսումնասիրողների գլխավոր վարչությունը գտնվում էր Ալեգեյնիում (Փենսիլվանիա, ԱՄՆ)։ Այնտեղի եղբայրները լավ օրինակ էին թողնում միասին հավաքվելու հարցում, ինչպես խորհուրդ է տրվում Եբրայեցիներ 10։24, 25-ում (կարդա՛)։ Եղբայր Չարլզ Քեյփընը, որն այդ տարիներին դեռ երեխա էր, հետագայում գրեց. «Մինչև հիմա հիշում եմ այն սուրբգրային համարը, որ փակցված էր Ընկերության հավաքույթների սրահի պատին՝ «Մեկն է ձեր ուսուցիչը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք» (Մատթ. 23։8)։ Այդ խոսքերը միշտ վառ են իմ մտքում։ Եհովայի ժողովրդի մեջ առանձին հոգևորական դաս չկա»։ Եղբայր Քեյփընը նաև հիշում էր, թե որքան ոգևորիչ և քաջալերական էին այդ հավաքույթները, և թե ինչպես էր եղբայր Ռասելը հոգևոր օգնություն տրամադրում ժողովի յուրաքանչյուր անդամին։

22. Ինչպե՞ս Աստվածաշունչ ուսումնասիրողները արձագանքեցին երկրպագության համար հավաքվելու մասին սուրբգրային խորհրդին, և ի՞նչ ենք սովորում նրանցից։

22 Հավատարիմ մարդիկ հետևում էին այս օրինակին և տրված առաջնորդությանը։ Մյուս նահանգներում էլ ժողովներ կազմավորվեցին, սկզբում Օհայոյում ու Միչիգանում, այնուհետև ամբողջ Հյուսիսային Ամերիկայում և այլ երկրներում։ Մտածիր. հավատարիմ մարդիկ պատրաստված կլինեի՞ն Քրիստոսի ներկայությանը, եթե չհնազանդվեին երկրպագության համար հավաքվելու մասին սուրբգրային խորհրդին։ Ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։ Մենք ևս պետք է վճռական լինենք ժողովի հանդիպումներին կանոնավորաբար ներկա լինելու հարցում՝ օգտագործելով ամեն հնարավորություն Եհովային միասին երկրպագելու և միմյանց հոգևորապես կերտելու համար։

Քարոզում են եռանդով

23. Ինչպե՞ս էր «Դիտարանը» հստակ դարձնում, որ բոլոր օծյալները պետք է ճշմարտության քարոզիչներ լինեն։

23 Աստվածաշունչ ուսումնասիրողները սովորեցնում էին, որ բոլոր օծյալները պետք է ճշմարտության քարոզիչներ լինեն։ 1885-ին «Դիտարանում» գրվեց. «Չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր օծյալ նշանակված է քարոզելու (Ես. 61։1) և կանչված է այդ ծառայության համար»։ Իսկ 1888-ին հրատարակվեց հետևյալը. «Մեր առաջադրանքը հստակ է.... Եթե այն անտեսենք կամ պատրվակներ փնտրենք չանելու համար, ցույց կտանք, որ ծույլ ծառաներ ենք և արժանի չենք մեր բարձր կոչմանը»։

24, 25. ա) Ռասելն ու իր ընկերակիցները քարոզելու հորդոր տալուց բացի ուրիշ ի՞նչ արեցին։ բ) Ինչպե՞ս է գրքեր տարածողներից մեկը նկարագրում այդ օրերի իր ծառայությունը։

24 Եղբայր Ռասելը և իր ընկերակիցները ավելին արեցին, քան միայն քարոզելու հորդոր տալը։ Նրանք սկսեցին տրակտատներ հրատարակել, որոնք կոչվում էին «Աստվածաշունչ ուսումնասիրողների տրակտատներ» (հետագայում կոչվեցին նաև «Հին աստվածաբանության եռամսյակային տրակտատներ»)։ «Դիտարան» ընթերցողները այս տրակտատները ստանում և անվճար բաժանում էին մարդկանց։

Լավ կլինի՝ հարցնենք ինքներս մեզ. «Քարոզչական ծառայությունը առաջնայի՞ն է իմ կյանքում»

