Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընդօրինակեք նրանց հավատը

Նա պաշտպանեց, հոգ տարավ, մինչև վերջ կատարեց իր հանձնարարությունը

Նա պաշտպանեց, հոգ տարավ, մինչև վերջ կատարեց իր հանձնարարությունը

ՀՈՎՍԵՓԸ ևս մեկ կապոց դրեց ավանակի մեջքին ու թփթփացրեց ջլապինդ բեռնակիր անասունի կողը։ Նա նայեց մթության մեջ թաղված Բեթլեհեմ գյուղին. անկասկած, մտածում էր իրեն ու իր ընտանիքին սպասող երկար ճանապարհորդության մասին։ Ո՞ւր էին նրանք գնալու։ Եգիպտոս. օտար ժողովուրդ, օտար լեզու, օտար սովորություններ։ Ինչպե՞ս էին հարմարվելու այդքան շատ փոփոխությունների։

Բայց ինչո՞ւ նրանք պետք է հեռանային։ Հովսեփը վատ լուր էր ստացել, և նրա համար հեշտ չէր դա հաղորդել իր սիրելի կնոջը՝ Մարիամին։ Ինչևէ, Հովսեփը հավաքեց իրեն ու ասաց։ Ասաց, որ երազում հրեշտակը Աստծու անունից պատվիրեց անհապաղ հեռանալ, որովհետև Հերովդես թագավորը մտադիր է իրենց բալիկին սպանել (Մատթեոս 2։13, 14)։ Մարիամը շա՜տ անհանգստացավ։ Ինչպե՞ս կարելի է անմեղ երեխային սպանելու ցանկություն ունենալ։ Ո՛չ Մարիամը, ո՛չ Հովսեփը չէին կարողանում հասկանալ դա։ Բայց նրանք Եհովային վստահում էին, ուստի պատրաստվեցին ճանապարհ ընկնելու։

Մինչ ամբողջ Բեթլեհեմը քնած էր՝ դեպքերի դրամատիկ զարգացումից անտեղյակ, Հովսեփն ու Մարիամը, վերցնելով փոքրիկ Հիսուսին, մթության քողի տակ աննկատ հեռացան գյուղից։ Հովսեփը նրանց տարավ հարավային ուղղությամբ։ Արևելքում շուտով երկինքը սկսեց շառագունել։ Հովսեփը մտածում էր՝ ինչ է իրենց սպասում։ Ինչպե՞ս կարող էր իր պես հասարակ ատաղձագործը օտար ափերում պաշտպանել ընտանիքը։ Կկարողանա՞ր բավարար չափով հոգալ Մարիամի և Հիսուսի կարիքները։ Կհաջողվե՞ր մինչև վերջ կատարել Եհովա Աստծու կողմից իրեն տրված լուրջ հանձնարարությունը, այն է՝ հոգ տանել այդ յուրօրինակ երեխայի մասին և նրան պահել մեծացնել։ Հովսեփը շատ մեծ դժվարությունների բախվեց։ Ինչպե՞ս նա հաղթահարեց դրանք։ Նրա օրինակը այսօր քաջալերական կարող է լինել հայրերի և, ինչու չէ, նաև մյուսների համար։ Հովսեփի հավատը ընդօրինակման է արժանի։

Նա պաշտպանեց իր ընտանիքը

Ամիսներ առաջ իր հայրենի քաղաքում Հովսեփի կյանքը մեկընդմիշտ փոխվեց. նա նշանվեց Հեղիի դուստր Մարիամի հետ։ Հովսեփը գիտեր, որ Մարիամը մի մաքուր, մեծ հավատ ունեցող աղջիկ է։ Բայց ահա իմացավ, որ նա հղի է։ Հովսեփը որոշեց գաղտնաբար բաժանվել նրանից, որովհետև չէր ուզում, որ Մարիամը խայտառակվի *։ Սակայն հրեշտակը երազում հայտնվեց նրան ու բացատրեց, որ Մարիամը հղիացել է Եհովայի սուրբ ոգու միջոցով։ Հրեշտակը նաև ասաց, որ Մարիամը որդի է ծնելու, և այդ որդին «փրկելու է իր ժողովրդին նրա մեղքերից»։ Նա Հովսեփին վստահեցրեց. «Մի՛ վախեցիր քո կին Մարիամին տուն տանելուց» (Մատթեոս 1։18–21

