Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հարց 2. ի՞նչ է լինում մահից հետո

Հարց 2. ի՞նչ է լինում մահից հետո

ՌՈՄԱՆԸ փոքր էր, երբ իր մոտիկ ընկերը ավտովթարից մահացավ։ «Ընկերոջս մահը ցնցեց ինձ,— պատմում է նա։— Տարիներ շարունակ ինձ տանջում էր այն հարցը, թե ինչ է լինում մահից հետո»։

Ինչու է այս հարցը հետաքրքրում մեզ։

Մարդը չի կարողանում հաշտվել մահվան հետ։ Անկախ նրանից, թե քանի տարեկան ենք՝ չենք ուզում մահանալ։ Շատերին է մտահոգում այն հարցը, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։

Ինչպես են ոմանք պատասխանում։

Շատերն այն կարծիքին են, թե մահից հետո մարդու մեջ եղող ինչ-որ բան շարունակում է ապրել։ Նրանք հավատում են, որ լավ մարդիկ երկնքում վարձատրություն են ստանալու, իսկ վատ մարդիկ հավիտյան կրելու են իրենց պատիժը։ Ոմանք էլ կարծում են, որ մահից հետո մարդը դադարում է գոյություն ունենալուց և ի վերջո լիովին մոռացվում է։

Ինչ են բացահայտում այս պատասխանները։

Առաջին պատասխանը այն միտքն է հաղորդում, թե մարդն իրականում չի մահանում։ Երկրորդը՝ որ կյանքն անիմաստ է։ Այս տեսակետն ունեցողները մտածում են, որ ինչ էլ անեն, միևնույնն է, մահանալու են, և ապրում են հետևյալ սկզբունքով. «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (1 Կորնթացիներ 15։32

Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։

Աստվածաշունչը չի սովորեցնում, որ մահից հետո ինչ-որ բան շարունակում է ապրել։ Աստված ներշնչեց Սողոմոն թագավորին գրելու. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5)։ Ովքեր «ոչ մի բան չեն գիտակցում», լիովին անտեղյակ են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Նրանք չեն կարող զգալ կամ ինչ-որ բան անել։ Հետևաբար, մահացածները չեն կարող օգնել կամ վնասել ողջերին։

Աստված չէր նպատակադրել, որ մարդը մահանա։ Նա առաջին մարդ Ադամին ստեղծել էր երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարով։ Աստված խոսեց մահվան մասին, երբ Ադամին հայտնեց, թե անհնազանդության դեպքում ինչ պատիժ է սպասվում։ Նա արգելեց Ադամին ուտել կոնկրետ ծառի պտղից և զգուշացրեց, որ եթե ուտի, «անշուշտ, պիտի մեռնի» (Ծննդոց 2։17)։ Եթե Ադամն ու Եվան հնազանդվեին, թե՛ նրանք և թե՛ նրանց բոլոր սերունդները, որոնք նվիրված կլինեին Աստծուն, հավիտյան կապրեին երկրի վրա։

Ադամն արհամարհեց Աստծու նախազգուշացումը։ Չհնազանդվելով Աստծուն՝ նա մեղք գործեց և հետագայում մահացավ (Հռոմեացիներ 6։23)։ Նրա ոչ մի մասնիկը կենդանի չմնաց։ Նա դադարեց գոյություն ունենալուց։ Աստված ասել էր Ադամին. «Երեսիդ քրտինքով պիտի հաց ուտես, մինչև որ հետ դառնաս դեպի հողը, քանի որ այնտեղից վերցվեցիր, որովհետև հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (Ծննդոց 3։19)։ Քանի որ ողջ մարդկությունը Ադամից է սերել, նրանից մեղք ու մահ է ժառանգել (Հռոմեացիներ 5։12

Չնայած Ադամի անհնազանդությանը՝ Աստված իրագործելու է իր նպատակը և երկիրը Ադամի կատարյալ սերունդներով է բնակեցնելու (Ծննդոց 1։28; Եսայիա 55։11)։ Շուտով Եհովան կյանքի կբերի մահացածների մեծ մասին։ Պողոս առաքյալն ասաց. «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործեր 24։15

Ռոմանը, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, Աստվածաշունչ ուսումնասիրեց և իմացավ, թե ինչ է այն սովորեցնում մահվան, ինչպես նաև Եհովա Աստծու մասին։ Դա մեծ ազդեցություն ունեցավ նրա կյանքի վրա։ Նրա մասին կարդա 11-րդ էջում։