25 Այն մարդիկ, ովքեր լիաժամ մասնակցում էին ծառայությանը, կոչվում էին գրքեր տարածողներ։ Չարլզ Քեյփընը նույնպես գրքեր տարածող էր։ Նա հետագայում ասաց. «Փենսիլվանիայում իմ տարածքը մշակելու համար օգտվում էի ԱՄՆ-ի տեղագրության վարչության կազմած քարտեզներից։ Այդ քարտեզներում նշված էին բոլոր փողոցները, և դրանց օգնությամբ կարողանում էի ոտքով հասնել բոլոր բնակավայրերը։ Երբեմն ես երեք օր շրջում էի իմ տարածքում ու գրանցում էի «Գրությունների ուսումնասիրություն» գրքի հատորյակի պատվերները։ Պատվերները տեղ հասցնելու համար ձի և սայլ էի վարձում։ Հաճախ գիշերում էի ֆերմերների մոտ։ Այդ օրերին շատ մեքենաներ չկային»։

Գրքեր տարածող։ Կառքի վրա պատկերված է «Դարերի գծագիրը»

26. ա) Աստծու ժողովուրդն ինչո՞ւ պետք է մասնակցեր քարոզչական գործին։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

26 Քարոզչական ծառայությանը մասնակցելու համար քաջություն ու եռանդ էր պետք։ Ճշմարիտ քրիստոնյաները պատրաստ կլինե՞ին Քրիստոսի իշխանությանը, եթե չգիտակցեին քարոզչական գործի կարևորությունը։ Ո՛չ։ Չէ՞ որ քարոզչությունը լինելու էր Քրիստոսի ներկայության ակնհայտ ապացույցներից մեկը (Մատթ. 24։14)։ Աստծու ժողովուրդը քարոզչությունը պետք է դարձներ իր կյանքի առաջնային գործը։ Լավ կլինի հարցնենք ինքներս մեզ. «Քարոզչական ծառայությունը առաջնայի՞ն է իմ կյանքում։ Զոհողություններ անո՞ւմ եմ, որպեսզի լիարժեքորեն մասնակցեմ դրան»։

Ծնվում է Աստծու Թագավորությունը

27, 28. Ի՞նչ տեսավ Հովհաննես առաքյալը տեսիլքում, և ի՞նչ արեցին Սատանան ու նրա դևերը, երբ ծնվեց Թագավորությունը։

27 Վերջապես եկավ 1914 թվականը։ Ինչպես նշվեց այս գլխի նախաբանում, ոչ մի մարդ չի տեսել երկնքում տեղի ունեցած փառահեղ իրադարձությունները։ Սակայն դրանք խորհրդանշական լեզվով նկարագրված են «Հայտնություն» գրքում։ Պատկերացրու. Հովհաննեսը «մի մեծ նշան» է տեսնում երկնքում։ «Կինը»՝ Աստծու կազմակերպության երկնային մասը, որը բաղկացած է ոգեղեն էակներից, արու զավակ է ծնում։ Այս խորհրդանշական մանուկը, ինչպես ասվում է տեսիլքում, «բոլոր ազգերին պիտի հովվի երկաթե գավազանով»։ Ծնվելուց անմիջապես հետո նրան տանում են «Աստծու և նրա գահի մոտ»։ Մի բարձր ձայն է լսվում երկնքում, որն ասում է. «Հիմա հաստատվեց փրկությունը, զորությունը և մեր Աստծու թագավորությունն ու նրա Քրիստոսի իշխանությունը» (Հայտն. 12։1, 5, 10

28 Հովհաննեսը տեսավ Մեսիական Թագավորության ծնունդը։ Դա, իհարկե, փառահեղ իրադարձություն էր, սակայն բոլորը չէ, որ ուրախացան դրա համար։ Սատանան և նրա դևերը պատերազմեցին հավատարիմ հրեշտակների դեմ, որոնց առաջնորդում էր Միքայելը՝ Քրիստոսը։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Կարդում ենք. «Ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ Բանսարկու և Սատանա է կոչվում, որ մոլորեցնում է ողջ երկիրը. նա ցած գցվեց երկրի վրա, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին» (Հայտն. 12։7, 9

1914-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին նշմարել Քրիստոսի անտեսանելի ներկայության նշանը

29, 30. Մեսիական Թագավորության ծնունդից հետո ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան ա) երկրի վրա, բ) երկնքում։

29 1914-ից տարիներ առաջ Աստվածաշունչ ուսումնասիրողները ասել էին, որ այդ տարի սկսվելու էին դժվար ժամանակները։ Սակայն անգամ նրանք չէին կարող պատկերացնել, թե որքան ճշգրիտ էր այդ կանխատեսումը։ Ինչպես Հովհաննեսի տեսիլքն է բացահայտում, Սատանան սկսելու էր ավելի մեծ ազդեցություն ունենալ մարդկային հասարակության վրա։ «Վա՜յ երկրին և ծովին, որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտն. 12։12)։ 1914-ին սկսեց Առաջին համաշխարհային պատերազմը, և այդպիսով աշխարհով մեկ ակնհայտ դարձավ թագավորական զորությամբ Քրիստոսի ներկայությունը։ Դա այս համակարգի վերջին օրերի սկիզբն էր (2 Տիմոթ. 3։1