Հովսեփը, որ մի արդար ու հնազանդվող մարդ էր, արեց ճիշտ հրեշտակի ասածի պես. նա իր վրա վերցրեց մի լրջագույն առաջադրանք՝ հոգ տանել մի երեխայի մասին, որը իրենը չէր, բայց որը ամենից թանկն էր Աստծու համար։ Ավելի ուշ, հնազանդվելով կայսերական հրամանին, Հովսեփն ու իր հղի կինը եկան Բեթլեհեմ՝ գրանցվելու։ Հենց այստեղ էլ երեխան ծնվեց *։

Հովսեփը չվերադարձավ Նազարեթ։ Նրանք բնակություն հաստատեցին Բեթլեհեմում, որը ընդամենը մի քանի կիլոմետր էր հեռու Երուսաղեմից։ Ընտանիքը աղքատ էր, բայց Հովսեփն ամեն ինչ արեց, որ Մարիամն ու Հիսուսը անհրաժեշտ բաներն ունենան։ Կարճ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին մի համեստ տուն։ Հիսուսը արդեն նորածին չէր, հավանաբար մեկ տարեկանից ավելի էր, երբ նրանց երեքի կյանքը դարձյալ անսպասելիորեն փոխվեց։

Ժամանեցին աստղագուշակներ արևելքից՝ հավանաբար, հեռավոր Բաբելոնից։ Նրանք հետևում էին մի աստղի, որը նրանց բերեց Հովսեփի ու Մարիամի տուն. աստղագուշակներին հետաքրքրում էր այն երեխան, որը դառնալու էր հրեաների թագավոր։ Եկվորները հարգալից էին տրամադրված։ Նրանք իրենց հետ բերել էին նվերներ և, ի պատասխան, ոչինչ չխնդրեցին։ Հովսեփի ու Մարիամի համար խիստ անսպասելի էր արժեքավոր նվերներ ստանալ՝ «ոսկի, կնդրուկ և զմուռս»։

Աստղագուշակներն իրենց այցելությամբ խիստ վտանգավոր կացության մեջ դրին Հիսուսին (հայտնի չէ՝ նրանք գիտեին այդ մասին, թե ոչ)։ Այն աստղը, որ տեսան, նրանց առաջնորդեց ոչ թե դեպի Բեթլեհեմ, այլ Երուսաղեմ։ Այստեղ նրանք չար Հերովդես թագավորին ասացին, որ փնտրում են մի երեխայի, ով դառնալու է հրեաների թագավոր, ինչով և Հերովդեսի մեջ նախանձի ու ցասման կրակ բորբոքեցին (տե՛ս «Մեր ընթերցողները հարցնում են. ո՞վ ուղարկեց «աստղը»» հոդվածը, էջ 29)։

Սակայն Հերովդեսից ավելի ուժեղը կար։ Աստղագուշակները մտադիր էին նրան ասել, թե որտեղ է գտնվում երեխան։ Բայց Եհովան միջամտեց. երազի միջոցով նա աստղագուշակներին պատվիրեց ուրիշ ճանապարհով վերադառնալ տուն (Մատթեոս 2։1–12

Աստղագուշակների հեռանալուց հետո Եհովայի հրեշտակը Հովսեփին պատվիրեց. «Վե՛ր կաց, վերցրու երեխային ու նրա մորը, փախիր Եգիպտոս ու մնա այնտեղ, մինչև որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը մտադիր է փնտրել երեխային, որ սպանի» (Մատթեոս 2։13)։ Ինչպես նշեցինք հոդվածի սկզբում, Հովսեփը անմիջապես հնազանդվեց աստվածային պատվիրանին։ Նա իր երեխայի կյանքը ամեն ինչից կարևոր համարեց և ընտանիքով գնաց Եգիպտոս։ Քանի որ նրանք արժեքավոր նվերներ էին ստացել, Եգիպտոսում ապրուստի միջոցներ կունենային։