30 Սակայն երկնքում ուրախություն տիրեց։ Սատանան ու իր դևերը մեկընդմիշտ վտարվեցին երկնքից։ Հովհաննեսի արձանագրության մեջ կարդում ենք. «Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք, որ բնակվում եք նրանում» (Հայտն. 12։12)։ Քանի որ երկինքը մաքրվեց, և Հիսուսը նստեց թագավորական գահին, Մեսիական Թագավորությունը պատրաստ էր գործելու Աստծու ժողովրդին ի նպաստ։ Ի՞նչ քայլեր էր ձեռնարկելու այն։ Գլխի սկզբում իմացանք, որ Քրիստոսը, լինելով «ուխտի պատգամաբեր», նախևառաջ զտելու էր Աստծու ծառաներին։ Ի՞նչ էր դա նշանակում։

Ստուգման ժամանակաշրջան

31. Ի՞նչ էր մարգարեացել Մաղաքիան զտման վերաբերյալ, և ինչպե՞ս այն կատարվեց (տես նաև ծանոթագրությունը)։

31 Մաղաքիան մարգարեացել էր, որ մաքրումը հեշտ չէր լինելու։ Նա գրել է. «Ո՞վ կդիմանա նրա գալու օրվան, ո՞վ կանգուն կմնա, երբ նա հայտնվի։ Չէ՞ որ նա զտողի կրակի պես կլինի և լվացարարների մոխրաջրի պես» (Մաղ. 3։2) Որքա՜ն ճիշտ էին այս խոսքերը։ 1914-ից սկսած՝ երկրի վրա Աստծու ժողովուրդը մեծ փորձությունների ու դժվարությունների միջով անցավ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աստվածաշունչ ուսումնասիրողներից շատերը դաժան հալածանքներ կրեցին ու բանտարկվեցին։ d

32. Ի՞նչ տեղի ունեցավ կազմակերպության ներսում 1916-ից հետո։

32 Կազմակերպությունը փորձվում էր նաև ներսից։ 1916-ին եղբայր Ռասելը ընդամենը 64 տարեկան հասակում մահացավ։ Այս լուրը ցնցեց Աստծու ժողովրդին։ Նրա մահը ցույց տվեց, որ որոշ մարդիկ չափից շատ էին կենտրոնացել նրա անձի վրա։ Չնայած եղբայր Ռասելը նման բան չէր ցանկանում, սակայն նրան սկսել էին մեծարել և նույնիսկ երկրպագել։ Շատերը կարծում էին, որ ճշմարտությունների բացահայտումը դադարեց նրա մահով։ Ոմանք էլ խիստ հակառակվում էին ընկերության առաջ գնալու ջանքերին։ Այս վերաբերմունքը հավատուրացության ալիք բարձրացրեց և պառակտումներ մտցրեց կազմակերպության մեջ։

33. Ինչպե՞ս չիրականացած ակնկալիքները փորձություն դարձան Աստծու ժողովրդի համար։

33 Չիրականացած ակնկալիքները մեկ այլ փորձություն էին։ Թեև «Դիտարանում» նշվել էր, որ 1914-ին ավարտվում են հեթանոսների ժամանակները, սակայն եղբայրները լավ չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենալու այդ տարի (Ղուկ. 21։24)։ Նրանք մտածում էին՝ Քրիստոսը պետք է երկինք տանի իր օծյալ «հարս» դասակարգին իր հետ թագավորելու համար։ Սակայն նրանց ակնկալիքը չիրականացավ։ Հետագայում՝ 1917-ին, «Դիտարանում» գրվեց, որ 1918-ի գարնանը 40-ամյա հնձի ժամանակը ավարտվելու է։ Սակայն քարոզչական գործը չավարտվեց, այլ շարունակեց ընդլայնվել։ Այնուհետև ամսագրում գրվեց, որ հունձը վերջացել է, և այժմ հասկաքաղի՝ մնացած հասկերը հավաքելու ժամանակն է։ Նորից շատերը հուսախաբ եղան և դադարեցին Եհովային ծառայել։

34. Ի՞նչ փորձություն եղավ 1918-ին, և ինչո՞ւ հոգևորականները կարծեցին, թե Աստծու ժողովուրդը «սպանվել» է։