Պարականոն զանազան առասպելներ ու լեգենդներ գունազարդում են այդ ճանապարհորդությունը՝ պնդելով, թե փոքրիկ Հիսուսը հրաշքով կարճացրել է ճանապարհը, վնասազերծել է ավազակներին և այնպես է արել, որ արմավենու ճյուղերը կռանան, որպեսզի իր մայրը կարողանա արմավ ուտել *։ Իրականում դա մի երկար, հոգնեցուցիչ ճանապարհորդություն էր դեպի անհայտություն։

Ծնողները շատ բան կարող են սովորել Հովսեփից։ Նա պատրաստակամորեն թողեց իր գործը և իր հարմարավետությունը զոհեց հանուն ընտանիքի պաշտպանության։ Ակնհայտ է, որ նա իր ընտանիքը համարում էր Եհովայից տրված սուրբ բան։ Այսօր ծնողները իրենց զավակներին մեծացնում են վտանգավոր աշխարհում. այն կարող է այլասերել նրանց և, ավելին, նույնիսկ նրանց կյանքին սպառնալ։ Ամենայն գովասանքի են արժանի այն հայրերն ու մայրերը, որոնք Հովսեփի պես վճռական են և ամեն ինչ անում են, որ պաշտպանեն իրենց զավակներին վնասակար ազդեցությունից։

Նա հոգ տարավ իր ընտանիքի մասին

Ըստ ամենայնի, նրանք երկար չմնացին Եգիպտոսում, որովհետև շուտով հրեշտակը Հովսեփին տեղեկացրեց, որ Հերովդեսը մահացել է։ Հովսեփը ընտանիքով վերադարձավ հայրենիք։ Այդպիսով նա նպաստեց մի վաղեմի մարգարեության կատարմանը, համաձայն որի՝ Եհովան իր որդուն կանչելու էր «Եգիպտոսից» (Մատթեոս 2։15

Բայց որտե՞ղ էին նրանք բնակություն հաստատելու։ Հովսեփը շրջահայաց և իմաստուն մարդ էր։ Նա զգուշացավ Հերովդեսի հաջորդից՝ Արքեղայոսից, որը նույնպես մի չար և արյունռուշտ մարդ էր։ Աստծու առաջնորդությամբ՝ Հովսեփը ընտանիքին տարավ հյուսիս՝ իր հայրենի քաղաք Նազարեթ՝ հեռու Երուսաղեմից և նրա խարդավանքներից։ Այստեղ նրանք ունեցան ուրիշ երեխաներ (Մատթեոս 2։19–23

Նրանք ապրում էին պարզ կյանքով, բայց դա ամենևին էլ հեշտ չէր։ Աստվածաշունչն ասում է, որ Հովսեփը ատաղձագործ էր։ Բնագրի բառը ցույց է տալիս, որ ատաղձագործը փայտի հետ գործ էր ունենում ամենատարբեր իրավիճակներում. նա կտրում էր ծառը, քարշ տալով բերում տուն և մաքրում ճյուղերից։ Նա փայտից պատրաստում էր տուն, նավակ, փոքրիկ կամուրջ, սայլ, անիվ, լուծ և ամեն տեսակ հողագործական գործիք (Մատթեոս 13։55)։ Դա ծանր աշխատանք էր։ Ատաղձագործը աշխատում էր տան բակում կամ նրան կից արհեստանոցում։

Հովսեփը տարբեր գործիքներ էր օգտագործում, որոնցից մի քանիսը, ըստ ամենայնի, ժառանգել էր հորից։ Նա, հավանաբար, օգտագործում էր անկյունաչափ, ուղղալար, կավճապատ լար, կացին, սղոց, ուրագ, մուրճ, թակ, դուր, գայլիկոնիչ (որը աշխատեցնում էր՝ աղեղը հետ ու առաջ անելով), տարբեր սոսինձներ, հնարավոր է՝ նաև մեխեր (թեև սրանք թանկ արժեին)։

Պատկերացրու, թե փոքրիկ Հիսուսը ինչպես է նայում իր աշխատող հորը։ Լայն բացած աչքերով և համակ ուշադրությամբ նա հետևում է Հովսեփի ամեն մի շարժմանը։ Հիսուսը, անկասկած, հիանում է այն ուժով, որ ամփոփված է իր հոր լայն ուսերի և մկանուտ բազուկների մեջ, այն հմտությամբ, որ կա նրա ձեռքերի մեջ, այն խելացիությամբ, որը հստակ արտացոլված է նրա աչքերում։ Ահա Հովսեփը ցույց է տալիս իր փոքրիկ որդուն, թե ինչպես փայտի հետ կապված հասարակ գործեր անի, օրինակ՝ չորացրած ձկան կաշվով հարթեցնի փայտի անհարթ տեղերը։ Նա, հավանաբար, Հիսուսին սովորեցրեց տարբերել փայտի տեսակները՝ ժանտաթզենու, կաղնու, ձիթենու և այլն։

Հիսուսը հասկացավ, որ ծառեր տապալող, գերաններ պատրաստող և դրանք մուրճի ծանր հարվածներով մշակող այդ ուժեղ ձեռքերը նաև բավական փափուկ էին իրեն, իր մորը, իր եղբայրներին ու քույրերին շոյելու և մխիթարելու համար։ Այո՛, ժամանակի ընթացքում Հովսեփի ու Մարիամի ընտանիքը մեծացավ. նրանք ունեցան առնվազն վեց երեխա (Մատթեոս 13։55, 56)։ Հասկանալի է, որ Հովսեփը ավելի շատ էր աշխատում, որպեսզի նրանց բոլորի կարիքները հոգա։

Բայցևայնպես, նա գիտակցում էր, որ ընտանիքի հոգևոր կարիքները հոգալն ավելի կարևոր է։ Նա ժամանակ էր տրամադրում իր երեխաներին Եհովա Աստծու և նրա օրենքների մասին սովորեցնելու համար։ Հովսեփն ու Մարիամը կանոնավորաբար նրանց տանում էին տեղի ժողովարան. այստեղ Օրենքը ընթերցում և բացատրում էին։ Հնարավոր է՝ դրանից հետո Հիսուսը բազմաթիվ հարցեր էր ունենում, և Հովսեփը ամեն ջանք թափում էր իր որդու հոգևոր քաղցը հագեցնելու համար։ Հովսեփը իր ընտանիքին նաև տանում էր Երուսաղեմ՝ կրոնական տոնակատարությունների։ Օրինակ՝ Պասեքի տոնին մասնակցելու համար նրանցից երկու շաբաթ էր պահանջվում, իսկ մինչև Երուսաղեմ 110 կիլոմետր էր։

Այսօր քրիստոնյա հայրերը հետևում են Հովսեփի օրինակին։ Նրանք ամբողջությամբ տրվում են իրենց երեխաներին՝ նրանց հոգևոր շահերը վեր դասելով ամեն ինչից, այդ թվում նաև նյութականից։ Նրանք ամեն զոհողություն անում են, որպեսզի կարողանան իրենց երեխաներին տանել մեծ ու փոքր քրիստոնեական հավաքույթների։ Հովսեփի պես՝ նրանք գիտեն, որ դրանից ավելի լավ բան չկա, որ կարող են անել իրենց երեխաների համար։

«Անհանգստացած»