34 1918-ին մեկ այլ փորձություն եղավ, որը կարող էր հուսաբեկել Աստծու ժողովրդին։ Ջոզեֆ Ռադերֆորդին, ով առաջնորդություն էր վերցրել՝ հաջորդելով եղբայր Ռասելին, և յոթ այլ պատասխանատու եղբայրների ձերբակալեցին։ Նրանց անարդարացիորեն երկարաժամկետ ազատազրկման դատապարտեցին և փակեցին Ատլանտայի ֆեդերալ բանտում (Ջորջիա, ԱՄՆ)։ Որոշ ժամանակ գուցե թվար, թե Աստծու ժողովուրդը կաթվածահար վիճակում է։ Քրիստոնյա աշխարհի հոգևորականների համար դա ցնծություն էր։ Շատերը կարծում էին, որ այդ «վտանգավոր» Աստվածաշունչ ուսումնասիրողները «անշնչացել են» և իրենց համար այլևս սպառնալիք չեն, քանի որ նրանց «առաջնորդները» ձերբակալված են, Բրուքլինի վարչությունը փակվված է և քարոզչությունը Ամերիկայում ու Եվրոպայում արգելքի տակ է (Հայտն. 11։3, 7–10)։ Նրանք, անշուշտ, սխալվում էին։

Վերակենդանացման ժամանակաշրջան

35. Ինչո՞ւ Հիսուսը թույլ տվեց, որ իր հետևորդները փորձություններ կրեն, և ի՞նչ արեց նրանց օգնելու համար։

35 Ի՞նչ իմանային թշնամիները, որ Հիսուսն էր թույլ տվել, որ իր հետևորդները նման փորձություններ կրեն, քանի որ Եհովան նստել էր «որպես արծաթ զտող և մաքրող» (Մաղ. 3։3)։ Եհովան և իր Որդին վստահ էին, որ հավատարիմները այդ կրակոտ փորձություններից դուրս կգային զտված, մաքրված և ավելի պատրաստված՝ Թագավորին ծառայելու համար։ 1919-ի հենց սկզբերին պարզ դարձավ, որ Եհովայի ոգին արեց այն, ինչը անհնարին էր թվում թշնամիներին։ Աստծուն հավատարիմ անհատները կենդանություն առան (Հայտն. 11։11)։ Այդ ժամանակ Քրիստոսի միջոցով կատարվեց վերջին օրերի նշանի կարևոր մասերից մեկը. նա նշանակեց «հավատարիմ և իմաստուն ծառային»՝ օծյալ տղամարդկանց մի փոքր խմբի, որը պետք է առաջնորդություն վերցներ Աստծու ժողովրդի մեջ և ժամանակին հոգևոր կերակուր մատակարարեր (Մատթ. 24։45–47

36. Ի՞նչը ցույց տվեց, որ Աստծու ժողովուրդը կենդանություն էր առել։

36 1919-ի մարտի 26-ին եղբայր Ռադերֆորդը և իր ընկերակիցները ազատ արձակվեցին։ Շատ չանցած՝ նրանք ծրագրեցին սեպտեմբերին համաժողով անցկացնել։ Նախատեսվում էր նաև լույս ընծայել երկրորդ ամսագիրը, որը կոչվելու էր «Ոսկե դար»։ Ինչպես «Դիտարանը», այնպես էլ այս ամսագիրը լույս էր տեսնելու ամեն ամիս, սակայն «Ոսկե դարը» նախատեսված էր լինելու քարոզչական ծառայության մեջ օգտագործելու համար։ e Այդ նույն տարի առաջին անգամ լույս տեսավ նաև «Տեղեկագիրը», որի փոխարեն այժմ Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկն է։ Այն ի սկզբանե մարզում է Աստծու ժողովրդին քարոզչական ծառայության համար։ 1919-ից սկսած՝ ավելի մեծ շեշտ դրվեց տնետուն ծառայության վրա։

37. 1919-ին հաջորդող տարիներին ինչպե՞ս ոմանք անհավատարիմ եղան։

37 Քարոզչական գործը շարունակում էր զտել Քրիստոսի ծառաներին։ Ովքեր հպարտ էին ու մեծամիտ, չէին ցանկանում մասնակցել այդ խոնարհ գործին։ Այդպիսի անհատները առանձնացան հավատարիմներից։ 1919-ին հաջորդող տարիներին նրանք, բարկությամբ լցված, սկսեցին զրպարտել Աստծու ժողովրդին և անգամ հակառակորդների կողմն անցան։