Հիսուսը 12 տարեկան էր։ Սովորականի պես՝ Հովսեփը ընտանիքին տարավ Երուսաղեմ։ Պասեքի օրերն էին, և բազմանդամ ընտանիքները, երկար քարավաններ կազմած, անցնում էին փարթամ բուսականությամբ ծածկված դաշտերով ու սարերով։ Մոտենալով բարձրադիր Երուսաղեմի մոտակայքի լերկ բլուրներին՝ շատերը երգում էին վերելքի հայտնի սաղմոսները (Սաղմոս 120–134)։ Մարդկանց թիվը հարյուր հազարների էր հասնում։ Տոնակատարությունից հետո ընտանիքները, քարավաններ կազմելով, բռնում էին տունդարձի ճամփան։ Հովսեփն ու Մարիամը, որոնց գլուխները հավանաբար խառն էին, կարծում էին, որ Հիսուսը մյուսների հետ է, հնարավոր է՝ ընտանիքի անդամների հետ։ Երուսաղեմից մեկ օրվա ճանապարհ հեռանալուց հետո միայն նրանք հասկացան, որ մի սարսափելի բան է տեղի ունեցել. Հիսուսը չկար (Ղուկաս 2։41–44

Նրանք գլխապատառ վազեցին դեպի Երուսաղեմ։ Քաղաքը նրանց բոլորովին դատարկ թվաց։ Հովսեփն ու Մարիամը այս փողոցն էին մտնում, այն փողոցն էին մտնում, ձայն էին տալիս Հիսուսին, բայց ապարդյուն։ Որտե՞ղ կարող էր նա լինել։ ...Արդեն երեք օր էր անցել, ինչ նրանք փնտրում էին իրենց սիրասուն զավակին։ Հովսեփը գուցե մեղավորության զգացումով լցվեց. «Մի՞թե ես անհաջողության մատնվեցի, մի՞թե չկարողացա Եհովայի կողմից ինձ վստահվածը պահել-պահպանել»։ Նրանք որոշեցին գնալ տաճար։ Փնտրելով եկան մի գավիթ, որտեղ Օրենքին գիտակ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել և... նրանք պարզապես շշմեցին. Հիսուսը նստած էր նրանց մեջ։ Հովսեփի ու Մարիամի սրտից կարծես մի ծանր քար ընկավ (Ղուկաս 2։45, 46

Ի՞նչ էր անում Հիսուսն այստեղ։ Նա լսում էր այդ մարդկանց և մեծ հետաքրքրությամբ հարցեր էր տալիս։ Նրանք ապշած էին երեխայի հասկացողությամբ և պատասխաններով, մինչդեռ Հովսեփին ու Մարիամին այդ պահին բոլորովին ուրիշ բան էր հետաքրքրում։ Աստվածաշունչը չի ասում, թե այս դրվագում ինչպես իրեն պահեց կամ ինչ ասաց Հովսեփը։ Բայց Մարիամի խոսքերը կարծես իրենց երկուսի անունից լինեին. «Զավա՛կս, ինչո՞ւ մեզ հետ այսպես վարվեցիր։ Հայրդ ու ես անհանգստացած քեզ էինք փնտրում» (Ղուկաս 2։47, 48

Այո՛, Աստվածաշունչը, թեև մեկ-երկու խոսքով, բայց միանգամայն հասկանալի նկարագրում է, թե ինչ է նշանակում լինել ծնող։ Ծնող լինելը հեշտ չէ, նույնիսկ եթե երեխադ կատարյալ է։ Այսօրվա վտանգավոր աշխարհում երեխա մեծացնելը կապված է բազմաթիվ «անհանգստությունների» հետ։ Ինչևէ, Սուրբ Գիրքը կանխագուշակել է, որ ծնողները մեր օրերում դժվարություններ են ունենալու։

Հիսուսը այդ օրերին մնացել էր մի վայրում, որտեղ կարող էր առավել մոտ զգալ իր երկնային Հորը՝ Եհովային, և որտեղ կարող էր ավելի շատ բան սովորել նրա մասին։ Դրա համար էլ նա իր ծնողներին անկեղծորեն պատասխանեց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ» (Ղուկաս 2։49

Հովսեփը, անկասկած, այս խոսքերի վրա դեռ շատ մտածեց։ Հնարավոր է՝ լսելով դրանք՝ նա ներքուստ հպարտացավ իր որդիով։ Վերջիվերջո, նա ջանք չէր խնայել, որ որդու մեջ այդպիսի տեսակետ զարգանա։ Այդ տարիներին Հիսուսը, որ մի դեռահաս երեխա էր, արդեն ջերմ զգացումներ ուներ «հայր» բառի առնչությամբ, զգացումներ, որոնք նրա մեջ ծագել էին գլխավորապես Հովսեփի շնորհիվ։

Եթե դու հայր ես, հասկանո՞ւմ ես, որ առանձնաշնորհում ունես քո երեխային սովորեցնելու, թե ինչ է նշանակում լինել սիրող և պաշտպանող հայր։ Իսկ եթե ունես խորթ կամ որդեգրած երեխաներ, հիշիր Հովսեփի օրինակը և նրանցից յուրաքանչյուրին համարիր եզակի ու թանկագին։ Օգնիր նրանց մոտենալու իրենց երկնային Հորը՝ Եհովա Աստծուն։

Նա մինչև վերջ կատարեց իր հանձնարարությունը

Աստվածաշնչում կան ևս մի քանի համարներ, որոնք կարող են ինչ-որ բան ասել Հովսեփի մասին։ Ղուկաս 2։51, 52-ում կարդում ենք, որ Հիսուսը «շարունակում էր ենթարկվել նրանց»՝ ծնողներին, և որ նա «մեծանում էր ու շարունակում էր իմաստությամբ լցվել՝ արժանանալով Աստծու և մարդկանց հավանությանը»։ Ի՞նչ են հայտնում այս խոսքերը Հովսեփի մասին։ Նա շարունակ առաջնորդում էր իր ընտանիքին. սա երևում է այն բանից, որ նրա կատարյալ որդին հարգում էր իր հոր իշխանությունը և հնազանդվում էր նրան։

Մեջբերման մեջ նաև ասվում է, որ Հիսուսը շարունակեց իմաստությամբ լցվել։ Սա նշանակում է, որ Հովսեփը, ինչ խոսք, շատ բան էր արել դրա համար։ Այն օրերում հրեաների շրջանում մի առակ էր տարածված։ Ըստ դրա՝ միայն ապահովված մարդիկ, ովքեր ազատ ժամանակ ունեին, կարող էին դառնալ իմաստուն, մինչդեռ հողագործներն ու արհեստավորները՝ ատաղձագործներ, դարբիններ, «չէին կարող հռչակել արդարություն և արդարադատություն։ Նրանք չպետք է գտնվեին այնտեղ, որտեղ առակներ են ասում»։ Հետագայում Հիսուսը պարզ ցույց տվեց այդ առակի անիմաստ լինելը։ Անկասկած, երեխա ժամանակ նա հաճախ էր լսել Հովսեփից, այո՛, խոնարհ ատաղձագործից, որ Եհովան «արդար և արդարադատ» է։

Նաև կարող ենք նկատել, որ Հովսեփը նպաստեց Հիսուսի՝ առողջ և ուժեղ տղամարդ դառնալուն։ Բացի այս, Հովսեփը սովորեցրեց որդուն, թե ինչպես կարող է հմտորեն ֆիզիկական աշխատանք անել։ Հիսուսը հայտնի էր ոչ միայն որպես ատաղձագործի որդի, այլև որպես «ատաղձագործ» (Մարկոս 6։3)։ Այո՛, Հովսեփը կարողացավ դաստիարակել իր որդուն։ Այսօր հայրերը իմաստուն վարված կլինեն, եթե, ընդօրինակելով Հովսեփին, մտածեն իրենց երեխաների բարօրության մասին, ինչպես նաև ներարկեն այնպիսի հմտություններ, որոնք կարող են օգտակար լինել նրանց չափահաս տարիքում։