38. Ի՞նչ են նշանակում Քրիստոսի հետևորդների հաղթանակները մեզ համար։

38 Չնայած այդ հարձակումներին՝ Քրիստոսի հետևորդները շարունակում էին շատանալ ու հոգևորապես բարգավաճել։ Այդ ժամանակից ի վեր Աստծու ժողովրդի ամեն մի հաջողությունն ու ամեն մի հաղթանակը ամրացնում է մեր համոզվածությունը, որ Աստծու Թագավորությունը իշխում է։ Աստված իր Որդու և Մեսիական Թագավորության միջոցով օրհնում և աջակցում է իր ժողովրդին, և միայն դրա շնորհիվ է, որ անկատար մարդկանցից բաղկացած այդ փոքրիկ խումբը կարողացավ անընդմեջ հաղթանակներ տանել Սատանայի և նրա չար համակարգի դեմ (կարդա՛  Եսայիա 54։17

Եղբայր Ռադերֆորդը բանտից ազատվելուց ամիսներ անց համաժողովին ոգևորիչ ելույթ ներկայացրեց

39, 40. ա) Որո՞նք են այս գրքի առանձնահատկություններից մի քանիսը։ բ) Ի՞նչ օգուտ կարող է այս գրքի ուսումնասիրությունը տալ քեզ։

39 Հաջորդ գլուխներում, ըստ բաժինների, քննարկվում է, թե ինչեր է Աստծու Թագավորությունը իրագործել երկրի վրա իր ծննդից ի վեր՝ վերջին հարյուրամյակում։ Ամեն գլխի վերջում կան կրկնության հարցեր, որոնք կօգնեն յուրաքանչյուրիս տեսնելու, թե որքան իրական է Թագավորությունը մեզ համար։ Եզրափակիչ գլուխներում քննարկվում է, թե ինչ իրադարձություններ են լինելու, երբ մոտ ապագայում Աստծու Թագավորությունը գա չարերին վերացնելու և երկիրը դրախտի վերածելու համար։ Իսկ ի՞նչ օգուտ կարող է տալ քեզ այս գրքի ուսումնասիրությունը։

40 Սատանան ուզում է քայքայել Աստծու Թագավորության հանդեպ քո հավատը։ Իսկ Եհովան ցանկանում է ամրապնդել այն, որպեսզի հավատդ պաշտպանի և ուժեղ դարձնի քեզ (Եփես. 6։16)։ Ուստի հորդորում ենք մեծ ուշադրությամբ ուսումնասիրել այս գիրքը։ Հարցրու ինքդ քեզ. «Աստծու Թագավորությունը իրակա՞ն է ինձ համար»։ Որքան այն իրական լինի քեզ համար, այնքան դու պատրաստ կլինես հավատարմորեն և ակտիվորեն աջակցել Թագավորությանը և քո աչքերով կտեսնես այն օրը, երբ ողջ աշխարհում կիշխի միայն Աստծու Թագավորությունը։

a Գրուի, Ստետսոնի և Սթորզի մասին ավելին իմանալու համար տես «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողներ» գիրքը, էջ 45, 46։

b Աստվածաշունչ ուսումնասիրողները տեսնում էին աշխարհի մեջ եղող կրոնական կազմակերպություններից առանձնանալու անհրաժեշտությունը։ Այդուհանդերձ տարիներ շարունակ իրենց եղբայր էին համարում բոլոր նրանց, ովքեր թեև Աստվածաշունչ ուսումնասիրող չէին, բայց հավատում էին փրկանքին և իրենք իրենց աստվածանվեր էին համարում։

c Պատճառներից մեկը, թե ինչու լուրջ չէին նայում այս հարցին, այն էր, որ մտածում էին, թե դա հիմնականում վերաբերում է Քրիստոսի՝ 144000 հոգուց բաղկացած փոքր հոտին։ Ինչպես կիմանանք 5-րդ գլխից, մինչև 1935թ. այն կարծիքը կար, թե Հայտնություն 7։9, 10-ում նկարագրված «մեծ բազմությունը» վերաբերում է քրիստոնյա աշխարհի եկեղեցիների անթիվ-անհամար անդամներին, որոնք Քրիստոսի կողմն անցնելու համար վերջում վարձատրվելու են՝ կազմելով երկրորդական դաս երկնքում։

d 1920-ի սեպտեմբերին լույս տեսավ «Ոսկե դարի» (այժմ՝ «Արթնացե՛ք») հատուկ թողարկում, որտեղ մանրամասնորեն նկարագրվում էին որոշ դաժան հալածանքներ, որ եղել են Կանադայում, Անգլիայում, Գերմանիայում և Միացյալ Նահանգներում։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը նման հալածանքներ չէին եղել։

e Երկար տարիներ «Դիտարանը» նախատեսված է եղել հիմնականում փոքր հոտի անդամներին կրթելու և առաջնորդելու համար։