Երբ հասնում ենք Աստվածաշնչի այն հատվածին, որտեղ Հիսուսն արդեն մկրտվում է, Հովսեփի մասին այլևս որևէ հիշատակում չենք գտնում։ Ամեն ինչ վկայում է, որ երբ Հիսուսը սկսեց իր ծառայությունը, Մարիամը այրի էր (տե՛ս «Ե՞րբ մահացավ Հովսեփը», էջ 27)։ Այո՛, Հովսեփը իսկական հոր օրինակ է թողել, հայր, ով պաշտպանեց իր ընտանիքը, հոգ տարավ նրա մասին և իր հանձնարարությունը կատարեց մինչև վերջ։ Ամեն մի հայր և ընդհանրապես ամեն մի քրիստոնյա լավ կանի, որ ընդօրինակի Հովսեփի հավատը։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 7 Այն օրերում նշանված լինելը գրեթե նույնն էր, ինչ ամուսնացած լինելը։

^ պարբ. 8 Տե՛ս «Ընդօրինակեք նրանց հավատը. նա «իր սրտում եզրակացություններ էր անում»» հոդվածը «Դիտարանի» 2008​թ. հոկտեմբերի 1-ի համարում։

^ պարբ. 14 Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Հիսուսն իր առաջին հրաշքն արել է միայն իր մկրտությունից հետո (Հովհաննես 2։1–11)։ Պարականոն ավետարանների մասին ավելին իմանալու համար տե՛ս «Պարականոն ավետարաններ. Հիսուսի մասին նոր ճշմարտություննե՞ր» հոդվածը, էջ 18։

[շրջանակ 27-րդ էջի վրա]

Ե՞րբ է մահացել Հովսեփը

Մենք գիտենք, որ երբ Հիսուսը 12 տարեկան էր, Հովսեփը կենդանի էր։ Այդ տարիքում շատ հրեա երեխաներ սկսում էին սովորել իրենց հոր արհեստը, իսկ 15 տարեկանում դառնում էին աշակերտ։ Հովսեփը, հավանաբար, այնքան է ապրել, որ հասցրել է Հիսուսին ատաղձագործություն սովորեցնել։ Կենդանի՞ էր արդյոք Հովսեփը, երբ 30 տարեկան Հիսուսը սկսեց իր ծառայությունը։ Քիչ հավանական է։ Նշվում է, որ Հիսուսի մայրը, եղբայրները և քույրերը այդ ժամանակ կային, բայց ոչ Հովսեփը։ Հիսուսի մասին մի անգամ նույնիսկ ասացին, որ «Մարիամի [և ոչ թե Հովսեփի] որդին» է (Մարկոս 6։3)։ Նաև մի դրվագում տեսնում ենք, որ Մարիամը գործել է սեփական նախաձեռնությամբ՝ առանց ամուսնու հետ խորհրդակցելու (Հովհաննես 2։1–5)։ Դա արտառոց երևույթ կլիներ, եթե նա այրի չլիներ։ Եվ վերջապես, Հիսուսը, երբ մահանում էր, իր մոր խնամքը հանձնեց Հովհաննես առաքյալին (Հովհաննես 19։26, 27)։ Դրա կարիքը չէր լինի, եթե Հովսեփը կենդանի լիներ։ Այսպիսով՝ կարող ենք ասել, որ Հովսեփը մահացել է այն ժամանակ, երբ Հիսուսը դեռ պատանի էր։ Լինելով տան ավագ որդին՝ նա շարունակել է հոր արհեստը և դրանով հոգացել ընտանիքի կարիքները մինչև իր մկրտությունը։

[նկար 24-րդ էջի վրա]

Հովսեփը գործեց վճռականորեն ու անեսասիրաբար՝ իր փոքրիկին պաշտպանելու համար

[նկար 25-րդ էջի վրա]

Տքնաջան աշխատելով՝ Հովսեփը հոգում էր իր ընտանիքի կարիքները

[նկար 26-րդ էջի վրա]

Հովսեփը կանոնավորաբար ընտանիքին տանում է Երուսաղեմ՝ տաճարում երկրպագության

[նկար 28-րդ էջի վրա]

Հովսեփը իր որդուն ատաղձագործություն սովորեցրեց